|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
«Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք» A1plus 02/10/09
Մայրաքաղաքում ոստիկանների կուտակումներից կարելի է կռահել, թե որտեղ է նախատեսված հայ-թուրքական հարաբերություններին եւ ԼՂ հիմնախնդրի գործընթացը դատապարտող «Միացում» ազգային նախաձեռնության հերթական բողոքի ակցիան: Այսօր նախատեսված միջոցառումից մոտ մեկ ժամ առաջ ոստիկանները շրջապատել էին ՀՀ-ում ԼՂՀ ներկայացուցչությունը: Առանց վանկարկումների եւ պաստառների «Միացման» անդամներն այսօր նամակ հանձնեցին ԼՂ ներկայացուցչությանը: «Համոզված ենք, որ Արցախում բնակվող հայությունը, նրա քաղաքական եւ ռազմական ղեկավարությունը իսկապես գնահատում են այսօր տեղի ունեցող գործընթացների ամբողջ լրջությունը եւ կդրսեւորեն համապատասխան կամք կանխելու հայակործան այն քաղաքականությունը, որը փորձում են իրականացնել գերտերությունների անմիջական պարտադրմամբ ՀՀ իշխանություններին: Միակ հաստատությունը, որն ի զորու է վիժեցնել այս դավաճանական ընթացքը, եւ անցնցում կանխել այն, դա ստեփանակերտյան անառիկ բերդն է»,- նշված է ԼՂՀ իշխանություններին ուղղված նամակում: «Միացման» անդամ Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ ամենամեծ ցանկության դեպքում էլ Սերժ Սարգսյանը չի կարող կասեցնել հայ-թուրքական հարաբերությունների ոչ հայանպաստ ընթացքը: Սեֆիլյանի կարծիքով ԼՂՀ-ում հավատում են, որ Սերժ Սարգսյանը չի ստորագրի ոչ հայանպաստ փաստաթղթերի տակ. «Եթե մոտ օրերս Ստեփանակերտում իրենց բողոքը բարձրացնեն, ապա հնարավոր կլինի այս դավաճանական գործընթացը կասեցնել առանց ցնցումների»: Իսկ ի՞նչ հիմք ունենք ասելու, որ ԼՂՀ-ում հավատում եւ վստահում են Սերժ Սարգսյանին'«Ա1+ի» հարցին' Սեֆիլյանը պատասխանեց. «Մենք ինֆորմացիա ունենք, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար ԼՂՀ իշխանություններին վստահեցնում է, որ որեւէ փաստաթղթի տակ չի ստորագրելու, սակայն մենք նրան չենք հավատում»: Այս իրավիճակում Սեֆիլյանը մեկ ելք է տեսնում. «Սերժ Սարգսյանն իր մեջ ուժ գտնի եւ հրաժարական տա կամ խարակիրի լինի»: «Միացման» մյուս անդամները նախապատվություն տվեցին Սերժ Սարգսյանի «խարակիրի» լինելուն, ինչը խիստ զայրացրեց մինչ այդ ԼՂՀ ներկայացուցչության մոտ պատ կազմած ոստիկաններին առաջնորդող ՊՊԾ պետի տեղակալ Վալերի Օսիպյանին: «Գնացեք, ինքներդ ձեզ խարակիրի արեք: Ձեզ ո՞վ է բարոյական իրավունք տվել նախագահին կամ որեւէ մեկի վիրավորել: Նենց չանեք, որ ես ձեզ կարգի հրավիրեմ' համապատասխան վայրում»,- «Միացման» անդամներին զայրացած ասաց Օսիպյանը: Բորբոքված կանայք սկսեցին նրան բացատրել, որ «խարակիրին» հայհոյանք չէ, սակայն պարոն Օսիպյանին չհամոզեցին. «Կին եք, գնացեք ձեր տներում ճաշ եփեք, լվացք արեք, ի՞նչ եք ստեղ դեմագոգություն անում»: |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: