Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԱՆԳՐԱԳԵՏ ԽՈՊԱՆՉԻՆԵՐԻ ՕԿՈՒՊԱՑԻԱՆ

Վազգեն Ղազարյան, տեսաբան ֆիզիկոս, ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու
 
Վազգեն, օտարալեզու դպրոցների վերաբացմանը դեմ եք նաև Դուք։ Օրերս Ռեգենտի դպրոցի հիմնադիր և նախագահ դոկտոր Վիրաչայ Թեչավիջիթը պատասխանել է «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեոնող խմբի նամակին, ուր նշել է, որ նման դպրոց Հայաստանում հիմնելու մտադրություն չունի, իսկ Ռուբեն Վարդանյանն էլ գուցե չբացի։ Ի՞նչ հետևություն կարելի է անել այս ամենից։
 
Լինելով «Տրոյկա դիալոգի» հիմնադիր սեփականատեր և բազում թելերով կապված լինելով ռուսական հաստատությունների և քաղաքականության հետ՝  Ռուբեն Վարդանյանն այն մարդկանցից է, ովքեր գիտեն` ումից են ստանում պատվերը և ինչպես են կատարում։ Այն, թե նա իբր հիմա հետ է կանգնում իր նախաձեռնությունից, հավատ չի ներշնչում, քանի որ, ըստ իս, իշխանության խնդիրն այժմ ժամանակ ձգելն է։ Նախագիծն ընդունելով առաջին ընթերցմամբ, նրանք կփորձեն բոլոր միջոցներով թմրեցնել հասարակությանը և սեպտեմբերին «բարեխղճորեն» կատարել իրենց իջեցված քաղաքական պատվերը։
 
Շահագրգիռ կողմի հիմնական փաստարկն այն է, թե իբր օրինագիծը ներքին պահանջարկի հետևանք է և պիտի բարձրացնի կրթության ընդհանուր որակը Հայաստանում։
 
Ամեն անգամ լսելով նմանատձև մարդկանց «գոհարները», ես ավելի եմ համոզվում, որ Հայաստանն օկուպացված է անգրագետ խոպանչիների կողմից։ Ո՞րն է մոնոէթնիկ ՀՀ-ում Լեզվի օրենքում փոփոխություն կատարելու ներքին պահանջարկը, բացի մի խումբ ուսխորհրդային հետամուտ ջահելների հերթական РR ակցիան։ Ժամանակին գնահատական դզելու խնդիրը նրանք լուծել են՝ բարեխիղճ ուսումը շահաբերաբար փոխարինելով «հասարակական»-կուսակցական անդուլ գործունեությամբ և հասել նախարարի պաշտոնի։ Հիմա պիտի հաջողության պատմություններ վաստակեն տերերի մոտ։
 
Հիմնավորեմ. բավական է հպանցիկ հայացք գցել փաստարկման ներկայացվող փաթեթի վրա, որպեսզի պարզ դառնա, որ այն փիղը կոճղի հետևում թաքցնելու անթաքույց ու ինքնահակասական ճիգ է։
 
Փորձում են համոզել, թե օտարալեզու դպրոցների հիմնմամբ առողջ մրցակցություն կսկսվի դրանց և հայկական դպրոցների միջև, ինչի արդյունքում կբարձրանա նաև վերջիններիս մակարդակը։ Սա բացառիկ անհեթեթություն է, որովհետև ՀՀ ամբողջ կրթական համակարգը գտնվել, գտնվում է և պիտի գտնվի պետության հոգածության ներքո։ Ասելով, թե այն մրցունակ չէ, իրենք ընդունում են, որ միշտ փաստացի խաբել են հասարակությանը, երբ ամեն անգամ ընտրությունից ընտրություն բարձագոչել են ոլորտում իբր հաջողությունների մասին։ Իսկ ասելով, թե այն մրցունակ չէ, քանի որ կրթությունն իրականացվում է հայերեն, արդեն որոշակի դիագնոզ է. սրա մասին քիչ անց։
 
Բացի այդ, օտարալեզու դպրոցներին տալով էլիտար (մեր իշխող վերնախավի տոտեմային տերմինը) կարգավիճակ, նրանք ի բնե կասեցնում են ցանկացած մրցակցություն կամ մրցունակություն։ Ավելին, եթե մեր կրթությունը մրցունակ չէ (ինչը, կրկնապես, հերթական անհեթեթությունն է), ապա դա նախևառաջ հենց կառավարության մեղքն է, որի համար պատասխանատու կառավարությունը պատասխանատվության կկանչեր ոլորտի բոլոր նախարարներին՝ 15 տարում Հայաստանում երկու սերունդ համաշխարհային մրցակցությունից դուրս թողնելու համար։
 
Ճգնում են ասել, թե գիտնականները պետք է տիրապետեն օտար լեզուների, ուստի և անհրաժեշտ են օտարալեզու դպրոցները։ Սա արդեն ոչ թե անհեթեթություն է, այլ անվարժ մտքի անմխիթար զառանցանք։ Հայաստանն այն սակավաթիվ երկրներից է, ուր դպրոցում և բուհում պարտադրաբար անցնում են երկու օտար լեզու (ընդ որում նաև ապշեցուցիչ է, որ դրանցից մեկը, չգիտես ինչու, մինչև հիմա կոչվում է ոչ թե «օտար լեզու», այլ «ռուսաց լեզու»)։ Ի՞նչն էր խանգարում մեր «մասնագետ» նախարարներին առավել խորացնել կամ առհասարակ ուշադրություն դարձնել լեզուների ուսուցմանը։ Սրա համար բոլորովին պետք չէ, որ հայ երեխաներն առավոտյան դասը սկսեն “Здравствуйте, дети”, “Садитесь, дети” և մեր քաղքենի միջավայրի համար այդքան ախորժալուր այլ բացականչությունների ներքո Երկրորդ, որտեղի՞ց հանկարծ մեր կառավարության մոտ այդքան հոգածություն գիտնականների լեզուների իմացության վերաբերյալ. նրանք ի՞նչ է, չգիտե՞ն, որ գիտական ուղով ընթացող յուրաքանչյուրի գիտելիքի մակարդակն օտար լեզուներում ստուգվում է բազմաթիվ անգամներ՝ ընդունելության քննություններ, ավարտական քննություններ, ասպիրանտուրայի ընդունելություն, ասպիրանտական մինիմումներ Եվ այս դեպքում ասել, թե մեր գիտնականները չգիտեն օտար լեզու կամ թե նրանք օտար լեզվի ուսուցման կարիք ունեն վաղ մանկությունից, անհեթեթ է, որովհետև գոնե վերջին սերնդի մեր գիտականները, որոնք բարեբախտաբար զերծ են եղել ռուսաց լեզվի բացարձակ գերիշխանությունից և ռուսալեզու միջավայրում արմատավորված արհամարհական վերաբերմունքից այլ լեզուների նկատմամբ, շատ ավելի մրցունակ են, քան խորհրդային ժամանակաշրջանի շատ ու շատ մասնագետներ։
 
Այսօր Հայաստանում տեսական գիտության մրցունակությունը, չնայած գիտության ֆինանսավորման խայտառակ պայմաններին, միևնույն է, մնում է բավականին բարձր, ԱՊՀ տարածքում Ռուսաստանից և Ուկրաինայից հետո Հայաստանն արտասահմանյան առաջատար գիտական ամսագրերում տպագրվող հոդվածների քանակով երրորդ տեղում է։ Եթե իշխանությունը մտահոգվեր գիտնականների մակարդակով, այդքան ապիկար իրեն չէր հակասի. մի կողմից` կրկնակի կրճատում են մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը, մեկը մյուսի հետևից «նախանձելի» հետևողականությամբ առաջ են քաշում բոլորին անխտիր 18 տարեկանից զորակոչելու տարաբնույթ նախագծեր, իսկ մյուս կողմից` այլ մտահոգություն չունեն, քան գիտնականների լեզվի իմացությո՞ւնը Բոլոր անհեթեթություններին մեկ առ մեկ չեմ անդրադառնա։
 
Ինչպես տեսնում եք, իրականությունն ինքն է պայթեցնում բոլոր հրամցվող «փաստարկները»։
 
Զրույցի սկզբում նշեցիք արտաքին գործոնների մասին։ Ռուսաստա՞նը նկատի ունեք։
 
Այո, իմ խորին համոզմամբ, մեր ստրկաբարո ծառաների հիմնական ոգեշնչողը և ուղղորդողը Ռուսաստանն է։ Մենք անշեղորեն վերադառնում ենք գաղութային վիճակի։ Վերջերս սրա ամենավառ ու ամենացինիկ դրսևորումն էր Ուկրաինայի տնտեսական ու քաղաքական կատարյալ բռնազավթումը երկամսյա «բլից-կրիգում»՝ շնորհիվ քաղաքական վերնախավի փոփոխության։
 
Նույնը տեղի ունեցավ Հայաստանում, ավելի դանդաղ, ուստի և պակաս նկատելի։ 98-ից խորն արմատներ ձգելով այստեղ և արմատավորելով իրենց համար միակ ընկալելի քաղաքական համակարգը՝ ավազակապետությունը, ՌԴ-ն աստիճանաբար իրագործեց Հայաստանի գաղութացման տնտեսական ծրագիրը (բնական ռեսուրսներ, գործարաններ, էներգետիկա, հիդրոհամակարգ, օգտակար հանածոներ, կապի համակարգ և այլն)՝ միաժամանակ վերահսկելով նաև դեմոգիաֆիական գաղութացումը, ինչը մտնում է վերջին փուլ։ Հիշենք 2006-ին, թե 2007-ին Պուտինի հայտնի արտահայտությունը, թե ինքն ավելին է հայերի նախագահը, քան Քոչարյանը, քանի որ իր տարածքում ավելի շատ հայ է ապրում։ Տարիների ընթացքում նրանք Հայաստանում ձևավորեցին ռուսական կայսերական կառույցների անդամ և կամակատար մանկլավիկների բանակ՝ նշանակելով նրանց մեր կառավարական հանգուցային կետերում՝ նախարարություններից մինչև ռազմական գերատեսչություններ։ Օգտագործեցին ծագումով հայ ռուսաստանյան բիզնեսմենների և քրեական տարրերի ազդեցության ամբողջ ներուժը՝ խորացնելու համար ավազակապետությունը։ Գաղութացման այս ընթացքում նրանք չխորշեցին նույնիսկ ամենաստոր մեթոդներից, իսկ առավել դաժանը, կարծում եմ, դեռ առջևում է։ Լինելով ժամանակակից աշխարհի ամենաշովինիստ կայսրություններից մեկը, չառաջարկելով «հպատակներին» և ոչ մի առաջադիմական ու լուսավորչական իդեալ, ավելին, տառապելով «աբիժնիկության» բազմադարյա բարդույթով, նրանք մինչև օրս «ի վիճակի չեղան» հասկանալու, թե ինչու պիտի այս տարածաշրջանում ապրեն ինչ-որ հայեր, ինչ-որ վրացիներ…։ «Չեն հասկանում», թե ինչու, օրինակ, Հայաստանում ռուսերենը չունի պետական լեզվի կարգավիճակ։ Անկարող են մարսել ԽՍՀՄ-ի կործանման իրական պատճառները և ուրախությամբ դա մեկնաբանում են արբանյակ երկրների դավաճանությամբ Իրենց այս ագրեսիվ կգբ-ական «անհասկացունակությունն» այժմ վեր է աճել հարձակողական քաղաքականության վերջին փուլերից մեկին՝ լեզվամշակութային գաղութացմանը։ Դրա փորձը նրանք բազմիցս կուտակել են և կիրառել անցյալում։ Բավական է միայն հիշել Գոլիցինին կամ «Հայաստան՝ առանց հայերի» նման ծրագրերը։
 
Այսօրվա Ռուսաստանն ամբողջ թափով վերականգնում է կայսրությունը։ Մեր անկախությունն օրհասական վտանգի տակ է։ Եվ ահա այս ենթատեքստում եմ ես հստակորեն տեսնում ՀՀ Լեզվի մասին օրենքում նման տխմար փաստարկումների քողի տակ իրագործվող վճռորոշ սադրիչ փոփոխությունը՝ հետագա նպատակ ունենալով ռուսերենը հռչակել ՀՀ երկրորդ պետական լեզու։ Նման երևույթ առկա է միայն գաղութային երկրներում:
 
Բայց շատ անգամ ենք դիմադրություն ցույց տվել և...
 
Այո, բայց հայկական փիլիսոփայական միտքը երբևէ չստեղծեց պայքարի տրամաբանություն, առավել ևս՝ փիլիսոփայություն։ Մեր բազմադարյա պատմության ընթացքում կիրառվել են միայն մի քանի պարզունակ սխեմաներ, որոնք էլ իրենց հերթին հաջողել են հիմնականում այն դեպքում, երբ դիմագրավել են ամբոխի, լինի դա առասպելական ճակատամարտ Բելի ամբոխի, թե Արցախյան հերոսամարտ՝ ադրբեջանական ամբոխի դեմ։ Կազմակերպված, այն էլ՝ կայսերական, բազմաճակատ ուժի դեմ, մեր կոլեկտիվ գիտակցությունը չի մշակել որևէ գործուն տարբերակ։ Դրա համար էլ կիրառվում են կամ ռեզերվացիոն կղերա-ֆեոդալական «Մեկ Ազգ, Մեկ Մշակույթ», կամ քաղքենիական (օտարամոլ), կապկող սխեմաներ։ Երկուսն էլ ռացիոնալացման, հիմնավորման խիստ արատավոր ձևերով։ Դրան էլ եթե գումարենք բազմադարյա պանդխտության հոգեբանությունը և ավանդույթ դարձած խոպանչիությունը, ամեն ինչ ընկնում է իր տեղը։
 
Այդ դեպքում ո՞րն է ելքը:
 
Ես որպես միակ, առաջնահերթ և անհետաձգելի տարբերակ տեսնում եմ իշխանափոխությունը, որովհետև մենք գործ ունենք գաղութային չինովնիկական համակարգի հետ, որը որևէ ընդհանուր բան չունի երկրի իրական խնդիրների հետ։ Դրանից հետո՝ մտավոր հեղափոխությունը։ Իսկ հեղափոխություն կարելի է անել լեզվի միջոցով (այն, ինչ այսօր անում է ՌԴ-ն Հայաստանում՝ հակադիր ուղղությամբ Եթե ընդհանուր ձևակերպենք, ապա՝ բավարար է սահմանել երևույթը և այն իրական կդառնա իր հետևանքներով։ Պարզաբանեմ։ Օրինակ, օգտագործելով «նախարար» բառը, կամա թե ակամա դրա տակ դնում ենք խոր միջնադարյան ենթատեքստ. մենք նախարարին «լեգիտիմություն» ենք տալիս լինելու ֆեոդալ։ Նա կարող է սեփական զորք ունենալ, կարող է զորք դուրս բերել այլ նախարարի դեմ, կարող է սեփականաշնորհել գավառներ, հողեր, պահել ճորտեր։ Երբ ասում ենք «ոստիկան», բերում ենք արաբական խալիֆայության կեղեքման ու հարստահարման մեքենայի ողջ սովորույթը. ոստիկանի կամայականությունն այսուհետ օրինական է։ Ասելով «պետ»` բեռնում ենք պարսկա-պահլավական նախապետական համակարգի ողջ դիկտատուրան։ Ասելով «ադաթ», ներմուծում ենք մահմեդական աշխարհի կրոնածիսական ու սոցիալական դիսկրիմինացիոն կարգը։ Կան և ավելի խոր շերտեր, մասնավորապես լեզվամտածողության հիմնական կաղապարները։ Այսօր լայն տարածում գտած ու խրախուսվող ախպերական ժարգոնի արխայիկ մտածողության կաղապարներով կառուցված հոգեբանությունն ու հարաբերությունները Հայաստանում կերտեցին ավազակապետություն։
 
Այսինքն` մենք պետք է դեռ այս բառերից ազատվենք, դրանցից ազատվելը մեզ ի՞նչ կտա։
 
Բառն է մոդելավորում աշխարհը, տալիս աշխարհի ընկալման քո պատկերը։
 
Մենք առաջին հերթին պետաիրավական համակարգում նոր հասկացութաբանության մշակման ու ներմուծման, աշխարհի «մեկնաբանման» նոր, ավելի խելամիտ ու առաջադեմ կարգի սահմանման ու հաստատման կարիքն ունենք։
 
Ստեղծելով հեղափոխության անհրաժեշտ լեզուն՝ ստեղծում ես հեղափոխությունը։ Այդ իմաստով անչափ հետաքրքիր էր 2008-ի Շարժումը և դրանում մեկ ճշգրիտ հասկացության կատարած դերը։ Լևոն Տեր-Պետրոսյանը ցույց տվեց իշխանական համակարգի բուն էությունը` «ավազակապետություն», և այդ Բառը որոշեց Շարժման ընթացքը։ Բառն այսօր քայլ առ քայլ մաշեցնում է համակարգը։ Սակայն այստեղ իմ կարծիքով բացթողում ևս եղավ՝ հակադիրը չսահմանվեց ընկալելիորեն։ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, որ ավազակապետության հակադրությունը պետք է լինի «մերիտոկրատիան», այսինքն` արժանիների, ընդ որում՝ գիտելիքներով արժանիների, իշխանությունը։ Շատ քչերը հասկացան դրա էությունը։ Բառը չընտրվեց ճիշտ, բառը չմտավ մարդկանց գիտակցություն, չհասկացվեց, ուստի չմոդելավորեց ցանկալի աշխարհը։
 
Անհրաժեշտ է անվանել ձգտելի աշխարհն ու ցանկալի համակարգը։ Ու այն աստիճանաբար իրականություն կդառնա։
 
Անկախության համար պայքա՞ր է պետք։
 
Պայքար է պետք Ազատության համար, Սիրո համար։ Սրանք համամարդկային այն արժեքներն ու հասկացություններն են, որոնք այստեղ գտնվում են դեռ սաղմնային վիճակում։ Մեզ պետք է ոչ միայն քաղաքական անկախություն, այլ դրանից առավել՝ մտավոր անկախություն։ Մեր պատմական ողջ փորձը չի արդարացրել իրեն և սպառվել է։ Մեր կենսաձևը ժամանակավրեպ է, մեր հաստատություններն՝ անկարող։ Մեզ անհրաժեշտ է նոր փիլիսոփայություն։ 
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

Lragir.am 09.07.10

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: