Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Միացումը» այրեց հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները

08/10/09

Այսօր երեկոյան «Միացում» ազգային նախաձեռնությունը կազմակերպեց հերթական բողոքի ակցիան: Մասնակիցները ցուցապաստառներով և «Դավաճաններ, հեռացեք», «Ոչ թուրքական արձանագրություններին»,«Հող հանձնողը` դավաճան» վանկարկումներով Մերգելյան ինստիտուտից քայլերթով հասան Ծիծեռնակաբերդ, որտեղ և տեղի ունեցավ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների խորհրդանշական այրումը:

«Միացում» ազգային նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանն ինքնանպատակ չի համարում հայ-թուրքական արձանագրությունների խորհրդանշական այրումը:

«Ի տարբերություն մնացյալ ուժերից` մենք ամբողջությամբ մերժում ենք այս մատուցված արձանագրությունները և առհասարակ ողջ պրոցեսը: Մենք պատրանք չունենք, որ արձանագրություններն այրելով, կդադարի գործընթացը: Պարզապես մեր այս քայլը ժողովրդի մեծամասնության սրտից է բխում»,- ասաց Ժ.Սեֆիլյանը:

Ծիծեռնակաբերդում ակցիայի մասնակիցները ծաղիկներ դրեցին Եղեռնի զոհերի հուշարձանին: Այնուհետև նախաձեռնության անդամ, ռեժիսոր Տիգրան Խզմալյանը բարձրաձայն կարդաց Տերունական աղոթքը, որից հետո էլ հրապարակավ վառեցին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները:

Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև քաշքշուք սկսվեց, երբ ազատամարտիկի մայր տիկին Փառանձեմը փորձեց այրել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը: Ոստիկանները խլեցին նկարը: Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ: Բարձրաստիճան մի ոստիկան Տիգրան Խզմալյանին որակեց «չկայացած արվեստագետ» և խորհուրդ տվեց վերջինիս նկարել ու քանդակել: Մեկնաբանելով դիպվածը` Տ.Խզմալյանը ասաց.

«Տեսնում ե՞ք, թե ում հետ գործ ունենք: Բողոքի ակցիան նրանք որակում են` որպես չկայացած արվեստագետների պոռթկում: Ոստիկաններն այսօր խորհրդանշում են այս իշխանության օտարացումը հասարակությունից: Այնինչ նրանք պարտավոր են պաշտպանել հասարակությունն ու Սահմանադրությունը, այլ ոչ թե վերջիններիս ոտնահարող ոհմակը»:

«Միացում» ազգային նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը ոստիկաների քայլերը որակեց ոչ իրավաչափ`ավելորդ համարելով մարդկանց նկատմամբ բռնության կիրառումը:

Նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով`իրենք տեղյակ չէին նախագահի նկարի վառման մտադրությանը:

«Տեղի ունեցածը եղել է ինքնաբուխ, բայց քաղաքացին իրավունք ունի իր կարծիքն հայտնելու իր ձևով: Իմ կարծիքով, խոհրդանշական էր երևույթը, և իր արձագանքը կունենա հայության մեջ»:

Ժ.Սեֆիլյանը հայտարարեց, որ «Միացում» ազգային նախաձեռնությունը շարունակելու է պայքարը քարոզչական դաշտում: Երկու օրից նախատեսվում է Երևանի համայքներում արձանագրությունների խորհրդանշական այրում և ստորագրահավաք:

Քնար Բաբայան

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: