Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԳԵՂԱԿԱՆ PR-Ի ՊՈՍՏՄՈԴԵՌՆԸ

 lragir 27/12/09

Հարցազրույց հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ
 
Մի քանի օրից ավարտվում է 2009 թվականը. Կփորձե՞ք տալ Ձեր գնահատականը անցնող տարվան:
 
Ավարտվում է ոչ միայն տարին, այլև տասնամյակը: 2009-ը կարևոր է դիտարկել որպես տասնամյակի փակում: Եվ քանի որ տասնամյակի մասին ենք խոսում, ինձ  թվում է` ավելի ճիշտ կլինի ոչ թե գանք Հայաստանից, այլ աշխարհի մակարդակից: Թեև մենք շատ ենք կենտրոնացված ինքներս մեզ վրա, բայց իրականում Հայաստանն աշխարհի մաս է, և աշխարհի զարգացումները մենք զգանք, չզգանք, հասկանանք, չհասկանանք, մեզ վրա ազդում են. այն, ինչ մենք հաճախ համարում ենք մեր առանձնահատկությունը, իրականում ուղղակի աշխարհի զարգացումների ինչ-որ ձևերի արտացոլումն է: Ու բացի աշխարհի մաս լինելուց, Հայաստանը նաև հետսովետական տարածքի մաս է, որը նույնպես շատ կարևոր է, որովհետև էլի շատ բաներ կան, որ թվում է` մեր առանձնահատկություններն են, բայց իրականում հետսովետական տարածքի ընդհանուր զարգացումների տրամաբանությունն են: Իր ներքին ցիկլերի առումով Հայաստանը Ռուսաստանից դեռ չի պոկվել, ինքը կարծես Ռուսաստանի ցիկլի մեջ է շարունակում ապրում:
 
Կարծում եմ` կարող ենք ենթադրել, որ համաշխարհային մասշտաբով մի ինչ-որ փուլ կամ ենթափուլ ավարտին է մոտեցել վերջին մեկ-երկու տարվա ընթացքում, ինչ-որ սահմանի ենք հասել, որից էն կողմ նոր սկիզբ կարող է լինել: Օրինակ` համաշխարհային տնտեսական ճգնաժամը գուցե նաև հենց այդ սահմանի մասին է  վկայում, այսինքն` ինչ-որ մի ենթափուլ ավարտվում է և ինչ-որ նոր փուլի սկիզբ է դրվում: Չնայած ես տնտեսագետ չեմ և մեծ հաշվով քիչ բան եմ հասկանում տնտեսությունից, բայց թերեւս տնտեսական ճգնաժամը տնտեսականից ավելի մեծ իմաստ ունի: Խնդիրն այն էր, որ կարծես տնտեսական անկումը եղավ ի հաշիվ այն ճյուղերի, որոնք իրական արտադրության վրա հիմնված չէին, վիրտուալ, սպեկուլյատիվ ճյուղեր էին, և այն երկրների տնտեսությունները շատ տուժեցին, որտեղ շեշտը դրված էր այն տնտեսական աճի վրա, որի հիմքում իրական արտադրություն չկար, իրական արժեք չէր ստեղծվում: Ու դա միայն Հայաստանին չի վերաբերում: Օրինակ` Իսպանիայի նման երկիրը շատ տուժեց ճգնաժամից, քանի որ վերջին տարիներին իրենց տնտեսական զարգացման հիմքը շինարարությունը և տուրիզմն էր: Այսինքն` մենք տեսնում ենք, որ սա մենակ մեր խնդիրը չէ: Նույնը տեղի ունեցավ նաև Իսլանդիայում եւ այլուր:
 
Սա, ինչպես ասացի, մի մեծ խնդիր է, որը տնտեսականից թերեւս դուրս է: Մի ամբողջ մշակութային շրջան է, կոչենք դա պոստմոդեռնի շրջան, երբ իրականի և ոչ իրականի սահմանը, երբ լուրջի ու անլուրջի, բարձրի եւ ցածրի սահմանը պայմանական է համարվել, երբ շատ արժեքներ, որոնք համարվել են հիմնարար, իրական, հարաբերական են դարձել, պաթոսի ու հաստատման փոխարեն ավելի ակտուալ է դարձել նմանակումը եւ իրոնիան, եւ այլն: Այս ամենը եղել է  աշխարհի հիմնական ֆոնը վերջին 10-20 տարվա ընթացքում: Հիմա ինձ թվում է այս ֆոնը կարծես ավարտվում է, եւ թերեւս կարիք է զգացվում նոր հաստատումների, նոր պաթոսի, նոր վստահության, նոր մոդեռնի: Համենայն դեպք շատերին պոստմոդեռնը սկսել է հոգնեցնել: Սա աշխարհում: Իսկ հետսովետական տարածքում պոստմոդեռնը եկավ ու ''նստեց'' չավարտված մոդեռնի վրա, ու փաստորեն դաշնակցեց արխայիկ նախամոդեռնի ուժերի հետ: Արդյունքում ձեւավորվեց մի քիմերա, որը կարելի է կոչել արեւելյան պոստմոդեռն:
 
Այս գործընթացն ընդգրկում է նաև քաղաքակա՞ն ոլորտը:
 
Նաև քաղաքական ոլորտը. եթե վերցնենք վերջին 10-20 տարին աշխարհի մակարդակով, ապա վերջին իրապես մասշտաբային քաղաքական գործիչները երեւի 80-ական թվականներին էին` Ռեյգանը, Թետչերը, Միտերանը, Քոլը և մյուսները: Հետո եկավ ավելի շատ ոչ թե ռեալ քաղաքականության, այլ PR-ի, քաղաքական տեխնոլոգիաների դարաշրջանը: Այսինքն` իրական քաղաքականությունը փոխարինվեց տեխնոլոգիաներով, ինչպես որ երաժշտության մեջ ռոքընռոլի ըմբոստության փոխարեն եկավ փոփ-աստղերի անհավատալի աբսուրդը: Մեզ մոտ քաղաքական առումով այս գործընթացը վերջնական հաղթանակ տարավ 2000-ականներին: Եւ, ի դեպ, մեր էստրադան էլ նույն ժամանակ վերջնականապես ձեւավորվեց իր տեղական Բրիթնի Սփիրսերով, որոնք նույնքան անիմաստ են, որքան օրիգինալը: Քաղաքականության մեջ քոչարյանական շրջանի հիմնական պերսոնաժները հենց այդպիսի տեղական Բրիթնի Սփիրսեր են, այսինքն` իրականում ոչինչ իրենցից չներկայացնող անիմաստ տիկնիկներ, որոնք կան միայն շնորհիվ հեռուստատեսության, պրոդյուսներների, մենեջեների եւ տեխնոլոգիաների:
 
Մեզ մոտ 2000-ականները մի էպոխա կարելի է համարել, որը բավական հստակ տարբերվում է 90-ականներից, երբ, չնայած ամեն ինչին, կար իրական քաղաքական գաղափարների պայքար, բախում: Հոկտեմբերի 27-ից հետո մենք տեսանք, որ իրական քաղաքական պրոցեսները փոխարինվեցին իմիտացիայով, տեխնոլոգիայով, PR-ով: Ինքը` հոկտեմբերի 27-ը, ինչ-որ առումով մի սարսափելի ներկայացում էր. բոլորը գրեթե ուղիղ եթերով հնարավորություն ունեցան տեսնել, թե ինչ կարող են անել հայոց պեության հետ, եթե նրա առաջնորդները փորձեն իրապես անկախ քաղաքականություն վարել, Կայսրության տարածքից դուրս գալու փորձ անեն:
 
2000-ականներին ձևավորվեց հեռուստատեսային իրականությունը, որն իրենով փորձում էր և փորձում է փոխարինել ''իրական իրականությունը'': Պատկերը, համաձայն պոստմոդեռնի շրջանի գերակայող փիլիսոփայության, հետին պլան է մղում խոսքը, բանականությունը, ճշմարտությունը: Եվ մենք վերադառնում ենք նախնադար: Պատահական չէ, որ պոստմոդեռնը շատ է սիրում զանազան պրիմիտիվ ցեղերի ինքնությունները, էկզոտիկան, ըստ էության հակաունիվերսալիստական է: Դրա համար Սերժ Սարգսյանը, երբ դեռ նախարար եղած ժամանակ ասում էր, թե Հայաստանը պատրաստ չէ ժողովրդավարական ընտրությունների, որովհետև այլ մենթալիտետ ունի, նա ոչ միայն ռուսական էշություններն էր թութակում ''ուրույն ուղու'' եւ այլ գեղցիության մասին, այլև արտահայտվում էր որպես բավականին տիպիկ պոստմոդեռնիստ: Ա~խ, այդ պապուասական մշակույթը, գիտեք, մարդ ուտելը նրանց ինքնության կարեւոր մասն է, պետք է զգույշ լինել դրա հետ, գիտեք, արաբները պետք է հիջաբ հագնեն ֆրանսիական դպրոցներում, ու ծեծեն իրենց կանանց Բրյուսելի կենտրոնում, որովհետև դա նրանց ինքնությունն է, ու որովհետև արաբները ժամանակին եվրոպացիներին մաթեմատիկա սովորեցրեցին (դա ասելուց էլ մոռանում են, որ արաբները մաթեմատիկա չեն ստեղծել, այլ վերցրել են նույն Եվրոպայից` հույներից, քրիստոնյա ասորիների միջոցով): Դրա համար էլ, Հայաստանում ընտրությունները կարող են կեղծվել: Ոչինչ, դա մշակույթ է:
 
Հեռուստատեսային իրականությունը ճգնաժամ ապրեց, երբ Հրապարակը` որպես իրական ժողովրդավարական քաղաքականության ծննդավայր, հակադրվեց իրեն եւ ստեղծեց իր իրականությունը, իր իրական երջանկությունը, միությունը, սերը: Մարդիկ, որոնք անցել են Հրապարակի այդ բովով, նրանց մեծ մասը այլեւս չեն վերադառնա հեռուստատեսային իրականություն: Հրապարակային խոսքը մի քանի օրում կարողացավ համարյա քանդել այն, ինչ տարիներ շարունակ փորձում էր ստեղծել հեռուստատեսային պատկերը: Կատաղի պայքար սկսվեց Հրապարակի ու Հեռուստատեսության միջեւ: Հեռուստատեսությունը պարտվեց, եւ միայն զինված ուժը` իրական, այլ ոչ թե վիրտուալ, կարողացավ կանխել գավառական պոստմոդեռնիզմի վամպիրի տապալումը Հայաստանում:
 
 
Գանք մեր իրականությանը:
 
Հայաստանինը անմիջականորեն կապված չէ աշխարհի հետ: Հայաստանինը միջնորդավորված է  կապված հետսովետական տարածքի և Ռուսաստանի միջոցով: Սա է նաև մեր գլխավոր խնդիրներից: Մեզ մոտ մարդկանց կատեգորիա կա, որ շատ է սիրում խոսել, թե սովետի ժամանակ Հայաստանում ի~նչ մշակութային ծաղկում էր: Սովետի ժամանակ մենք դարձանք գեղ: Մենք նույնիսկ Օսմանյան կայսրությունում գեղ չէինք, այլ անմիջապես մասնակցում էինք արեւմտյան մշակութային կյանքին: Ծայրագավառ էինք, այո, Արեւելյան Եվրոպայի պես, բայց գեղ չէինք: Հիմա մենք երկրորդ կարգի գեղ ենք, գեղի գեղն ենք: Որովհետեւ էսօր Ռուսաստանը աշխարհի գեղն ա, իսկ մենք էդ գեղի գեղն ենք: Համեմատության համար ասեմ, որ օրինակ զարգացող երկրները էսօր գեղ չեն` ծայրամաս են: Էսօր թուրքական, չգիտեմ, աֆրիկյան ինտելեկտուալներն աշխարհի կյանքի մի մասն են, կարող են աշխարհով մեկ ճանաչում ստանալ: Ընդ որում, պարտադիր չէ դրանք լինեն ինչ-որ եվրոպականացված կերպարներ, գիտնականներ, դա կարող է լինել, օրինակ, թուրքական կամ եգիպտական կրոնական քարոզիչ:
 
Մեզնում կատարվածը պայմանական տերմինով անվանում եմ գավառական կամ արևելյան պոստմոդեռն: Ասենք` նույնն է նաև ճարտարապետության մեջ. վերցնենք Հյուսիսային պողոտան՝ արևելյան, գավառական պոստմոդեռնի օրինակ: Քաղաքականության մեջ ևս կա այդ գավառական, արևելյան պոստմոդեռնը: Ու Քոչարյանի էպոխան այդ առումով բավական ամբողջական էր, կենսունակ, ինչպես Ռուսաստանում Պուտինի էպոխան: Իր կենսունակությունը նրանում էր, որ կարողացավ համաշխարհային տենդենցի մեջ ներգրավվել, և բոլորովին կարևոր չէ, որ իր մակարդակով գավառական էր: Եվ հիմա կարծում եմ, որ ոչ թե 2009 թվականը  պետք է ամփոփենք, այլ ամբողջ տասնամյակը: Տասնամյակը ֆորմալ առումով 2009 թվականին է ավարտվում, բայց եթե վերցնենք մի քիչ ավելի բովանդակային առումով, ապա 2009-ը 2008-ի անցումային տարին էր: Եվ թե մեզ մոտ, թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, ամեն տեղ տեղի ունեցան փոփոխություններ, նոր մարդիկ եկան իշխանության: Եվ արդեն տեսնում ենք, որ նոր միտումներ են առաջ գալիս, ասենք Ամերիկայում տեսանք Օբաման Բուշից տարբերություն է փորձում տալ, Մեդվեդևը` Պուտինից,  մեզ մոտ էլ  Սերխիո Լիբերտովիչն  է փորձում  ցուցադրել իրեն որպես տարբերվող քաղաքականություն ունեցող:
 
Հիմա եթե ավելի նեղացնենք 2009 թվականը, ապա կտեսնենք, որ ինքն իրենով չկար, ինքը 2008-ի շարունակությունն էր քաղաքական առումով, այսինքն` այն բոլոր միտումները, որ կային 2008-ին, 2009-ին շարունակվեցին, որակական նոր բան չեղավ, և ընդհանրապես, եթե վերցնում ենք մեր հիշատակված Սերխիոյի ժամանակաշրջանը, մեկ բան է միայն եղել /ես ի նկատի ունեմ իշխանության կողմից նախաձեռնվող/՝ դա հայ-թուրքական հարաբերություններն են, մնացած ամեն ինչը հռետորականության մակարդակով է փոխվել միայն, մի քիչ այդ տերտերական հռետորիկան է մտել` սեր, համերաշխություն և այլն:
 
Ներքին քաղաքականության առումով Լիբերտովիչը կարծես Քոչարյանի ռեժիմի Բրեժնև է. թեթևակի մեղմացումներ, մի քիչ ավելի մառազմն է ավելանում, մի քիչ ատամները թափում են, մի քիչ ինքը ավելի բարի բիձա է դառնում, բայց ընդհանուր  ինքը մնում է նույն բռնակալը ու կարող է արյուն թափել, եթե ուզենա, չնայած նրան, որ ատամները թափած են ու շա~տ զառամյալ է, բայց որ շատ ջղայնացնես, կարող է այդ բանն անել: Իսկ արտաքին քաղաքականության մեջ արդեն նմանվում է Գորբաչովին:
 
Արտաքուստ հիմա մեզ մոտ կայունություն է, այնպես հանգիստ վիճակ է, բայց իրականում մենք մեզ հետ տանում ենք դեպի հաջորդ տասնամյակ չլուծվող ու հետաձգված խնդիրներ, ոնց որ հիվանդ մարդը, որ բոլորը գիտեն, որ ունի շատ հիվանդություններ, որ պայքարում է ոչ թե հիվանդության, այլ դրա արտաքին հետեւանքների դեմ... ասենք եթե գլխացավ ունի, որովհետև ինչ-որ պրոբլեմներ ունի սրտի հետ կապված, անալգին է խմում, որ գլխացավն անցնի, բայց հիմնական խնդիրը չի լուծում, ու դա կարող է շատ անկանխատեսելի ու վտանգավոր լինել:
 
Ձեր կարծիքով, այս վիճակն ինչքա՞ն կձգձգվի:
 
Դրա երկարաձգումը հազար ու մի պատճառից է կախված` արտաքին ու ներքին... դա չի հիմա առավել էականը, որովհետև դե հիմա ասենք չես կարող ասել, թե հիվանդ մարդն ինչքան կապրի, մարդ կա մի տարի կարող է ապրել, մարդ կա 20 տարի կարող է ապրել, մարդ էլ կա քաղցկեղից կարող է բուժվել. այդպիսի դեպքեր էլ են լինում: Ամեն դեպքում այդ հետաձգված, չլուծված խնդիրներն ինչքան հետաձգվում են, այնքան ավելի պայթյունավտանգ է դառնում, ու ասենք եթե 2008-ին եղավ մարտի մեկ, պայմանականորեն ասված 2018-ին կարող է ավելի վատ բան լինել:
 
Ուրեմն ո՞րն է մեր այս մոտակա շրջանի խնդիրը. մի կողմից այդ ներքին խնդիրները անպայման պետք է լուծում գտնեն: Հնարավոր չէ նոր տասնամյակ մտնել այս խնդիրներով, քանի որ եթե 2000-ականներին դա ինչ-որ տեղ համահունչ էր աշխարհի զարգացումներին, հիմա դրանից էլ է դուրս մնում: Ուրեմն խնդիրն այն է, որ ներքին խնդիրների լուծումը մի կողմից պարտադիր է, մյուս կողմից այնպես պետք է արվի, որպեսզի երկիրը նվազագույնը տուժի: Կարծում եմ` նաև այդ խնդիրը կա, որովհետև իսկականից շատ լուրջ են այդ զարգացումները. հայ-թուրքական, հայ-ադրբեջանականն է սպասվում եկող տարի:
 
Ձեր կարծիքով, արդյոք վիճակը փակուղային է:
 
Չէ, փակուղի չէ, պարզապես նպատակը պետք է այսպես դրվի, այսինքն` այս խնդիրները լուծելով և այնպես անելով, որ երկիրը մինիմալ տուժի, որովհետև վիճակը լուրջ է, մարտահրավերները լուրջ են: Ասենք, եթե մենք Ղարաբաղյան հաղթանակը կորցնենք, դա հոգեբանական սարսափելի հարված է, որովհետև մեր սերնդի համար դա հոգեբանական բուժիչ դեր է կատարել: Մենք դպրոցում անընդհատ անցել ենք, որ հայերը կորցրել են, կորցրել են, ու այդպես էլ մեծացել ենք: Ու երբ հայերը հանկարծ Քելբաջարը, Աղդամը, մյուսները գրավեցին, աշխարհը փոխվեց: Չի կարելի թողնել, որ հաջորդ սերունդները կարդան դասագրքերում, թե բա գիտեք, հայերը տարան հաղթանակ ու հետո էլի կորցրին:
 
Այն էներգիան, որը կար 2008-ի հրապարակում, իսկականից մեծ ներուժ ունի, ու այնպես չէ, թե այդ ներուժն անցել է, որովհետև դա հոգեբանական շատ մեծ փոփոխություն է բերել մեր բոլորի մոտ: Այդպիսի մեծ իրադարձություններն անհետևանք չեն անցնում: Ուղղակի պետք է հասկանալ, որ խնդիրը ոչ միայն քաղաքական է: Դա հոգեբանական է, հասարակական է, մշակութային է, ու նաև, բայց ոչ միայն քաղաքական: Սերխիոն էլ նախ և առաջ ոչ թե քաղաքական, այլ մշակութային թշնամի է: Նա սովետական Հայաստանի մեռած, բայց չթաղված դիակն է, որի նմաններին երկրորդ կյանք տվեց պոստմոդեռնիստական ռելյատիվիզմը ու հայերի մի մասի պաթոլոգիկ ռուսասիրությունը: Բայց նա շանս չունի գալիք տասնամյակում: Ես անձն իհարկե ի նկատի չունեմ, դա ինձ քիչ է հետաքրքրում, այլ պատմական, մշակութային, հասարակական երևույթը: Դրա խորհրդանիշը ելույթները թղթով կարդացող երկրի առաջնորդներն են, նման ֆոնոգրամայի տակ երգող էստրադայի բթամիթ ու պարազիտ աստղերի: Սա երկրորդական բան կարող է թվալ, բայց սա կարևոր խորհրդանիշ է: Ամոթ է, որ աշխարհը մեզ նրանցով ճանաչի: Օրինակ` Դուք ինչ եք մտածում, երբ տեսնում եք Էմոմալի Ռահմոնովի կամ Ղուբանղուլի Բերդիմուհամեդովի սիրուն և իմաստուն մռութիկները: Նույնը զգում են մարդիկ, երբ տեսնում են մեր Բերդի-մերդիներին: Սրանք ապագա չունեն, բայց կարող են դեռ բավական երկար գլուխներս տանել: Եթե ամեն մեկս գիտակցի իր պատասխանատվության չափը, և ամեն օր աշխատի, որ Հայաստանում նոր արժեք ստեղծվի, ոչ մի օր չանցկացնի պարապության մեջ, ոչ մի օր առանց ոչ միայն քննադատելու, այլև ստեղծելու, մենք իրոք կապրենք նոր երկրում:
 
Սա աբստրակցիա չի: Մենք ունենք կենդանի օրինակներ: Տեսեք Նիկոլին: Մարդն իր ամեն ինչը թողել է մի կողմ ու մեկ նպատակ դրել իր առջև, ինքը դարձել է այդ մի նպատակը: Սա ընդամենը մեկ մարդ է, բայց միայն ինքն ինչքան բան արդեն փոխեց, թեկուզ հոգեբանական առումով, ինչքա~ն մարդու ոգևորեց, ինչքա~ն մարդու համար իրական պաշտամունք դարձավ, ինչքա~ն անիրական թվացող բաներ իրականություն դարձրեց: Այ, իր նմաններին չեզոքացնելու համար է, որ բուծվում են էստրադային փուչիկները: Բայց տեսեք, որ մի հատ Նիկոլ էսօր ավելի շատ երկրպագու ունի, քան հեռուստացույցով գիշեր-ցերեկ գովազդվող ղզիկներն ու ղզօղլանները:
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: