|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Պաստառները խանգարում էին
Այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անող պատգամավոր Զարուհի Փոստանջյանին եւ 2 տասնյակի հասնող մարդկանց ոստիկանները ընդամենը մի քանի րոպե թույլ տվեցին պարզել պաստառները եւ գոռալ «Դավաճաններ»: «Մարդկության դեմ կատարված հանցագործությունը դեռ չի պատժվել», «Հայաստանի իշխանավոր, դու պատասխանատու ես 10 մլն հայերի համար», «Թալեաթ, Էնվեր, Ջեմալ, իրենք են իրենց դատապարտել մահապատժի», այս եւ այլ ցուցապաստառներով, Հայաստանի քարտեզները ձեռքերին ցուցարարները հավաքվել էին այնտեղ բողոքելու հայ-թուրքական արձանագրությունների դեմ, ինչպես նաեւ վարչապետին հիշեցնելու' նա պատասխանատու է ոչ թե 3 միլիոն, այլ 10 միլիոն հայերի համար: Ոստիկանները, շրջան կազմած, խլեցին պաստառները, պատռեցին եւ դրանցից մի քանիսը նետեցին աղբարկղը: Նրանք իրենց քայլերը հիմնավորում էին նրանով, թե հակաօրինական են այդ պաստառները եւ նպատակահարմար չեն շենքի դիմացը պարզելու համար: ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Սարգսյանը իր հայտնի հարցազրույցում ասել էր, որ ՀՀ իշխանավորները պատասխանատու են ընդամենը 3 մլն հայերի համար: «Մինչդեռ այսօրվա իշխանությունները պատասխանատվություն պետք է կրեն ոչ թե 3 մլն, այլ ամբողջ համասփյուռ հայության համար եւ հենց այդ համատեքստում էլ նա ասում է, որ պետք է վավերացվեն հայ- թուրքական արձանագրությունները: Իսկ մենք գտնում ենք, որ հայ- թուրքական արձանագրությունների վավերացումը շարունակությունն է ցեղասպանության, հայրենազրկման եւ մշակութային ժառանգության սպանության, ընդհանրապես հայկական պետության գոյության»,- ասաց ԱԺ պատգամավորը: Այնուհետեւ ակցիայի մասնակիցները կիսապատռված ցուցապաստառներով երթով շարժվեցին դեպի նախագահական նստավայր: Ոստիկանները նույնիսկ թույլ չտվեցին ակցիայի մասնակիցներին Կառավարության շենքի դիմացով քայլել եւ նրանք իրենց ճանապարհը շարունակեցին այլ մասով'անցնելով ԱԳՆ շենքի մոտով, որտեղ էլ եւս մեկ անգամ վանկարկեցին' դավաճաններ: Ի դեպ, ինչպես «Ա1+»-ին փոխանցեց Զարուհի Փոստանջյանը, ոստիկանները ավելի ագրեսիվ են դարձել երթի ճանապարհին: Նրանք պատռել են մնացած պաստառները եւ ԱԺ շենքի մոտից չեն թողել առաջ շարժվել: Ավելի ուշ, Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոսատանջյանը հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին: Նույն բովանդակության հաղորդումներ են ուղարկվել նաեւ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին: A1plus.am |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: