Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Վառում ենք պայմանագիրը, որով Արևմտյան Հայաստանը նվիրում ենք Թուրքիային»,- ասում էին «Միացում» նախաձեռնության անդամները

Իսահակյանի արձանի մոտ տեղի են ունենում հայ-թուրքական արձանագրությունների այրում և ստորագրահավաք

Այսօր առավոտյան ժամը 10:30-ից Ավետիք Իսահակյանի արձանի մոտ մեկնարկել է «Միացում» ազգային նախաձեռնության ակցիան` հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրումը և ստորագրահավաքը: Անցորդները ստորագրում էին և այրում խորհրդանշական թերթիկը, որի վրա գրված է` «Թուրքական արձանագրություններ, Մադրիդյան սկզբունքներ»: Ակցիան տևելու է մինչև երեկո:

Կրակը, որով ակցիայի մասնակիցները այրում էին արձանագրությունները, բերվել է Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին վառվող անշեջ կրակից, երբ «Միացում» նախաձեռնությունը հոկտեմբերի 6-ին երթ և հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրում էր կազմակերպել նաև Ծիծեռնակաբերդում:

Նախաձեռնության անդամները նշեցին, որ ակցիայի առաջին 1,5 ժամվա ընթացքում արդեն մոտ 100 ստորագրություն է հավաքվել, այսինքն` միջինը 1 րոպեում 1 հոգի է ստորագրում: Իսահակյանի արձանի մոտ շինարարություն էր: Ազգային նախաձեռնության անդամներն ասացին, որ առաջինը ակցիային մասնակցել են շինարարները:

Շինարար Վասակ Ապերյանը ազատամարտիկ է, մասնակցել է Մարտակերտի ազատագրմանը: «Հետքի» հետ զրույցի ժամանակ նա ասաց, որ դեմ է սահմանի բացմանը: «Թուրքերը շատ վնաս են տվել մեզ: Մեր հողերը վերադարձնելով պետք է փոխհատուցեն այդ վնասը»,- ասաց նա:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Գրիզելդա Ղազարյանի խոսքերով` ստորագրում են տարբեր խավի և տարիքի մարդիկ: Մեր այցելության պահը համընկավ դասերի ավարտին, և ակցիային հիմնականում երիտասարդներն էին մասնակցում: Գրիզելդա Ղազարյանն ասաց. «Ուղղակի այս պահին երիտասարդների հոսքը մեծացավ, իսկ առավոտյան մեծերն էին մոտենում: Երիտասարդ համարյա չկար»:

Նախաձեռնության անդամները անցորդներին ներկայացնում էին հայ-թուրքական բանակցությունների և «Մադրիդյան սկզբունքների» պարունակած վտանգները: «Մենք առայժմ ուղղակի բացատրում ենք ժողովրդին, թե ինչ է կատարվում, որովհետև շատ-շատերը չեն հասկանում: Ոչ միայն ծանոթ չեն արձանագրության կետերին, այլ չեն էլ պատկերացնում: Մի տեսակ հավատ կա, որ «չէ, այսպիսի բան չի կարող լինել, ո՞նց կարող է լինել»: Չեն հավատում, որ այդպիսի դավաճանություն կարող է լինել»,- ասաց Գրիզելդա Ղազարյանը:

Նրա խոսքերով` 1,5 ժամվա ընթացքում միայն մեկ հոգի` մի կին է ասել. «Ես հավատում եմ իմ նախագահին»:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ Սեդա Մելիքյանը «Հետքին» ասաց, որ ստորագրողները վատ են տեղեկացված հայ-թուրքական ներկա գործընթացից: Օրինակ` «Ոչ մեկը չգիտի, որ Նաբուկոն մեր հողի վրայով է անցնում: Երիտասարդները չէին պատկերացնում»:

«Մեր պրեզիդենտը իր աթոռը փոխում է մեր հողերով: Ստորագրեք, որ դեմ եք: Վիլսոնի պայմանագրով մեր հողերը 161.000 քառ կմ էին: Այսօր 40.000-ը մերն է, մնացածը դրսում է: Աթոռը պահելու համար նվիրում է մեր հողերը: Բայց այդ հողերի վրայով անցնում է Նաբուկոն, որով արդեն մենք այնքան կհզորանանք, որ կարող ենք աշխարհի ցանկացած պետության հետ խոսել: Դա է մեր հարստությունը` հողը և նավթ: Այդ հողի վրայով ևնոր մետաքսի ճանապարհ է անցնում, ևՆաբուկոն, ևմյուս ճանապարհները: Իսկ ինքը, ընդամենը մի աթոռ պահելու համար, էդ ամենից զրկվում է` զրկելով մեզ ու մեր սերունդներին»,- ասում էր Սեդա Մելիքյանը:

Ակցիայի մասնակիցներց մի կին ասաց, որ սահմանի փակ լինելը խոչընդոտ չէ, և այժմ էլ Հայաստանի խանութները հեղեղված են թուրքական ապրանքներով: «Ես չեմ զգում, որ սահմանը փակ է»,- ասաց նա ստորագրելուց հետո: Նրա կարծիքով` սահմանի բացման դեպքում էլ հայ օլիգարխները թույլ չեն տա, որ Հայաստանում ապրանքների գներն իջնեն:

Իսկ մեկ այլ երիտասարդ, որը մի քանի անգամ այրեց արձանագրությունը, ասաց, թե ի՞նչ կապ ունի պատմաբանների հանձնաժողովը տնտեսության զարգացման հետ: Մինչդեռ Սերժ Սարգսյանը «ամեն ինչ ծածկելու» համար հայ-թուրքական ներկայիս գործընթացը հիմնավորում է նրանով, թե Հայաստանի տնտեսությունը կզարգանա: «Արձանագրությունը ստորագրելուց հետո այս երկիրը մենակ կործանման է գնալու»,- ասաց նա:

Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողուհի Լիլիթ Դավթյանն ասաց, որ մասնակցել է նաև Հանրապետության հրապարակում ՀՅԴ-ի կազմակեպած ակցիային` հայ-թուրքական արձանագրությունների դեմ:

«Փոխհատուցում եմ ուզում: Ուզում եմ, որ նախ մեր հողերը վերադարձնեն: Չնայած չեմ հավատում, որ էդպիսի բան կարող է լինել. իրենք իրենց ստորությունն ու նենգությունը նորից կցուցաբերեն մեր նկատմամբ, ոնց որ երիտթուրքերը. խոստացան հայերին օգնել, ու արդյունքում Ցեղասպանություն իրականացրին: Ընդհանրապես Հայաստանի տարածքում ամեն ինչն էլ վտանգի տակ է: Յուրաքանչյուր րոպե մեր թշնամիները կարող են հարձակվել»,- ասաց Լիլիթը:

«Միացում» նախաձեռնության անդամ Ժիրայր Սեֆիլյանը նշեց, որ արձանագրությունները կարելի է ստորագրված համարել, սակայն դա ոչ մի բանի սկիզբը կամ վերջը չէ:

«Այսպիսի վտանգներ մեր ժողովուրդը շատ է տեսել և վերջում հաղթահարել է: Ստորագրումից հետո խորհրդարանը կվավերացնի, խորհրդարանի վավերացումից հետո կիրառվի-չկիրառվի` այս պրոցեսը շատ երկար է. ամսի 10-ով ոչ սկսվում է, ոչ վերջանում: Դրա համար խուճապի պետք չէ մատնվել, որ «վերջ, այս 2 օրն էլ անցավ, բան չկարողացանք անել»: Ոչ, այդպես չէ»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Նրա համոզմամբ` Հայաստանում ժողովուրդը, ըստ էության, անտեր վիճակում է, քանի որ քաղաքական էլիտան երկրում չի կայացել:

«Ուստի ամբողջ խնդիրը քաղաքական ճիշտ նվիրյալների խումբ ձևավորելու մեջ է: Այն օրը, որ մեզ հաջողվի ազնիվ մարդկանց օղակ ձևավորել, որոնք կզբաղվեն քաղաքականությամբ և կառաջնորդեն մեր ժողովրդին, այդ ժամանակ կերևա` մեր ժողովուրդը ինչպիսի ժողովուրդ է: Իմիջիայլոց, մեր ժողովուրդը հիշեցրեց նաև Մարտի 1-ով, թե ինքը ինչպիսի ժողովուրդ է: Դա ամբողջությամբ ինքնաբուխ էր, միակ դեպքն է պատմության մեջ, որ ժողովրդի վրա կրակում են մարտական փամփուշտներով, և փոխանակ ժողովուրդը ցրվի, շարունակում էր կրակողների ուղղությամբ վազել: Այսպիսի բան նույնիսկ պաղեստինցիների մոտ չեք տեսնի»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը:

Գրիզելդա Ղազարյանը նշեց, որ վաղը նույն ակցիան կազմակերպվելու է Արաբկիր համայնքում` Բարեկամություն մետրոյի մոտ, իսկ հաջորդ օրը Շենգավիթում` Նժդեհի հրապարակում և այլն: «Նշանակություն չունի` կստորագրեն, չեն ստորագրի: Մենք շարունակելու ենք մեր ակցիան, մեր պայքարը: Ամեն ինչ տանում է նրան, որ նրանք ստորագրելու են: Բայց դա չի նշանակում, որ մենք դադարեցնելու ենք մեր պայքարը»,- ասաց նա:

Այն ժամանակ, երբ մենք ակցիայի վայրում էինք, «Միացում» նախաձեռնության անդամները նշեցին, որ այսօր ոստիկանները որևէ կերպ չեն խոչընդոտել ակցիային: «Հույս ունենք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները հոգու խորքում արձանագրություններին դեմ են, «Մադրիդյան սկզբունքներին» դեմ են, հայրենիքին, հողին և պետությանը նվիրված են: Ուզում ենք այդպես հավատալ»,- ասաց «Միացում» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը:

Սոնա Ավագյան

«Միացում»-ը` զանգ

«Միացում» նախաձեռնության անդամներն այսօր Ավետիք Իսահակյանի արձանի դիմաց    այրում էին հայ- թուրքական խորհրդանշական արձանագրությունները:

Դրան մասնակից դարձան նաեւ անցորդները: Փոքրիկ սեղանի վրայի բաժակից  կրակ վերցնելով' անցորդները այրում էին  արձանագրությունները: Նշենք, որ այդ կրակը բերվել էր Ծիծեռնակաբերդից: Բացի այդ նրանք ստորագրում էին այս տողերի տակ. «Դեմ եմ թուրքական արձանագրություններին, դեմ եմ Մադրիդյան սկզբունքներին, որի համար ստորագրում եմ»:

 «Միացում» նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի խոսքերով' իրենք  հավաքվել են այստեղ, որպեսզի  արթնացնեն ժողովրդին:

«Մենք գրել ենք' «Ոչ», ես փորձեցի «Ոչ»-ը զանգի պես դարձնել, կարծում եմ, որ իրավիճակը կարելի է բնորոշել մի խոսքով, սա Սարդարապատ է, Սարդարապատի ճակատամարտի սկզբից' մայիսի 22-ից Արարատյան դաշտավայրի բոլոր եկեղեցիների զանգերը ղողանջում էին գիշեր- ցերեկ, մինչեւ ամսի 29-ը: Մենք, ցավոք, չենք ստանում մեր եկեղեցու աջակցությունը, այնպես որ այդ զանգի դերը վերցրել ենք մեզ վրա»:

Ըստ Տիգրան Խզմալյանի' եթե հայ ժողովուրդը լուցկու հատիկի չափ հավատ ունենա, կփոխի պատմության ընթացքը:

   Ի դեպ, այսօր Ավետիք Իսահակյանի արձանի շրջակայքում ոչ մի ոստիկան չկար: Իսկ արձանագրությունների խորհրդանշանական  այրում «Միացումը»-ը իրականացվելու է նաեւ մյուս համայնքներում:

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: