|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Իրանի համար կարեւոր չէ, թե ով կվերահսկի այդ տարածքները
Կարեւորը` սահմանները ապահով ու անվտանգ լինեն «Ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Իրանի «Չեչմանդատ» ստրատեգիական եւ միջազգային գիտահետազոտական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Միրհասեմ Մոմենին - Պարոն Մոմենի, ձեր կարծիքով, Ղարաբաղի հարցի կարգավորման համար ընթացող բանակցություններն ի՞նչ փուլում են: - Հիմնական արգելքը այլ երկրների միջամտության հարցն է: 1994 թվականից Մինսկի խումբը այս գործընթացի մեջ է մտել, եւ մենք վկա ենք, որ այս խումբը միշտ խոստումներ է տալիս, որ հակամարտությունը այս տարի կլուծվի, եւ ամեն տարի այդպես է ասվում, բայց մենք որեւէ նշան այդպես էլ չենք տեսնում այս հարցի լուծման ուղղությամբ: Մենք` որպես Հայաստանի, Ադրբեջանի եւ Ղարաբաղի հարեւան երկիր, այդ երեք երկրների պատմության հետ այս կամ այն կերպ կապված ենք եղել, եւ այսօր գոհ չենք, որ մինչեւ հիմա Իրանին չի տրվել միջնորդական այն դերը, որը պետք է տրվեր այդ հարցի առնչությամբ: Այն լուծումերը, որ Իրանն է ներկայացրել, միշտ էլ օգտավետ է եղել բոլոր կողմերի համար: Բացի այդ, մենք այն իրականությունը պետք է ընդունենք, որ Ղարաբաղը որպես մի երկիր ծնվել է, իր զարգացման ընթացքում է, եւ այդ երեխան նորից չի վերադառնալու մոր արգանդի մեջ. նա պետք է մեծանա: - Ասացիք` հարցի լուծմանը խոչընդոտում է այլ երկրների միջամտությունը, այդ դեպքում ի՞նչ եք առաջարկում անել գլխավոր միջնորդի` Մինսկի խմբի հետ: - Մինսկի խմբում եղած երկրները առաջ են շարժվում իրենց շահերով եւ Ղարաբաղը որպես առեւտրի առարկա են դիտարկում, եւ այստեղ արդեն «զոհ է գնում» Ղարաբաղի ժողովուրդը: Մինսկի խումբը 2008-ին հայտարարեց, թե 2009-ը հարցի լուծման տարի է լինելու, բայց արդեն 2010 թվականն է, եւ նման նշույլ չկա էլ: Իմ կարծիքով` այդ հարցը մոտ ապագայում չի էլ լուծվելու: Մյուս կողմից էլ` Ադրբեջանն է սպառնում, բայց այն, ըստ իս, երբեք չի հարձակվի, որովհետեւ այդ հարձակման համար պայմանները չունի: Բայց այս անորոշությունը այնքան էլ օգտավետ չէ Ղարաբաղի համար: Դա պատճառ է դառնում, որպեսզի արտաքին կապիտալի ներդրումները թուլանան, որովհետեւ ներդրողների համար շատ կարեւոր է կապիտալի ապահովությունը: - Վերջին շրջանում ակտիվացել են Ղարաբաղի հարցում Իրանի դերակատարության կարեւորման մասին խոսակցությունները, դուք էլ այդ մասին խոսեցիք, դուք Իրանի միջնորդությունը ԼՂ հարցում ինչպե՞ս եք տեսնում: - Իրանը միշտ իր ազդեցությունն ունեցել է տարբեր երկրներում խնդիրների լուծման ժամանակ, եւ անգամ ԱՄՆ-ն որոշ երկրներում հարցերի լուծման ժամանակ համագործակցել է Իրանի հետ` որպես միջնորդի: Իրանը ունի այդ պոտենցիալը, որպեսզի կարողանա միջնորդ հանդիսանալ երկու կողմերի օգտին: Պետք է պատկերացնենք, որ Ադրբեջանին ու Հայաստանին Իրանը որպես իր զավակներ է դիտարկում, եւ Իրանը որպես հայր աշխատում է, որ իր զավակների հարցերը լուծեն: Իսկ հայրերը միշտ իրենց զավակների դժավարությունները ավելի լավ գիտեն: - Ինչպե՞ս եք վերաբերվում Ղարաբաղի շուրջ եղած տարածքներում եւ հատկապես Իրանի հարակից տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցին: Իրանի համար ո՞ր երկրների զորքերն են ավելի ընդունելի: - Իրանը կողմ է հակամարտության խաղաղ լուծմանը: Եվ ճանաչելով Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը` մտածում եմ, որ Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է իր ճակատագիրը որոշի: Ժողովուրդը ինքը պետք է որոշի` անկա՞խ լինի, Ադրբեջանին, թե՞ Հայաստանին միանա: Մենք ներքին հարցերին չենք միջամտում: Իսկ որպես հարեւան երկիր մտահոգված ենք եւ ցանկանում ենք, որ մեր ունեցած սահմանները միշտ ապահով լինեն: - Իսկ ո՞ր դեպքում Իրանը ավելի ապահով կհամարի իր սահմանները: - Այն ժամանակ, երբ Հայաստանը, Ադրբեջանը եւ Ղարաբաղը միասնաբար կայուն խաղաղություն հաստատեն իրար միջեւ: - Իրանի համար ո՞րն է ավելի նախընտրելի, որպեսզի ո՞ր կողմի ենթակայության տակ գտնվեն այդ տարածքները: Ի վերջո, չմոռանանք, որ այդ տարածքները սահմանակից են Իրանի ադրբեջանաբնակ նահանգներին: - Մեզ համար այնքան էլ կարեւոր չէ, թե այդ տարածքները կվերահսկի Հայաստանը, Ղարաբաղը, թե Ադրբեջանը: Մեզ համար կարեւոր է, որ մեր սահմանները ապահով ու անվտանգ լինեն: Եվ ի դեպ, այսօր մենք ավելի մեծ սահման ունենք Ղարաբաղի, քան` անգամ Հայաստանի հետ: - Վերջերս ադրբեջանական կողմը հանդես եկավ Թուրքիային Մինսկի խմբի համանախագահների կազմում ընդգրկելու առաջարկով: Դուք դրա հավանականությունը տեսնո՞ւմ եք: - Մենք տեղյակ ենք Թուրքիայի պանթուրքիստական քաղաքականությանը: Եվ այդ քաղաքականությունը հենց բարդացնում է նման մոտեցումը: Եվ եթե այդ առաջարկը իրականացվի, այսինքն` եթե Թուրքիան դառնա Մինսկի խմբի համանախագահ, Ղարաբաղի հարցի լուծումը ավելի կերկարաձգվի: Չմոռանանք` Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես հայտարարել են, որ իրենք մեկ ազգ-երկու պետություն են, եւ սա հակասում է անկողմնակալության քաղաքականությանը: - Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը գնաց Թուրքիա, նորից խոսք գնաց ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացման մասին: Եվ նաեւ ՌԴ-ն էլ սկսեց կարեւորել Թուրքիայի դերակատարությունը տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման հարցում: Նման մոտեցման ազդեցությունը, ըստ ձեզ, ո՞րը կլինի ԼՂ հակամարտության կարգավորման վրա: - Ճիշտ է, Թուրքիան իսլամական երկիր է, բայց այն ճանաչվում է որպես լայիկ պետություն: Թուրքիան լավ հարաբերություններ ունի Իսրայելի հետ, ԱՄՆ-ի հետ, հիմա լավ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, Մեդվեդեւը եւ Պուտինը բազմաթիվ անգամ են այցելել Թուրքիա: Եվ վերջերս Թուրքիային որպես միջնորդի դեր են տվել տարածաշրջանում: Թուրքիան նաեւ աշխատում է միջամտել Պաղեստինի հարցում, Իրաքի եւ Սիրիայի տարաձայնությունների մեջ է փորձում մտնել, նաեւ Իրանի միջուկային հարցում է փորձում միջնորդել, քանի որ դա ինչ-որ տեղ անդրադառնում է նաեւ Թուրքիայի ազգային շահերին: Իսկ Ղարաբաղի հարցում հայտնի է` Թուրքիան Հայաստանի հետ իր հարաբերությունները մշտապես պայմանավորել է տարածքների վերադարձով: Երբ Աբդուլլահ Գյուլը եկավ Հայաստան եւ հայ-թուրքական հարաբերությունները սկսեցին, դա մի քիչ նեղացրեց ադրբեջանցիներին, բայց հետո մենք տեսանք, որ Թուրքիայի ե՛ւ նախագահը, ե՛ւ վարչապետը այցելեցին Ադրբեջան եւ վստահեցրեցին, որ Ադրբեջանի շահերը վտանգված չեն եւ Ադրբեջանի հանրային կարծիքը հանգստացրեցին: Թուրքիան` ինքը, իրեն պարտավորված է զգում պաշտպանել Ադրբեջանի շահերը: Սակայն, բացի քաղաքական եւ պատմական պատճառներից, Թուրքիան համարվում է ադրբեջանական նավթի եւ գազի տարանցիկ երկիր: Այսինքն` Ադրբեջանի շահերը պաշտպանելու պատրվակով Թուրքիան Ադրբեջանի նավթը տանում է, եւ տնտեսական շահերն են պատճառը: Իսկ Հայաստանը նավթ չունի, բացի այդ, կա նաեւ մի պատմական դժվարություն, դա Հայոց ցեղասպանության հարցն է, որը որպես սուր կախված է Թուրքիայի գլխին միջազգային ատյաններում: Եվ դա պատճառ է դարձել, որ Թուրքիայի դիրքերը միջազգային ատյաններում թուլանան: Ուստի, նա աշխատում է Հայաստանի հետ հարաբերություններում խոստումներ տալով` հարթել այդ դժվարությունները: - Պարոն Մոմենի, իսկ ըստ ձեզ, ՌԴ-Թուրքիա տնտեսական համագործակցության համատեքստում կարո՞ղ է «զոհ դառնալ» Ղարաբաղի հարցը: - Ոչ: Ռուսաստանի համար, այնուամենայնիվ, Ղարաբաղը ավելի կարեւոր է: Ղարաբաղը Կովկասի սիրտն է` Վրաստանի., Հայաստանի, Իրանի արանքում, եւ այն ապագայում դեռ պետք կգա ՌԴ-ին: - Այսինքն` ԼՂ հարցում այս իրավիճակը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին: - Այո՛: Ստեփանակերտ Zhamanak.com 25.05.10 Քրիստինե Խանումյան
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: