| |
Կա՞
Կարգավորման Գործընթաց
Lragir 18/09/09

Ցանկացած երևույթ կամ գործընթաց ճիշտ հասկանալու համար անհրաժեշտ է գործածել
ճիշտ բառեր: Ճիշտ եզրաբանությունը ցանկացած գիտության, եթե ոչ հիմքը, գոնե
նվազագույն նախապայմանն է: Քաղաքագիտությունն էլ գիտություն է: Հայաստանի և
Թուրքիայի միջև առ այսօր հարաբերություններ չեն եղել այն պարզ պատճառով, որ
եղած շփումները կամ եղել են ոչ պաշտոնական կամ եղել են բազմակողմ հանդիպումների
ածանցյալներ: Իրավական տեսանկյունից մենք անգամ առևտուր չունենք իրար հետ, քանի
որ այն ամբողջությամբ ձևակերպվում է երրորդ երկրների միջնորդ ընկերություններով:
Հետևաբար այսօր, երբ խոսքը գնում է ընդամենը Հայաստան-Թուրքիա դիվանագիտական
հարաբերությունների հնարավոր հաստատման և որոշակի, հույժ սահմանափակ,
հարաբերությունների սկզբնավորման մասին, իրավաչափ չէ խոսել 'հայ-թուրքական
հարաբերությունների կարգավորման' մասին: Պետք է արձանագրել զուտ երևույթը,
առանց անհիմն ընդհանրացումների, և խոսել միայն 'Հայաստան-Թուրքիա
հարաբերությունների սկզբնավորման մասին':
Հայ-թուրքական կարգավորումն առնվազն պիտի ընդգրկի գոյություն ունեցող խնդիրների,
եթե ոչ ամբողջական լուծումը, գոնե ձգտումը դրանք լուծելու: Այդպես է միջազգային
հարաբերություններում, այդպես է առօրյա կյանքում: Հայերի և թուրքերի, ինչպես
նաև Հայաստանի և Թուրքիայի, միջև առկա խնդիրներն ունեն երեք բաղադրիչ`
տարածքային, նյութական և բարոյական: Առանց դրանք լուծելու, խոսել ՚հարաբերությունների
կարգավորանՙ մասին անտրամաբանական է ու վաղաժամկետ:
Չի կարող լինել կարգավորում, առանց արդարության հաստատման: ՉԻ կարող լինել
անկեղծ երկխոսություն, առանց գոնե անդրադարձի բուն խնդիրներին: Բժշկի կողմից
հիվանդության պատճառների և բուն հիվանդության անտեսումը չի վկայում
հիվանդության բացակայության մասին: Մարդկության դեմ կատարված հանացագործության
հետևանքների ամրագրումը կարգավորում չէ, կարգավորումը դա չէ: Ոմանց ձեռքերն
ոլորելու, ոմանց շահագրգռելու, ոմանց ուղղակի առնելու ճանապարհով ձեռք բերած
արդյունքը կարգավորում չէ: Այն պարզապես գործարք է:
Արա
Պապյան
Մոդուս վիվենդի կենտրոնի ղեկավար
17 սեպտեմբերի 2009թ.
|