Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Միակ Հիմքը՝ Ազնիվ Խոսքը

 

Հարցազրույց բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ
 
Ի՞նչ տպավորություն ունեք նախագահների մյունխենյան հանդիպումից:
 
Մյունխենից շատ երկակի տպավորություն ունեմ: Հերթական անգամ տեղեկատվական վակուում առաջացավ հայկական կողմի մոտ, այսինքն` ինչպես ապրիլի 22-ին որ ստորագրեցին, կամ օգոստոսի 31-ին, որ համաձայնագրի տեքստը տեղադրվեց ինտերնետում, նորից մեկ օր ոչ մի պարզաբանում ոչ մեկի կողմից չեղավ Հայաստանի պետական պաշտոնյաների կողմից: Միայն երեկոյան, եթե չեմ սխալվում, և առավոտյան նախագահի մամլո քարտուղարը և այնուհետև արտգործնախարարությունից մեկնաբանություններ տվեցին: Ի՞նչ էր կատարվում այդ 12 ժամվա ընթացքում այդ ինֆորմացիոն վակուումում` ոչ մեկին պարզ չէր: Նորից տեղեկատվություն գնաց առաջինը Եվրանյուզից, այնուհետև` Ռեգնումից, ընդ որում Ռեգնումն այդքան էլ վստահելի աղբյուր չէ վերջերս: Այսինքն` մեկնաբանություններ և ինֆորմացիա գնաց այն աղբյուրներից, որոնք այդքան էլ, կարելի է ասել, վստահելի չեն:
 
Բայց միակն էին:
 
Այո: Ընդ որում, Եվրանյուզի առաջին մեկնաբանությունն ընդհանրապես խայտառակություն էր, հետո իրենք ընթացքում շտկեցին: Բայց հայկական ոչ մի աղբյուր պաշտոնական ոչ մի ինֆորմացիա չտվեց: Հիմա այս հարցին կարելի է երկակի մոտեցում ցույց տալ: Եթե Ալիևը շարունակեր իր հոխորտանքների և ուլտիմատումի գիծը, որ եթե ինչ-որ բարելավում կամ առաջընթաց չլինի, ինքը պատերազ է սկսելու, այսինքն` եթե մյուս օրը բոլորն արթնանային և տեսնեին, որ պատերազմ չկա, այստեղից առաջին եզրակացությունն այն կլիներ, որ իրոք ինչ-որ համաձայնություն եղել է: Երկրորդը մեր դիվանագետների, նաև վարչապետի սիրած խոսքն է, որ մի հավատացեք դրսի աղբյուրներին և դրսի ինֆորմացիային: Դա էլ ,Բա ո՞ւմ հավատասե հարցն է առաջացնում, եթե քո աղբյուրները ձայն չեն հանում: Նոյեմբերի 24-ին և 25-ին արդեն ադրբեջանական աղբյուրները տեղեկատվություն տարածեցին, որ համաձայնություն է ձեռք բերվել հայկական զորքերը հանել 5 շրջաններից, կարգավիճակն է քննարկվում, հայկական կողմն ինչ-որ կտրուկ բողոքել է Լաչինի միջանցքի հետ կապված, և նորից հայկական կողմից ինֆորմացիա չկար: Ընդ որում, տեղեկատվության աղբյուրն Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Պոլուխովն էր, որը քաղաքագետ չի, որ ասես` ինքն իրենից ինֆորմացիան է տարածում, այսինքն` նա գործընթացի մաս է կազմում: Ըստ հայկական կողմի` սակայն, ներկայում քննարկվում է միայն Արցախի կարգավիճակի հարցը: Որպես ՀՀ քաղաքացի, որպես ազգասեր, որպես Արցախի հարցով մտահոգված մարդ` ես ուզում եմ հավատալ մեր կողմին:
 
Հավատալու հիմքեր կա՞ն:
 
Միակ հիմքը, կոպիտ ասած, ազնիվ խոսքն է: Այսինքն` հասել են այն աստիճանի, որ բոլոր շրջապատող երևույթները մի բան են ասում, հայկական կողմը` ուրիշ: Ես իմ անձնական տպավորությունն ասեմ. վախենում եմ ուրբաթ երեկոյան մտնել համացանց, որովհետև հավանական են սյուրպրիզներ, ինչպես դա եղավ համաձայնագրերի, ճանապարհային քարտեզի դեպքերում: Ու վախենում եմ հատկապես այն ուրբաթներից, որոնք մոտ են կամ համընկնում են հայոց պատմության ինչ-որ կարևոր օրվա կամ հայ ժողովրդի համար հոգեբանական մեծ նշանակություն ունեցող իրադարձության հետ: Դա եղավ ապրիլի 24-ից առաջ, Արցախի անկախության օրվանից առաջ, այսինքն` կարելի է ենթադրել, որ կամ դեկտեմբերի 7-ին մի բան կլինի, կամ Նոր տարուն: Դա շատ հին դիվանագիտական հնարք է, երբ կարևոր որոշումներն ընդունվում են հանգստյան կամ տոն օրերից առաջ, երբ հասարակության տեղեկատվական դիմադրողականությունը ցածր է լինում: Իսկ երկուշաբթի օրվանից սկսվում է ուղեղների լվացումը: Այսինքն` մեզ մնում է միայն հավատալ ու վստահել մեր իշխանություններին:
 
Դուք դա առաջարկում եք որպես դեղատո՞մս այն մարդկանց, որոնք որևէ չափով մտահոգված են այս հարցում:
 
Ես չեմ ուզում հակառակը մտածել: Որովհետև, օրինակ ,Արցախի ներկա տարածքի հետ կապված ցանկացած զիջում ինձ համար հանցագործություն է:
 
Քննարկենք այս զարգացումների ամենավատատեսական սցենարը: Ենթադրենք, որ այն, ինչին չեք ցանկանում հավատալ, դառնում է իրականություն:
 
Թեև գործընթացը երկու կողմի համար էլ արագացնում են, այն շատ արագ չի կարող լինել, որովհետև կարող է հանգեցնել ներքին պայթյունի: Եթե գորտին գցում են արդեն եռացող ջրի մեջ, նա կարող է անմիջապես դուրս թռչել: Այլ բան է, եթե ջուրն աստիճանաբար են տաքացնում… Կարելի է դիտարկել, որ գործ ունենք նման տեխնոլոգիայի հետ` համակցված ,փոքր քայլերիե դիվանագիտության հետ, երբ առաջին հայացքից աննշան քայլերը, ի վերջո, բերում են անդառնալի փոփոխությունների: Սա գործածվում է թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական բանակցություններում, այսինքն` փոքր ու հաճախ գաղտնի քայլերի միջոցով ներքին հնարավոր լարվածության կանխումը:
 
Ենթադրենք` արդեն ստորագրվել է նոր գաղտնի համաձայնագիր:
 
Այդ դեպքում կունենանք նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված պատմությունը, որ` ,Վերջ, մենք ստորագրել ենք: Մենք պարտավարություններ ենք վերցրել մեզ վրա միջազգային հանրության առջև և իրավունք չունենք հետ կանգնել դրանիցե: Այսինքն` ,Վտանգի տակ է դրված Հայաստանի միջազգային վարկըե և այլն:
 
Դա հասկանալի է ,մենք-իշխանություններիե համատեքստում: Իսկ ,մենք-մտահոգներիե առումո՞վ:
 
Չէի ասի, որ մտահոգությունը շատ մեծ է, որովհետև Հայաստանի ներսում ժողովուրդը բավականաչափ պասիվացել է: Իմ կարծիքով, այդ ուղղությամբ հատուկ աշխատանք է տարվել, և հիմա պետք է շատ կտրուկ վատ բան լինի, որ միանգամից ժողովուրդը դուրս գա փողոց, և նորից կրկնվի ժողովրդական այդ բուռն բողոքական ալիքը: Այլ հարց է Արցախի բնակչությունը, որովհետև այն քիչ թե շատ ռազմականացված և կուռ հանրություն է, քան Հայաստանը: Հիմնական պրոբլեմը լինելու է Արցախից: Ըստ երևույթին, ինչ-որ մի բան էլ իրենց է նախատեսվում պարտադրել. Արցախն ի վերջո կդառնա բանակցությունների կողմ, բայց ոչ այնպես, ինչպես դա պատկերացնում են արցախցիները: Դա, իմ կարծիքով, մեկ-երկու տարվա գործ է լինելու:
 
Այսինքն` ,վատագույն սցենարիե պայմաններում իրավիճակը փոխելու ոչ մի ազդեցության  լծակ չկա՞:
 
Հակազդեցությունը կարող է մի քանի տեղից լինել: Դա կարող է լինել և պետական մարմիններից, և բանակի կողմից, և ժողովրդի կողմից: Ամենաանվերահսկելին դեռևս ժողովուրդն է, դրա համար կարող ենք նկատել, որ նրա հետ համապատասխան աշխատանք է տարվում` առավելագունս պասիվացնելու ուղղությամբ: Ես անձամբ սպասում եմ, որ տեղեկատվական դաշտում հիմա նոր գաղափարներ կառաջանան, որ ,Ի վերջո, ադրբեջանցիներն այդքան վատը չենե, ,Մենք վատ չենք եղել իրար հետե, ,Բա երկաթգի՞ծըե: Մնալու է միայն երևի հասարակության ամենառադիկալ հատվածը, որոնք դիմադրելու են դրան: Հիմա ամբողջ հարցը նրանում է, թե ինչքանով է դա լինելու մեծ զանգված: Եթե հանրագումարի բերենք` Արցախյան հիմնահարցի ,մադրիդյանե լուծման հիմնական պրոբլեմներն այդ արմատականներն են Հայաստանում և Արցախի հասարակությունը: Քանի դեռ այդ խնդիրները չեն լուծվել, չեմ կարծում, որ տարածքների հանձնում լինի: Ի վերջո, պատերազմից երկար ժամանակ չի անցել, շատ բաներ դեռ հիշվում են, վերջապես կռված սերունդ կա, որոնք կփորձեն դա թույլ չտալ:
 
Իհարկե, խաղաղություն տարածաշրջանում պետք է, բայց ոչ ի վնաս ազգային արժանապատվության և պետական շահերի, որովհետև Հայաստանը ապացուցեց, որ նույնիսկ երկու կողմից շրջափակված լինելով, կարողացավ զարգացնել իր տնտեսությունը: Այսինքն` 16-17 տարի ծնկի չիջնելով` հիմա պայմանավորել հիմնախնդրի լուծումը տնտեսական բարգավաճումով` սխալ է: Այն, ինչ վերցվում է արյամբ, չպետք է վերադարձվի: Բոլոր հնարավոր տարբերակներով պետք է աշխատել, որպեսզի ստատուս-քվոն պահպանվի, տարածքները վերաբնակեցվեն, որ արդեն նույն միջազգային հանրությունը միշտ փաստի առջև կանգնի, որ այնտեղ կա բնակչություն, որն իրավունք ունի այնտեղ ապրելու, քանզի զրկվել է այն տարածքներից և բնակավայրերից, որտեղ նախկինում բնակվել է: ՀՀ և ԼՂՀ հիմնական նպատակը պետք է լինի վերաբնակեցումը:
 
Հարցազրույցը վարեց Արթուր Ավթանդիլյանը

 

Lragir.am

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: