Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Սարգսյանը' Արեւելահայաստանի նախագա՞հ

 A1plus 02/10/09

Սերժ Սարգսյանը հանդիպում է սփյուռքահայերին, հայաստանյան մի կազմակերպություն տարբերակ է առաջարկում «հայության ապագան  փրկելու համար»:

 

«Հայաստանի Հանրապետությունը հանրաքվեով վերանվանել Արեւելյան Հայաստանի Հանրապետություն». սա «Խաչակիր» ՀԿ առաջարկությունն է: Կազմակերպությունը կոչով դիմում է բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարանական, Հայաստանում եւ սփյուռքում գտնվող հասարակական ակտիվ  կազմակերպություններին' քննարկելու այս առաջարկությունը եւ ներկայացնելու այն ՀՀ իշխանություններին:

 

Ըստ «Խաչակիր» ՀԿ հիմնադիր Գագիկ Սարուխանյանի' իրենց առաջարկը «դեղատոմս է» հայության ապագայի համար:

 

«Եթե, Աստված մի արասցե, հայ-թուրքական բանակցություններն այնպիսի ընթացք ստանան, որ դրանից կարող է տուժել ամբողջ հայության ապագան, ապա դա լինի միայն Արեւելյան Հայաստանի տեսակետը»,- պարզաբանեց Գագիկ Սարուխանյանը: Նա կարծում է, որ 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանը բարոյական իրավունք չունի հանդես գալու աշխարհով մեկ ցրված 10մլն-ից ավելի հայության անունից:

 

«Հայկական հարցը չի վերաբերվում միայն այս տարածքում բնակվողներին, ցավոք անկախության  18 տարվա ընթացքում ՀՀ իշխանությունները չեն ստեղծել այն իրական լծակները, որ համախմբեր ամբողջ հայությանը», - նշում Գագիկ Սարուխանյանը: Վերջինս համարում է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ թե հայրենի իշխանությունների ձեռքբերումն է, այլ սփյուռքահայության, այսինքն' արեւմտահայերի իրավահաջորդների լոբբինգի արդյունք:

 

Ի դեպ, Գագիկ Սարուխանյանը չի կորցնում հույսը, որը մի օր վերականգնվելու է պատմական արդարությունը, հայությունը ետ է ստանալու կորցրած հայրենիքը' Արեւմտահայաստանը:

 

«Ա1+»-ի դիտարկմանը, երբ այսօր կա վտանգ ազատագրված տարածքները կորցնելու, ինչպե՞ս է նա պատկերացնում այդ, Գագիկ Սարուխանյանը պատասխանեց.

«Ես համոզված եմ, որ Ղարաբաղը եւ տարածքները չենք կորցնի: Ինչքան էլ խոսվում է  տարածքների վերադարձի մասին, այդ ընդամենը այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է եւ  չի կարող լինել վերջնական լուծում: Ոչ մի իշխանություն հավերժ չէ»:

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: