Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Զոհում են ոչ թե «վասն հայրենյաց», այլ «ի պատիվ տեղական արտադրության թուրքի»

«Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է դրամատուրգ Կարինե Խոդիկյանը

- Տիկին Խոդիկյան, որպես մտավորական, որպես մարդ ինչպե՞ս եք մարսել վերջին օրերի լուրերը, մի քանի օրում յոթ անմեղ զոհ...

- Մարսե՞լ... Կարողանայինք մարսե՞լ, այսինքն` մոռացության տայինք կամ փորձեինք համակերպվել, կամ ասեինք` «արդարացված է հույժ կարեւոր պետական հանգամանքներով»... Ո՛չ, մեր տղաներին սպանում են, ու սարսափն այն է, որ սպանողը թշնամին չէ, թուրքը չէ: Ու եթե թուրքը դարանակալած սպաներ` հեռվից մի կրակոցով նրանց կյանքին վերջ կտար: Տեղական արտադրության թուրքը տանջամահ է անում, ու ելքը մեկն է` սպանություն կամ ինքնասպանություն, ավելի հաճախ` «ինքնասպանություն»: Այսօր Հայաստանում միայն հայեր չեն ապրում. նոր տեսակ է բուծվել` տեղական արտադրության թուրք: Այն տականքը, ով տանջամահ է արել հայ զինվորին եւ այն հրամանատարը, ում վստահված է այդ նույն զինվորի կյանքն ու անվտանգությունը, բայց ով այսօր զրահապատված է իր պաշտոնեական աթոռով, ինչո՞վ են իրարից տարբերվում: Ու եթե որոշ «հայրենասերներ» այս անգամ էլ փորձեն մարդկանց լռեցնել հազար ու մի արդարացում-պատճառաբանությամբ, թող իրենց փարիսեցիությունը տանեն-թաքցնեն իրենց տանը:

Իսկ այդ ուղղակի եւ անուղղակի մարդասպանները չե՞ն վախենում, որ որդեկորույս ծնողների, քույր-եղբայրների, հարազատ-ընկերների կսկիծը տասնապատկված ու հազարապատկված անեծք կդառնա ու իրենց դուռը կչոքի:

- Մենք, սակայն, հաճախ ենք ասում, որ պետությունը մեղավոր չէ:

- Իսկ ո՞վ է մեր տասնութամյա տղաներին զորակոչում` հայրենիքի ծառայության սրբազան պարտքը կատարելու: Պետությո՛ւնը: Ու նույն պետությունը պարտավոր է մեր տասնութամյա տղաների ծառայությունը արժանապատիվ ու անվտանգ դարձնել: Անվտա՛նգ, որովհետեւ նրանք մարտի դաշտում չեն զոհվում: Արտակի հոգեհանգստից հետո տեղս չեմ գտնում... թող նրա հրամանատարները գնային ու տեսնեին, թե նա ինչ պայմաններում է ապրել, հետո տեսածը համեմատեին իրենց ջիպերի ու շքեղ դղյակների հետ, լսեին մոր հեծեծանքը, ու այդքանից հետո (եթե մարդկային ինչ-որ բան դեռ մնացել է նրանց հոգում), շարունակեն ապրել իրենց կյանքը:

- Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը օրերս ԶԼՄ-ների ղեկավարներին կանչեց եւ հրահանգ տվեց` չլուսաբանել այս տեսակի լուրեր, քանի որ մենք այսպես թշնամու ջրաղացին ենք ջուր լցնում: Հեռուստատեսությունն էլ էլի լռեց:

- Թշնամին թշնամի է ու պիտի իր թշնամությունը անի: Նրան կարելի է լռեցնել ոչ թե եղածը ծածկադմփոց անելով, այլ վայրահաչելու ամենափոքր իսկ հնարավորություն չտալով: Իսկ այսպես` թշնամին իր ջրաղացը կպտտեցնի, իսկ ամեն մի հայ ընտանիքի հարկի տակ զինվոր տղայի դագաղ բերելու հավանականությունը կմեծանա:

- Տիկին Խոդիկյան, իսկ ինչո՞ւ է ամենախոցելին այս վերջին շրջանում դարձել բանակը: Մենք համարյա ամեն օր զոհեր ենք բերում, ի՞նչ է կատարվում մեզ հետ:

- Չգիտեմ, բայց ուզում եմ հասկանալ` այդ տականք կոչվածը, որ Արտակին «ինքնասպանության» հասցրեց, ի՞նչ խղճով է օրը դիմավորում, նայում զավակների կամ ծնողների աչքերին: Ի՞նչ է ստացվում` 21-րդ դարում վերածվել ենք գազանի՞: Բայց գազանի տեղը վանդակն է, այդ դեպքում ո՞ւր է այն Օրենքը, որը պիտի լինի պետության ձեռքին` այդ գազանին մարդկանցից մեկուսացնելու համար:

- Եվ պայքարի գործիքներն էլ վաղուց արդեն ժանգոտել են ու մնացել են խոսքերը:

- Հուսահատությունը սարսափելի բան է: Արտակի հոգեհանգստից հետո ինձ հուսահատությունն է պատել ու կասկածը հայի տեսակի նկատմամբ, որին ոչ միայն պատկանում եմ ու որի շարունակողն եմ, այլեւ իրավունք եմ ինձ վերապահել նրա մասին գրել: Քիչ առաջ սահմռկեցուցիչ բան կարդացի. զինվորի դին այնքան երկար են բերել-հասցրել տուն եւ ինչ պայմաններում, որ որդոտել է: Վայրենի՞, այս աստիճանի՞, ո՞ւր ենք գնում... Հա՛, լռենք, ամեն մեկը իր համար լռի. ու համատարած լռության մեջ կորցնենք, կասկածենք ու հուսահատվենք: Վերջերս կայքերից մեկում մտավորականների հետ հարցազրույցների շարք տեսա, այնքա~ն սիրուն են խոսում, այնքան սիրուն են ասում` ո՞վ է մտավորականը, այնքան լավ բաներ են ասում մտավորականի մասին, ո՞ւր են այդ լավ մտավորականները...

- Իսկ այս տականքները տեղ կգտնե՞ն Ձեր ստեղծագործություններում:

- Գրողի «նյութը» կյանքն է, նաեւ այսպիսի կյանքը: Ես կզգամ խոշտանգվող Արտակի տառապանքը, որովհետեւ կփորձեմ պատկերացնել, թե ինչ է զգացել նա, երբ մենակ է մնացել բորենիների դեմ ու հասկացել է, թե աշխարհն ինչ ահավորություն է, երբ օգնության հույս անգամ չկա, երբ տականքի աչքերում, ում հետ գուցե հաց է կիսել, արնոտ բերանով գազանին է տեսել: Որպես գրող կարող եմ պատկերացել, թե ինչ է զգացել Արտակը, երբ այս մեծ, հրաշք աշխարհում մնացել են միայն ինքն ու բորենին: Անպաշտպան ու լքված լինելու ցավն արդեն քանի օր է` չի լքում ինձ, բայց ինչպե՞ս մտնեմ այդ բորենի անասունի ուղեղի երկու ծալքի մեջ, որպեսզի հասկանամ` ինչ է զգացել կամ ինչ է մտածել, երբ հոշոտել է Արտակին:

- Բայց շատ ճոխ բանակի տոն ենք նշում, երգեր ձոնում:

- Մենք պե՛տք է նշենք մեր բանակի տոնը, պե՛տք է հիանանք մեր բանակով, պե՛տք է հպարտանանք մեր բանակով, պե՛տք է վստահ լինենք, որ մեր բանակն ամենաուժեղն է, որ մեզ պաշտպանող կա: Այդպես պե՛տք է լինի:

- Իսկ իրականությո՞ւնը:

- Իրականությունը... եթե մեր բանակը տարածաշրջանում ամենամարտունակն է ու թշնամուն արժանի հակահարվածը կտա, միեւնույն է, այդ յոթ ու էլի քանի տներում նախկին կյանքը չի լինի` հոշոտված երեխաների տներում կյանքն այլեւս ուրիշ է:

- Թշնամու հնարավոր հարձակման մասին խոսեցինք, ի՞նչ զգացողություններ ունեք վերջին շրջանում մեր տարածաշրջանի հետ կապված, վերջերս շատ են խոսում, որ մեր հիմնական խնդիրների պատճառը Ղարաբաղի չլուծված խնդիրն է:

- Որ օրը ես համարեմ, որ մեր ձախորդությունների պատճառը Ղարաբաղն է, նշանակում է` վերջին 20 տարին իզուր եմ ապրել: Անկարելի է, որովհետեւ 20 տարին ինձ համար հենց այնպես` «խոտ ուտելով ու ճառ ասելով» չի եղել, պատերազմի արհավիրքն ու հաղթանակի, վերադարձված Շուշիի բերկրանքը ես էլ եմ ապրել... այդ ամենն իմ մեջ է: Այլ բան է, որ հաղթողները ուրիշ են, բորենու նման վայելողները` ուրիշ:

- Ասում են վայրենացել ենք, որովհետեւ կրթության պակաս ունենք, թե՞...

- Մարդկանց խումբը կարող է լինել ժողովուրդ ու կարող է վերածվել ամբոխի. ընդ որում` նույն հաջողությամբ նրան կարող ես բարձրացնել` դարձնել ժողովուրդ եւ կարող ես իջեցնել` դարձնել ամբոխ: Վարվող քաղաքականության միակ նպատակը ժողովրդին ամբոխ դարձնելն է, ու ես «սրտանց» շնորհավորում եմ հեղինակներին` դա նրանց ուր որ է` լիովին կհաջողվի, որովհետեւ եթե հրաժարվում են արժանապատիվ հաղթանակից` ազատագրված տարածքները շենացնելու փոխարեն, ամայացնում ու «գրավյալ տարածքներ» ձեւակերպումն են ընդունում, եթե դիրքերից հայի կողմից հոշոտված հայի դիակն են բերում, ոստիկանության բաժանմունքից հայի դիակն են բերում, դպրոցից տասնամյա տղայի դիակն են բերում... ամբոխն իր հաղթաժամն է տոնում:

Եվ անգամ կրթությունն է «մեղավոր», հենց բանակը պետք է լինի կարգ ու կանոնի ամենամեծ պաշտպանը: Եթե առաջին դեպքից հետո իսկապես համապատասխան հետեւություններ արվեին, այս ահասարսուռ շարունակությունը չէր լինի:

- Իսկ ինչպե՞ս, երբ մենք գիտենք, որ նույն իշխանության մեջ էլ կան այդ տեսակ մարդասպաններ, կրակողներ. էլ ի՞նչ ակնկալել իշխանությունից:

- Դե, դրա համար էլ երկու օրում յոթ հայ երիտասարդ իրենց կյանքը զոհում են ոչ թե «վասն հայրենյաց», այլ «ի պատիվ տեղական արտադրության թուրքի»:

- Զարմանալի համբերություն ունի այս ամբոխը:

- Այ, հիմա նոր եմ հասկանում, ինչու են ասում` «Ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանություններին»: Մեր դեպքում նույնիսկ կարելի է վերաձեւել` «Ամեն ամբոխ արժանի է իր տիրակալներին»:

- Ու անգամ ամեն ընդդիմություն...

- Հայտարարություններ են տարածվում, չգիտեմ...

Zhamanak.com 05.08.10                                                             Սիրանույշ Պապյան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: