Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ինչ կկատարվեր Նժդեհի հետ, եթե նա բացեր աչքերը և տեսներ, թե ինչ են անում այսպես կոչված նժդեհականները

                       

«Կան երկրներ, որտեղ հյուրասիրության մեջ է մտնում հյուրին սեփական կնոջով հյուրասիրելու  ավանդույթը»,- օտարալեզու դպրոցների բացման մտադրությունը մեկնաբանում է Խզմալյանը:

««Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որին կառավարությունը, տալով դրական եզրակացություն, ուղարկել է խորհրդարան, նպատակ ունի Հայաստանում թույլատրել հիմնել օտարալեզու դպրոցներ։ «Կապիտալի» հետ զրույցում կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանն ասում է, որ դա արվում է հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու համար:

-Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք վերաբերվում օտարալեզու դպրոցների ստեղծման գաղափարին։

-Ես կարծում եմ՝ իրավունք ունեմ այդ մասին խոսելու հենց այն պատճառով, որ կրթությունս ռուսական է։ Կտրուկ դեմ եմ այդ ամեն ինչին և կարծում եմ, որ գավառական և անկիրթ վաճառականները, որոնք մեր երկրում զավթել են իշխանությունը, զբաղված են տարբեր և տգեղ միջոցներով թամաշա կազմակերպելով և հասարակության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելով։ Ժամանակ առ ժամանակ տարբեր պորտապարեր են պարում, մեկ չհիմնավորված թրքամետանում են, որը նույնպես արտահայտում է նրանց ճաշակը և դաստիարակությունը, մեկ էլ հանկարծ ընկնում են ուրիշ ծայրահեղության մեջ։  Այս ամենն այնքան անհեթեթ է, որ նույնիսկ ծիծաղելի չէ։ Հայ-թուրքականի ժամանակ արտասահմանում բնակվող ընկերներս զանգում ու ցավով ասում էին, թե ինչպես եղավ, որ մենք՝ հայերս, համաձայնեցինք թուրքերի հետ հարաբերություններ ստեղծել` ի հաշիվ Ցեղասպանության, ես հերքում էի` ասելով, որ նման բան չկա, իսկ նրանք մեջբերում էին մեր իշխանավորների հայտարարությունները, և ես ամաչում էի։ Հիմա կատարվում է մոտավորապես նույնը։ Պատկերացրեք, որ մարդու լեզուն կտրում են ու տեղը փորձում են ուրիշի լեզուն կարել, բառիս բուն իմաստով։ Սա շատ նման է նաև երևանյան միջավայրին՝ աղբով ու առնետներով լի բակերում կանգնած են անշուք շենքեր, որոնց ներսում մեկ-երկու եվրոռեմոնտ արված բնակարաններ կան։ Թողած կարևորագույն տնտեսական և քաղաքական հարցերը` իշխանությունները որոշել են եվրառեմոնտ անել, ինչը իրենց պատկերացումներով թույլ կտա իրենց ինտեգրվել համաշխարհայինին։ Ես իրավունք ունեմ ասել այդ ամենը, ես ռուսերենի և ռուսերեն մշակույթի՝ Պուշկինի, Տոլստոյի, Դոստոևսկու, Պաստեռնակի, Ախմատովայի մշակույթի կրողն եմ, բայց ես դեմ եմքանի որ այն, ինչ կատարվում է հիմա, արվում է իրականացնելու համար Ռուսաստանի նեոգաղութային ծրագիրը։ Այդ նախագծով ձեռք է բարձրացվում ազգային անվտանգության վրա, փորձ է արվում օտարի առջև բացել ազգի համար ամենակենսական և կարևոր իրողության դուռը։ «Լեզվի մասին» օրենքի փոփոխությունը և օտարալեզու դպրոցների ստեղծումն իր վտանգով հավասար է ազատագրված տարածքների զիջմանը։ Եվ եթե ղարաբաղյան հարցում փորձ է արվում զիջել պետականության անվտանգության երաշխիքներ հանդիսացող ազատագրված տարածքները, օտարալեզու դպրոցների հիմնադրմամբ՝ ստիպված ենք լինելու զիջել ազգային ինքնության անվտանգության տարածքները։ Մենք փորձ ենք անում ռուսացնել, օտարացնել լեզվամտածողությունը, արժեհամակարգը, մշակույթը, աշխարհայացքը։ Այս ամենը, կրկնում եմ, անհեթեթ է, և այնքան անհեթեթ, որ ինձ հիշեցնում է 70-ականների բրեժնևյան սահմանադրությունը, որն առաջացրեց վրացիների զայրույթը, նրանք պահանջեցին, որ հանվի այն կետը, որը ռուսերենը դարձնում էր ԽՍՀՄ երկրների համար պետական լեզու։ Հայաստանի 70-ականների փառապանծ մտավորականները ծպտուն չհանեցին։ Հիմա անկախ Հայաստանում այդ հարցի քննարկումը թերևս լիներ ծիծաղելի, եթե հետևանքները ողբերգական չլինեին։ Սա ինքնասիրության հարց է, և զարմանում եմ, որ նման բան են քննարկում։ Սա հերթական անգամ ցույց է տալիս, որ Հայաստանում չի գործում քաղաքական պատասխանատվությունը։ Ես դեմ չեմ թեքումով դպրոցներին, ավելին` կարծում եմ, որ դրանք անհրաժեշտ են, և մեզանում կան և՛ դպրոցներ, և՛ բուհեր, սակայն ստեղծել օտարալեզու հանրակրթական դպրոցներ, նշանակում է ստեղծել գետտո։ Հյուսիսային պողոտան շատ ճիշտ օրինակ է, այն դատարկ է առ այսօր, և այդ նախագիծն էլ է բերելու դատարկություն։ Խոսքը, իհարկե, ֆիզիկական դատարկության մասին չէ, քանի որ թուլամորթ, այսպես կոչված, մտավորականների և նրանց նմանվող քաղքենիների քանակն անպակաս է Հայաստանում։ Խոսքն ինքնության դատարկության մասին է։ Այս հարցում պետք է լինել կտրուկ, խոհեմ և անհանդուրժող։ 

-Հանրապետականները, մասնավորապես` Գալուստ Սահակյանը, օտարալեզու դպրոցների ստեղծումը համարում են գիտության համաշխարհային պահուստից օգտվելու միջոց։

-Տեխնիկական խնդիր է, որը փորձում են լուծել սկզբունքային հարցերի հաշվին։ Խորհրդային Միության ժամանակ ռուսերենով ստեղծվեց գիտական և գեղարվեստական գրականության հսկայական պաշար։ Այդ ժամանակ մշակութային առումով փոքր ազգերը՝ Միջին Ասիայի, Ադրբեջանի պես երկրները, հնարավորություն ստացան հաղորդակից դառնալ համաշխարհային գրականությանը և իրենց գրականությունը հասանելի դարձնել շատերին։ Սա, իհարկե, կարևոր է, սակայն սրան հասնելու համար պարտադիր չէ բացել օտարալեզու դպրոցներ, ի վերջո, հայերը լեզուներ իմացող ազգ են։ Նախագծի հեղինակներին և համակիրներին խորհուրդ կտամ` ուսումնասիրեն Աստվածաշնչի «Գիրք գրոց» մասը, որտեղ թափանցիկ ակնարկ կա հայերի «թարգամացեղ» լինելու մասին։ Իսկ Թարգամի [Թորգոմ-խմբ.] ցեղը Հայկ նահապետի հետ հեռացավ Բաբելոնից, որտեղ զբաղված էր թարգմանչությամբ։ Բաբելոնաշինության և քաղաքակրթության զարգացման ժամանակ հայերն ունեցել են թարգմանչի դեր։ Թարգամի ժողովուրդը՝ հայերը, թարգմանիչներ էին։ Կառավարության որոշումով չէր հայ վաճառականը հասնում Չինաստան ու այնտեղից բերում ու սեփական բառապաշարը հարստացնում «չնաշխարհիկ» բառով: Իսկ հայ վաճառական Հովհաննես Ղազարյանը, որին աշխարհը գիտի Ջոն Լազարոս անունով, անգլերենից Աստվածաշունչը թարգմանեց չինարեն։ Ավելին՝ երկու տարի հետո տոնելու ենք հայ տպագիր առաջին գրքի՝ Ուրբաթագրքի հինգ հարյուր տարին։ Այս ամենն ասում եմ, որ հասկական՝ այս ժողովուրդը նմանօրինակ հիմարություններով կարգավորվելու պահանջ չունի։ Ոչ ոք իրավունք չունի խախտել հայերի բնական ձգտումը դեպի ուսում։ Երկու-երեք տրաֆարետային դպրոցներ ստեղծելու փոխարեն՝ լավ կանեն ուժեղացնեն հանրակրթական դպրոցները։ Սա ազգային դավաճանություն է, որով զբաղվում են մարդիկ այն կուսակցությունից, որն իշխող է մեզ մոտ և որը կանգնում է Սուրեն Սպանդարյանի արձանի մոտ Գարեգին Նժդեհի անունով կեղծ երդումներ է տալիս։ Ես ուզում եմ այսպես կոչված նժդեհականները մի վայրկյան պատկերացնեն, թե ինչ կկատարվեր Նժդեհի հետ, եթե նա բացեր աչքերը և տեսներ, թե ինչ են անում այսպես կոչված նժդեհականները:

-Մարդիկ, որոնք դեմ են օտարալեզու դպրոցների ստեղծմանը, պնդում են, որ լեզվագիտակցությունը ձևավորում է ինքնության գիտակցություն, իսկ հակառակ կողմը պնդում է, որ այն, ինչ արվում է, կապ չի կարող ունենալ ինքնության գիտակցության հետ։

-Որպես բանասիրական գիտությունների թեկնածու, որպես ռուս գրականության մասնագետ, որը համալսարանում 19-րդ դարի գրականություն է կարդացել, ատենախոսությունը պաշտպանել է Լև Տոլստոյի ստեղծագործությունների հիման վրա և որը դասավանդել է ռուսական պոեզիայի արծաթե դար, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ լեզուն առանձին վերցրած բառարան է, բառարանով լեզու չեն սովորում։ Լեզուն սովորում են երկիրը, մշակույթն ուսումնասիրելով և կուտակելով, սեփականացնելով։ Եթե դա երկրորդ, երրորդ կամ չորրորդ լեզուն է, հարստացնում է մարդուն, եթե դա արվում է մայրենի լեզվի հաշվին, ապա որբացնում է երկիրը։ Ես այն սերնդից եմ, որի համար մայրենին խորթ էր, իսկ այն խորթացավ, քանի որ հայրս վերանորոգում էր Լազարյան ճեմարանը, և մենք ապրում էինք Մոսկվայում։ Ողջ կյանքս ես պայքարել եմ ինքս ինձ հետ, որ կարողանամ հետ բերել իմ մայրենին, որ արթնացնեմ այն, ինչ չի ստացվել բնական ճանապարհով։ Ես այսօր գրում, խոսում, ֆիլմեր եմ նկարում հայերենով, բայց զգում եմ իմ հայերենի որոշակի արհեստականությունը։ Սա խնդիր է, մեծ խնդիր։ Սա իսկապես շատ սուր վտանգ է, և ես, անցնելով այդ ամենի միջով, շատ ավելի պարզ եմ տեսնում այդ վտանգը։

-Չնայած նախագծում գրված է, որ բացվելու են օտարալեզու դպրոցներ, սակայն քննարկումը հիմնականում ծավալվում է ռուսալեզու դպրոցների շուրջ։ Ձեր կարծիքով` «օտարալեզու դպրոցներ» ձևակերպումը քո՞ղ է ռուսական դպրոցներ բացելու համար։

-Կարծում եմ՝ այո։ Ռուսներին նախորդ նախագահը հասցրեց վաճառել երկրի՝ նույնիսկ չգիտեմ քանի տոկոսը, որի հետևանքով երկրի ռազմավարական ունեցվածքը ծիծաղելի կոպեկների գնով հայտնվեց Ռուսաստանի ձեռքում։ Սրանք գործարքներ են, որոնք հափշտակում են մեր երկրի, մեր երեխաների ապագան։ Լեզվի առումով սա առավել վտանգավոր է։ Խոսել սեփական լեզվով նշանակում է խոսել արժանապատվորեն, խոսել սեփական հոգով։ Մենք ունենք փայլուն օրինակ, որն է Արշակ թագավորի և Շապուհի հայտնի պատմությունը, երբ Արշակ թագավորը պարսկական հողի վրա բարի էր, զիջող, իսկ հայկական հողի վրա` ըմբոստ ու գոռոզ։ Առակս այն կցուցանե, որ մենք մեր լեզվով խոսում ենք մեր հողի վրա։ Այնտեղ, որտեղ մենք խոսում ենք հայերեն, մեր հայրենիքն է։ Նախիջևանը թույլ օղակ է դարձել, քանի որ չկա հայերենը, Արցախը հզոր է, որովհետև այնտեղ խոսում են հայերեն, Ջավախքը կմնա հայկական այնքան ժամանակ, քանի դեռ այնտեղ կխոսեն հայերեն։ Այսօր ուզում են քնացնել մեր հզոր բանակը՝ լեզուն, որից հետո մենք մեր տունն այլևս չենք կարողանա պաշտպանել։

-Կա կարծիք, որ նախագծի հետևում Մոսկվան է։ Համամի՞տ եք։

-Չեմ կարծում, որ Մոսկվային պետք է մեղադրել։ Ինչպես բնության մեջ, այնպես էլ հասարակական կյանքում դու ունես այնքան տարածք, որքան կարող ես պահպանել։ Ինչ վերաբերում է այս հարցին, սա շատ լուրջ զիջում է։ Այն, որ Մոսկվան առաջարկում է կամ պնդում է նման բան, բնական է։ Դա ցանկացած երկրի հզորացման քայլերից մեկն է, մանավանդ եթե խոսքը Ռուսաստանի նման ծավալապաշտական երկրի մասին է։ Սակայն եթե նույնիսկ մենք վարում ենք ռուսամետ քաղաքականություն, պարտադիր չէ սեփական երեխաներին հրամցնել նրան։ Կան երկրներ, որտեղ հյուրասիրության մեջ է մտնում հյուրին սեփական կնոջով հյուրասիրելու ավանդույթը։ Ավանդույթ է, որով կարելի է զարմանալ կամ հարգել, բայց կրկնել նման պոռնկությունը սեփական չակերտավոր զարգացածությունը ցույց տալու համար, մեղմ ասած, չարժե։ Սակայն այն, ինչ փորձ է արվում անել, հենց դա է։

cdaily.am 22.05.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: