Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

3 Քայլ Մինչեվ Հայաստանը Կորցնելը

A1plus 10/10/08 

Վերջին շրջանում ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ելույթները` մասնավորապես հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը գնահատում է իմիջի վերականգնման փորձ եւ հիշեցնում.

՚Ընդամենը մի քանի ամիս առաջ Վարդան Օսկանյանը Թուրքիային խնդրում եւ աղաչում էր, թե ինչո՞ւ եք ուզում կառուցել Կարս-Ախալքալաք երկաթուղին, կա Կարս-Գյումրին, ուզո՞ւմ եք Բաքու, Թբիլիսի գնալ, եկեք, գնացեք, մենք ձեզանից ոչինչ չենք ուզում, ձրի երթեւեկեք մեր տարածքովՙ:

Իսկ մինչ այդ մեզ հետ զրույցում տարածաշրջանի իրավիճակը պարոն Շիրխանյանը գնահատեց` ՚եռացող շուկաՙ եւ հիմնավորեց. ՚Շուկա հասկացությունը ոչ մի ոլորտին այնքան հարազատ չէ, որքան քաղաքականությանը: Այսօր Հայաստանը հայտնվել է ամենաեռացող շուկայի տարածքում: Ամբողջ Անդրկովկասը դարձել է տենդերների մի դաշտ, եւ այդ տենդերների մեջ Հայաստանը միակ տուժողն է: Ադրբեջանը ասում է` ով ինձ կվերադարձնի Ղարաբաղն ու մյուս տարածքները, ես նրան նավթի եւ գազի արտահանման ուղիներ կտամ: Վրաստանը ասում է` ով կվերականգնի իմ տարածքային ամբողջականությունը, ես այս-այս հարցերը կլուծեմ: Իսկ դրա մեջ մտնում է ջավախքահայությանը հանելն ու թուրք մեսխեթներին այնտեղ բերելը: Հայաստանը տենդերին մասնակցելու համար ոչինչ չունի, քանի որ ամեն ինչ վաճառեց` անձնական շահի համարՙ:

Տարածաշրջանի շուկայում, որտեղ Հայաստանը, ըստ Շիրխանյանի, ամենաթույլ երկիրն է, եւ մեր տենդերի ամբողջ ծանրությունը ընկել է ԼՂ հիմնախնդրի վրա.

՚ԼՂ հիմնախնդրում ամենամեծ դավաճանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո, երբ նոյեմբերին Ստամբուլում Ռոբերտ Քոչարյանը փաստաթուղթ ստորագրեց, որով ընդունեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այնուհետեւ շրջանառության մեջ մտավ օկուպացված տարածքներ տերմինըՙ: Նրանք դավաճանությունը փորձում էին ծածկել դիվանագիտական գաղտնիքը պահպանելու պատրվակովՙ:

Անդրադառնալով ԼՂ հարցում Սերժ Սարգսյանի հայտարարություններին` Շիրխանյան ասաց. ՚Կարող են լինել ոչ թե տարածքային զիջումներ, այլ փոխզիջումներ` տարածք տարածքի դիմաց: Մենք ունենք Շահումյանի, Գետաշենի եւ այլ շրջաններ, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այսօր մենք կարող ենք մեր շրջաններին համարժեք փոխզիջումներ անել: Ինչո՞ւ այս պայմանները չեն դնում մեր դիվանագետները, որովհետեւ հարմարվել են օկուպանտի վիճակին: Հայաստանն այնքան չաշխատեց ինֆորմացիոն պատերազմում, եւ Ադրբեջանն ու Թուրքիան այնքան աշխատեցին, որ համաշխարհային հանրությանը կարողացան ապացուցել, որ Հայաստանը ագրեսոր է: Վերջին տարիների միջպետական հարաբերությունները այս սկզբունքի վրա են, եւ այսօր Ադրբեջանը նույնիսկ ՌԴ-ի հետ է տնտեսական լուրջ հարաբերություններ ձեւավորելՙ:

Վահան Շիրխանյանը գտնում է, որ արցախյան մեր հաղթանակն այսօր վտանգված է. ՚Յուրաքանչյուր ռազմական հաղթանակ ավարտվում է քաղաքական հաղթանակով: Եթե դու չունես այդ քաղաքական հաղթանակը, ապա թափված արյունը դառնում է անտեղի: Դա մի ահավոր բան է, եթե այս հանցավոր իշխանությանը հաջողվի բարեկամական հարաբերություններ ստեղծել Թուրքիայի հետ, սահմանի բացում, ազատագրված հողերի վերադարձ, ապա` մենք ի՞նչ երկիր ենք թողնելու մեր երեխաներինՙ:

Վահան Շիրխանյանը գտնում է, որ այս իշխանություններին իր բարձրացրած հարցերը չեն հետաքրքրում: Եւ պատահական չի համարում, որ այսօր վրաց-օսեթական հակամարտության առիթով Սերժ Սարգսյանը ՌԴ-ում ողջունում է ՌԴ-ի քայլերը, իսկ Վրաստանում` Վրաստանի. ՚Մոլա Նասրեդինի նման է: Մեր ժողովուրդն այսօր պետք է հասկանա, որ կորցնել ազատգրված տարածքները նշանակում է երկրորդ քայլով հանձնել Ղարաբաղը, երրորդով` Զանգեզուրը, չորրորդով` ամբողջ Հայաստանը: Հայաստանը այսպիսի վիճակում չի եղել նույնիսկ պատերազմի ամենաթեժ պահին, որովհետեւ մենք այն ժամանակ հստակ գիտեինք` ինչ ենք ուզում եւ ուր ենք գնումՙ:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: