Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

 Հող հանձնելը դավաճանություն է»

a1plus 23/09/09 

Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարական պահանջելը` «Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը համարում է անլուրջ:

«Եթե այսօր կա մեկը, որը պետք է հրաժարական տա, դա Սերժ Սարգսյանն է` իր ոհմակի հետ: Ժամանակն է եկել, որ մատներս դնենք մեր վերքի վրա, ավելորդ սեթեւեթելու կարիք չկա»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նա հիշեցրեց, որ «Միացում»-ը երբեք Նալբանդյանի հրաժարականը չի պահանջել. «Մենք նրանից ընդունելություն էինք պահանջում` բանավոր խոսք փոխանցելու համար»: Հայ-թուրքական հարաբերությունների հիմքում Սեֆիլյանը, ցավոք, միայն մեկ խնդիր է տեսնում. «Արցախյան պատերազմում մեր ազատագրած տարածքներին նվիրումն է թուրքերին: Սա պետք է գիտակցենք եւ կանխենք»:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը եւ քաղաքական ուժերի դիրքորոշումներին` ապա Սեֆիլյանն այն գնահատում է շոու. «Դա ծիծաղելի բեմականացում էր` 52 ուժերի մասնակցությամբ: Բոլոր այդ ուժերը կտրված են ժողովրդից: Վերջին 10 տարիների նյութապաշտ քաղաքականության ամենօրյա աշխատանքը տվել է իր արդյունքը: Այսօր գոյություն չունի հայ-թուրքական հարաբերություններ, գոյություն ունի հայ-թուրքական հակամարտություն: Ամեն մի աշխարհագրական հարեւանություն չէ, որ պարտադրում է բարեկամական հարաբերություններ: Ունենալով Թուրքիայի նման հարեւան, որը նպատակ է ունեցել եւ այսօր էլ նպատակ ունի վերացնել հայությանը` ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը: Հայ ժողովրդի հոգեւոր եւ ֆիզիկական երաշխիքը համայն հայության միասնականությունն է, որն այսօր մենք չունենք: Երկրորդը` Հայոց բանակն է` տոգորված ազգային արժեքներով, որը դժբախտաբար չունենք»:

Վաղը` ժամը 16.30-ին, «Միացում» ազգային նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ իր բողոքը կարտահայտի հայ-թուրքական հարաբերություններում Սարգսյանի որդեգրած քաղաքականության վերաբերյալ: «Միացման» բողոքի ակցիանները շարունակական են լինելու` տարբեր վայրերում. «Հայրենի հող հանձնելը դավաճանություն է եւ նրանք չպետք է մոռանան, թե ինչ կարող է տեղի ունենալ դավաճանների հետ»:
Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ դավաճանների հետ. «Ա1+»-ի հարցին` Սեֆիլյանը պատասխանեց. «Ժողովուրդը համարժեք քայլ կկատարի, որպեսզի դավաճանները հնարավորինս կարճ ժամանակում հեռու մնան քաղաքական բուրգի գագաթներից»:

Սեֆիլյանը ժողովրդին խոստանում է. «Ես եւ իմ նմանները, ովքեր մերժում են այս ռեժիմը ձեռքերը ծալած չեն նստելու: Այս ճահիճից մենք ժողովրդին դուրս ենք բերելու»:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: