Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

«Սարդարապատ»-ը մտադիր է «լուսավոր խորհրդարան» ձեւավորել

«Սարդարապատ» շարժումն, ինչպես հայտնի է, հանդես է եկել  այլընտրանքային խորհրդարան ձեւավորելու նախաձեռնութամբ։ Ստեղծվելիք  մարմինը, ըստ Շարժման նախաձեռնողների, «հիմք կհանդիսանա քաղաքական միջավայրի վերականգնման, քաղաքական ուժերի կայացման, նոր գաղափարների եւ մոտեցումների, ծրագրերի եւ մթնոլորտի բյուրեղացման համար»։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում շարժման նախաձեռնող անդամ Տիգրան Խզմալյանը նոր ձեւավորվելիք խորհրդարանի անհրաժեշտությունը այսպես է բացատրել. «Այլընտրանքային խորհրդարան ձեւավորելու խնդիր չէր առաջանա, եթե ունենայինք ազատ, ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու հնարավորություն։ Այդ հնարավորությունն իսպառ բացակայում է. ընտրությունները կեղծվել են, կեղծվում են եւ կեղծվելու են այնքան ժամանակ, քանի դեռ այս ռեժիմը շարունակում է պաշտոնավարել։ Նման՝ բռնակալական  ռեժիմի պայմաններում ժողովրդավարական բոլոր լծակներն ու մեթոդները  չեն աշխատում, այլ վարկաբեկվում եւ օգտագործվում են բռնապետությունն ամրապնդելու նպատակով»։  Խզմալյանը մանրամասնել է նաեւ, թե ի՞նչ մեխանիզմով ու սկզբունքով է ձեւավորվելու այլընտրանքային  խորհրդարանը։  Ըստ այդմ. «Մենք ընտրելու ենք այն մարդկանց, ովքեր արժանանում են հասարակության առողջ մասի հավանությանը։ Հասկանում եմ, որ չափանիշների հարց կարող է առաջանալ, կապված այն խնդրի հետ, թե ո՞վ է որոշելու՝ տվյալ մարդը հասարակության համակրանքը վայելու՞մ է, թե՞ ոչ։ Սակայն մենք փոքր երկիր ենք ու բոլորիս գործունեությունը մարդկանց աչքի առաջ է։ Մենք ընտրելու ենք այն մարդկանց, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են իրենց անկեղծությունն ու նվիրվածությունը ժողովրդին, մարդկանց, ում խոսքը նաեւ գործ է։  Այդպիսի մարդիկ շատ են եւ նրանց  շրջանակից էլ կլինեն խորհրդարանի անդամները»։ Թե ովքե՞ր են վայելում հասարակության առողջ հատվածի համակրանքը՝ Խզմալյանը չնշեց, քանի որ մտավախություն ունի, որ ինչ-որ մեկի անունը բաց կթողնի։ Միայն նշեց, որ դրանք այն մարդիկ են, ովքեր մշտապես մասնակցում են «Սարդարապատ»-ի կազմակերպած տարբեր թեմաներով քննարկումներին, կլոր սեղաններին եւ մյուս միջոցառումներն։ «Ընտրությունը բնական ճանապարհով է կատարվելու։ Մարդիկ, որոնց կատարած աշխատանքի արդյունքները տասնամյակների ընթացքում տեսանելի են հասարակությանը, նրանք էլ դառնալու են խորհրդարանի անդամ»,-նկատեց «Սարդարապատ» շարժման անդամը։

Խզմալյանը չհամաձայնեց NEWS.am-ի այն դիտարկմանը, որ ստեղծվելիք խորհրդարանը իր բնույթով կլինի ստվերային, քանի որ օժտված չի լինի սահմանադրությամբ վերապահված լիազորություններով։ «Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում եւ քաղաքակիրթ շատ այլ երկրներում  ընդունված է ստվերային խորհրդարան կամ կառավարություն կազմելը։ Մենք ստվերային չենք կոչի այլընտրանքային խորհրդարանը, քանի որ ստվերայինը գործող խորհրդարանն ու կառավարությունն են՝ ստվերային տնտեսությամբ։ Ուստի ես նպատակահարմար եմ գտնում ստեղծվելիք խորհրդարանը կոչել լուսավոր խորհրդարան»։

Նշենք, որ նոր խորհրդարանը ձեւավորվելու է գործող Ազգային ժողովի նմանությամբ՝ ունենալու է կրթական, իրավական, առողջապահության, պաշտպանության, տնտեսական եւ այլ հանձնաժողովներ։  Ի դեպ, ստեղծվելիք խորհրդարանի անդամները չեն վարձատրվելու, այլ աշխատելու են հասարակական հիմունքներով։ «Նոր խորհրդարանը չի աշխատելու օտարերկրյա գաղտնի կամ հայտնի գործակալությունների  գրանտների միջոցով։ Մարդիկ այստեղ աշխատելու են՝ հավատալով ու նվիրվելով մեր երկիրը փրկելու գործին»։  Իսկ թե ե՞րբ հասարակությանը հայտնի կդառնա այլընտրանքային խորհրդարանի լրիվ կազմը՝ Խզմալյանը դժվարացավ ասել, նշելով, որ այժմ աշխատանքներ են ընթանում համապատասխան հանձնաժողովների ձեւավորման ուղղությամբ։

News.am 31.05.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: