Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Եթե խնդիրները մի կետում հատվեն, իշխանությունը չի կարող դիմակայելՙ

A1plus 19/02/09

Ուղիղ մեկ տարի առաջ այսօր նախագահի ընտրություններն ուղեկցվեցին բռնություններով, ծեծուջարդով, լցոնումներով, թվանկարչությամբ, ինչի արդյունքում Ռոբերտ Քոչարյանին նախագահի պաշտոնում փոխարինեց Սերժ Սարգսյանը:

՚Մեկ տարի առաջ գործող իշխանությունը փորձեց փողով ձայն գնել, ինչը ժողովրդին չհարգելու ամենամեծ ցուցանիշն է. իսկ մեր ժողովուրդը չի սիրում իրեն չհարգողներին, հետեւաբար չի համակերպվի ընտրությունների արդյունքների հետ` անկախ ժամանակիցՙ,- ՚Ա1+ՙ-ի հետ զրույցում ասաց ՚Հանրապետությունՙ կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Ըստ նրա, ՚1 տարվա ընթացքում իշխանությունը որեւէ քայլ չարեց իր կորցրած հեղինակությունը, չեղած վարկանիշը բարձրացնելու ուղղությամբՙ:

Արամ Սարգսյանը հիշեցնում է քաղբանտարկյալների առկայությունը, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, բարոյահոգեբանական վիճակը, որն էլ ավելի է վատացել:

՚Իշխանությունն այս ընթացքում անընդհատ միայն կորցրել է: Ընդդիմությունը ձեւավորել է մի մարմին`Հայ ազգային կոնգրես, որը հստակ իշխանություններին այլընտրանք է. կոնգրեսում գործող տարբեր խումբ-խմբակցությունները հիշեցնում են ստվերային կաբինետ, որի անդամներն այսօր էլ պատրաստ են իշխանություն ներկայացնելու շատ ավելի գրագետ, շատ ավելի հայանպաստ, Հայաստանի եւ Ղարաբաղի համար շատ ավելի օգտակար, քան գործող իշխանությունները: Հետեւաբար, գործող իշխանությանն այսօր կա հստակ այլընտրանք, որը գործել եւ գործում է օրենքի ու Սահմանադրության շրջանակներում եւ որը ժողովրդի մոտ հույսեր է ծնել եւ այդ այլընտրանքն իր գործողություններն անելու է. դրանք անխուսափելի են Հայաստանի համարՙ,- խոստացավ Արամ Սարգսյանը:

Ընդհանրապես, Արամ Սարգսյանի համոզմամբ, ընդդիմությունն, իր մոտեցումներով, շատ ավելի պետականամետ է, քան իշխանությունը, որը մի խնդիր է լուծում` պահել իր շրջապատին, իր ունեցվածքը ամեն գնով, թեկուզ պետության վարկանիշը գցելով: Նրա կարծիքով, այս իշխանությունը վախենում է մարդկանց քանակից. դրանով էր պայմանավորված եւ 2004 թվականի ապրիլի 12-ի գիշերը մարդկանց շրջափակելն ու բռնի ուժով ցույցը ցրելը, երբ մարդիկ ավելի պակաս էին, քան օրվա ընթացքում, եւ 2008 թվականի մարտի 1-ի լուսաբացին մարդկանց վրա հարձակվելու փաստը. ՚Այնպես որ, յուրաքանչյուրի մասնակցությունը հանրահավաքին ապահովում է թե հանրահավաքի անվտանգությունը, թե մեր երկրում փոփոխությունների հասնելու արագությունըՙ:

Արամ Սարգսյանը նկատում է, որ նորմալ ժողովրդավարական երկրներում իշխանությունը փոխվում է ընտրությունների արդյունքում, իսկ մեր նման երկրներում իշխանությունները կարող են փոխվել ցանկացած պահի, ցանկացած իրավիճակից ելնելով. ՚Այդպես կարող է լինել ժողովրդավարական սկզբունքների պակասից, սոցիալական իրավիճակից, երկրում ծառացած բարդ արտաքին քաղաքական խնդիրներից ելնելով, եւ իմ խորին համոզմամբ, դա կարող է լինել այս երեք խնդիրների միանշանակ համադրմամբ: Ես չեմ բացառում, որ շատ մոտ ապագայում այս երեք ուղղությունները մի կետում հատվեն, իսկ այդ դեպքում որեւէ իշխանություն չի կարող դիմակայել: Հատկապես այս իշխանությունըՙ:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: