Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Տիգրան Խզմալյան.«Երեք նախագահներն էլ պառակտել են ազգը»

 

Հայթուրքական Արձանագրությունների սառեցումը հասարակության ճնշման արդյունք է։ Теrt.am–ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով հայթուրքական Արձանագրությունների վավերացումը առկախելու մասին ՀՀ իշխանության որոշմանը։

«Բավական հետաքրքիր է, որ մարդիկ, որոնք ամիսներով պաթետիկ պաշտպանում էին Արձանագրությունները, հիմա նույն պաթոսով հակադրվում են դրան։ Այսօր, ցավոք, քիչ է խոսվում այն ամենակարևորի մասին, որ Արձանագրությունների տապալումը՝ ժամանակավոր, թե ընդմիշտ, մեծ հաշվով եղել է հասարակության ընդվզման և ցասումի արդյունքը։ Շատերը հիմա խոսում են բարդ քաղաքական գործոնների մասին, թե որ գերտերությունն ինչ շահեր քաղեց, որ երկրի ճնշման տակ արվեց դա։ Ես միշտ մտածել եմ, որ իշխանությունը պետք է ենթարկվի ազգի ճնշմանը, մեր իշխանությունը պարտավոր է ենթարկվել միայն հասարակության ճնշումներին և, վերջիվերջո, որքան էլ թաքցնեն դա, մեծ հաշվով, հասարակության ճնշումներն իրենց գործը արեցին։ Թեև մեզանում այդ մասին քիչ է խոսվում, բայց վստահ եմ, որ արտաքին ուժերը դա լավ հասկանում են, և իրենք շատ լավ գիտեն, որ որևէ լուրջ քաղաքական որոշում և Արձանագրություն չի աշխատի, եթե հասարակությունը չուզի»,– ասաց կինոռեժիսորը։

Ըստ նրա, քիչ է խոսվում նաև շատ կարևոր մի հարցի մասին, որը կոչվում է քաղաքական պատասխանատվություն։
Ի պատասխան մեր հարցի, թե ճի՞շտ է համարում արդյոք Տիգրան Խզմալյանը Արձանագրությունների վավերացումը սառեցնելու մասին որոշումը, կինոռեժիսորը պատասխանեց.

«Սառեցնելու մասին որոշումը որոշում չէ ընդհանրապես։ Դադարեցնել դժվար է (նկատի ունի գործընթացի դադարեցումը-Тert.am), որովհետև մեծ ուժեր են շշից դուրս եկել, և հենց այդ պատասխանատվության մասին եմ ես խոսում։ Առաջին նախագահը պառակտեց հասարակությունը՝ իր քաղաքական շահերի համար, երկրորդ նախագահը պառակտում մտցրեց Հայաստանի և Ղարաբաղի միջև՝ առաջացան հայաստանցիներ և ղարաբաղցիներ հասկացությունները, իսկ երրորդ նախագահը պառակտել է Հայաստանը և Սփյուռքը, և դա ամենալուրջ և ամենավտանգավոր զարգացումներն են։ Իհարկե, մենք կկարողանանք շտկել այդ բանը, բայց վերքը մինչև սպիանա, երկար ժամանակ և շատ ջանքեր կպահանջվեն»։

 

Tert.am 28.04.10 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: