Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջան. Պահանջագիր հայ հոգևոր վերնախավին

Bagin 26/01/09  

BAGIN ԼԿ ներկայացնում է «Միտք» վերլուծական կենտրոնի և գաղափարակից հասարակական-քաղաքական կազմակերպությունների հայտարարությունը (ք. Երևան, 26.01.2009թ.) Սամցխե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանի եկեղեցական հիմնախնդիրների կապակցությամբ։ 

Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանը հայության համար դարերով ունեցել է և այժմ ունի հայրենիքի խորհուրդ: Վերջինիս, ինչպես նաև նրա վրա ստեղծված հայկական հոգևոր-մշակութային արժեքների պահպանումը և այն վրացական քաղաքական-հոգևոր էքսպանսիայից զերծ պահելը պետք է հայության համար ներկայումս դառնա համազգային խնդիր:  

Ներկա իրավական Վրաստանի փաստացի տարածքում գտնվող հայկական պատմաճարտարապետական կոթողներից` Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանից դուրս գտնվող մշակութային կոթողները հայ ժողովրդի համար ունեն միմիայն քաղաքական նշանակություն: Այս հուշարձանների կյանքի տևողությունը մեծապես կախված է Վրաստանի իշխանությունների քմահաճությունից:  

Ելնելով այն հանգամանքից, որ Վրաստանի փաստացի տարածքում գտնվող հայկական պատմաճարտարապետական կոթողները չեն արժանացել և արժանանում Վրաստանի իշխանությունների բարի կամքի դրսևորումներին, ավելին, Վրաստանը տասնամյակներ ի վեր բարբարոսաբար վրացացրել, պայթեցրել, բռնազավթել և այլ անմարդկային մեթոդներ է կիրառել հայկական հոգևոր-մշակութային կոթողների նկատմամբ` ձգտելով ամեն կերպ ոչնչացնել հայկական հետքն իր տրամադրության տակ եղած տարածքներում, կոչ ենք անում հայ հոգևոր վերնախավին. 

1. Բոլոր ուժերով քաղաքականացնել Վրաաստանի փաստացի տարածքում և Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանից դուրս գտնվող հայկական բոլոր այն մշակութային արժեքների հիմնախնդիրները, որոնք դարձել են վրացական բարբարոսության և հայկական ժանգոտված կեցվածքի զոհերը: 

2. Ճանաչել Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի պատմամշակութային և հոգևոր կոթողները որպես հայ ազգի` իր իսկ հայրենիքի տարածքում ստեղծված մշակույթի արգասիք և հայտարարել այդ մասին հրապարակավ: 

3. Ճանաչել Սամցխե-Ջավախք-Ծալկա (Ջավախք) տարածաշրջանի հայությանը որպես նույն տարածաշրջանի պատմամշակութային և հոգևոր կոթողների սեփականատեր և այդ մասին հայտարարել հրապարակավ: 

4. Կարճ ժամկետներում ավելացնել Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) հոգևորականների թվակազմը, այլ ոչ թե այնտեղից հոգևորականներ տանել Թիֆլիս: Տարածաշրջանն առանձին թեմի վերածելու աշխատանքները դեկլարատիվ կամ սուբյեկտիվ դաշտից տեղափոխել կոնկրետ աշխատանքների դաշտ: 

5. Հասարակական շրջանակներում տարածել պատմական ճշմարտությունն այն մասին, որ 7-8-րդ, ինչպես նաև 10-13-րդ դարերում հայկական լեռնաշխարհի, այդ թվում նաև Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախքի) տարածքում ստեղծված և շատ դեպքերում մեսրոպատառ վրացերենով արձանագրված հուշարձանները հայ քաղկեդոնական մշակույթի արգասիք են: Հասարակական միջավայրում պախարակել այն պատմաբաններին (հայ, վրացի կամ այլազգի), որոնք հայտարարում են հայ քաղկեդոնական մշակութային վերոնշյալ ժառանգությունը վրացական մշակույթին պատկանելու մասին: Իսկ այդ մասին բարձրագոչող հայ առանձին պատմաբաններին որակել որպես ազգային դավաճաններ:  

6. Հրապարակավ դատապարտել այն հասարակական-քաղաքական գործիչների, ինչպես նաև դեսպանների այն հայտարարությունները, որոնք արհեստականորեն մեջտեղ բերելով հայ-վրացական «բարիդրացիական» հարաբերությունները, քողարկում են Վրաստանի բացահայտ ագրեսիան: Այդպիսի վառ օրինակ է Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը, ինչպես նաև ՀՀ-ում, Ջավախքում և Թիֆլիսում հանդես եկող նման մարդիկ:  

7. Բոլոր ուժերը կենտրոնացնել`վրացական պետական և հոգևոր էքսպանսիայից Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) հոգևոր-մշակութային օջախները փրկելու ուղղությամբ: Առաջնահերթ նշանակությունն այս գործում տալ արդեն բռնազավթված հետևյալ կոթող-եկեղեցիները իսկական տերերին (հայությանը) վերադարձնելուն. 

ա. Կանխել Ախալքալաքի Սամսար գյուղի ժայռափոր վանական համալիրի` Վրաստանից ժամանած հոգեւորականների եւ ուսանողության կողմից յուրացման փորձերը, որոնք չնայած ներկայումս չկան, սակայն առկա է վերջիններիս ամեն վայրկյան «վերարթնացումը»:     

բ. Կանխել Գումբուրդո գյուղի 10-րդ դարի` սկզբնական շրջանում հունածես, այնուհետև հայ-առաքելական ձևով օծված հրաշակերտ կոթողի` Սբ. Համբարձման եկեղեցու (964թ.) բռնազավթման փորձերը, որոնք շարունակաբար լարվածության մեջ են պահում գյուղի բնակչության և վրացական իշխանությունների միջև հարաբերությունները:  

գ. Աշխատանքներ ձեռնարկել` վտարելու Ջավախքի Փոկա գյուղից վրաց, այսպես կոչված` «հոգևորականներին», որոնք գյուղի եկեղեցին և հայության շրջակա 12-15 տները բռնագրավելուց զատ, գյուղում տարածում են թմրանյութեր: Վերջիններիս կողմից գյուղից դուրս` Փարվանա լճի ափին հիմնված, այսպես կոչված` «մենաստանում» ծլարձակում է մարմնավաճառությունն ու զանազան այլ չարիքներ, որտեղ, «խորհրդավորության» քողի տակ տեղի են ունենում տարաբնույթ իրադարձություններ: Մեր կողմից ճշտված հավաստի տեղեկություններով` այդ «հոգևորականները» զինված են, իսկ այդ «մենաստաններն» իրականության մեջ զենքի պահեստարաններ են:  Այս ամենը պատճառ են հանդիսանում, որպիսի վախվորած հայ ազգաբնակչությունն ավելի արագորեն լքի իր պատմական հայրենիքը: Ավելացնենք, որ վրաց եկեղեցին իր բույնն է դրել նաև Փոկա գյուղին մերձակա Սաղամո հայկական գյուղում, որտեղի 3 եկեղեցիները, չնայած կիսափուլ, այնուամենայնիվ` հայտարարված են վրացական:   

դ. Աշխատանքներ ձեռնարկել` վտարելու Ջավախքի Ախալքալաք քաղաքի նախկին մսուր մանկապարտեզը (գտնվում է ներկայիս Ազատության և Դարբինյան փողոցների հատման խաչմերուկում) բռնազավթած «հոգևորականներին», որոնց կարիքը հայկական Ախալքալաքում իսպառ չի զգացվում: Իրականում «եկեղեցի» հռչակված այդ մանկապարտեզ են հաճախում ոչ թե վրացի հավատացյալները, այլ Թիֆլիսից ժամանած անվտանգության աշխատակիցները: 

 ե. Աշխատանքներ ձեռնարկել` վտարելու Ջավախքի Ախալցխա քաղաքի հայկական հրաշակերտ կոթողի` Զարեհնու Սբ. Նշան (Սբ. Վարդանանց) եկեղեցին (15-րդ դար) վերադարձնելու իսկական տիրոջը (ախալցխահայությանը), որը բռնազավթված է 1990-ականներից ի վեր:

 զ. Աշխատանքներ տանել վերականգնելու, հայ-առաքելական ծեսով օծելու և հոգևորականի ներկայություն ապահովելու Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) այնպիսի եկեղեցիներ, որոնք ներկայումս չնայած կիսափուլ են, սակայն վրացական պաշտոնական և ոչ պաշտոնական մարմինները դրանք համարում են վիճելի կամ վրացական: Ակնհայտ է, որ համապատասխան հակաքայլերի բացակայության պայմաններում վերջիննեևրիս սպասում է Ախալցխայի Սբ. Նշանի կամ Թիֆլիսի Սբ. Նորաշենի ճակատագիրը:  

Եզրափակենք, որ Սամցխե-Ջավախք-Ծալկայի (Ջավախք) հայ ազգաբնակչությունը տարբեր առիթներով այս ամենի ուղղությամբ կատարում է քայլեր, որոնք, սակայն, բավարար չեն հասնելու ցանկալի արդյունքի:  

Պահանջում ենք, որ Հայ Առաքելական Եկեղեցին, որպես հայ ազգի հոգևոր արժեքների  պահապան, տեր կանգնի իր հոտի մի մասնիկին` ջավախքահայությանը:  

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: