Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյան. «...Լուրջ Խմորումներ Են Ընթանում»

- «Միացում» նախաձեռնությունը մոտ մեկ տասնյակ միջոցառումներ է անցկացրել: Ինչպե՞ս եք գնահատում հասարակության արձագանքները` «Ոչ մի թիզ հող» միջոցառումներին:

- Իհարկե, մեր միջոցառումները ըստ մեր ծրագրի չեն ընթանում. դրանց մի մասն իրագործվել է, մի մասը` ոչ: Ինչ վերաբերում է իմ տպավորություններին` մեր ժողովրդի մի զգալի մասը առհասարակ տեղյակ չի, թե ինչ է նշանակում «փոխզիջում» եւ ինչ է նկատի առնվում դրա տակ: Երբ մենք տեղեկացնում ենք, եւ մարդիկ քարտեզի վրա տեսնում են, թե ինչպիսի զիջումների մասին է խոսքը, ապշում են եւ փաստը գնահատում են որպես դավաճանական քայլ:

 - Ասացիք, որ շատերը տեղեկացված չեն: Ձեր միջոցառումներին մարդկանց պասիվ մասնակցությունը դրա հե՞տ եք կապում:

- Միջոցառումները կազմակերպելիս անհրաժեշտ իրազեկում չի եղել, քանի որ փորձել ենք սահմանափակվել մեկ դահլիճի չափ ժողովրդով: Իսկ վերջին պահին իրենք (իշխանությունները.- խմբ.) ոչ միայն դահլիճն են փակել, այլեւ այդ ամբողջ ժողովրդին զոռով` գիտեք, թե ինչ միջոցների են դիմում, հեռացրել են: Այսինքն` տակավին չենք կարող ասել, որ մարդիկ քիչ կամ շատ են: Ժամանակը ցույց կտա: Իսկ եթե նույնիսկ եկող օրերին մենք քիչ բազմության առաջ հայտնվենք, դա մեզ չի հուսահատեցնելու. մենք գիտակցում ենք, որ բոլոր մեծ գործերի սկիզբը դժվար է լինում:

- Այսինքն, Ձեր տպավորությամբ` մարդկանց հարցը հետաքրքրում է, եթե նրանք ինֆորմացվում են:

 - Այո, երբ իմանում են ինչի մասին է խոսքը, իրենց ամենօրյա հոգսերից վեր են նայում: Ովքեր կարծում են, թե ժողովրդին սոցիալապես խեղճացնելով կարողանալու են հող զիջել հակառակորդին, իսկ ժողովուրդը չի ընդվզելու իր վիճակի պատճառով, չարաչար սխալվում են:

 - Ընդդիմության թայմ-աութը դեռեւս շարունակվում է, Դուք էլ` Հայ Ազգային Կոնգրեսի անդամ եք: Արդյո՞ք Կոնգրեսի ընտրած մարտավարությանը դեմ չեն այս միջոցառումները:

 - Բոլորովին այդպես չէ, որովհետեւ Կոնգրեսի ներսում Արցախյան հարցի հետ կապված միանշանակ կարծիք չկա: Այս մասին մենք խոսել ենք, եւ վերջերս էլ ՀԱԿ կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանն ասաց մի ասուլիսի ընթացքում: Ոչ ոք իրավունք չունի Կոնգրեսի անունից ինչ-որ կեցվածք ճշտելու` Արցախի հետ կապված: Մենք ունենք մեր կարծիքը եւ այս հարցում ունենք մեր մարտավարությունը: Այստեղ հակառակվելու կամ դեմ գնալու խնդիր չեմ տեսնում: Շատ նորմալ է. պիտի նա էլ լինի, սա էլ լինի: Այսօր այս հարցի հետ կապված չենք պատրաստվում բանավեճ սկսել, քանի որ այս բռնատիրական ռեժիմի օրոք բանավեճը անիմաստ է: Մեր բարեկիրթ բանավեճը կանենք միայն իշխանափոխությունից հետո:

 - Գործող նախագահը հանդիպեց կուսակցություններին` Ղարաբաղի հարցի կարգավորման ներկա փուլի մանրամասներին տեղեկացնելու համար: Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը:

 - Հերթական ձախողված շոուն էր: Ո՞վ չգիտի, որ հիսուն կուսակցություն չկա, թեկուզ` գրանցված են: Ո՞վ չգիտի, որ ներկաները հիմնականում այնպիսի մարդիկ են, որոնք գտնվում են իշխանության գրպանում` բացառությամբ «Ժառանգության» եւ մեկ-երկու անձնավորության: Մնացած բոլորը իրենց կամակատարներն են: Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը` ենթադրում էի, որ Ս.Սարգսյանը պետք է փակագծերը բացեր` արդեն ուղղակի պետք է տեղեկացներ քայլերի մասին` ըստ հեթականության: Որքան ես եմ տեղեկացված` դա չի արել, բայց ենթատեքստում այդ միտքը եղել է: Հանդիպումից հետո, սակայն, նրա օգնական կամակատարներից մեկի միջոցով տեղեկացանք, որ այդ ամենը ապագայում արվելու է: «Կենտրոն» հեռուստաընկերության եթերով Արթուր Բաղդասարյան անվտանգության քարտուղար կոչեցյալը առաջինը բարձրաձայնեց Լաչինի միջանցքի մասին: Այսինքն` եկող օրերին իշխանամերձ շրջանակներից կսկսվի քարոզչական աշխատանք, այսպես ասած, իրենց խելքով լվանալու մեր ժողովրդի ուղեղը, թե սա է ճիշտը, պետք է զիջել եւ այլն: Միաժամանակ համոզված եմ, որ իրենց քարոզչական փորձերը արդյունք չեն տալու:

 - Իսկ ինչպե՞ս եք գնահատում Ղարաբաղի ղեկավարության պահվածքը. Սերժիկ Սարգսյանը ստորագրեց հռչակագիր` առանց իրենց, իսկ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դրանից անմիջապես հետո այցելեց ազատագրված տարածքներ եւ ասաց, թե կոնկրետ երկու շրջանների` Քելբաջարի եւ Լաչինի վերաբերյալ զարգացման ծրագիր կա:

 - Դա նույնպես դիտում եմ Ս.Սարգսյանի շոուի մաս: Բակո Սահակյանը գնաց Քաշաթաղի (Լաչինի) շրջան եւ Քարվաճառ (Քելբաջար): Նա չիջավ դեպի հարավ, որտեղ նույնպես կան բնակիչներ: Շատ հետաքրքիր է, թե ինչու դեպի հարավ չիջավ: Այսինքն, իմ կարծիքով` այսօրվա դրությամբ Ս.Սարգսյանը բանակցությունների ընթացքում փորձում է` բացի Լաչինից, խնդրել եւ Քարվաճառը: Այս մարտավարությունն է ընտրել: Ըստ իս` Բակո Սահակյանը որեւէ քայլ չի անում առանց Ս.Սարգսյանի հետ համաձայնեցնելու: Այդպես եղել է, այդպես էլ կմնա: Բայց Արցախում այս օրերին բոլորովին ուրիշ իրավիճակ է` Մայնդորֆյան հռչակագրից եւ ի մասնավորի` Սարգսյանի եւ Մինսկի խմբի համանախագահների` Ստեփանակերտ այցելություններից հետո: Մինչեւ վերջերս ռեժիմին հաջողվել էր ապատեղեկացնել Արցախի բնակչությանը, թե` մի մտահոգվեք, Քոչարյանն ու Սարգսյանը հող հանձնողը չեն, խաղեր են տալիս: Այսօր արդեն ժողովրդին ամեն ինչ պարզ է եւ ժողովրդի մեջ շատ լուրջ խմորումներ են ընթանում: Նույնիսկ կարելի է ասել` մարդիկ խուճապի մեջ են, եւ օր օրի խուճապը կարծես ավելի շատ միտում ունի ընդվզման: Արցախում բնակչության զգալի մասը, սպայական միջին եւ կրտսեր մասը չեն պատկերացնում, որ հնարավոր է որեւէ թիզ զիջել հակառակորդին: Մենք կապի մեջ ենք Արցախի մեր եղբայրների հետ եւ տիրապետում ենք այնտեղի իրավիճակին: Գնալով կապերը ընդլայնվելու են: Ապագայում սպասվում է մեր այցը Արցախ եւ շփումը ժողովրդի հետ: Երբ այստեղ, փողոցով քայլելիս բացականչում ենք` «Միացում», խոսում ենք Արցախի բնակչության սրտից: Ի դեպ, այդ բացականչությունները հասել են Արցախ եւ շատերի մոտ լուրջ հուզումներ առաջացրել` դրական իմաստով:

Կարինե Հարությունյան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: