Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ՆՈՐ ՈՒԺ, ՆՈՐ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

 lragir 15/01/10

Հայաստանում բացահայտ ցինիզմով կեղծված հերթական ընտրությունը եւ դրա հանդեպ ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի համեմատաբար հանգիստ վերաբերմունքը, երբ ընտրությունից հետո հայտարարվում է, թե չէին էլ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կհաղթի եւ ասվում է, որ ընտրությունը, որին մասնակցել են` եղել է ապօրինի, հիմք տվեց Հայաստանում նոր ընդդիմության կամ նոր ուժի անհրաժեշտության մասին մտորումների: Աշխուժացան այդ մասին քննարկումները, առայժմ առավելապես փորձագիտական կարծիքների մակարդակում:
 
Այդ ամենն ունի միանգամայն օբյեկտիվ հիմքեր: Ակնհայտ է, որ ներկայիս ընդդիմությունն իր մի շարք մարտավարական թերությունների կամ սխալների հետեւանքով կորցրել է հասարակության վստահության զգալի մաս: Ընդ որում, հասարակությունը ներկայիս ընդդիմության հանդեպ վստահության այդ որոշակի պաշարը կորցրել է ոչ այն պատճառով, որ ընդդիմությունն իշխանափոխություն չի անում, կամ հանրահավաք չի անում: Կորստի բուն պատճառն այն է, որ ընդդիմության բառապաշարը, ընդդիմության խոսքն աստիճանաբար սկսեց նույնանալ իշխանության խոսքի հետ, հասարակությունն աստիճանաբար սկսեց տեսադաշտից կորցնել ընդդիմության եւ իշխանության տարբերությունը:
 
Մինչդեռ Հայաստանում գործող իշխանական համակարգի դեմ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ թե արմատական քննադատության ենթարկել իշխանությանը, այլ հասարակությանը հստակ եւ կոնկրետ ներկայացնել իշխանությունից սեփական տարբերությունը: Երբ ներկայիս ընդդիմությունը դա կարողանում էր անել, ապա իրադարձությունների զարգացումը ինքն էր թելադրում, մեծ հաշվով: Երբ ընդդիմությունը սկսեց հաջողություն որոնել աշխարհաքաղաքական որոգայթների մեջ եւ այդ հարթության վրա չեզոքացավ իշխանության ու ընդդիմության տարբերությունը, ընդդիմությանը մնաց ընդամենը սպասել, թե երբ կտապալվի կամ երբ հանդուրժող եւ քրիստոնեավար կդառնա իշխանությունը:
 
Պարզ է, որ այդ պայմաններում անխուսափելիորեն աշխուժանալու են նոր ուժի, նոր ընդդիմության մասին խոսակցությունները, որոնք պարբերաբար աշխուժանում են Հայաստանում, երբ որեւէ մի փուլում ակնհայտ է դառնում քաղաքական դաշտում հասարակության եւ ընդդիմության միջեւ անվստահության եւ հիասթափության լուրջ չափաքանակի առկայությունը: Բայց, արդյոք այդ նոր ուժի մասին խոսակցություններն իրենց մեջ պարունակում են գործնականություն: Այդ առումով, թերեւս պետք է ասել, որ Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում, երբ պարբերաբար գործընթացների երեսին են հայտնվել այդ խոսակցությունները, դրանք երբեւէ աչքի չեն ընկել գործնականությամբ:
 
Պատճառն իհարկե այն չէ, որ թե տվյալ ժամանակի գործող ընդդիմության, թե տվյալ ժամանակի իշխանության համար նոր, թարմ ուժի առաջացումը հավասարապես եղել է վտանգավոր եւ նրանք երկուստեք փորձել են դեռօրորոցումոչնչացնել այդ նոր ուժին, ինչն անկասկած տեղի է ունենալու այժմ, եթե որեւէ ձեւով նշմարվի այդ նոր ուժը կամ դրա գործունեության գործնականության որեւէ էական տարր: Խնդիրն այն է, որ Հայաստանում նոր ուժի առաջացման մասին խոսակցությունները կառուցվել են առկա ուժերի ոչնչացման քարոզչական առանցքի վրա: Այսինքն, մեծ հաշվով, նոր ուժի անհրաժեշտության մասին խոսակցությունները կառուցվում են սպասման տրամաբանությամբ: Սպասվում է, որ առկա ուժերը որեւէ հարցում տապալվեն, որպեսզի թե իշխանության եւ թե ընդդիմության այդ տապալումների ֆոնին նորից հնչեցվի նոր ուժի անհրաժեշտության մասին:
 
Այլ կերպ ասած, նոր ուժի մասին դատողություններն ու քննարկումները փաստացի հանրությանն են առաջարկվումհինուժերի գործունեության տրամաբանությամբ. իքսը եւ իգրեքը տապալվեցին, հասարակությունը մնաց ձեռնունայն, ուրեմն իսկական ժամանակն է դատարկ տեղը լրացնելու: Դա ինքնին արդեն արհեստական հիմք է նոր ուժի ստեղծման գործում: Բանն այն է, որ քաղաքականությունը բնական գործընթաց է: Եթե որեւէ մեկն ունի ասելիք եւ անելիք այդ գործընթացում, ապա ասում եւ անում է անկախ նրանից, թե ինչ են ասում եւ անում գործընթացի մասնակիցհինուժերը: Ընդ որում, իր ասելիքն ու անելիքը կառուցում է ոչ թեհների անհաջողությունների, սխալների կամ տապալումների վրա, այլ բացառապես սեփական արժեքների, որոնք անկախ քաղաքական գործընթացի մասնակիցների կազմի, ներկայացվում են հասարակությանը: Եթե հասարակությունը հոգնել էհներիցու չի հավատում նրան, ապա կգնա նորի հետեւից, եթե հավատա: Իսկ եթե ոչ, ապա ինչքան էլ որ նորն իր ճանապարհը բացիհնինճանապարհ դնելու ելակետով, միեւնույն է, ստացվելու էթագավորություն ավերակների վրա”: Իսկ դա Հայաստանում քաղաքականությամբ զբաղվող գրեթե բոլորի ցանկությունն է` թագավորել այդ պայմաններում, որ սեփական հնարավոր անհաջողությունը, սխալը կամ ձախողումը պայմանավորվի ուրիշի թողած ավերակով: Թե ինչ է ստացվում դրանից, մենք ականատես ենք լինում այժմ, երբ օրինակ հաջողությունները վերագրվում են նոր մտածողությանը, իսկ անհաջողությունների պատճառ են հռչակվում նախորդ տարիները:

Հայ ազգային կոնգրեսի հասցեին հնչող ցանկացած քննադատություն, կոնգրեսի համակիրների շրջանում ընկալվում է իբրեւ իշխանական պատվեր կամ իշխանության ջրաղացին ջուր լցնելու կամա, թե ակամա փորձ: Շատ դեպքերում կոնգրեսի հասցեին քննադատության այդ ընկալումը ունի օբյեկտիվ հիմք: Բանն այն է, որ Հայ ազգային կոնգրեսը ներկայում միակ կառույցն է, որը գործուն ընդդիմություն է իշխանությանը: Կա իհարկե հայ-թուրքական գործընթացի դեմ պայքարող կուսակցությունների միավորումը, բայց այդ միավորումը եթե նույնիսկ համարենք, որ անկեղծ եւ իրական ընդդիմությունը, միեւնույն է, հանրությանը դեռեւս չի ներկայացրել Հայաստանի իրականության վերաբերյալ իր ամբողղջական պատկերացումը լայն համատեքստում: Այսինքն, այդ միավորումը դեռ չի ներկայացրել հասարակությանը, թե ինչ է լինելու այն ժամանակ, երբ իշխանությունը հայ-թուրքական հարցում վարվի այնպես, ինչպես իրենք են պահանջում: Դրանից հետո ինչ են անելու Դաշնակցությունն ու մյուսները: Այդ հարցի պատասխանը հստակ չէ, հետեւաբար դեռ հստակ չէ, թե ինչ ընդդիմություն է այդ ընդդիմությունը:
 
Հայ ազգային կոնգրեսի պարագայում կարծես թե ինչ որ առումով հակառակն է: Այսինքն, եթեՀՅԴ եւ մյուսներմիավորումը այսպես ասած հայ-թուրքական ընդդիմություն է, ապա կոնգրեսն էլ կարծես թե առավելապես ներքին կյանքի ընդդիմություն է, իսկ հայ-թուրքական եւ Ղարաբաղի հարցում քիչ տարբերություններ ունի իշխանությունից: Բայց խնդիրն այստեղ այն է, թե որն է ելակետը: Այդ առումով, կարծես թե որեւէ մեկի համար շատ դժվար կլինի պնդել, որ ելակետը արտաքին հարցերն են, քանի որ ամեն ինչ սկսում է երկրի ներսում, իշխանության, կառավարման համակարգի ձեւավորման սկզբունքից: Եթե այդ սկզբունքը անառողջ է, ապա վաղ թե ուշ հիվանդանալու է նաեւ արտաքին քաղաքականությունը: Այսօր, ներքին կյանքի կազմակերպման սկզբունքի առումով ընդդիմադիր միակ կառույցը Հայ ազգային կոնգրեսն է եւ քննադատելով կոնգրեսին, ստացվում է, որ քննադատում ես միակ ընդդիմությանը, որը լավ, թե վատ, այդուհանդերձ գործուն պայքար է մղում համակարգի եւ դրան սպասարկողների դեմ:
 
Հետեւաբար, քննադատելով այդ պայքար մղող կառույցին, ստացվում է, որ իսկապես, կամա, թե ակամա աջակցում ես համակարգին եւ նրան սպասարկողներին: Կարծես թե այդ տրամաբանությունն է ընկած այն մեղադրանքների հիմքում, որ կոնգրեսի համակիրները ներկայացնում են կոնգրեսին քննադատողներին: Բայց, արդյոք այդ տրամաբանությունըերկաթյաէ, եւ արդյոք Հայ ազգային կոնգրեսը քննադատությունից վեր է, եթե միակն է, որ գործուն պայքարի մեջ է: Իհարկե ոչ: Նախ, այն կառույցը, որը պայքարում է ժողովրդավարության եւ ազատության համար, բայց չի հանդուրժում իր հասցեին ուղղված կարծիքի եւ խոսքի ազատություն, թերեւս հենց ինքն է արժեզրկում իր իսկ պայքարը: Դրանից բացի, կա նաեւ խնդրի հակառակ կողմը: Իսկ գուցե Հայ ազգային կոնգրեսը, իշխանության հետ գործակցելու համար մեղադրելով իրեն քննադատողներին, ծառայում է հենց նույն իշխանությանը, թույլ չտալով, որ առաջանա իշխանական համակարգի դեմ պայքարելու պատրաստ ավելի կենսունակ ուժ: Չէ որ դա եւս տրամաբանություն է, ու կարծես թե ոչնչով չի զիջում այն տրամաբանությանը, ըստ որի, կոնգրեսին քննադատողները իշխանության պատվերն են կատարում:
 
Իրականում, սակայն, պետք է գործի բոլորովին այլ տրամաբանություն` գործի տրամաբանությունը, այսինքն գործ անելու տրամաբանությունը: Եվ այդ տեսակետից, Հայ ազգային կոնգրեսը ունի ակնհայտ առավելություն, քանի որ թեեւ շատ դեպքերում սխալ հաշվարկով եւ տրամադրվածությամբ ու տրամաբանությամբ, այդուհանդերձ կոնգրեսը գոնե գործ անում է, ի դեմս իր հազարավոր ակտիվիստների, հատկապես պատանի եւ երիտասարդ, որոնք համարձակորեն դուրս են եկել ռեժիմի դեմ պայքարի, չերկնչելով անգամ այն ֆիզիկական բռնությունից, որին ենթարկվում են բազմիցս: Առայժմ, կարծես թե, Հայաստանում համակարգի դեմ գործուն պայքարի այլ օրինակ հայտնի չէ: Ընդ որում, ամենեւին չի նշանակում, որ այդ պայքարը պետք է միայն այդ ձեւով էլ արտահայտվի, այսինքն ռեժիմի դեմ հանդիման ֆիզիկապես կանգնելով: Կան պայքարի տարբեր ձեւեր, որոնք ենթադրում են արդյունքի տարբեր ժամկետներ: Բայց խնդիրն այն է, որ գործնական եւ կազմակերպված պայքարի առայժմ միայն այդ ձեւն է, որ առկա է եւ որը իրականացնում է Հայ ազգային կոնգրեսը:
 
Բայց արդյոք կոնգրեսը միայն դրա համար է ստեղծված: Արդյոք կոնգրեսի առաքելությունը եւ նշանակությունը միայն դա է: Կամ ով է որոշում այդ առաքելության եւ նշանակության սահմանը: Այստեղ արդեն խոսելու եւ քննարկելու շատ տեղ կա, եւ այդ քննարկումներին պետք է մասնակցեն ոչ միայն կոնգրեսականները: Այսինքն, կոնգրեսի ուժը նաեւ այն է, կամ այն պետք է լինի, որ դրա գործունեության եւ ճակատագրի մասին քննարկումները լինեն ոչ միայն ներկոնգրեսային, երբ միայն կոնգրեսում գտնվողը իրավունք ունի խոսել եւ քննադատել: Բանն այն է, որ հասարակությունը Հայաստանում կարծիք կազմում է գործից, ոչ թե քարոզչությունից: Կոնգրեսի ոչ վաղ անցյալի պատմությունը հենց դրա վառ վկայությունն է: Եթե հարցը լուծվեր քարոզչությամբ, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը 5 տոկոսից թերեւս վեր չէր էլ բարձրանա: Բայց գործը փոխեց իրավիճակը: Հետեւաբար, խնդիրը կոնգրեսի հասցեին հնչող քննադատության մեջ չէ: Ինչպես որ այսպես ասած նոր ուժի առաջացման գրավականն էլ կոնգրեսին փնովելը կամ կոնգրեսի անկենսունակության մասին շեփորելը չէ, քանի որ նոր ուժն էլ իր տեղն արեւի տակ պետք է նվաճի գործով, եթե ունակ է դրան:

Նոր ուժի, նոր ընդդիմության մասին խոսակցությունների պարագայում, որոնք կրկին որոշակիորեն աշխուժացան եւ արդիական դարձան թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունից հետո, հաճախ հնչում են հարցադրումներ, թե որտեղից է գալու այդ նոր ուժը, միթե այն լուսնից է ընկնելու, ուր է Հայաստանում այդպիսի ռեսուրս եւ ընդհանրապես` ինչու է պետք նոր ուժ, եթե կա Հայ ազգային կոնգրեսը եւ այն հետեւողականորեն պայքարում է համակարգի դեմ. ով է Հայ ազգային կոնգրեսից լավը լինելու:
 
Այդ հարցադրումները թերեւս գտնվում են հիմնականում էմոցիոնալ հարթության վրա: Բանն այն է, որ նորի մասին պատկերացումները Հայաստանում հաճախ տեղավորվում են զուտ ֆիզիկական հասկացությունների շրջանակում: Այսինքն, նոր ուժ ասվածը պատկերանում է իբրեւ նոր մարդիկ, կամ նոր ձեւաչափ, կամ նոր գաղափար: Նոր ուժ ասվածի տակ նոր վարքագիծ եւ մտածողություն կարծես թե շատ քիչ է ենթադրվում, եւ եթե ենթադրում է, ապա ոչ առաջին հերթին: Ինչպես որ գործ հասկացության տակ առաջին հերթին չգիտես ինչուշտուրմէ ենթադրվում:
 
Իրականում, նոր ուժի եւ նոր ընդդիմության մասին խոսակցությունները մեծ հաշվով արհեստական են եւ ավելորդ: Քաղաքականության մեջ նորը եւ հինն այնքան հարաբերական են, որ թերեւս դրա մասին խոսելը մեծ հաշվով ժամանակի ավելորդ վատնում է: Դրա վառ վկայությունն օրինակ 2007 թվականն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական վերադարձից հետո ձեւավորվեց մի ընդդիմություն, որին նոր անվանելու կարծես թե որեւէ ֆիզիկական հիմք չկար: Այդ ընդդիմության ոչ կարգախոսներն էին նոր, ոչ դեմքերն էին նոր, ոչ նոր էր իշխանությանը ընդդիմություն լինելու նրանց հանգամանքը, ոչ նոր գաղափարներ էին առաջ բերվում, որոնք նախկին ընդդիմությունների ժամանակ չէին եղել հրապարակի վրա:
 
Բայց Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմությունը փաստացի նոր էր, որովհետեւ նոր էին այդ ընդդիմության գործունեության որակները: Թերեւս առաջին անգամ էր, որ ընդդիմությունը, ձեռնպահ մնալով հախուռն գործունեությունից, աչքի ընկավ հետեւողական եւ մշակված մարտավարությամբ ու ռազմավարությամբ, եւ թեեւ իշխանափոխության առումով նպատակը չի հաջողվել իրագործել, բայց թերեւս աներկբա է, որ այդ ընդդիմությունը Հայաստանի անկախության տարիների ընդդիմություններից ամենաարդյունավետն էր, իսկ հետընտրական գոյության եւ կենսունակության առումով` ամենաերկարակյացը:
 
Ուրեմն, նոր ուժ հասկացությունն ամենեւին չի ենթադրում ֆիզիկական նորություն կամ կուսականություն: Քաղաքականության մեջ, այն ուժը, որը կարողանում է տվյալ պահին առավելագույն հասկանալիությամբ բավարարել հասարակության պահանջները եւ առավելագույն  արդյունավեությամբ սպասարկել հասարակության շահը, թերեւս հենց հանդիսանում է նոր ուժ: Այդ իմաստով, հենց այդ տրամաբանության մեջ պետք է դիտարկելնոր ուժ կամնոր ընդդիմություն հասկացությունները եւ դրանց մասին խոսակցությունը: Իսկ դա, որքան էլ տարօրինակ թվա, ամենեւին չի հակադրվում Հայ ազգային կոնգրեսի գոյությանը, որովհետեւ կոնգրեսն ինքը կարող է իր միջից գտնել այդ նոր ուժը, քանի որ կոնգրեսը անկասկած բազմաշերտ կառույց է, ինչը կոնգրեսի հարստությունն է: Բայցնորը կարող է առաջանալ նաեւդրսից”:
 
Համենայն դեպս, փաստը կարծես թե այն է, որ հասարակության շահի չսպասարկվող մասն այժմ ավելի շատ է, քան սպասարկվողը: Հետեւաբար, ովքեր պատրաստ են ստանձնել այդ ծանր գործը կամ լրացնել կոնգրեսի թողած կամ առաջացրած բացը, թերեւս կարող են լծվել այդ աշխատանքին, եթե իհարկե կա ունակություն եւ խիզախություն: Խիզախության հանգամանքը ամենեւին չեմ նշում այն պատճառով, որ գործել նշանակում էշտուրմ անել: Պարզապես Հայաստանում ընդդիմություն լինելը խիզախություն է պահանջում, որովհետեւ իշխանական համակարգը կենսունակ ընդդիմության պարագայում անմիջապես արձագանքում է ինքնապաշտպանական բնազդով, իսկ թե ինչպես կարտահայտվի այդ բնազդը, մի կողմից դժվար չէ կանխագուշակել, մյուս կողմից էլ դժվար է կանխատեսել:
 
Իշխանությանը, համակարգին քննադատության ենթարկելը մի բան է, դրա դեմ գործնական պայքարի դուրս գալը` մեկ այլ: Եվ անկախ այդ պայքարի դինամիկայից եւ մարտավարությունից, միեւնույն է, հենց իշխանությունը զգաց իր դեմ պայքարի կենսունակություն, հակադարձելու է բավական խիստ:

 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: