|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ՀՀ պետական կառավարման համակարգի փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները
Փետրվարի 15-ին «ՄԻԺԻ» գրասենյակում տեղի ունեցավ «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի կողմից ստեղծվելիք Ազգային Խորհրդարանի «Սոցիալ–տնտեսական» հանձնաժողովի նիստը «ՀՀ պետական կառավարման համակարգի փլուզման սոցիալ-տնտեսական արդի դրսևորումները» թեմայով։ Բանախոսը՝ տեխնիկական գիտությունների թեկնածու, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը ներկայացրեց, թե ինչպես է ձևավորվել ՀՀ պետական կառավարման համակարգը, որը տևել է 3-4 տարի (1991-1994թթ.-ին), իսկ համակարգի փլուզման ողջ գործընթացն ընթանում է շուրջ 15-16 տարի: Ըստ բանախոսի, համակարգի փլուզման գործընթացը բաղկացած է հինգ փուլերից՝ 1995–98թթ.–ին քարացման, 1999–2003թթ.–ին անմրցունակության, 2004–2007թթ.–ին դեգրադացման, 2008–2009թթ. ճգնաժամային և 2010թ.–ից փլուզման, և այսօր գտնվում է փլուզման ընթացքում, որի արդյունքում, վաղ թե ուշ պետությունը դառնում է սնանկ, երկրի և ժողովրդի համար բոլոր աղետալի հետևանքներով։ Ընդ որում փլուզման գործընթացն ուղղորդվում է կառավարման համակարգի ինքնավերարտադրմամբ (ՀՀ-ում այն սկսվել էր 1995թ.-ին), երբ որակապես այլ մարդկանց դեպի կառավարման բուրգ ներթափանցման հավանականությունը դառնում է նվազագույն: Սա այն է, ինչի ականատեսն ենք բոլորս։ Հարություն Մեսրոբյանը ներկայացրեց կառավարման համակարգի փլուզման հատկանիշները։ Այն է. ա/ Բնակչության համատարած անվստահությունը պետական կառավարման համակարգի, կառավարիչների և հայտարարված քաղաքականության նկատմամբ, բ/ Անկանխատեսելի կադրային փոփոխություններ կառավարման բուրգում, գ/ Վերնախավի կողմից ներքին և արտաքին իրականությանը ոչ համարժեք պատկերացումներ, հայտարարություններ և գործողություններ, դ/ Վերնախավի տարբեր խմբերի համատարած փոխադարձ անվստահություն, ե/ Երիտասարդության շրջանում պետությունից փաստացի և վիրտուալ փախուստի հոգեբանության ձևավորում, զ/ Պետության կողմից կանխատեսվող (հայտարարվող) անիրական սոցիալ-տնտեսական մակրո- և միկրո- նպատակներ, է/ Բնակչության սոցիալ-տնտեսական անկառավարելի վիճակ: Բանախոսի կողմից հիմնավոր ներկայացվեց նաև փլուզման սոցիալ–տնտեսական արդի դրսևորումները ։ Որոնք են. 1. Ըստ Համաշխարհային բանկի տվյալների` 1991-2010թթ.-ին Հայաստանը լքել են մոտ 925 հազ. մարդ, իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2010թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ երկրի բնակչությունը կազմել էր 3.254.600 մարդ: Այսպիսով, արտագաղթը կազմել է 28,42%: 2. Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` 2010թ.-ին Հայաստանում ծնելիության ցուցանիշը կազմել էր 1,38 (պարզ վերարտադրության համար անհրաժեշտ է 2,11): Այսպիսով, վտանգված է ազգային անվտանգության հենասյուներից մեկը: 3. Ըստ Վրաստանի հանրային ռեեստրի գործակալության տվյալների` 2010թ.-ին Վրաստանում վերագրանցվել են Հայաստանի 103 բիզնես-միավոր (ըստ REGNUM-ի` 2009-2010թթ.-ին մոտ 4.000 տնտեսվարողներ բիզնեսը մասնակի կամ ամբողջությամբ Հայաստանից տեղափոխել են Վրաստան): Այսպիսով, առկա է բիզնեսի արտագաղթը: 4. 2010թ.-ի ՀՀ բյուջեով նախատեսված էր գնաճ` 4% ± 1,5% (այսինքն` 2,5-5,5%%), սակայն, 2010թ.-ի պաշտոնական գնաճը ՀՀ-ում կազմեց 9,4%: Այսպիսով, սխալ կանխատեսման տիրույթը կազմել է` 71%-ից մինչև 3,76 անգամ: 5. Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2007-2010թթ.-ին դեպի Հայաստան ուղղված մասնավոր տրանսֆերտների ծավալները (մլրդ. ԱՄՆ դոլար) կազմել են $1,319 (2007թ.), $1,635 (2008թ.), $1,124 (2009թ.) և $1,293 (2010թ.): Այսպիսով, մասնավոր տրանսֆերտների 2010թ.-ի ծավալները չեն հասել անգամ 2007թ.-ի ծավալներին: 6. Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տվյալների` 2007-2010թթ.-ին Հայաստանի արտաքին պարտքի ծավալները (մլրդ. ԱՄՆ դոլար) կազմել են $1,369 (2007թ.), $1,577 (2008թ.), $2,967 (2009թ.) և $3,795 (2010թ.): Այսպիսով, 2010թ.-ի արտաքին պարտքը (44,4% ՀՆԱ-ի նկատմամբ) Հայաստանը մոտեցել է վտանգավոր տիրույթին (50-60%%), որի ժամանակ պետությունը ճանաչվում է սնանկ։ Քննարկման մասնակիցները ընդհանուր առմամբ համաձայնվելով բանախոսի հնչեցրած մտքերին և բերած փաստարկներին հանգեցին այն եզրակացության, որ Հայաստանում առկա ճգնաժամը կասեցնելու և հետագայում այն վերացնելու համար անհարժեշտ է երկրում օր առաջ իրականացնել համակարգային փոփոխություններ։ 15.02.2011թ. |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: