| |
ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
ԱՃՊԱՐԱՐՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎԱԾ
Իսկ ՕԵԿ-ն
ու ՀՅԴ-ն ընդամենը որպես օղակ են հանդես գալիս

"ՉԻ"-ն
արդեն տեղեկացրել էր, որ "Ժառանգության" պատգամավոր Զարուհի Փոստանջյանին
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը որոշել է ընդգրկել ԵԽԽՎ պատվիրակների
փոխարինող կազմում: Սակայն այդ կապակցությամբ հրավիրված նիստը ԱԺ նախագահն
անցկացրել է արձակուրդի օրերին: Երեկ մենք
փորձեցինք
Զարուհի Փոստանջյանից պարզել` նրան ԱԺ նախագահը հրավիրե՞լ էր այդ նիստին:
- Այո, զանգահարել էին իմ բջջային հեռախոսահամարին եւ հայտնեցին, թե Հովիկ
Աբրահամյանի մոտ նիստ է, չե՞ք գալու: Ես էլ պատասխանեցի, որ ոչ` ես
արձակուրդում եմ եւ այժմ ՀՀ սահմանադրական դատարանի առջեւ հանրահավաքի եմ
մասնակցում, չեմ կարող գալ: Չգիտեի էլ, թե ինչ նիստ է, ինչ օրակարգով եւ
այլն: Այդ նիստին "Ժառանգությունից" Ստեփան Սաֆարյանն է մասնակցել:
-
Ձեր տպավորությամբ,
խնդիր կա՞ դրված, որպեսզի ԵԽԽՎ աշխատանքներին Դուք չմասնակցեք:
- Քանի որ
իմ կարծիքը, որը ես մշտապես հայտնել եմ ԵԽԽՎ-ում, տարբերվում է իշխանության
եւ այսօր իրեն ընդդիմություն հռչակած Դաշնակցության կարծիքից, դրա համար էլ
ցանկություն չկա, որ ժողովրդի ձայնը լսելի լինի ԵԽԽՎ-ում: Նրանք չեն ուզում,
որ հասարակության կարծիքը
հնչի:
-
Այսինքն՝
Դաշնակցությունն ավելի վերահսկելի՞ է:
-
Դաշնակցությունը ուղղակի հայտարարել է, որ ընդդիմություն է` պաշտոնապես
հրապարակելով կոալիցիայից դուրս գալու իր պատճառները, որոնց թվում միայն
նշվում էր, որ իրենք համաձայն չեն այս իշխանությունների վարած արտաքին
քաղաքականության հետ: Բայց ներքաղաքական հարցերում նրանք իշխանության հետ
համաձայն են: Դաշնակցությունը բացարձակ անգործություն դրսեւորեց այն
ողբերգական իրադարձությունների կապակցությամբ, որոնք տեղի ունեցան մեր
երկրում` կեղծված նախագահական ընտրություններ, մարտի 1-ի արյունալի
իրադարձությունները, զոհեր, քաղբանտարկյալներ... ՀՅԴ-ն այս ամենի հետ
համաձայն է:
Բայց այդ կուսակցությունը արտաքին քաղաքական հարցերում եւս իշխանությունից
տարբերվող քայլեր առանձնապես չի անում: Ես բանաձեւի նախագիծ էի նախաձեռնել,
որը վերաբերում էր ԵԽԽՎ նախագահի ընտրությանը: Իմ նախաձեռնությամբ պետք է
խոչընդոտներ հարուցվեին ԵԽԽՎ նախագահի պաշտոնում Թուրքիայի Հանրապետության
ներկայացուցչի ընտրության համար: Հայտնի է, որ մենք ունենք խնդիրներ այս
երկրի, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ: Եվ ԵԽԽՎ նախագահի պաշտոնում ազգությամբ
թուրք նախագահի ընտրության դեպքում հնարավոր է մեր խնդիրները լուծվեն ոչ ի
շահ մեր երկրի, համասփյուռ հայության եւ Արցախի Հանրապետության, այլ ի շահ
Թուրքիայի եւ Ադրբեջանի: Այս նախագծի տակ Դաշնակցության ներկայացուցիչ
Արմեն Ռուստամյանը չստորագրեց` պատճառաբանելով, թե միեւնույն է, այդ
նախաձեռնությամբ չի կանխվելու այդ անձի ընտրվելու գործընթացը: Իսկ ԵԽԽՎ
հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը ինձ ասաց, որ չի
ցանկանում փչացնել իր բարիդրացիական հարաբերությունները Թուրքիայի
ներկայացուցիչների հետ, դրա համար էլ չստորագրեց:
-
Իսկ Թուրքիայի
ներկայացուցիչների կողմից ինչպե՞ս ընդունվեց Ձեր նախաձեռնությունը:
-
Մոնիտորինգի նիստից հետո ինձ մոտեցավ Թուրքիայի ներկայացուցիչ Չավիշօղլուն
եւ շատ վրդովված էր, որ նման նախաձեռնություն եմ դրել շրջանառության մեջ:
Նա ասում էր, թե ես այդ նախաձեռնությամբ խաթարում եմ հայ-թուրքական
բարիդրացիական հարաբերությունների սկիզբը: Ես էլ հակադարձեցի, որ Թուրքիայի
հետ Հայաստանը կարող է բարեկամանալ միայն այն դեպքում, երբ ձեր կողմից
ճանաչվի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրեք: Սակայն
Չավիշօղլուն հղում կատարելով արձանագրություններին, ասաց, թե հարց է`
ցեղասպանություն եղե՞լ է, թե՞ չի եղել, դա պատմաբանների հանձնաժողովը
կորոշի, նոր կխոսենք: Փաստորեն Արմեն Ռուստամյանի ամպագոռգոռ մտքերը, որը
նա հայտնում է կուսակցության անունից, թե իրենք դեմ են հայ-թուրքական
արձանագրություններին եւ ընդհանրապես այսօրվա իշխանության վարած արտաքին
քաղաքականությանը, լոկ խոսքեր են: Իրականում նրանց գործունեությունն ու
խոսերը տարբերվում են: ՀՅԴ-ն պարտավոր էր ստորագրել այդ նախաձեռնության տակ`
անկախ նրանից` այն կունենա՞ր հաջողություն, թե՞ ոչ: Նրանք պարտավոր էին
ջանքեր գործադրել, Ռուստամյանը ԵԽԽՎ-ում վաղուց է ներկայացված եւ իր կապերն
օգտագործելով աջակցեր այս նախաձեռնությանը: Բայց դիտավորյալ նրանք չէին
ստորագրում, որպեսզի ես չկարողանայի հասցնել մինչեւ բյուրոյի նիստ: Բայց
ամեն դեպքում ինձ հաջողվեց: Եվ մինչ հունվարի 25-ին ժամը 11:30-ին ԵԽԽՎ-ն
կսկսի իր աշխատանքը, պետք է իմ նախաձեռնությունը քննարկվի:
-
Ձեր կարծիքով,
ինչո՞ւ էր "Օրինաց երկրից" Հեղինե Բիշարյանը գրություն գրել, որպեսզի Ձեզ
տեղափոխեն փոխարինող կազմ:
- Իմ
կարծիքով դա ուղղակի Հովիկ Աբրահամյանի կողմից նախաձեռնած աճպարարություն
էր, որտեղ Հեղինե Բիշարյանը որպես մի օղակ է հանդես գալիս: Ես կարող
եմ պնդել,
որ դա ՕԵԿ-ի ցանկությունը չի եղել: Ես շատ հարգում եմ Արծրունի Աղաջանյանին,
նա շատ լավ մարդկային հատկանիշներ ունի, բայց պետք է նշեմ, որ ապրիլ ամսից
մինչեւ օրս նա ԵԽԽՎ-ում որեւէ ելույթ կամ ելույթ ունենալու ցանկություն չի
հայտնել: Նա մշտապես փոխարինել է Դավիթ Հարությունյանին, որը գրեթե
բացարձակ ներկա չի գտնվել նիստերին: Եթե պարոն Աղաջանյանը ԵԽԽՎ մշտական
անդամ լինելու ցանկություն ուներ, նա ուներ այդ հնարավորությունը, կարող էր
մշտապես ելույթներ ունենալ: Ինչ վերաբերում է տիկին Բիշարյանի այն պնդմանը,
որ նշել է, թե հավասար ներկայությունը խախտված է, ապա պետք է ասեմ, որ այս
պահին ԵԽ-ում ներկայացված է 8 պատգամավոր, որոնցից 6-ը իշխանության
ներկայացուցիչներն են, մեկը "Ժառանգությունից", մեկն էլ` ՀՅԴ-ից:
Ներկայացվածներից միայն "Ժառանգությունն" է եղել ընդդիմադիր կուսակցություն
եւ մինչեւ օրս էլ ընդդիմադիր է մնում:
-
Դուք Հովիկ
Աբրահամյանի հետ խնդիրներ ունե՞ք, որ հենց Ձեր դեմ է նման քայլեր անում:
- Անձնական
որեւէ խնդիր ես չունեմ որեւէ անձի հետ: Ես իմ պարտականություններն եմ
կատարում: Ժողովուրդն ինձ ընտրել է, եւ ես ժողովրդին եմ ծառայում ու
պարտավոր եմ իրականացնել ժողովրդի պահանջը. իսկ ժողովուրդն ինձանից
պահանջում է այսպիսի վարքագծի դրսեւորում: Սա լինելու է մշտապես: Այնպես որ,
պարոն Աբրահամյանը թող չուրախանա: Նույնիսկ եթե նա փորձ է անում փոխարինողի
կարգավիճակով խոչընդոտել, որպեսզի չմասնակցեմ ԵԽԽՎ աշխատանքներին,
միեւնույն է, ես իմ աշխատանքն իրականացնելու եմ:
-
Հովիկ Աբրահամյանի
գործողությունները բողոքարկելո՞ւ եք:
- Իհարկե,
հենց որ մենք պաշտոնապես տեղեկություն կստանանք իր ապօրինի
գործողությունների վերաբերյալ, դրանք կարժանանան համապատասխան պատասխանի:
Թող պարոն Աբրահամյանը պատերազմ հայտարարելուց առաջ մտածի, թե իր
զինանոցում ինչ միջոցներ ունի: Մենք շատ միջոցներ ունենք:
Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԸ
Chi.am
15.01.10
|