|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ըստ Ալեք Ենիգոմշյանի` պարտությունը լինելու է 2 ճակատում` և հայ-թուրքական, և հայ-ադրբեջանական
«Մենք ուզում ենք այսօր հայտարարել իշխանություններին` ոստիկանությունից սկսած, թաղային տղերքից մինչև ամենաբարձր ատյանները, որ «Միացում» ազգային նախաձեռնությունը և ընդհանրապես հայ ժողովրդի զավակներից բոլոր նրանք, որոնք գիտակցաբար պայքարում են իրենց ազգային իրավունքների և արժանապատվության պահպանության համար, չեն զիջելու այս միջոցառումների դեմ: Մենք` որպես «Միացում» ազգային նախաձեռնություն, շարունակելու ենք մեր աշխատանքը: Եվ այսօրվանից արդեն հայտարարում ենք, որ ուրբաթ օրը հրապարակային ակցիա է լինելու, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք: Մենք պատրաստ ենք դիմակայելու իշխանությունների բռնարարքները, եթե նրանք ցանկանում են շարունակել այդ արարքները»: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը: Նա նշեց, որ անցյալ շաբաթվանից իշխանությունները սկսեցին խոչընդոտել արձանագրությունների դեմ տարբեր ձևերով պայքարող անձանց ակցիաները: Դա սկսվեց «Միացում» ազգային նախաձեռնության ակցիան խանգարելով: Նախաձեռնությունը Երևանի տարբեր համայնքներում կազմակերպել էր հայ-թուրքական արձանագրությունների և «մադրիդյան սկզբունքների» խորհրդանշական այրում` Ծիծեռնակաբերդից բերված անմար կրակով, ինչպես նաև ստորագրահավաք: Ինչպես նշեց ասուլիսի մյուս բանախոսը` «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ակցիաների շրջանակներում արդեն 9500 ստորագրություն է հավաքվել, այսինքն` օրական մոտ 1000 ստորագրություն: «Այս քանակը կարող է որակ լինել: Շատ կոպիտ հաշվարկով կարելի է ասել, որ որոշ տեղերում մեզ մոտենում էր անցորդներից ամեն 3-րդը, 4-րդը»,- ասաց Տիգրան Խզմալյանը: «Համարյա առաջին օրվանից իշխանությունները, ոստիկանությունը փորձեցին ինչ-որ չափով խանգարել: Ամսի 10-ին Ցյուրիխում արձանագրությունները ստորագրելուց հետո արդեն իշխանությունները իրենց դիրքորոշումը ավելի կոշտացրին: Եվ անցյալ շաբաթվա հինգշաբթի օրը, երբ Նոր Նորք թաղամասում մեր նախաձեռնությունը շարունակում էր ստորագրահավաքը, «թաղային հեղինակություններ», «լավ տղերք» եկան և առավոտից սկսեցին խանգարել մեր ակցիան»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: «Միացում» նախաձեռնության մյուս անդամը` ազատագրված տարածքների բնակիչ, Արցախյան պատերազմի կամավորական սպա Արմեն Եղյանն ասաց, որ Նոր Նորքում դրսևորվեց այն, ինչ դրսևորվում է ընտրությունների ժամանակ: «Ընտրությունների ժամանակ էլ փողոցի աղբը, որին «հեղինակություն» ենք ասում, ոստիկանների հետ համատեղ օպերացիաներ է իրականացնում: Շուկայի հատվածում էինք, ստորագրությունները թաղապետարանի դիմաց էինք հավաքում: Մոտ 20-25 հոգի մոտացան, խոչընդոտում էին, փորձում էին պրովոկացիաներ անել: Ինչ-որ մեկին էլ ճարել էին, նկարում էր տեսախցիկով, որ հարկ եղած ժամանակ օգտագործեն: Մենք էլ փորձում էինք օրինականության շրջանակներում չտրվել այդ պրովոկացիաներին»,- ասաց Արմեն Եղյանը: Նա տեղեկացրեց, որ իրենց ոստիկանությունից 2 սերժանտ է կցված եղել: Սերժանտները, սակայն օրվա կեսից հրաժարվել են իրենց պարտականությունները կատարելուց և մենակ են թողել նախաձեռնության անդամներին` չնայած իրավիճակը լարված է եղել: «Վիճակը թեժացավ կեսօրից հետո: Այդ ժամանակ այդ օպերացիային մասնակից դարձան Նոր Նորքի ոստիկանության քրեական բաժնի մի քանի օպեր-աշխատակիցներ: Հարցնում եմ նրանց պատասխանատուի անուն ազգանունը, զգում եմ, որ ակնհայտ խուսափում է ասելուց: Վերջում ասաց` Աղաս: Բայց ընդամենը մյուս օրն եմ կարողացել ճշտել, որ Աղաս անունով աշխատակից ընդհանրապես ոստիկանությունում գոյություն չունի»,- ասաց Արմեն Եղյանը: Ալեք Ենիգոմշյանը հավելեց, որ Նոր Նորքի դեպքի հաջորդ օրը համալսարանում թռուցիկներ բաժանող երիտասարդներին բաժանմունք հրավիրեցին: Իսկ 2 օր անց տեղի ունեցավ Վանաձորի դեպքը: «Այս ամենը ցույց են տալիս մեզ, որ Հայաստանի իշխանությունները, դեռևս Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չվավերացված, ուժի մեջ չմտած, արդեն սկսել են կիրառել այդ պայմանագրերի կետերը, որոնք Հայաստանի իշխանություններից պահանջում են «փոխդրացիական, բարեկամական» հարաբերությունները անխախտ պահելու համար արգելք լինել այդ «փոխդրացիական և փոխհասկացողության մթնոլորտը» «խանգարող» ակցիաներին: Եթե համաձայնությունները վավերացվելուց առաջ սա է արդեն պատկերը, մենք բոլորս կարող ենք պատկերացնել` ինչ է լինելու իրականությունը վավերացումից հետո»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նրա համոզմամբ` հայ-թուրքական արձանագրությունները և «մադրիդյան սկզբունքները» սերտորեն փոխկապակցված են, և առաջին փուլից հետո մեզ սպասվում է մեծ փորձություն Արցախի հարցում: Ալեք Ենիգոմշյանի համոզմամբ` եթե լինի պարտություն, ապա այն լինելու է 2 ճակատում` և հայ-թուրքական և հայ-ադրբեջանական, ինչը հայ ժողովուրդը թույլ չի տա: Միաժամանակ, նրա խոսքերով, Արցախյան ճակատում պարտվողական զիջումները կանխելը կհանգեցնի նաև հայ-թուրքական ստորացուցիչ արձանագրությունների ձախողման, այսինքն` դրանք անիմաստ կդառնան: Տիգրան Խզմալյան. «Մենք տեսնում ենք ամենաչարաբաստիկ նախադեպերից մեկի կրկնությունը» Անդրադառնալով Վանաձորի դեպքին, երբ հայ-թուրքական ներկայիս ընթացքի դեմ բողոքող Ազգային նոր պահպանողական շարժման երիտասարդներին ոստիկանները բաժին էին տարել և մեղադրել ազգային թշնամանք հրահրելու մեջ` Տիգրան Խզմալյանն ասաց, դա շատ նման է Մոլոտով-Ռիբենտրոպ պակտին: «Երբ 39թ.-ին` տխրահչռակ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտից հետո, ֆաշիստական Գերմանիան և ստալինյան Խորհրդային Միությունը ստորագրեցին բերակամության պայմանագիրը, Խորհրդային Միության տարածքում շուրջ 2 տարի` մինչև 41 թ. հունիսի 22-ը, ձերբակալում էին, հալածում էին և գնդակահարում էին բոլոր նրանց, ով հայտարարում էր ֆաշիզմի դեմ իր դիրքորոշման մասին կամ հայտարարում էր, որ պատերազմը անխուսափելի է: Այսինքն` մենք տեսնում ենք ոչ միայն ֆաշիստական և ստալինյան կայսրությունների ստեղծած ամենաչարաբաստիկ նախադեպերից մեկի կրկնությունը, այլև տեսնում ենք, որ դեռ չվավերացված պայմանագիրը արդեն գործում է»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Իսկ Վանաձորի ներկայիս իշխանությունները, հատուկ ծառայությունները և դատախազությունը, ռեժիսորի համոզմամբ, կրկնում են մեկ այլ նախադեպ: «Եթե 1918 թ.-ին` Սարդարապատի և Բաշ-Ապարանի ճակատամարտերի ընթացքում, հայությունը հերոսաբար մարտնչում էր, հենց Ղարաքիլիսայում (ինչպես այն ժամանակ կոչվում էր Վանաձորը) գրանցվեց մեր պատմության ամենախայտառակ և ամոթալի դեպքերից մեկը: Քաղաքի իշխանությունները պատվիրակություն ուղարկեցին թուրք հրամանատարին` առաջարկելով քննարկել քաղաքը հանձնելու պայմանները, և որպես «բարի կամքի դրսևորում»` նախապես 2500 թուրք գերի, որոնք Սարիղամիշի գործողություններից հետո պահվում էին Ղարաքիլիսայի տարածքում, բաց թողեցին: Այդ 2500 ասկյարները մյուս օրն իսկ համալրեցին թուրքական բանակը: Մինչև չհասավ Նժդեհը և ռազմական իրավիճակին համապատասխանող միջոցառումներով կարգուկանոն չհաստատեց Ղարաքիլիսայում, քաղաքի բնակչությունը, համենայն դեպս նրա պաշտոնական ներկայացուցիչները, պատրաստվում էին խայտառակ դավաճանական գործարք կնքել»,- ասաց Տիգրան Խզմալյանը Նա իրավիճակը նմանեցրեց նաև Կարսի և Բաթումի պայմանագրերի կետերին, ըստ որոնց` կողմերը համաձայնում են պայքարել ծայրահեղական շարժումների դեմ: Նման կետ կա նաև հայ-թուրքական արձանագրության մեջ: «Քանի որ ես ներկայացնում եմ նաև ՀՀ տարածքում քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեն, լիազորված եմ այդ կոմիտեի անունից հայտարարել, որ բոլոր նրանք, ովքեր հալածվելու և բանտարկվելու են նման գործողությունների համար, նման մեղադրանքներով, մեր կողմից դիտվելու են որպես քաղական բանտարկյալներ և հալածյալներ` դրանից ելնող բոլոր հետևանքներով: Այսինքն` մենք հայտարարելու ենք նրանց քաղաքական կարգավիճակի մասին, այդ մասին տեղեկացնելու ենք համապատասխան միջազգային կառույցներին և պաշտպանելու ենք նրանց»,- ասաց Տիգրան Խզմալյանը: Ինչո՞ւ տեղի չի ունենում «Միացում»-Դաշնակցություն միացում «Հիմա մեր ընդդիմությունը բաժանված վիճակում է (ընդդիմություն ասելով` ես նկատի ունեմ այն բոլոր մարդկանց, ովքեր դեմ են հայ-թուրքական արձանագրություններին): Ձեր կարծիքով ժամանակը չէ՞, որ ի վերջո միավորվեն այդ ուժերը, քարը իրենց փեշերից թափեն: Դուք կարո՞ղ եք մյուսների համար օրինակ ծառայել, գնալ միանալ ինչ-որ ուժի»,- ասուլիսի ժամանակ բանախոսներին հարցրեց լրագրողներից մեկը: Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց, որ ՀՅԴ-ի պայքարը` իրեն միացած ուժերի հետ մեկտեղ, չի հակասում «Միացում» նախաձեռնության պայքարին, և առանձին հուներով պայքարը ուժերի ջլատում չէ: Այդ պայքարները ուղղված են մոտավորապես միևնույն նպատակին, սակայն մեկ հստակ ու սկզբունքային տարբերություն կա: ՀՅԴ-ն առհասարակ դեմ չէ համաձայնության, այլ դեմ է արձանագրություններին` իրենց ներկա տեսքով, ու ցանկանում է կոնկրետ դրույթների խմբագրում, իսկ «Միացումը» առհասարակ դեմ է արձանագրություններին: «Մենք չենք ասում, որ համարում ենք, որ հայ և թուրք ժողովուրդները մինչև երկրագնդի կործանումը պետք է թշնամիներ մնան: Ո՛չ: Բայց բոլոր առումներով Հայաստանի իրավիճակը նկատի ունենալով` համարում ենք, որ այսօրվա պայմաններում` Թուրքիայում տիրող չփոփոխված իրավիճակում, Հայաստանը դեռևս հասուն չէ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների: Եվ ավելի կոնկրետ` մենք ընդհանրապես դեմ ենք այս Հայաստան-Թուրքիա արձանագրություններին: Դա ոչ ազգայնամոլական, ոչ ծայրահեղական կեցվածք է, այլ շատ կշռադատված հաշվարկներից բխած կեցվածք է»,- ասաց Ալեք Ենիգոմշյանը: Նա լավ բառով գնահատեց ՀՅԴ-ի նախաձեռնությունները, սական միաժամանակ նշեց, որ իրենք բավարարված չեն ՀՅԴ-ի իշխանություններից պահանջած քայլերից: Տիգրան Խզմալյանը նշեց. «Բավական է մի կարգախոս հիշել, որ պարզ լինի: Երբ 20-30 հազար մարդ հավաքվում է նախագահական պալատի դիմաց, և վանկարկում են ու մարդկանց առաջարկում կրկնել. «Նախագահ, մի զիջիր», մեզ թվում է, թե դա կատակերգություն է, թյուրմացություն կամ քաղաքական միամտություն: Կամ ավելի վատ բան: Մենք լուրջ ենք վերաբերվում Դաշնակցությունը` որպես քաղաքական ուժի, և կարծում ենք, որ իրենք ուղղակի այդ առումով ինչ-որ գործարք են պատրաստում, որը թույլ չի տալիս մեզ վստահել նրանց»: Լրագրողը հարցրեց, թե ինչո՞ւ այս մասին «Միացումը» չի ասում ՀՅԴ-ին: Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ իրենք չեն ցանկանում հիմնական հակադրություն ստեղծել «Միացումի» և ՀՅԴ-ի միջև, քանի որ դա ազգի շահերից չի բխում: Նա հարցի առթիվ միայն մեկ բան ասաց: Այսօր հայկական հեռուստաընկերություններից միայն մեկը` «Երկիր Մեդիան» է, որ հանդես է գալիս արձանագրությունների դեմ: «Միացում» նախաձեռնությունը, ինչպես բոլոր զլմ-ներին, այնպես էլ «Երկիր Մեդիային» ամեն անգամ տեղեկացրել է իր ակցիաների մասին, սակայն «Երկիր Մեդիան» ոչ մի անգամ չի լուսաբանել նախաձեռնության այդ ակցիաները: Տիգրան Խզմալյանն էլ նշեց, որ «Միացում» նախաձեռնության ստորագրահավաքին մասնակցել են նաև շարքային շատ դաշնակցականներ: Սակայն ռեժիսորը լիազորված չէ փոխանցել այդ դաշնակցականների մեկնաբանությունները, որոնք շատ խոսում են: Արցախցիները սկսել են գիտակցել Լրագրողներից մեկը հարցրեց, թե ինչպե՞ս են հայ-թուրքական ներկա արձանագրություններին վերաբերվում Արցախում: Ալեք Ենիգոմշյան նշեց, որ արցախցիներին փորձում էին հավատացնել, թե հայ-թուրքական գործընթացը բացարձակապես չի առնչվում Արցախի հակամարտությանը: Սակայն ժողովուրդը օրըստօրե սկսում է գիտակցել, որ այդ երկու գործընթացները սերտորեն փոխկապակցված են միմյանց: Արցախի բնակիչ Արմեն Եղյանն էլ ասաց, որ արցախցիները գիտակցում են դրության լրջությունը, սակայն կազմակերպված չեն: «Մեզ հասած տվյալներով (դրանք, իհարկե, պաշտոնական տվյալներ չեն, բայց հստակ տվյալներ են)` անմիջապես արձանագրությունների տխրահռչակ ստորագրումից հետո ամենաբարձր մակարդակով Արցախյան ղեկավարությանը, փաստորեն, վերջնագիր էր ներկայացվել: Այսինքն` ասվեց, որ «Երևանը ճանապարհի իր մասը անցել է. հիմա հերթը ձերն է»: Եվ համաձայն այդ տվյալների` Արցախյան ղեկավարությունը շատ հստակ և խիստ կերպով մերժեց այդ առաջարկը, որը ես անձամբ դիտում եմ որպես վերջնագիր: Սակայն դա նշանակում է, որ վիճակը շատ լուրջ է, որովհետև նման առաջարկները արվում են ոչ մեկ անգամ, և եթե ղեկավարությունը դիմադրում է դրան` դեռևս առանց հասարակությանը այդ պայքարի մեջ մոբիլիզացնելու, դա նշանակում է, որ պայքարը թեժանում է, և մեր վատագույն կանխատեսումները իրականանում են: Այսինքն` առաջիկա օրերին մենք տեսնելու ենք աննախադեպ ճնշում` Արցախի վրա, որին կարող են դիմակայել ոչ թե իշխանությունները, այլ միայն ու միայն ժողովուրդը` իր միասնական կամքով»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Herq.am |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: