Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սփյուռքը նույնքան պատասխանատու է, որքան Սարգսյանը

Հատվածներ Լեվոն Տեր Պետրոսյանի ելույթից

29 Մայիս 2009

Արեւմտյան մեր գործընկերները մասնավոր զրույցներում վերջերս մեզ կշտամբում են, ասելով, թե մենք խանգարում ենք Սերժ Սարգսյանին՝ կարգավորելու Հայաստանի առջեւ կանգնած կենսական ազգային խնդիրները՝ հայթուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղյան հակամարտությունը։

Մենք միշտ կողմ ենք եղել հայթուրքական հարաբերությունների եւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բայց մենք երբեւէ մտադիր չենք եղել այդ խնդիրները լուծել ամեն գնով, այն է՝ Ցեղասպանության ուրացման եւ Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի անտեսման գնով։ Հետեւաբար, ինչպիսի ճնշումներ էլ բանեցվեն մեզ վրա, մենք թույլ չենք տալու հայ եւ թուրք պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը եւ չենք համաձայնելու որեւէ լուծման, որում ոտնահարված կլինի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած բոլոր այն քայլերին, որոնք չեն հակասում հայ ժողովրդի ազգային շահերին։ 

Զարմանալիորեն Թուրքիայի եւ Ղարաբաղի հարցերում Սփյուռքի ազգային կառույցների օրակարգը համընկնում է Արեւմտյան կառավարությունների օրակարգին, միայն այն տարբերությամբ, որ եթե վերջիններս այդ հարցերում Հայաստանից զիջումներ են պահանջում, Սփյուռքը պահանջում է հակառակը, այն է՝ չկատարել որեւէ զիջում։ Զարմանալիորեն նույնն է նաեւ Արեւմուտքի եւ Սփյուռքի վերաբերմունքը, կամ ավելի ճիշտ վերաբերմունքի բացակայությունը ժողովրդավարության բնագավառում Հայաստանում տիրող վիճակի նկատմամբ։ Արեւմուտքի պես, Սփյուռքին եւս կարծես-թե ամենեւին չեն հետաքրքրում սեփական ժողովրդի դեմ Հայաստանի իշխանությունների կիրառած բռնությունները, ընտրությունների կեղծումը, քաղբանտարկյալների առկայությունը եւ երկրի թալանը, միայն թե վարչախումբը բավարարի վերը նշված իր երկու ակնկալիքները։ Արեւմուտքն օտար է, նա կարող է այդպես վարվել։ Բայց երբ նույնը կատարում է Սփյուռքը, դա արդեն ողբալի է։
 
Այս առումով հատկանշական է մարտի
1-ի ողբերգական իրադարձություններից հետո սփյուռքահայ մի շարք կազմակերպությունների՝ Ամերիկայի հայկական համագումարի, Հայ բարեգործական ընդհանուր միության, Հայ ազգային կոմիտեի (Դաշնակցության), Հայոց եկեղեցու ամերիկյան թեմերի համատեղ հայտարարությունը, որը կուրորեն հավատալով իրադարձությունների պաշտոնական վարկածին, դատապարտում էր ընդդիմության գործողությունները եւ անվերապահ աջակցություն հայտնում սեփական ժողովրդի արյունը հեղած Հայաստանի ոչ-լեգիտիմ, ,նորընտիրե իշխանություններին։ Այս խայտառակ փաստաթուղթը հիշեցնում է նույնքան խայտառակ մի այլ հայտարարություն, որով 1988թ. աշնանը հանդես էին եկել սփյուռքահայ կուսակցությունները՝ ի դատապարտումն Ղարաբաղ կոմիտեի գործողությունների եւ ի պաշտպանություն Համազգային շարժման դեմ պայքարող Հայաստանի կոմունիստական իշխանությունների։
 
Սփյուռքը Հայաստանի ղեկավարներին գնահատում է մեկ չափանիշով. եթե նա հետապնդում է Ցեղասպանության ճանաչման հարցը, հայհոյում է թուրքերին ու հոխորտում նրանց դեմ, ուրեմն նա ազգային հերոս է, իսկ եթե ոչ՝ ազգի դավաճան։

Սփյուռքի  ազգային ջոջերը, որոնք մեկ տարի առաջ անվերապահորեն պաշտպանում էին Սերժ Սարգսյանին, այսօր հայհոյում են նրան, ամենեւին չգիտակցելով իրենց սեփական մեղքը։ Նրանք բացարձակապես չեն անդրադառնում, որ նպաստելով Հայաստանում ոչ-լեգիտիմ իշխանության ձեւավորմանը իրենց իսկ ձեռքով հարթեցին արտաքին քաղաքականության ոլորտում զիջումների գնալու Սերժ Սարգսյանի ճանապարհը։ Այնպես որ, Ցեղասպանության ճանաչման գործընթացի վիժեցման եւ Ղարաբաղին սպառնացող վտանգավոր զարգացումների համար, նրանք նույնքան պատասխանատու են, որքան Սարգսյանը։
 
Մինչեւ սփյուռքահայ կազմակերպությունները հայ ժողովրդի գոյության աղբյուրը եւ ինքնության հիմքը չհամարեն Հայոց պետականությունը, ինչպես նաեւ չարժեւորեն հայրենիքում ժողովրդավարության եւ ազատության գաղափարների կայացման հրատապ անհրաժեշտությունը, նրանք կվտանգեն թե՛ Հայաստանի ապագայի կերտման, թե՛ ազգային իղձերի իրականացման գործը։ Սփյուռքում կան, իհարկե, առողջ ուժեր, որոնք բոլորովին այլ կերպ են դատում, քան ազգային կոչված կառույցները, բայց նրանք, բացառությամբ մի քանի խիզախ անհատների, համատարած հասարակական կարծիքի ճնշման տակ, չեն համարձակվում բարձրաձայնել իրենց առարկությունները։ Դրանից բխում է, որ Սփյուռքի ավանդական կառույցների բարեփոխումը նույնքան այժմեական է, որքան Հայաստանի պետական կառույցներինը։ Մտածողության եւ գործելակերպի ճգնաժամն, ըստ այդմ, համազգային է, եւ չի սահմանափակվում միայն Հայաստանի շրջանակներով։ 

Համառ խոսակցություններ են պտտվում այն մասին, թե իբր Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւ Դաշնակցությունը, ընդդիմություն ձեւանալով, խաղ են խաղում, իսկ իրականում, հիասթափված Սերժ Սարգսյանից եւ համոզված լինելով, որ նա շուտով կորցնելու է իշխանությունը, նախապատրաստում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձը։ Չեմ կասկածում, անշուշտ, որ Քոչարյանը չի հաշտվել երիտասարդ թոշակառուի իր կարգավիճակի հետ եւ, ինչպես Հայաստանի քաղաքական միջավայրում, այնպես էլ Եւրոպայում եւ Ռուսաստանում, իսկ ըստ որոշ լուրերի, նույնիսկ Իրանում ու Սիրիայում, աջակցություն է որոնում իր իշխանությունը վերականգնելու համար։ Սակայն չեմ կասկածում նաեւ, որ Բարգավաճ Հայաստանն ու Դաշնակցությունը գիտակցում են, որ Ռոբերտ Քոչարյանը մարած քարտ է, եւ որ հոկտեմբերի 27-ի ոճրագործության ու մանավանդ մարտի 1-ի սպանդի պատճառով, նրա վերադարձի ճանապարհը դեպի քաղաքականություն հավիտյանս փակ է։ Նրանք հազիվ թե իրենց անունը կամենային կապել սեփական ժողովրդի դեմ կրակ արձակած ու լիովին վարկաբեկված մի անձնավորության հետ՝ դրանով վտանգելով թե՛ իրենց վարկանիշն ու հեղինակությունը, եւ թե՛ իրենց քաղաքական ապագան։ 

Դաշնակցությունը, լինելով փորձառու եւ սեփական վարկի պատմականությունը գիտակցող կուսակցություն, թեեւ ուշացած, այնուամենայնիվ լքեց խորտակվող նավը։ Եթե այդ բանը նա աներ նախագահական ընտրությունների ժամանակ, ապա ներկա վարչախմբի կողմից Ցեղասպանության ուրացման խայտառակությունը տեղի չէր ունենա եւ Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացը  նման անմխիթար վիճակում չէր հայտնվի։ 

Անկախ ընտրությունների արդյունքից, ընդդիմությունը, հանձին Հայ Ազգային Կոնգ­րեսի, կորցնելու բան չունի։ Նա մնալու է իր առաջնորդող տեղում եւ ավելի հզորանալու ու ծավալվելու է։ Կորցնողը լինելու է մեր ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին։Իսկ եթե քաղաքապետի ընտրությունն իսկապես վերջին շանս է, ապա վերջին շանս է ոչ թե ընդդիմության, այլ Սերժ Սարգսյանի համար, որովհետեւ այս ընտրությունից է կախված նրա քաղաքական ապագան։ Պետական մոտեցում հանդես բերելու պարագայում նա ունի թե՛ իր հեղինակությունը բարձրացնելու, եւ թե՛ երկրի վիճակը բարելավելու հնարավորություն։ Իսկ սխալ կողմնորոշվելու պարագայում նա հերթական հարվածը կհասցնի Հայոց պետականությանը եւ կկորցնի իր չունեցած հեղինակությունն անգամ։ Մայիսի 15-ի հանրահավաքում ունեցած ելույթում ես նշել էի, որ Սարգսյանն իրավիճակից դուրս գալու երկու ճանապարհ ունի։ Եթե այս անգամ էլ նա կեղծի ընտրությունները, ապա կմնա դրանցից միայն մեկը, այն է՝ անհապաղ հրաժարական տալ եւ հեռանալ Հայաստանից։ Ժողովրդին ու ընդդիմությանն այլ բան չի մնա, քան Սարգսյանի հրաժարականի պահանջը դարձնել հետագա քաղաքական պայքարի միակ կարգախոսը։ 

Այսպիսով, այս ընտրություններով ոչինչ չի վերջանում, ընդհակառակը, ամեն ինչ նոր է սկսվում։ Եթե ոչ այսօր, միեւնույն է, վաղը Սերժ Սարգսյանը, իր ուժերից վեր խնդիրների ճնշման տակ, հեռանալու է։ Ընդ որում, Արեւմուտքն էլ նրան չի փրկելու, քանի որ Ցեղասպանությունը եւ Ղարաբաղը տալուց հետո նա Արեւմուտքին այլեւս պետք չի գալու։ 

Արդ, ընտրությունները կեղծելու պարագայում, պատրաստվեք Սերժ Սարգսյանին անմիջապես ճանապարհ դնելուն։ Բավական է բռնանալ ժողովրդի կամքի վրա։ Բավական է ժողովրդին անլեզու կենդանու կամ ստրուկի տեղ դնել։ Բավական է, վերջապես, չարաշահել ժողովրդի համբերությունը։ Ամեն ինչ չափ ու սահման ունի։ Եւ թող ոչ ոք չկասկածի, որ ժողովուրդը հաղթելու է։

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: