|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
"Հայ կամավորականների համախմբում" հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի ելույթը "Մտավորականների ֆորում"-ի 14-րդ հավաքում ք. Երևան 02.09.08 Այսօր անհրաժեշտ է խոսել Հարավային Կովկասի` հայերը կասեին Այսրկովկասի բոլոր ժողովուրդների ինքնիշխան գոյակցելու իրավունքի մասին: Քանի դեռ չեն լուծվել բնիկ ժողովուրդների խնդիրները, պարբերաբար պատերազմներից խուսափելը անհնարին է լինելու: Նկատի ունենալով այն իրականությունը, որ այս տարածքում մեծ պետությունները մրցակցության մեջ են, հետևաբար այդ փոքր պատերազմները միշտ էլ հղի են վերածվելու տարածաշրջանային պատերազմների, ինչու չէ նաև համաշխարհայինի: Ուստի ճիշտ պահն է գտնելու այնպիսի լուծում, որի արդյունքում այս տարածաշրջանում` ի մասնավորի Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդների, համակեցությունը լինի խաղաղ և հնարավորինս տևական: Սակայն մինչև մեր պատկերացրած լուծման տարբերակը հայտնելը, կխոսեմ Ջավախքում վերջին տարիների առկա վիճակի մասին: Դժբախտաբար, մենք, հայերս, Սովետական Միության փլուզումից մինչև այսօր չկարողացանք կազմակերպվել հայրենի Ջավախքում ու տեր կանգնել մեր իրավունքներին: Անցած 18 տարիների ընթացքում ժամանակը եղել է միշտ մեր դեմ: Վրաց ժողովուրդի էլիտայի ունեցած հակահայ հիվանդագին աստիճանի համոզումների արդյունքում թիֆլիսյան իշխանությունները միշտ աշխատել են ի վնաս Ջավախքի ժողովուրդի: Սակայն եթե Շեվարդնաձեի օրոք այդ բոլորը կատարվում էր թափթփված ձևով, ապա խելագար Սաակաշվիլու օրոք արդեն դա վերածվեց հստակ ծրագրի, որի իրականացման համար մեծ աշխուժություն դրսևորեց անձամբ նախագահ Սաակաշվիլին: Նրա ռեժիմի կողմից Ջավախքում կատարած ոտնձգություններին միակ դիմադրող լուրջ ուժը եղել է "Միասնական Ջավախք" կազմակերպությունը Վահագն Չախալյանի, Գուրգեն Շիրինյանի և նրանց ընկերների գլխավորությամբ: Հալածվեցին այս տղաները ոչ միայն Թիֆլիսի կողմից, այլ դժբախտաբար նաև Երևանի կողմից, երևանյան այսօրվա հակահայ ռեժիմի կողմից: Ներկաներից շատերը կհիշեն 2006թ. աշնանը այս տղաների նկատմամբ կատարված հարձակումը: Ինչպիսի դեպք պատահեց Երևանում Ախալքալակից Երևան վերադառնալիս: Մի հրոսակախումբ հարձակվել էր այս տղաների ավտոմեքենայի վրա, որտեղ գտնվում էին Վահագնը, Գուրգենը իրենց հարազատների հետ միասին, որի արդյունքում երկուսն էլ տեղափոխվեցին հիվանդանոց: Գուրգենի առողջական վիճակը շատ ավելի ծանր էր, իսկ Վահագնինը` ավելի մեղմ: Ժամեր անց Հայաստանյան անվտանգության ծառայությունը դիմելով խորամանկ ձևերի, իմ աչքի առաջ, հիվանդանոցի առջևից կարելի է ասել Վահագնին առևանգեցին: Նրանք պատրվակ էին բռնել, իբր կատարված դեպքի վերաբերյալ Վահագնը պետք է դիմում գրեր ոստիկանությունում: Մի օր անց լսեցինք, որ Վահագնը գտնվում է ԿԳԲ-ի նկուղում: Բարեբախտաբար այդ բոլորի մասին մենք կարողացանք աղմուկ բարձրացնել և այդ աղմուկի շնորհիվ 18 օր հետո Վահագնին ստիպված եղան ազատ արձակել: Անշուշտ այս բոլորը տեսնելով Գուրգեն Շիրինյանը տակավին չապաքինված ամբողջությամբ, ինքը թիկունքից դանակահարված էր կռնակից, բարեբախտաբար ներքին օրգանները չէին վնասվել, ստիպված էր աննկատ հեռանալ Երևանից, մտավախություն ունենալով չընկնելու Վահագնի օրը: Եվ այս ամենից հետո տեղի ունեցավ Վահագն Չախալյանի ձևական դատավարությունը, ապա ցուցադրաբար արտաքսումը: Կուզեի հիշեցնել, թե ինչ օրեր էին նախորդել այս կատարված դեպքերին: Դրանք Սամցխե-Ջավախքում տեղական ինքնակառավարման ընտրությունների օրերն էին, որտեղ ընտրվում էր նաև տեղամասի խորհուրդը: Տղաների նկատմամբ ժողովրդի զգալի համակրանքի շնորհիվ նրանք ըստ էության հաղթել էին ընտրություններում 70, 30 տոկոս հարաբերակցությամբ: Քանի որ տղաները այդ օրերին իշխանական բլոկից դուրս էին, ես կասեի գտնվում էին Վրաստանի հակաիշխանական բլոկում, բոլորիս հայտնի ձևերով, կեղծված արդյունքներով ներկայացվեց ճիշտ հակառակը` "Միասնական Ջավախքը" իբր 30 տոկոս է հավաքել, իսկ իշխանությունները` Սաակաշվիլու կողմանակիցները` 70 տոկոս: Այդ պատճառով Ախալքալաքում խժդժություններ տեղի ունեցան, նույնիսկ ոստիկանությունը փորձեց տղաներին ճնշել, բայց քանի որ տղաների ոգեղենությունը միշտ բարձր վիճակում է եղել, իրենք կարողացան նաև ոստիկանությանը ճնշել: Այդ առումով Երևանում տեղի ունեցածը ուղղակի կապ ունի Ախալքալաքում տեղի ունեցած միջադեպի հետ: Վահագնին Հայաստանի իշխանությունները Երևանում մոտ մեկ ամիս պահելով փորձեցին Ջավախքի հայության մոտ մոռացության մատնել Ախալքալաքում տեղի ունեցած կեղծված ընտրությունները: Այստեղ ավելի շատ վրդովեցնողը Երևանի կեցվածք է: Թիֆլիսը նենգություններ արել է պատմության ընթացքում մեր նկատմամբ, նույն էլ այսօր է անում: Բայց այսօր, երևանյան ռեժիմի այս կեցվածքը շատ ավելի մեծ վնաս է բերում մեզ, քան Թիֆլիսինը: Կուզեի զուգահեռներ անցկացնել Հայաստանի նախորդ իշխանությունների և այս իշխանությունների` այսինքն տեր-պետրոսյանական ռեժիմի և այսօրվա ռեժիմի միջև: Եթե այն ժամանակ մենք պիտակավորել էինք Տեր-Պետրոսյանի ռեժիմը ապազգային, իսկ սրանց իբրև ազգային, անշուշտ ես երկուսն էլ չակերտների մեջ եմ առնում, այսօր իմաստավորելով անցած տարիները, անդրադառնում ենք այն փաստին, որ Տեր-Պետրոսյանական ռեժիմին պիտակավորելը եղել է հանիրավի: Ինչևէ: Կուզեմ մի քանի օրինակ բերել: Այն օրերին Ջավախքում, կոնկրետ Ախալքալաքում, որևէ մեկ հանցագործի, բացահայտ ոճրագործի, եթե Թիֆլիսը ուզենար ձերբակալեր, անպայման Երևանի թույլտվությունն էր հարցնելու, որովհետև Ախալքալաքը եղել է փաստացի Հայաստան: Այսօր ոչ թե մի հանցագործ են ձերբակալում առանց Երևանի թույլտվության, հավանության, այլ ազգայինի գործիչների են ձերբակալում համատարած, և Երևանից ոչ մի արձագանք: Եթե նախորդ իշխանությունների օրոք, Ախալքալաքում Թիֆլիսը պիտի նշանակեր ոստիկանապետ, դա կատարվում էր Երևանի համապատասխան մարմինների հավանությամբ: Ես կասեի, որ ավելի շատ այստեղից էին թեկնածուն որոշում, քան Թիֆլիսից: Բավրայի անցակետը այդ օրերին ձևական բնութ էր կրում, իսկ վերջին 10 տարիներին մաքսակետը դարձել է գործիք, որի օգնությամբ մաքսավորները ամենաանբարո վերաբերմունքն են ցուցաբերում սահմանը հատող քաղաքացիների, այսինքն Ջավախքի ժողովրդի նկատմամբ: Գյուղատնտեսական ապրանքների տեղափոխման ժամանակ մաքսավորները համապատասխան կաշառք են ուզում, եթե ոչ, ապրանքը թափում են մեքենայից, որի արդյունքում երկար տարիներ, միգուցե, Ջավախքի ժողովուրդը անգամ Հայաստանից արտահանվող ծիրանի համը չի տեսել: Այս առումով վրացական մաքսակետը շատ ավելի պարկեշտ է պահում իրեն, այդքան չի մանրանում: Իսկ հայկական մաքսակետի նման պահվածքը Հայաստանի հակահայ ռեժիմի քաղաքականության շնորհիվ է: Չեմ ուզում խոսել թե վերջին 4-5 տարիների ընթացքում ինչպիսի ոտնձգություններ կատարվեցին Ջավախքի ժողովուրդի, ի մասնավորի տղաների նկատմամբ, քանի որ եթե թվարկեմ, ժամեր կտևի: Օգոստոսի սկզբին Հարավային Օսեթիայի և Աբխազիայի նկատմամբ Վրաստանը սկսեց պատերազմական գործողություններ: Եթե Սաակաշվիլիին հաջողվեր Հարավային Օսեթիան գրավել, ապա հետո հերթը գալու էր մեր Ջավախքին: Բարեբախտաբար, Սաակաշվիլին իր ռեժիմով հանդերձ պարտվեց: Փաստորեն մինչև պատերազմի սկսվելը Սաակաշվիլիի ռեժիմը խնդիր էր դրել Ջավախքում ազգային լուրջ գործիչներից ձերբազատվել, հավանաբար մտավախություն ունենալով, որ պատերազմի ժամանակ իրենց թիկունքը պետք է խաղաղ վիճակում մնա: Ուստի վրացական իշխանությունները որոշում են բոլորովին չեզոքացնել Վահագն Չախալյանին և նրա աջ ձեռքը հանդիսացող Գուրգեն Շիրինյանցին, չնայած այդ երիտասարդները իրենց գործունեության ընթացքում որևէ հակաօրինական կամ հրահրիչ, սադրիչ գործողությունների երբեք չեն դիմել: Ռումբի պայթյունի շինծու առիթով սկսվում է "Միասնական Ջավախքի" անդամների զանգվածային հետապնդումները: Ախալքալաք են բերվում վրացական հատուկջոկատայիններ: Ձերբակալվում են բազմաթիվ ակտիվիստներ և նրանց ընտանիքների անդամները: Գուրգենը դիմադրություն է ցույց տալիս: Վահագնին, փոքր եղբորը, Գուրգենի հորը և հորաքրոջը պահում են Թիֆլիսի բանտում: Հետապնդումները "Միասնական Ջավախքի" այլ անդամները նկատմամբ շարունակվում են առ այսօր: Դրանք գլխավորում է ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը` ունենալով վրաց իշխանությունները հանձնարարականը և ՀՀ իշխանությունների լուռ համաձայնությունը: Գուրգեն Շիրինյանը, որն այսօր գտնվում է փախուստի մեջ, կասեի, որ նա մերօրյա ֆիդայիներից է: Գուրգենը ըստ էության պաշտպանեց ոչ միայն ջավախքահայության պատիվը, այլ նաև ամբողջ հայության պատիվը: Ի՞նչ է նշանակում, իմ տան մեջ, նկատի ունեմ Ախալքալաքը, Ջավախքը, փորձեն ինձ ձերբակալել, առանց պատճառի, առավել ևս, որ ես ազգային գործիչ եմ: Բայց երբ, որ հակառակորդը դիմեց նման քայլի, Գուրգենը չնսեմացավ, փրկեց բոլորիս պատիվը: Նա դիմադրեց, կրակոցներ տեղի ունեցան, որի արդյունքում մեկ ոստիկան սպանվել է և տակավին պարզ չէ, թե այդ ոստիկանը ում գնդակից է սպանվել: Բայց կարևորը այստեղ դիմադրությունն է Վրաստանի իշխանությունների ապօրինությունների դեմ և դա միայն Գուրգենի դիմադրությունը չէ, դա բոլորիս դիմադրությունն է: Ուստի բոլորիս կողմից այդ երիտասարդները արժանի են գուրգուրանքի, Ջավախք աշխարհը այդպիսի երիտասարդների կարիքը շատ ունի: Ամփոփելով, ուզում եմ ներկայացնել մեր տարբերակը, թե քաղաքական ինչպիսի կառուցվածք պետք է լինի Հարավային Կովկասում: Իմ ասածը վերաբերվում է և Ադրբեջանին և Վրաստանին, քանի որ այդ միավորները ունեն իրենց մեջ իրավազուրկ ժողովուրդների խնդիր, ուստի ամենաճիշտ տարբերակը գտնում ենք, որ այդ երկու երկրներն էլ պետք է վերածվեն կոնֆեդերատիվ պետությունների: Ի մասնավորի, Վրաստանի հետ կապված կառաջարկեի, որ Ջավախքի հայությունը հանդես գա միջնորդի դերում Հարավային Օսեթիայի, Աբխազիայի և վրաց ժողովուրդների միջև: Շեշտում եմ վրաց ժողովրդի, որովհետև Սաակաշվիլիի ռեժիմը ուշ թե շուտ հեռանալու է, ուստի բանակցությունները պետք է վարվի եկող իշխանությունների հետ և Վրաստանը պետք է վերածվի կոնֆեդերատիվ պետության և համադաշնության միավորներից մեկը պետք է լինի նաև մեր Ջավախքը` Ախալցխայից մինչև Ծալկա: Ավարտելով խոսքս մեկ անգամ ևս շեշտեմ, որ մինչև այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստան ու Ադրբեջանը չեն հրաժարվել մնալ մինի կայսրություններ, այս տարածաշրջանում երբեք խաղաղություն չի հաստատվելու: Շնորհակալություն:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: