Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՌԱՋԻՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ

 

Հայ-թուրքական արձանագրությունները պաշտպանողները մերժում էին բոլոր այն զգուշացումները, որ դրանք բացասաբար կանադրադառնան Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վրա: Ավելին, ես, ի թիվս այլոց,  կանխատեսում էի, որ բացասական հետևանքներ կլինեն նաև այն երկրներում, որտեղ ցեղասպանությունն արդեն ճանաչված է: Ցավոք սրտի, ես ճիշտ էի: Խոսենք օրինակներով:
 
Կանադան, այն սակավ երկրներից է, որը և խորհրդարանի (2002թ., 2004թ.), և կառավարության մակարդակներով (2006թ.) ճանաչել է հայոց ցեղասպանությունը: Հետևաբար, 2004թ.-ից հետո իրեն հարգող և ոչ մի լրատվամիջոց չէր տպագրում կամ հեռարձակում Հայոց ցեղասպանությունը ժխտող որևէ հոդված կամ հաղորդում: Ավելին, երբ 2006թ. փետրվարին, ի պատասխան Embassy magazine ազդեցիկ հանդեսում իմ հրաժեշտի հարցազրույցում Հայոց ցեղասպանության հիշատակման, Թուրքիայի և Ադրբեջանի դեսպանները բողոքեցին, հանդեսի խմբագրությունն առանց մեր միջամտության գրեց, որցեղասպանության եղելությունը չի կարող վիճարկվել, քանի որ այն կասկածի չի ենթարկվում”: Հստակ և միանշանակ:
 
Տեսնենք ի՞նչ ունենք հիմա: Արձանագրությունները ստորագրելուց ընդամենը տասն օր հետո նույն հիշատակածս Embassy magazine-ը (21 հոկտեմբերի 2009թ.) Գույնե Դըյերի (Gwynne Dyer) հեղինակությամբ տպագրում է հոդված, որտեղ նշում է. “հայաստանցի հայերը գործարքի մեջ են մտել” (the Armenians back home have made a deal), ստեղծելու համատեղ պատմական հանձնաժողով` որոշելու համար թե ի՞նչ է իրականում տեղի ունեցել 1915թ.-ին” (create a joint historical commission to determine what actually happened in 1915). Հեղինակն իր հոդվածը միանշանակորեն եզրափակում է, որ այն, ինչ տեղի է ունեցել հայերի հետ “ցեղասպանություն չէր” (It was not a genocide). Եվ սա Հայոց ցեղասպանությունը ճանաչած Կանադայում: Մենք, փողոցի լեզվով ասած, գցել ենք Կանադային և նա մեզ չի ներելու: Գցողներին չեն ներում, անգամ միջպետական հարաբերություններում:
 
Հիմա հերթական կանխատեսում: Այն բանից հետո, երբ արձանագրությունները  կվավերացվեն (աստված չանի), այսինքն մենք օրենքի ուժով կասկածի կենթարկենք Հայոց ցեղասպանությունը (խնդրեմ ձեր առարկությունները պահել կանադական դատարանների համար), կանադական դատարանները կլցվեն “պատիվն ու արժանապատվությունն արատավորղ” նախկինում կատարված հայտարարությունների դեմ հայցադիմումներով: Չէ՞ որ մենք թուրքական պետությանը, հետևաբար նաև Կանադայի քաղաքացի թուրքերի անունը, արատավորել ենք` նրանց զրպարտել ենք դեռևս ապացուցման կարիք ունեցող  և ենթահանձնաժողովի կողմից քննվելիք հանցանքի (ցեղասպանության) մեջ:
 
Քանի որ Կանադայի դատական համակարգը բարոյական վնասի դիմաց նախատեսում է դրամական հատուցում,  ուստի առաջարկում եմ ՀՀ հաջորդ տարվա բյուջեի մեջ առանձնացնել մի քանի հարյուր միլիոն դոլար (ոչ պակաս)` բարոյական վնասների դիմաց հատուցումներ կատարելու համար: Ի վերջո, հայցադիմումների վերջնահաշիվը մեզ են դեմ տալու:
 
Արա Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
21 հոկտեմբերի 2009թ.

 

Lragir.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: