|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
"Միացում» ազգային նախաձեռնությունը նամակներ հանձնեց դեսպանատներինA1plus 25/09/09
Այսօր Երևանի Մյասնիկյանի արձանի մոտից մեկնարկեց «Միացում» ազգային նախաձեռնության քայլերթը դեպի Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի դեսպանատներ: Երթի ընթացքում նախաձեռնությունը ԵԱՀԿ «Մինսկի խմբի» համանախագահ երկրների նախագահներին ուղղված նամակներ հանձնեց: Ցուցապաստառներով և «Ոչ մադրիդյան սկզբունքներին», «Դավաճաներ հեռացեք», «Արցախ-Հայաստան-Միացում» և այլ վանկարկումներով քայլերթի մասնակիցները սկզբից այցելեցին Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ և «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Տիգրան Խզմալյանը լրագրողներին և մասնակիցներին ներկայացրեց հանձնվող նամակի բովանդակությաունը: Այնուհետև «Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը նամակները պաշտոնապես հանձնեց դեսպանատների ներկայացուցիչներին: «Նամակներում մենք օտարներից որևէ բան չենք խնդրում: Ըստ էության, նրանց մեղադրում ենք որպես այս ամբողջ ընթացքի հովանավորիների` հիշեցնելով, որ դեպքերի նման զարգացումը կհրահրի նոր ցեղասպանություն»,- ասաց «Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը: Ժ.Սեֆիլյանի համոզմամբ` Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունները կարելի է համարել վերջնական, քանի որ դրանց պաշտոնական ստորագրումը զուտ ձևական բնույթ է կրելու: «Համոզված եմ, որ հոկտեմբերի 13-ով ոչ սկսելու է, ոչ էլ վերջանալու է մեր պատմությունը: Հիասթափվելու խնդիր չկա: Այսօր մենք քարոզչական դաշտում պայքարում ենք` հրապարակավ արտահայտելով մեր մտքերը: Սակայն ես վստահ եմ, որ գալու է պահը, երբ մենք մեր ժողովրդին կհամախմբենք և կկանխենք ոչ միայն այս հակահայ ընթացքը, որը, ըստ էության, հետևանք է մեր երկրի ներքին վիճակին»,- ասաց Ժ.Սեֆիլյանը: Այս ամենը կարելի էր շրջանցել, եթե Հայաստանում լիներ առողջ, բարոյական քաղաքական մթնոլորտ: Միայն այդ դեպքում, ըստ Ժ.Սեֆիլյանի, աշխարհը երբեք չէր կարող մեզ դեմ տալ նման փաստաթուղթ: Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչու են համոզված, որ իշխանությունները հաշվի կնստեն իրենց հետ, Ժ.Սեֆիլյանը պատասխանեց. «Իշխանությունները մեզ հետ հաշվի նստելու խնդիր չունեն, նրանք պարտավոր են հայ ժողովրդի հետ հաշվի նստել: Մենք չենք ուզում հոխորտալ` ասելով, որ հայ ժողովրդի անունից ենք խոսում, թող այդպես չվերագրվի: Չնայած, ըստ էության, մենք հենց դա ենք անում: Վերջ ի վերջո, ինչ-որ խումբ պետք է ժողովրդի անունից խոսի: Իսկ մենք համոզված ենք, որ մեր ժողովրդի մի զգալի մասը կտրուկ դեմ է այս ընթացքին»: «Արձանագրություններն արդեն ստորագրված են. վտանգը կսկսի այն պահին, երբ խորհրդարանը դրանք կվավերացնի»,- համոզված է Ժ.Սեֆիլյանը: Քնար Բաբայան |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: