Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ախալցխան նախապատրաստվում է. ՀՀ-ն այլևս չպետք է լռի և բավարարվի հայտարարություններով 

Bagin 26/01/09  

Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի ղեկավար Գրիգոր Մինասյանի և «Շարլ Ազնավուր» բարեգործական միության ղեկավար Սարգիս Հակոբջանյանի` ս/թ հունվարի 22-ի անհիմն ձերբակալության կապակցությամբ երեկ` հունվարի 23-ին, իրենց բողոքի ձայնն էր բարձրացրել Ախալցխայի հայությունը: Վերջիններս, հավաքվելով Ախալցխայի Երիտասարդական կենտրոնի շենքի մոտ, երթով շարժվեցին դեպի 1990-ականներից ի վեր բռնազավթված Սբ. Նշան եկեղեցի, որտեղ նրանք բարձրաձայն աղոթեցին ձերբակալվածների ազտության և արդարության վերականգնման համար: Վերջիններս բարձրաձայնեցին, որ չեն հավատում Գրիգոր Մինասյանին և Սարգիս Հակոբջանյանին ներկայացվող մեղադրանքներին, իրենց կոչով դիմեցին Հայաստանի Հանրապետությանը` ակնկալելով վերջինիս միջամտությունն ու օժանդակությունը: Ներկաների խոսքերից զգացվում էր, որ վերջիններս դեռ համբերելու և սպասելու են ՀՀ-ի քայլերին, սակայն` ոչ երկար: «Վրաստանն արդեն արել է իր հերթական ստոր քայլը, մենք դեռ փորձում ենք մի վերջին անգամ հավատալ հայ-վրացական բարեկամության գոյությանը և սպասում ենք ՀՀ-ի և վերջինիս քաղաքական ուժերի համարժեք հակաքայլերին, սակայն եթե վերջիններս ինչպես միշտ լռեն և բավարարվեն միայն հայտարարություններով, ապա Ջավախքը այլևս սպասելու տեղ չի ունենա», - նշում էր բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:  

Հիշեցնենք, որ 2009թ. հունվարի 22-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալեցին Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանին և «Շարլ Ազնավուր» բարեգործական կազմակերպության նախագահ Սարգիս Հակոբջանյանին: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 18-րդ հոդվածով (հանցագործության նախապատրաստում), 223 և 314 հոդվածների 1-ին մասով (համապատասխանաբար` անօրինական զինված խմբավորման ստեղծում և լրտեսություն): 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: