Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Մայիսի 20–ին «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցավ Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկվող օտարալեզու դպրոցների ստեղծման վերաբերյալ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին բանասիրական գիտ. թեկնածու, դոցենտ, լեզվաբան Հովհաննես Զաքարյանը, տառաստեղծ Ռուբեն Հակոբյանը (Թարումյան) և «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Հայկ Բալանյանը:

Ստորև համառոտ շարադրված է Հայկ Բալանյանի մտքերը արծարծվող խնդրի վերաբերյալ:

«Վերնախավի ժառանգների և ունևոր խավի համար վճարովi և մասնավոր և պետական դպրոցների գոյությունը այլևս իրողություն է Հայաստանի Հանրապետությունում։

Կառավարության կողմից առաջարկվող փոփոխությունը խնդիր ունի ապահովել այլալեզու կրթությամբ դպրոցների և կրթական այլ հաստատությունների գոյության հնարավորություն, ինչը կարիք ունի Կրթության և գիտության նախարարության կողմից հիմնավոր բացատրության:

Մակերեսային հիմնավորումները, որոնք տրվում են իշխանությունների կողմից, խարսխվում են հանրության համար առավել բարձր որակի կրթություն ապահովելու ցանկությունից և անհրաժեշտությունից:

Առկա վճարովի և մասնավոր և պետական դպրոցներն արդեն իսկ ապահովում են վերնախավին որոշակի առավելություն` հավելյալ թափանցիկ կամ ստվերային ֆինանսական միջոցների շնորհիվ կրթության մակարդակը նշված դպրոցներում ավելի բարձր է: Իսկ այդ դպրոցներում ոչ վերնախավի զավակների մուտքի հնարավորությունը օրօրի գնալով նվազում է։

Սոցիալական ուղղահայաց շարժունակությանը, որը երաշխիքն է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար, անկախ ծնողների հասարակությունում զբաղեցրած դիրքից, ստանալ ըստ իր ունակությունների անհրաժեշտ գիտելիքներ և աստիճանաբար վեր բարձրանալ, փորձ է արվում փոխարինել հորզոնական շարժունակությունը, որով օտարալեզու դասավանդմամբ էլիտար դպրոցներ կարող են հաճախել միայն այսպես կոչված էլիտար ծնողների զավակները։ Ընդ որում իրականություն է նաև այն, որ այսպես կոչված էլիտար ծնողների զավակների շատ քիչ մասն են ուսանում օքսֆորդներում կամ հարվարդներում, քանզի մնացած մասը՝ վերնախավային "ոսկե երիտասարդությունը" իր կրթությունը հիմնականում ստանում է գիշերային ակումբներում։

Այսօր այդ նույն էլիտան կրթական ոլորտում փորձում է իրեն սահմանազատել ռամիկներից՝ սեփական ժողովրդից, իր համար ստեղծելով մի շրջան, որի մուտքը հասարակ մահկանացուների զավակների համար փակ է լինելու։

Այդ բաժանման ցանկությունը նրանց մոտ ենթագիտակցորեն միշտ գերիշխել է և այսօր նրանք փորձում են խոսքից անցնել գործի։

Հայերենը ըստ իրենց դառնալու է ռամիկների համար կենցաղավարման և տեղական  հաղորդակցման միջոց, իսկ վերնախավը ունենալու է օտար լեզվամտածողություն և ստանալու է այլ մակարդակի կրթություն:

 Հայերենը դատապարտված է լինելու և չի ծառայելու որպես մշակութաստեղծ գործիք։

Կախված նրանից, թե ՀՀն ինչ արտաքին քաղաքական կողմնորոշում է ունենալու, մեր իրականության մեջ պետք է գերակշռեն տվյալ պետության լեզվով դասավանդվող դպրոցները։

Գաղութացման նման համակարգեր գործել են, գործում են և կգործեն։

Լեզուն ազգի ինքնությունը, անկախ պետականությունը և զարգացումը ապահովող կարևորագույն միջոց է։

Այսպես, նորաստեղծ Իսրայել պետությունը երկրորդ կյանք տվեց եբրայերենին` զուգահեռաբար ապահովելով հասարակության բոլոր անդամների համար համաշխահարային գիտական և մշակութային արժեքներին հաղորդակցվելու մատչելիությունը և որակյալ կրթությունը:

Օտարալեզու դասավանդմամբ դպրոցների ստեղծմամբ փորձ է արվելու հայերիս մեջ աստիճանաբար մեր հայրենիքում բնակվող հայ մարդուն ազգային փոքրամասնության հոգեբանություն ներարկել, որը պարարտ հող է ստեղծելու հայ տեսակի դանդաղ, բայց նպատակային ոչնչացմանը։

Հետևաբար, օտարալեզու դպրության օրինականացումը կտրում է վերնախավին սեփական ժողովրդից և հայկականությունից, միաժամանակ կտրում է հայ ժողովրդին սեփական պետություն կերտելու, մշակույթ ստեղծելու, արարելու հնարավորությունից։

 Այս քայլով փորձ է արվում բյուրեղացնել Հայաստանի վերնախավը, դարձնելով այն մեկուսի սեփական ժողովրդից, ապահվելով գործող վերնախավին ժառանգական իշխանափոխության հնարավորություն:

Այս որոշումը վերնախավի շահերից է բխում և հակաժողովրդական, հակաժողովրդավարական և հակապետական է, որը նպատակ է հետապնդում ապագայում Հայաստանում ստեղծել հինգերորդ շարասյուններ օտար տերությունների համար»։

azadakrum.org 20.05.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: