Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Նվիրյալի Ճակատագիր

Lragir.am 19.11.09

Հարցազրույց 92-95թթ. ռազմարդյունաբերության ոլորտի աշխատակից Ավիկ Օհանյանի հետ
 
Կպատմե՞ք, ինչպես մտաք ռազմարդյունաբերության ոլորտ:
 
92 թվականն էր.  պատերազմի թեժ տարիները: Ինձ հրավիրեցին արդեն կայացած պետական հովանավորություն ունեցող ռազմարդյուաբերության համակարգում աշխատելու: Պետք է ասեմ, որ մեզանում այդ համակարգը սկսել էր ձևավորվել 88-ին` գաղտի արտադրական խորհրդի հիման վրա, որի աշխատանքները կազմակերպում էի ես: 90-ին, երբ Վազգեն Մանուկյանը վարչապետ դարձավ, իսկ Տեր-Պետրոսյանը գերագույն խորհրդի նախագահ, մեզ հատկացվեց տարածք, որտեղ սկսեց ձևավորվել ռազմարդյունաբերության ոլորտը: 91-ից այն փաստորեն ստացավ պետական հովանավորություն և ձևավորվեց որպես ռազմարդյունաբերության համակարգ` ՌԱՀ-ը, որի նախագահը վարչապետն էր: Մինչ այդ ես մասնակցում էի Արցախյան ազատամարտին: Փաստորեն 92-ի գարնանը, կարևորելով զենք, զինամթերք արտադրելու անհրաժեշտությունը, ընդունեցի ՌԱՀ-ում աշխատելու առաջարկը: Քանի որ ոլորտը շատ հարազատ էր ինձ, ես անմիջապես ձեռնամուխ եղա դրա զարգացման գործին, այսինքն` նախ ես հասակացա, որ պետական կառույցում եմ աշխատում և քանի որ գիտակցում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով աշխատում է պետական կառույցում, մանավանդ ոլորտ է տնօրինում, պարտավոր է իր գործունեությամբ նպաստել տվյալ ոլորտի զարգացմանը, այլ ոչ թե հակառակը` անձնական կենցաղը, ինչը, ցավոք պետք է նշեմ, մինչ օրս շարունակվում է:
 
Այսինքն` այն ժամանա՞կ էլ էր գործում պաշտոնն անձնական շահին ծառայեցնելը:
 
Իհարկե, սակայն, բնականաբար, քանի որ նոր ձևավորվող երկիր էր, այն թույլ էր արտահայտված: Ներկայում մեր երկիրը “զարգացման”  նման բնույթ և ընթացք ունի:
 
Դեռ այն ժամանակ շատ լավ գիտակցում էի, որ զինամթերք արտադրող ժողովուրդը ինքնին անկախ է դառնում այն գործածելու խնդրում: Եվ այս հանգամանքը նաև պատճառ հանդիսացավ, որ ես, օգտագործելով նախկին Խորհրդային Միության տարիներին ձևավորված իմ կապերը (խորհրդային տարիներին ես աշխատանքի բերումով շատ քաղաքներում եմ եղել և փաստորեն հին կապեր ունեի), ինչպես նաև այլ նպաստավոր հանգամանքերի բերումով ես ձեռք բերեցի փամփուշտի արտադրության լիարժեք գործարան, որը 94-ի հոտեմբերին տեղափոխվեց Հայաստան եւ մի քանի ամսից սկսեց արտադրանք տալ: Ուզում եմ նորից կրկնել այն միտքը, որ իմ կողմից արված գործը ես համարում եմ արտառոց, արտառոց իր նշանակությամբ, արտառոց նաև իմ ճակատագրի վրա թողած հետևանքներով, արտառոց այս ողջ ընթացքում իմ ճակատագրի հանդեպ նախորդ և ներկայիս իշխանությունների վերաբերմունքով: Ինձ հետ կապված դեպքը փաստում է այն իրողությունը, որ մեր երկրում իշխանության կողմից չկա արժեքների հանդեպ վերաբերմունք, և այն մարդկանց հանդեպ, ովքեր արժեք ստեղծելու կարողություն ունեն:
 
Այսինքն` մեր իշխանություններն այդպես էլ չե՞ն գիտակցում ռազմարդյունաբերության զարգացման կարևորությունը:
 
Առաջին իշխանության ժամանակ պետական կառույցում կային պետական գործիչներ, ովքեր նպաստեցին, որ պետական հովանավորություն ստանա այդ ոլորտը: Այլ խնդիր է իմ անձի հանդեպ վերաբերմունքը, որը ես չեմ ընդունում: Այստեղ բացեմ չակերտները և ասեմ, որ իմ արած հայրենանվեր գործերը իմ կենցաղի, ընտանիքի վրա շատ բացասաբար են անդրադարձել (նկատի ունեմ վերցրած պարտքերը վերադարձնելու խնդիրը, ինչն արել էի այդ համակարգը ձեռք բերելու համար): Նաև դեր խաղաց այն հանգամանքը, որ ես կորցրել էի մարտական ընկերներ և մի տեսակ անհարմար էի զգում այդ ֆոնի վրա բարձրաձայնել իմ գումարային պահանջների մասին:
 
Այն, ինչ Ձեզ հաջողվեց ձեռք բերել, ամբողջովին պարտքո՞վ էր և ո՞ւմ էիք պարտք:
 
Ոչ ամբողջը: Մի մասը հատկացրել էր Դաշնակցությունը, այդ տարիների ներքին գործերի նախարարը, իսկ մնացածը ես հայթայթել էի իմ ընկերական շրջապատից: Եվ վստահ էի, որ համակարգը Հայաստան տեղափոխելուց հետո մեր պետությունը կվերադարձնի ինձ իմ արած ծախսերը: Ես պարբերաբար դիմել եմ Վազգեն Սարգսյանին` լինելով իր հետ մոտ հարաբերությունների մեջ: Նա  անընդհատ պատասխանում էր` համբերիր, կվերադարձնենք: Նրա մահվանից մի քանի շաբաթ առաջ առիթ ունեցա հանդիպելու նրա հետ: Նա կապվեց Վահան Հովհաննիսյանի հետ, և որոշեցին միասին այդ խնդիրը լուծել: Խնդրի լուծումը ընթացք ստացավ նախագահի աշխատակազմում, կազմվեց համապատասխան փաստաթղթերի փաթեթ և ուղարկվեց կառավարություն: Հենց այդ ժամանակ վարչապետը փոխվեց, Վազգեն Սարգսյանը դարձավ վարչապետ: Եվ հասկանալի պատճառով այդ խնդրի լուծումը ձգձգվեց. նկատի ունեմ նորանշանակ վարչապետի զբաղվածությունը և այլ հանգամանքեր: Եվ այդպիսով, հոկտեմբերի 27-ից հետո ես այլևս հույսս կորցրի, թե այդ խնդիրը երբևէ կլուծվի:
 
Վահան Հովհաննիսյանը մոռացե՞լ է այդ մասին, նրան չե՞ք դիմել:
 
Քանի որ ես պարբերաբար հայտնվում էի առօրեական ծանր կացության մեջ, որը կապված էր պարտքեր փակելու անհեթեթ գործընթացի հետ, իմ խնդրանքին ընդառաջ  2004-ին Վահանը դիմեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին` գումարները վերադարձնելու նպատակով: Սերժ Սարգսյանն այդ խնդրի լուծումը հանձնարարեց գեներալ Խաչատուրովին, և փաստորեն խնդրի լուծումը հայտնվեց իրավական դաշտում: Եվ պարզվեց, որ պաշտպանության գերատեսչությունը չի կարող վերադարձնել ինձ իմ արած ծախսերը, քանի որ ես չեմ ներկայացրել իրավական հիմքեր` արված ծախսերի վերաբերյալ, ինչի հետ ես համաձայն եմ: Սակայն ես, ինչպես նշեցի սկզբում, սա արտառոց դեպք էր և ոչ ստանդարտ: Հետևաբար, այս խնդիրը պետք է լուծի իշխանությունը, մանավանդ վարչապետը, քանզի երկրի ներսում ծառացած առօրյա որևէ պետական կարևորություն ունեցող խնդրի լուծման երաշխավորը վարչապետն է:
 
Դիմե՞լ եք նրան:
 
Այո, դիմել եմ: Խնդրի լուծումը նորից հանձնարարվել է պաշտպանության նախարարությանը, և այնտեղից ստացել եմ նույն պարզ, գերատեսչական չինովնիկին բնորոշ պատասխանը: Այստեղ ես ուզում եմ հայտարարել, որ բարոյական չէ ինձնից հիմքեր պահանջել ինձ վճարելու համար: Մեր իշխանությունը պարտավոր է ձև և միջոց գտնել ոչ ստանդարտ արված գործի համար ինձ վճարել ոչ ստանդարտ ձևով:
Եվ առհասարակ պետք է նշեմ, որ մեր իրականությունից բարոյականությունը դուրս է մղված: Ես նկատի ունեմ, որ  իշխանության և ժողովրդի միջև մինչ օրս  չի ձևավորված փոխշահավետ հարաբերություն, ինչը ես գտնում եմ, որ պարտադիր պետք է  շաղախված լինի նաև բարոյականությամբ:
 
Պարտքի  չափը կասե՞ք:
 
60 000 դոլար:
 
Այսինքն` չինովնիկի ավտոմեքենայի գումար է:
 
Այո: Այնքան էլ մեծ չէ, ինչը սակայն իմ կենցաղը գոնե զրոյի կբերի: Ես կարող եմ վերականգնել երեխաներիս, ընտանիքիս ապրելու վայրը, իմ միակ սեփականություն հանդիսացող կորցրած բնակարանը:

Հիմա բնակարան չունե՞ք:
 
Ոչ, վարձով եմ բնակվում:
 
Երբեւէ մտածե՞լ եք, որ չարժե հանուն պետության, հանուն հասարակության ներդնել ավելին, քան կարող ես:
 
Ես համաձայն չեմ ասվածի հետ: Ես նույնն եմ մնացել, և հատկանիշները, որ ունեմ, չեն փոխվել, և առիթի դեպքում նորից կանեմ համարժեք մի գործ, եթե այն նպաստում է իմ երկրի հզորացմանը և զարգացմանը: Բայց շուրջս իմ ընկերները, քաջատեղյակ լինելով իմ հետ կատարվածից, կարծիք են հայտնում, որ ես իզուր եմ արել: Եվ առհասարակ երկրի համար անձնական շահից դուրս բարձրանալը առաջացնում է նման մթնոլորտ: Թող բոլոր իշխանավորները, պատասխանատուները հասկանան, որ ես գործարք չեմ արել պետության հետ փող աշխատելու նպատակով, այլ որոշել եմ զարգացնել այն ոլորտը, որը տնօրինում էի այն տարիներին, և դա ինձ մոտ ստացվել է:
 
Ձեզ փաստորեն լավ գիտեն երեք նախագահներն էլ, և նրանցից ոչ մեկը լրջորեն չի զբաղվել և չի զբաղվում այս գործով:
 
Փաստորեն այդպես է ստացվում:
 
Ձեր կարծիքով, մեզ մոտ ռազմարդյունաբերությունը զարգացման ո՞ր մակարդակում է:
 
ՌԱՀ-ը` որպես ոլորտ, մեծ կարևորություն ունի մեր կարգավիճակն ունեցող երկրի համար և առհասարակ տնտեսության զարգացման համար: Եվ իմ կարծիքով պետք է ամեն ինչ անել, որպեսզի ՌԱՀ-ը զարգանա: Առկա են այսօր արված գործեր` արտադրատեսակներ, որոնք կարող են մտնել մասսայական արտադրություն: Այս մասին տեղյակ է մեր իշխանությունը: Ակնկալում եմ, որ մեր պետական այրերն ի վերջո կգիտակցեն այս խնդրի կարևորությունը:
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ
 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: