Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Սարդարապատը» պատրաստ է առաջնորդել համահայկական բողոքի ալիքը

 «Պատահական չէ, որ հակառակորդը հարձակումը սկսել է մարտի 1-ից հետո»

 jamanak 13/10/09

Հայ-թուրքական արձանագրությունների դեմ պայքարելու համար ձեւավորվել է նոր շարժում. երեկ լրագրողներին հանդիպած ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը, «Միացում» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը եւ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը հայտարարեցին «Սարդարապատ» շարժման մեկնարկի մասին:

«Հայրենիքը վտանգված է: Սակայն այս անգամ սեփական իշխանավորներն են դրա մեղավորը», - հայտարարեցին շարժման նախաձեռնողները` շարունակելով. «Հանուն իրենց բռնազավթած իշխանության եւ կուտակած հարստության պահպանման` նրանք հայ-թուրքական հակամարտության արդի գործընթացով սակարկության են դրել հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը, պատմական հիշողությունը, ազատագրված Հայրենիքը եւ սերունդների ապագան»:

«Սարդարապատը» հավակնում է առաջնորդել համահայկական ալիքը: «Ամեն հայ, որտեղ էլ որ ծնված լինի` Հադրութում, Զիմբաբվեում, թե Բեյրութում, իրավունք ունի ազդելու իր հայրենիքում տեղի ունեցող այն գործողություններին, որոնք կապ ունեն մեր ազգի անվտանգության հետ», -ասուլիսում հայտարարեց Ժիրայր Սեֆիլյանը` շարունակելով. «Ամեն սփյուռքահայ իրավունք ունի դատափետելու այն ռեժիմի պարագլուխին` ասելով` մեր Երեւանը ինչո՞ւ եք դարձնում Բաբելոն, մեր սուրբ երկիրը ինչո՞ւ եք պոռնկանոցի վերածում: Այլեւս ժամանակը եկել է հայերս որպես մի ամբողջություն գործելու, եւ պատահական չէ, որ մեր հայտարարության մեջ կոչ ենք անում ողջ հայությանը, ոչ միայն հայաստանաբնակներին»: «Սպառնալիքներին դիմակայելու ունակություն մեր ժողովուրդը վառ կերպով դրսեւորել է Սարդարապատի բախտորոշ օրերին, երբ հայ ժողովուրդը միացավ` անկախ կուսակցական, քաղաքական, գաղափարական տարբերություններից, եւ ռազմադաշտ իջավ ժողովրդի հավաքական կամքը, ջախջախեց թշնամու անպարտելի համարվող բանակը եւ հաստատեց հայ ժողովրդի ապրելու իրավունքը: «Սարդարապատ» է կոչվելու այն վերկուսակցական շարժումը, որին կոչ ենք անում զինվորագրվել բոլոր ազնիվ եւ նվիրյալ հայրենասերներին հայրենիքում եւ արտերկրում», - հայտարարում են շարժման նախաձեռնողները:

Մեր հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ «Միացում» շարժմանը զուգահեռ նոր շարժում է ստեղծվում, Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց. «Միացման խնդիրը եղել է հստակ գաղափարներ շրջանառության մեջ դնելը, իսկ այս ձեւաչափով առաջին անգամ մենք հայտնում ենք մեր հավակնությունը` առաջնորդել մեր ժողովրդին, եւ մեր երկրում հաստատել բարոյական իշխանություններ: Համագործակցելու ենք բոլոր ազնիվ հայ մարդկանց հետ: Մենք համարում ենք, որ կուսակցական ձեւաչափերով դաշինքներ ձեւավորելու ժամանակներն ավարտվել են այլեւս: Պետք է գործենք անհատների հետ` շարժման տեսքով: Թայֆայական, հատվածապաշտական մոլուցքները պետք է դրվեն մի կողմ»:

Ըստ Սեֆիլյանի` հայ-թուրքական արձանագրությունները չէին լինի, եթե Հայաստանը ներսից թույլ չլիներ: «Պատահական չէ, որ հակառակորդը հարձակումը սկսել է մարտի 1-ից հետո: Մեր շարժումը գնալու է ոչ թե հետեւանքի՝ պայմանագրի չեզոքացման, այլ պատճառի հետեւից, որը կլինի հնարավորինս շուտ բարոյական իշխանության ձեւավորումը», - հայտարարեց «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչը: Նրա խոսքով` ներկայում ձեւավորվում է «Սարդարապատ» կոմիտե եւ առայժմ 3 գրասենյակով են գործելու:

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքերով` «մենք միակ ժողովուրդն ենք, որը չի ստացել որեւէ հատուցում Ցեղասպանությունից հետո: Ոչ Կամբոջայի ցեղասպանությունը, ոչ Ռուանդայի ցեղասպանությունը, ոչ հրեաների Հոլոքոստը չեն արժանացել այսպիսի խայտառակ ճակատագրի»:

Շարժման նպատակների մասին ասաց, որ գլխավոր նպատակն է ունենալ մի Հայաստան, որտեղ իշխելու է բարոյականությունը, արդարությունը, հայաստանակենտրոնությունը:

Ժիրայր Սեֆիլյանը երեկ հայտարարեց, որ չի պատրաստվում լքել ՀԱԿ-ը. «Այդ դաշտը, որ Տեր-Պետրոսյանը գլխավորել է, ղեկավարել է եւ այդ դաշտում պայքարել է այս բռնատիրական ռեժիմի դեմ 1, 5-2 տարի ամենաանկեղծ ձեւով, մենք այդ դաշտից երբեք դուրս եկողը չենք»: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Սեֆիլյանն ասաց հետեւյալը. «Մեր փորձից տեղեկացնեմ, որ ամեն օր 800-ից 1000 մարդ ստորագրում է մեկ կետում. եթե Դաշնակցությունը խնդիր դրած լիներ կասեցնել Սերժ Սարգսյանի դավաճանական ընթացքը, ապա ամենաքաղաքակիրթ ձեւը մեկ միլիոն ստորագրություն հավաքել, դնել սեղանի վրա: Ինչո՞ւ դա չարեցին, չունեին համապատասխան կառույց: Անշուշտ այս փաստը մեզ չի ուրախացնում, մենք շատ կուզեինք, որ բոլոր ազգային ուժերը իրոք իրենց առաքելության մեջ լինեին: Նրանց այդ նոր ձեւավորվելիք ազգային բեւեռ կոչեցյալը... մենք դրան վերաբերում ենք ոչ լուրջ, տակավին անկեղծ չեն»:

Zhamanak.com

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: