Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Քայլ առ քայլ գնում ենք դեպի անկախության կորուստ. Ժիրայր Սեֆիլյան

«Առհասարակ, Հայաստանի ողջ քաղաքական դաշտը մենք գնահատում ենք ոչ առողջ և, պատկերավոր ասած, ճահիճ։ Պետք է լուծումը փնտրել այս ճահճից դուրս։ Եվ հենց «Սարդարապատ» շարժման նախաձեռնության առանձնահատկություններից մեկն այն է, որ լուծում է փնտրում այդ ճահիճից դուրս գալու համար»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Սարդարապատ» նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։

Իշխանության ներսում վերադասավորումների հնարավորության մասին Սեֆիլյանը հրաժարվեց խոսել, ասաց, որ իրեն իշխանության դաշտը չի հետաքրքրում։

Ինչ վերաբերում է ՀԱԿի մարտավարության վերաբերյալ հնչող քննադատություններին, Ժիրայր Սեֆիլյանն ասաց.
«Ընդդիմադիր դաշտում ընդդիմադիր միավորները չպետք է փորձեն իրար քննադատել մրցակցության նպատակով։

Կառուցողական նպատակով արժի, բայց ոչ մրցակցության։ Մեզ համար ՀԱԿը մրցակից միավոր չէ, ուստի լավ կլինի, որ բոլորս կենտրոնանք գործող ռեժիմի սխալները հաստատելու և համապատասխան լուծումներ փնտրելու վրա»։
Բնութագրելով Հայաստանի ներկա ներքին և արտաքին քաղաքական վիճակը՝ Ժիրայր Սեֆիլյանն նշեց. «Այս ընթացքը ես գնահատում եմ որպես քայլ առ քայլ անկախության կորուստ։ Մեր երկրում օր առաջ պետք է ձևավորվի ազգային, բարոյական իշխանություն և այդ իշխանության շնորհիվ հնարավորին կարճ ժամկետում պետք է սոցիալական արդարությունը վերականգնվի։ Գլխավորը սա է, եթե սա մենք չկարողացանք իրականացնել, ապա ամեն ինչ անիմաստ է դառնալու, ամեն ինչ կորցնելու ենք՝ բառի բուն իմաստով»։

Սեֆիլյանը ցավով նշեց, որ դժբախտաբար Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը կարծես պատրաստվում են ընտրությունների։ «Բայց բոլորս շատ լավ գիտենք, որ ընտրությունների արդյունքն ինչ էլ լինի, կարևոր չէ։ Բոլորս էլ գիտենք, թե բռնատիրական ռեժիմում ընտրությունների արդյունքը ինչ է լինում, իսկ դրանից ոչ մի օգուտ չի լինելու մեր ժողովրդին»։

Եթե կորցնենք մի բան, ամբողջն ենք կորցնելու

Ժիրայր Սեֆիլյանը, անդրադառնալով ղարաբաղյան կարգավորման գործընթացի բանակցային ներկա փուլին, կարծիք հայտնեց, որ այդ հարցում շուտափույթ լուծումներ չեն սպասվում։

«Ընդդիմադիր ուժերն ահազանգում են, որ Ղարաբաղի շուրջ օղակը սեղմվում է։ Դուք նոր երանգներ տեսնո՞ւմ եք ղարաբաղյան բանակցությունների ներկա փուլում» հարցին ի պատասխան Ժիրայր Սեֆիլյանն ասաց.

«Որ ընթացքը վատն է առհասարակ, դա փաստ է, սակայն ես այն կարծիքին չեմ, որ շուտափույթ ինչ-որ լուծումներ են սպասվում այդ ճակատում։ Այդպիսի բան, իմ համոզմամբ, չի լինելու։ Ես ավելի շատ այն կարծիքին եմ, որ այսօր ոչ թե արցախյան հարցում վտանգներ գոյություն ունեն, այլ ամբողջ մեր Հայաստանն է վտանգի մեջ։ Եվ եթե կորցնենք մի բան, ամբողջն ենք կորցնելու։ Այնպես չի լինելու, որ Արցախի մի հատված կորցնելու ենք և մնացածը պահպանվելու է։ Այդպիսի բան չկա, ուստի պետք է խնդիրը գլոբալ դնել և լուծումը գլոբալ գտնել»։

Tert.am 08.06.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: