|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Ոչ միայն անորոշության, այլեւ` պարտության տանող արտաքին քաղաքականություն jamanak 31/12/09
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Շվեյցարիա-Հայաստան ընկերակցության նախագահ Սարգիս Շահինյանը: - Պարոն Շահինյան, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրվեցին Հայաստան-Թուրքիա արձանագրությունները, սակայն պաշտոնական Անկարան բացահայտ ԼՂ հիմնախնդիրը պայման է մատնացույց անում արձանագրությունները վավերացնելու հարցում: Ձեր կարծիքով` ի՞նչ փուլում է այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: - Թուրքական կողմի նախապայմանները միայն ԼՂ խնդրին չէին առնչվում, կան երկու այլ նախապայմաններ` երկու պետությունների միջեւ սահմանների պաշտոնական ճանաչումը եւ ցեղասպանությունը հարցականի տակ դնելը: Հայաստանի կառավարությունը հավատաց այդ արձանագրություններին, անշուշտ նաեւ Թուրքիային էին անհրաժեշտ այդ արձանագրությունները: Հայաստանը, դժբախտաբար, չկարողացավ դուրս գալ թակարդից` Արցախի նախապայմանը, որը թեեւ արձանագրություններում ամրագրված չէ, սակայն հստակորեն ֆիքսված է, որ հակամարտությունների կարգավորման ճանապարհին անհրաժեշտ է հետեւել միջազգային նորմերին եւ այդտեղ չի հիշատակվում ինքնորոշման իրավունքի մասին: Սա ոչ միայն անորոշության, այլեւ պարտության տանող գիծ էր` ոչ միայն Հայաստանի շահերի, այլեւ երկու արձանագրությունների իրագործման տեսանկյունից: Անուշադրությա՞ն, պարտադրանքի՞ արդյունքն էր սա... Գործոնները բազմազան են: Արձանագրությունների ստորագրման օրն արդեն իսկ երեւաց արձանագրությունների թուլությունը, երբ մի քանի ժամ հետաձգվեց ստորագրումը, ապա մեկ օր անց Թուրքիայի վարչապետի հրավիրած մամուլի ասուլիսում հնչեց Թուրքիայի պայմանը` վավերացում չի լինի, եթե Արցախի հակամարտությունը չլինի Ադրբեջանի շահերին համահունչ: Անհասկանալի է, թե ինչպես Հայաստանի ԱԳ նախարարը եւ նախագահը ընկան այդ ծուղակի մեջ: Այժմ կարծես Հայաստանի ղեկավարությունը նկատեց հարցի նրբությունը, եւ հուսանք, որ անհրաժեշտ քայլեր կիրականացվեն միջազգային իրավունքի տեսանկյունից, որպեսզի վավերացումը ամբողջապես Հայաստանի շահերը չոտնահարի: - Բայց այժմ ի՞նչ կարելի է փոխել, հավանաբար նկատի ունեք` Ս.Սարգսյանի հայտարարությունները, թե նախապատրաստվում են օրենսդրական փոփոխություններ միջազգային պայմանագրերի ստորագրմանը, վավերացմանը եւ չեղյալ հայտարարելու ուղղությամբ... - Նախագահը ասաց, որ հայկական կողմը «մաքուր է խաղացել»` արձանագրությունները հասցնելով այս կետին, վերջին վայրկյանին Թուրքիայի կողմից նոր հարցեր մտցնելը կխախտի պայմանավորվածությունները, պատկերավոր ասած` մեզ ստիպում եք, որպեսզի մենք հետ կանգնենք վավերացումից... Խնդիրը նրանում է, որ մինչեւ այսօր Հայաստանը որոշ քայլեր իրավունք ունի կատարել ստեղծված իրավիճակում, ավելի մանրամասն չէի ուզենա արտահայտվել, ենթադրում եմ, որ նախագահի աշխատակազմը եւ ԱԳՆ-ն այդ հնարավորություններին տեղյակ են եւ այդ ուղղությամբ կաշխատեն: - Ձեր կարծիքով` Թուրքիան առանց ԼՂ խնդրում էական տեղաշարժերի` կվավերացնի՞ արձանագրությունները, անկախ նրանից, թե ՀՀ իշխանությունները ինչ քայլեր կարող են ձեռնարկել: - Ոչ միայն ԼՂ հարցով է Թուրքիան կապված Ադրբեջանին, այստեղ որոշիչ է էներգետիկ կախվածությունը Ադրբեջանից: Ադրբեջանը այսօր ՌԴ-ի եւ Արեւմուտքի հետ էներգետիկ փոխհարաբերություններում կարեւոր գործոն է, Ադրբեջանը կորոշի իր ստացած եւ արտադրած գազը վաճառի Եվրոպային ՌԴ-ի՞ միջոցով, թե՞ Արեւմուտքի միջոցով: Թուրքիան Ադրբեջանից գազ է ստանում զեղչ գներով, բայց դա Թուրքիայի միակ հնարավորությունը չէ, Իրանի հետ հարաբերությունների նկատելի մեղմացում է տեղի ունենում, եւ դրա պտուղները շուտով կերեւան` ջերմ դիվանագիտության արդյունքում: ԼՂ լծակը միայն Ադրբեջանի խաղը չէ, ոչ էլ Թուրքիայինն է, հիմնական խաղը տանողը` Ռուսաստանն է մի կողմից, պակաս նվազ` Եվրոպան եւ Միացյալ Նահանգները: Այսինքն` մեզ տրված էին հնարավորություններ, եւ Հայաստանը պետք է կարողանար այդ հնարավորությունները հմուտ դիվանագիտությամբ գործադրել: Մեր կազմակերպությունը գտնում է, որ Հայաստանի` մինչ օրս վարած դիվանագիտությունը թույլ է: - Ձեր կարծիքով` Հայաստանի իշխանությունները ի՞նչ շահեցին, ի՞նչ կորցրեցին` մտնելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մեջ թե՛ երկրի ներսում, թե՛ երկրից դուրս: - Բարդ հարց է, իհարկե, քանի որ չգիտենք, թե իրականում ինչ են խոստացել ՌԴ-ն, Եվրոպան, ԱՄՆ-ը: Սակայն հստակ կարելի է նշել, որ Հայաստանը ոչինչ չի շահել Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում, ԼՂ խնդրում, բացառությամբ այն, որ ԱՄՆ կողմից թույլ համոզմունք կա, որ արձանագրությունների վավերացումը եւ ԼՂ խնդիրը անջատ գործընթացներ են: Հայաստանը այս հարցերում առկա թուլությունը ոչ միայն չկարողացավ վերացնել, այլ ավելի բարդացրեց իրավիճակը: Հասարակությունը չտեղեկացվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բովանդակությանը, նախագահն ու ԱԳ նախարարը որեւէ մեկի խորհուրդը չհարցրեցին: Թող չխաբեն հոկտեմբերի սկզբին` արձանագրությունները ստորագրելուց մի քանի օր առաջ տեղի ունեցած քաղաքական լսումներով: Ես չտեսա որեւէ իրական ցանկություն այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Սփյուռքին եւ այն քարոզչությանը, որը իրականացվեց այդ օրերին` բացարձակապես անընդունելի էր: Հոկտեմբերի սկզբին տեղի ունեցած Ս.Սարգսյանի տուրնեն, անկեղծ ասած, բավական ծիծաղելի էր` էթիկայի տեսանկյունից անգամ, քանի որ` եթե նրան իսկապես անհրաժեշտ էին խորհուրդներ, այդ տարբերակով չպետք է արվեր: Սփյուռքի նախարարությո՞ւն են ստեղծել... Թող աշխատանք իրականացվեր... Սփյուռքը եւ Հայաստանը, անշուշտ, նույնը չեն եւ չպետք է լինեն նույնը, սակայն կոնկրետ աշխատանք այդպես էլ չի իրականացվում: Համենայնդեպս, պլատֆորմ է պետք ստեղծել, մշակված ռազմավարություն, որում պետք է մասնակցի Հայաստանի իշխանությունը, խորհրդարանը եւ Սփյուռքը: Բայց չկա այդ հասունությունը, ճկունությունը, գիտակցությունը, կան ուժեր, որոնք հետաքրքրված չեն Սփյուռքի մասնակցությամբ: Միայն` «Հայաստան-Սփյուռք» ծրարներ պետք չեն, դա էլ տեսանք նախկին ԱԳ նախարարի օրոք` որեւէ արդյունք այդպես էլ չարձանագրվեց ո՛չ Հայաստանի համար, ո՛չ Սփյուռքի: Պետք է փոխել այդ վերաբերմունքը, միայն գիտակից ու խելացի անհատները կարող են փոխել իրավիճակ: Ունի՞ Հայաստանի կառավարությունը նման անհատներ... - Իսկ Սփյուռքի դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների պահպանման, մարդու իրավունքների պաշտպանության հարցում ինչպե՞ս եք տեսնում: Երբ Հայաստանում այս հարցերում բավական ծանր վիճակ է, ինչո՞ւ է Սփյուռքը այդքան պասիվ: Նախագահական վերջին ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձություններին ինչո՞ւ Սփյուռքը ըստ արժանվույն չարձագանքեց: - Սփյուռքը այդ հարցում էլ մեկ ձայնով չի հանդես գալիս, բազմաթիվ հոսանքներ կան, ոմանք կապված են Հայաստանի իշխանությունների հետ, որոնք որեւէ քննադատությամբ հանդես չեն գալիս Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Կան ուժեր, որոնք հակված են քաղաքականապես իրավիճակը ավելի լարել եւ ինչ էլ պատահի, միեւնույն է, պետք խոսեն ընդդեմ իշխանությունների: Կան նաեւ առողջ ուժեր, որոնք խնդիրների լուծումը ի նպաստ հայ ժողովրդի են տեսնում: Համաձայն չեմ այն տեսակետին, թե Սփյուռքը ամբողջությամբ լուռ է, ոչ` մեծամասնությունն է լուռ: Անշուշտ Հայաստանի հասարակության իրավունքն է, երբ պահաջներ ունի այս հարցում Սփյուռքից: Ինչ վերաբերում է կոնկրետ մեր կազմակերպությանը, ապա մենք մեր ձայնը բարձրացրեցինք ընդդեմ Հայաստանում ոչ դեմոկրատական ճանապարհով ընտրությունների գնալու ձգտումների եւ մասնավորապես մարտի 1-ին տեղի ունեցած սպանությունների, մինչ օրս չիրականացված իրական հետաքննության ու մեղավորներին չպատժելու փաստերի առնչությամբ: Պաշտոնապես տասը զոհ կա, մեկ զոհն անգամ շատ է հայ ժողովրդի համար: Այսինքն` քաղաքականության նկատմամբ պատասխանատվության բաժնի հարցում եւս Սփյուռքի դերը պարզ չէ: Արդյո՞ք իրականությունը չտեսնելը, ցանկացած բացասական երեւույթի նկատմամբ աչք փակելն է մեր դերը... Ոչ, անշուշտ, կտրականապես դեմ եմ այդ կեցվածքին: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: