Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԸՆՏՐՅԱԼ ԱԶԳ, ՈՐ ՉԻ ՍՊԱՌԵԼ ԻՐԵՆ

 lragir 27/12/09

Հարցազրույց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի հետ
 
Ինչպե՞ս եք գնահատում 2009 թվականը, մանավանդ որ այն իրադարձություններով հագեցած տարի էր:
 
Մենք ապրեցինք 80-ական, 90-ական  թվականները, և վերջին տասնամյակը բառիս բուն իմաստով զրոյական թվականներն էին: Մի քանի օրից փաստորեն ավարտվելու են զրոյական թվականները: Զավեշտական կերպով համընկավ, ստացվեց այնպես, որ և քաղաքական, և հասարակական, և հոգեբանական, և ստեղծագործական առումներով 1999 թվականի հոկտեմբերի 27-ից սկսվեց այս տասնամյակը, որն ավարտվում է մեր օրերում. սա կորցրած տասնամյակ էր: Այս տասը տարիների ընթացքում մեզնից գողացան, կողոպտեցին պետության, պետականության, հասարակության, տնտեսության, մշակույթի առումով, որովհետև լավագույն դեպքում մենք դոփում էինք տեղում, ու շատ առումներով հետնահանջ ապրեցինք: Մենք ընդհատեցինք մեր բնականոն զարգացումը, մինչդեռ աշխարհը մեզ չսպասեց:
 
Բավական է ուսումնասիրել մեր հասարակական-քաղաքական դաշտը, մեր գաղափարների, գաղափարախոսության ոլորտը, տնտեսությունը և մշակույթը, ակնհայտ է դառնում այդ ոլորտների հետնահանջը և դատարկությունը: Իսկ քաղաքական դաշտի դատարկությունն ակնհայտ դարձավ  2008 թվականի մարտի մեկից, որը “պսակեց” դատարկության այդ տասնամյակը: Թեև դրանով չավարտեց, հարկավոր էր ևս որոշ ժամանակ.  2009 թվականը անցավ այդ մարտիմեկյան վերքը սպիացնելով: Մարտի մեկը փլուզեց հասարակությունը և քանդեց քաղաքական զարգացումները, մարտի մեկից հետո մեզ մոտ կուսակցություններ այլևս չմնացին, անգամ եթե դրանք վերստեղծվում, վերակազմավորվում էին, իրականում դա իմիտացիա էր, որովհետև ոչ մի քաղաքական գործիչ ու քաղաքական կուսակցություն չէին համապատասխանում հասարակության առջև ծառացած խնդիրներին, հասարակական պահանջին և ժամանակի մարտահարավերներին:
 
Դրանից հետո  բոլորը (թեև չեմ սիրում սպորտային տերմինալոգիան օգտագործել) խաղից դուրս մնացին: Թե ընդդիմությունը, թե իշխանությունը (ես ի նկատի ունեմ պաշտոնական ընդդիմությունը, քանի որ մեզ մոտ ձևավորվեց պաշտոնական ընդդիմություն` այն էլ երկու թևերով) մնացին այդ խաղից դուրս, իսկ ավելի ճիշտ հասարակական կյանքից, հասարակության պահանջներից, հույսերից, հույզերից դուրս, որովհետև իրենք գերադասեցին քաղաքական խաղեր, այլ ոչ թե ժողովրդի հետ ապրել ու տանել այն կյանքը, այն մարտահրավերները, ինչին ժողովուրդն է դիմակայում: Փաստորեն մենք հիմա գործում և ապրում ենք դատարկ քաղաքական դաշտում, ինչը չի նշանակում, որ դաշտն է դատարկ, դատարկված են նախկին քաղաքական բոլոր կառույցները: Որոշ դեպքերում դրանք քանդվում են, որոշ դեպքերում այդ կատաստրոֆիկ քաղաքական գործընթացները տեղի են ունենում կուսակցությունների ներսում: Ասածս վերաբերում է նաև ընդդիմադիր դաշտին:
 
Ուզում եք ասել, որ այս պահին մենք  ոչ իշխանություն ունենք, ոչ ընդդիմություն, քաղաքական դաշտն այլևս դատա՞րկ է:
 
Այո, ես դա եմ պնդում: Կարծում եմ` վերջին օրերին, ամիսներին առավել զգայուն և արագ կողմնորոշվող և մտածող մարդիկ բազմիցս նկատել և մատնանշել են դա:
 
Պարոն Խզմալյան, ի՞նչ կարող է փոխվել Հայաստանի քաղաքական կյանքում, քանի որ Ձեր նշած զրոներից ենք “ազատվում”, մտնում ենք նոր փուլ: Այդ առումով ի՞նչ կարող է տալ 2010-ը, նաեւ քաղաքական դաշտի դատարկությունը լցվելու առումով:
 
Կյանքում լինում է ոչ թե այն, ինչ լինում է, այլ այն, ինչ մենք ենք  անում, այսինքն` 2010-ական թվականներին կլինի այն, ինչ մենք կանենք, և կարժանանք նրան, ինչին արժանի ենք: Ակնհայտ է` հասարակության մեջ ձևավորվում են նոր մտքեր, գաղափարներ, դրանց շուրջը հավաքվում են նոր մարդիկ. դա անխուսափելի է, որովետև բնության մեջ դատարկություն գոյություն չունի, հասարակական կյանքում ճիշտ այնպես, ինչպես ֆիզիկական աշխարհում, և այդ փոփոփոխությունները,  նորամուծությունները կամ վերադարձն ավանդույթներին դրդված են լինելու այն դատարկությամբ և այն անհրաժեշտությամբ, քանի որ վերացական սպառնալիքները արդեն վերածվել են շատ կոնկրետ սպառնալիքների, քանզի վերջին 15-20 տարիների զարգացումները բերեցին նրան, որ երրորդ հանրապետությունը ձևավորեց այսպիսի մի համակարգ, որի մեջ, որի միջոցով վաճառվեցին և վերավաճառվեցին տնտեսությունը, գաղափարները, ավանդույթները, արժեքները:
 
Հիմա այդ վերացական թվացող վաճառքն արդեն մարմնավորվում է ֆիզիկական վտանգի մեջ, որովհետև այդ համակարգն արդեն հասել է նաև տարածքները, հողերը վաճառելու շեմին: Եվ մենք ստիպված ենք լինելու պաշտպանվել, եթե դեռ ողջ ենք, և մեր ոգին, ուժն ու գաղափարը դրդելու են այդ պաշտպանությանը: Մենք հիմա պասիվ դիմադրության շրջանում ենք, պասիվ անհնազանդության վիճակ է, որն անխուսափելիոորեն բերելու է ակտիվ անհնազանդության, ակտիվ պայքարի:
 
Ովքե՞ր են անհնազանդ կամ պասիվ անհնազանդ այս պահին:
 
Ամբողջ հասարակությունը: Այո, որովհետև հասարակությունն արհամարհում է պետությունն  ու քաղաքականությունը ճիշտ այնպես, ինչպես  պետությունն է արհամարհում հասարակությանը:
 
Դրա համար արհամարհեց նաև հայ-թուրքակա՞ն արձանագրությունները:
 
Այդ առումով շատ հզոր մանիֆեստացիա էր: Սփյուռքը տվյալ դեպքում ավելի ակնհայտորեն, իսկ մեր հասարակությունը ոչ այնքան, բայց կարելի է չկասկածել, որ որոշակի կազմակերպչական ճիգերի արդյունքում ամբողջ հասարակությունը միանշանակ թելադրելու է կամ արտահայտելու է իր բացասական վերաբերմունքը նաև դրան: Սա ընդամենը լակմուսային թղթիկ էր, որն ապացուցեց, որ հասարակությունն, այնուամենայնիվ, ողջամիտ է, արժանապատվությունը պահպանված է և հասարակությունը պատրաստ է լինելու պաշտպանել իր ազգային արժեքները:
 
Շատերը կարծես չողջունեցին սփյուռքի այդ քայլը` պատճառաբանելով, որ եթե արտահայտվում էին, թող արտահայտվեին մարտի մեկից հետո:
 
Այստեղ մենք գործ ունենք մի պատրանքի հետ, որը վերջին ամիսների ընթացքում նույնպես պայթեց: Սփյուռքում պարզ պատճառներով, քանի որ կա տարածության և ժամանակի բարդույթ և նաև պատրանքի բարդույթ, գոյություն ուներ այն ցնորքը, իբր մենք այստեղ ունենք հանրապետություն: Վերջին ամիսները ևս մեկ անգամ ապացուցեցին, և հենց արձանագրությունների խնդիրն ապացուցեց, որ իրականում մենք հանրապետություն չունենք: Պետությունը և հանրությունը միանգամայն իրարամերժ, իրարից մեկուսացված են, ինչն աննորմալ վիճակ է:
 
Իսկ մարտի մեկից հետո նրանց դիրքորոշման մասին ասեմ. մենք Սփյուռք ասելով երբեմն տարբեր բաներ ենք հասկանում` Սփյուռքը որպես ընդհանրություն և Սփյուռքը որպես Սփյուռքի կազմակերպություն, կուսակցություններ. բազմաթիվ մարդիկ  մեզ հետ ցավ ապրեցին: Սփյուռքի կուսակցությունները դա  չարտահայտեցին, որովհետև Սփյուռքի կուսակացությունները կապված են նաև այստեղի կուսակացությունների հետ:
 
Դա է պատճառը, որ մենք, ամիսներ առաջ վերլուծություններ անելով, որոշեցինք կազմակերպել վերկուսակցական ազգային շարժում` ելնելով նրանից, որ կուսակցական մարկարդակի վրա Հայաստանում որոշ ժամանակ, միգուցե բավական երկար ժամանակ ոչ մի բան հնարավոր չի լինի անել, որովհետև կուսակցությունները այս պատմական հատվածում սպառել են իրենց:  Այսօր որևէ կուսակցություն Հայաստանում իրականում գոյություն չունի: Նրանք ընդամենը ցուցափեղկեր են և պիտակներ:
 
Մարտի մեկից հետո ոչ մի կուսակցություն գոյություն չունի: Իսկ կուսակցությունը հասարակության որևէ խավի կամ համենայն դեպս  խոշոր հատվածի շահերի պաշտպանն է և կամ արտահայտիչը:
 
Բայց, այնուամենայնիվ, կային կուսակցություններ, որոնք մարտի մեկից հետո մարդու իրավունքների պաշտպանի պարտականություններն իրենց վրա վերցրին, մասնավորապես Ժառանգությունը, ՀԱԿ-ը և այլն:
 
Այս առումով նրանք համարյա  չտարաբերվեցին ոչ կառավարական կազմակերպություններից կամ մարդու իրավունքների համար մարտնչող կամ ուղղակի դա պաշտպանող խմբից, խմբակացությունից, ակտիվից, իսկ կուսակցության և մարդասիրական ակումբների միջև պետք է լինի տարբերություն, որովհետև կուսակցությունները այլ կերպ են ձևակերպում իրենց նպատակները: Մենք տեսանք, թե ինչպես կուսակցությունները փքվեցին քաղաքական զարգացումների որևէ պայմաններում, և մի քանի օրվա մեջ պայթում էին և հենց փոխվում էր քամին, ամբողջ կազմով տեղափոխվում էին մեկ այլ կուսակցություն: Այսինքն` լուրջ խոսել այդ մասին՝ ծիծաղելի կլիներ, եթե դա ողբերգություն չլիներ: Իրենք իրականում զբաղված են խաղադրույքներով, և այդ քաղաքական կազինոն, այդ ֆինանսական բուրգը պայթում է ինչպես բոլոր նման հաստատությունները:
 
2010-ը, իմ համոզմամբ, այն շրջանը կլինի, երբ դա բոլորին ակնհայտ կդառա, նրանց, ովքեր դեռ կասկածում են:
 
2010-
ին հայ-թուրքական արձանագրությունների, սահմանի բացման առումով ի՞նչ տեղաշարժեր, ըստ Ձեզ, կլինեն:
 
Կլինի այն, ինչ կանենք մենք: Թեև կարող է հարց առաջանալ, որ շատ որոշումներ կընդունվեն առանց հասարակության կարծիքի: Եթե որևէ ճակատագրական և ազգի համար կարևորագույն որոշում ընդունվում է ազգի կամքից անկախ կամ դրան հակառակ, ապա որևէ նման որոշում` կլինի արձանագրություն, թե ավելի պաթետիկ հնչող փաստաթուղթ, պայմանագիր` իրականում հարատև, կայուն չի լինի:
 
Սարդարապատ նախաձեռնությունը ակտիվ գործունեություն է ծավալել, ի՞նչ արդյունք արձանագրեց այս ընթացքում:
 
Բանն այն է, որ պայքարը չի սահմանափակվում այս կամ այն ակցիայով, Սարդարպատը նոր է սկսում պայքարել, որովհետև, կրկնում եմ, Սարդարապատը կուսակցություն չէ, դա հոգեկան վիճակ է, և այն ոչ թե մի քանի մարդու կամ մի քանի հարյուր մարդու հոգեվիճակ է, դա այն մթնոլորտն է, որը մենք պարտավորվել ենք ձևավորվել հասարակության մեջ: Սարդարապատի ճակատամարտում տասնյակ տարիներ առաջ մարդիկ մասնակցում ու մարտնչում էին` անկախ կուսակցական, կրոնական և երբեմն անգամ ազգային պատկանելությունից: Սարդարապատը հիմա գտնվում է գաղափարների, ծրագրերի մշակման ընթացքում: Դա էր պատճառը, որ մենք չէինք շտապում հայտարարել շարժում, մենք հայտարարեցինք քաղաքական վերլուծություններ, լսումներ, կլոր-սեղաններ, որովհետև մենք ցանկանում ենք հավաքել, հավաքագրել ազգի իսկական վերնախավը, ընտրախավը, ոչ թե այն մարդկանց, ովքեր ինքնակոչ զբաղեցնում են այդ նիշան, այլ հենց այն մարդկանց, որոնք իրականում իսկական քաղաքացիներ են, հայտնում են լուրջ մտքեր և այլն: Մենք համաձայն ենք, որ այս ազգն իսկապես ընտրյալ ազգ է, որը բոլորովին չի սպառել իր ներուժը:
 
Եթե ամփոփենք, ի՞նչ եք մաղթում հայ ժողովրդին 2010-ին:
 
Ես մաղթում եմ` իսկապես դուրս գանք այդ զրոյական թվականներից, որ մենք հրաժեշտ տանք այդ չարաբաստիկ տասնամյակին: Կմաղթեի, որ մենք այլևս թույլ չտանք ուրիշներին մեզնից  խլել մի ամբողջ տասնամյակ, որ մենք ինքներս մեզ թույլ չտանք այնքան թույլ, անօգնական ու միամիտ գտնվելու, քանի որ կյանքը կարճ է, և մենք իրավունք չունենք շռայլելու մեր կյանքի, մեր ազգի կյանքի ժամանակը:
Վերջին ամիսներին իմ բոլոր խոսակցությունները, ելույթները, հոդվածները ես ավարտում եմ միևնույն կարգախոսով, որը պատկանում է  Հին Հռոմի սենատորներից մեկին` Կատոն Ավագին, ով իր բոլոր ճառերն ավարտում էր “Կարթագենը պետք է կործանվի”, այսինքն` բռնապետությունը պետք է քանդվի, և մենք պարտավոր ենք բռնապետությունը փոխարինել հանրա-պետությունով:
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

 

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: