Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սէֆիլյանի ելույթը

Մատենադարանի հանրահավաք, 20 հունիսի 2008թ

Ողջույն ժողովուրդ,

Առաջին հերթին բոլոր քաղբանտարկյալների անունից ողջունում եմ ձեզ բոլորիդ: Այս ընթացքում դուք եք մեզ ոգևորել, մենք ենք ձեզ ոգևորել: Մի խոսքով, ներսում տղաները լավ են, պինդ են, միասին ենք, միակամ ենք: Այսօրվա մեր պայքարի, այսօրվա ժողովրդական շարժման հետ կապված բազմիցս կարծիք է հնչում, թե իբր ինչ-որ գաղափար գոյություն չունի, ինչ-որ քաղաքական ուղի չկա: Մենք այդպես ասողներին պետք է պատասխանենք այսպես: Այսօր Հայաստանում քաղաքական, գաղափարական պրոցեսներ չեն, որ գնում են: Այսօր Հայաստանում առկա է մեր ժողովուրդը կեղեքող համակարգ, դրա դեմ առկա է մեր ժողովրդի դիմադրությունը: Այսօր չկա գաղափարական, քաղաքական պայքար, այսօր կա դիմադրություն, դիմադրական շարժում, ժողովրդական շարժում: Եթե շատերին զարմացրել է, որ ես իբրև ազատագրված տարածքների պաշտպանության համակարգող պաշտպանել եմ այս շարժումը, ես այդ մարդկանց պատասխանում եմ այսպես. այսօրվա հարթակում կանգնած քաղաքական, ազգային գործիչները ամբողջությամբ ներկայացնում են ապագա մեր քաղաքական դաշտը: Այստեղ են ապագա իշխանությունը և ընդդիմությունը:

Ինչ վերաբերում է այն վիճակին, որ այսօր մեր ժողովուրդը ինչ-որ չափով բաժանված է երկու մասի, ապա այդ երկու մասն էլ այսօրվա ռեժիմի հետ կապ չունեն: Մեծ մասը այսօր միացած է ժողովրդական շարժմանը: Մի փոքր մասը իր մեջ ուժ չի գտնում միանալ ժողովրդական շարժմանը, որովհետև այստեղ կան հարթակում կանգնած ինչ-որ գործիչներ, որոնք իրենց սրտով չեն: Ես այստեղ ուզում եմ հիշեցնել այդ մնացած մասին, մեր ժողովրդին, մեր ընկերներին, նրանց, որոնք տակավին չեն միացել համաժողովրդական շարժմանը: Սիրելիներ, Լևոն Տեր-Պետրոսյանն իր բերանով հայտարարեց, որ ինքը պատրաստ է ծառայել որպես գործիք` մեզ բոլորիս համար: Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահ դառնալը մեզ համար ինքնանպատակ չէ, նրա նախագահ դառնալը մեզ համար միջոց է, նպատակ չէ:

Ինչ վերաբերում է Արցախը վաճառելուն, թե չվաճառելուն, ապա ես ձեզ հավաստիացնում եմ , որ եթե երկու հոգի կան մեր ժողովրդի մեջ, որոնք պատրաստ են հանուն իրենց աթոռի, աթոռից կառչելու, ծախելու ամեն բան, ներառյալ Արցախը, դրանք այդ հայտնի երկուսն են, այդ տխրահռչակ երկուսը, որոնց անունները ես չեմ ուզում տալ: Նրանք իրենց, կրկնում եմ, աթոռի համար, հանուն իրենց աթոռի պատրաստ են ամեն ինչի: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը ապացուցել է, իր գործով, իր խոսքով, որ ինքը աթոռից կառչող մարդ չէ:

Ինչ վերաբերում է առհասարակ արցախյան հարցին, թե մենք տարաձայնություններ ունենաք Լևոն Տեր-Պետրոսյանի կամ իր շրջապատի հետ, թե չէ: Այո, մենք ունենք տարաձայնություններ, սակայն այդ տարաձայնությունները մեզ այսօր չեն ստիպում որ մենք իրարից անջատ լինենք` այսօրվա կեղեքիչ համակարգի դեմ: Հայտարարում եմ ամենայն համոզումով, որ ապագային որևէ մի հայ նախագահ չի համարձակվի որևէ մի հայկական հող զիջել հակառակորդին: Իսկ եթե համարձակվի որևէ մի իշխանություն, ես ձեզ հավաստիացնում եմ, մենք պայքարելու ենք ձեզ հետ մաիսին, մեր ամբողջ ուժով կանխելու, կոտրելու այդ դավադիր ձեռքը:

Մեր ժողովուրդը այս վերջին ամիսների կեցվածքով վճռականությամբ ապացուցեց որ մեր երկրի տերը մեր ժողովուրդն է: Մինչև այս շարժումը, այս 15-18 տարիների ընթացքում հաճախ էինք իրար գլուխ ջարդում, ասելով, որ "չէ ռուսաստան", "չէ ամերիկա", "չէ եվրոպա": Այսօր օր օրի մենք ապացուցում ենք, մենք նախ մեզ համոզում ենք, հեոտ մնացած աշխաչհին, որ Հայատան երկրի տերը մենք ենք հայ ժողովուրդը:

Ամփոփելով, ուզում եմ մի հորդորով ձեզ դիմել, ասելով հետևյալը. մեր հաջողության, մեր հաղթանակի գրավականը կայանում է մեր պայքարի երկար շնչի մեջ: Ես ուզում եմ, որ դուք բոլորդ զինվեք երկար շունչով: Սա չի նշանակում որ այսօր, եթե զինվեք, մեր պայքարի արդյունքը լինելու շատ ուշ: Ինչքան մեր շունչը երկար լինի, այնքան հաջողությունը մոտիկ է լինելու:

Պայքար, պայքար մինչև վերջ:

 

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: