Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Համաժողովրդական շարժումն իր նպատակին չհասավ
Հարցազրույց «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի հետ

Cdaily.am 19.11.09

Հարցազրույց "Ազատագրված տարածքների պաշտպանության" կոմիտեի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի հետ 

-Պարոն Սեֆիլյան, Լևոն Տեր Պետրոսյանը օրերս ելույթ ունեցավ և պահանջատիրության և "ոչ մի թիզ հող" գաղափարախոսություն կրող քաղաքական ուժերին անվանեց իռացիոնալ ուժեր, իսկ գաղափարները՝ կեղծ կատեգորիա։ Ձեր՝ որպես ազգային գաղափարախոսության կրողի դիտարկումները։

-Մենք այդ կապակցությամբ տարարծել ենք հայտարարություն, որով վերահաստատել ենք մեր դիրքորոշումը։ Հայտարարությունն ուղված է մեր ժողովրդին, որով բացատրում և ապացուցում ենք, որ ճշմարիտ ուղին հենց ազգային գաղափարը պաշտպանելն է, ոչ թե հակառակը։ Մենք համարում ենք, որ ցանկացած զիջում Հայաստանի համար ստեղծելու է կործանարար իրադրություն։ Հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր տարակարծությունը ՀԱԿ-ի հետ։ 

-Ունենալով գաղափարական լուրջ տարաձայնություններ, դժվա՞ր չէ մնալ ՀԱԿ-ի կազմում։

-Մենք աջակցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանին նախընտրական օրերին և դարձել ենք Համաժողովրդական շարժման մասը բոլորիս հայտնի պատճառով։ Մենք Կոնգրեսը երբեք միաձույլ մարմին չենք գնահատել, այլ այդ դաշտը համարել ենք այն տեղը, որտեղ ամենաանկեղծ ձևով փորձել ենք պայքարել բռնատիրական ռեժիմի դեմ։ Նոյեմբերի 11-ի ՀԱԿ-ի ակտիվի նիստում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ես գնահատում եմ որպես շեղում համաժողովրդական շարժման սկզբունքներից։ Ուստի նրանք, ովքեր համամիտ են այդ ելույթի բովանդակությանը, ճիշտ կլինի, որ լքեն Համաժողովրդական շարժման դաշտը։ Ես կրկին հավաստում եմ, որ հայ կամավորականների համախմբումը հավատարիմ է մնում Համաժողովրդական շարժման սկզբունքներին։ Շարժման արդյունքնում տասնյակհազարավոր հայ քաղաքացիների ձևավորած միակամությունը մենք երբեք չենք խաթարելու։ Մենք եղել ենք դիմադրող ժողովրդի կողքին և մնալու ենք մինչև վերջ։ Համաժողովրդական շարժման դաշտը որևէ մեկի մենաշնորհը չէ, մենք այդ դաշտից երբեք դուրս չենք գալու։ 

-Ինչպե՞ս եք գնահտում արտաքին քաղաքականության ոլորտում ՀԱԿ-ի դիրքորոշումը և նրա աջակցությունը իշխանություններին։

-Մենք, մեծ հաշվով, կողմնակից ենք անցնցում բարեփոխումներին, սակայն դրանք ցանկություններ են, որոնք կարծում եմ՝ բռնատիրական ռեժիմներ տապալելու միջոցներ չեն։ 

-Ըստ Ձեզ, ինչով է պայմանավորված ՀԱԿ-ի պասիվությունը ներքին քաղաքական կյանքում։

-Պատճառները շատ են, օրինակ՝ մարտական ուղին, որն ընտրվեց մարտի 1-ից հետո։ Եթե ես հիմա սկսեմ պատճառները թվարկել, շատ երկար կտևի։ Միայն ասեմ, որ, ըստ էության, մենք երբեք չենք կիսել մարտի 1-ից հետո որդեգրած նրա մարտավարական ուղին։ Մենք կողմնակից ենք եղել ավելի վճռական գործողությունների, որոնք, իհարկե, տեղավորվում են ժողովրդավարական փիլիսոփայության մեջ։ Սակայն մեր առաջարկությունները միշտ մնացել են օդում։ 

-Եթե Ձեր և ՀԱԿ-ի գաղափարները չեն համընկնում ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականության հարցում, ապա ի՞նչն է Ձեզ ստիպում շարունակել մնալ ՀԱԿ-ի կազմում։

-Համաժողովրդական շարժումն ունեցել է որոշակի սկզբունքներ, և այդ սկզբունքների շուրջ ենք մենք համախմբվել։ Եթե մենք այսօր ասում ենք, որ տեղի է ունեցել սկզբունքների խախտում, ապա թող բարի լինեն նրանք, ովքեր կողմնակից են այդ սկզբունքների խախտմանը, լքել դաշտը։ Մենք այդ դաշտը լքողը չենք։ 

-Բայց Ձեր մատնանշած մարդիկ նույնպես չեն լքելու դաշտը...

-Այդ դեպքում պիտի փորձենք առաջ շարժվել համագործակցելու ճանապարհով։ Սակայն մենք, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախաձեռնել ենք "Սարդարապատ" շարժումը և ձեռքներս ծալած չենք նստելու, այլ աշխատելու ենք կայացնել այդ շարժումը։ Այն տակավին դեռ չի հռչակվել, այն դեռ կազմավորման ընթացքում է։ Իմ պատկերացմամբ՝ շարժման քաղաքական օղակը ձևավորելուց հետո մեր ժողովրդին առաջնորդելու հայտ ենք ներկայացնելու։ Այս դեպքն առաջինն է, որ իմ նման մարդը կամ մեր տեսակի մարդը հավակնում է ժողովրդին առաջնորդել։ Մենք մինչ օրս եղել ենք աջակցողի դերում, սակայն կարծես եկել է ժամանակը, որ մենք դառնանք արդեն առաջնորդող։ Ես միայն իմ անձի մասին չեմ խոսում, այլ օրինակ եմ ասում։ Ես համոզված եմ, որ մեզ հաջողվելու է ձևավորել մարդկանց մի խումբ, որոնց միջոցով կկարողանանք հասարակության մեջ նորից հույս առաջացնել և մոբիլիզացնել հասարակությանը բռնապետական ռեժիմի դեմ ։ 

-Դուք նաև "Միացում" շարժման նախաձեռնողներից եք, ինչո՞ւ եք նորից նախաձեռնում "Սարդարապատ" շարժումը։ Միացումն իրեն չարդարացրե՞ց։

-"Միացումը" հստակ ստեղծվեց մի քանի գաղափար շրջանառության մեջ դնելու համար։ "Միացում" նախաձեռնությունը խնդիր չի ունեցել իր ուսերին վերցնել զանգվածային միջոցառումներ կամ իշխանափոխության գործընթաց։ Ի տարբերություն "Միացման"՝ "Սարդարապատը" գլխավորապես նպատակ ունի իրականացնել իշխանափոխություն և առաջնորդել հասարակությանը։ 

-"Սարդարապատի" ձևավորման անհրաժեշտությունն արդյոք նշանակո՞ւմ է, որ ՀԱԿ-ն այլևս հասարակական շարժման առաջնորդը չէ։

-Գիտեք, կարևորը այդ խնդիրն իրականացնելն է, և ՀԱԿ-ի ու "Սարդարապատի" միջև պետք չէ հակասություններ փնտրել։ "Սարդարապատը" չի ձևավորվում հայ-թուրքական վտանգով լի հարաբերությունները կանխելու կամ արցախյան ճակատում զիջումները բացառելու  համար, քանի որ սրանք ընդամենը հետևանքներն են մեր երկրի ներսում իշխող բարքերի, անօրինության, այլասերման, այլանդակության, անբարոյականության։ Սրանք այս ամենի հետևանքներն են, և մենք չենք պատրաստվում վազել հետևանքների հետևից, այլ պատրաստվում ենք մաքրել ներսը։ Սա է պատճառը, որ այսօր առաջ է եկել  "Սարդարապատ" շարժման հրամայականը։ 

-Արդյոք իրատեսակա՞ն է Մարտի 1-ից հետո հեղափոխական ճանապարհով իշխանափոխություն իրականացնելը։

-Ժողովուրդն իրավունք ունի իր խոսքն ասելու։ ժողովուրդն իրավունք ունի իշխանություններին իր կամքը պարտադրել։ Իշխանությունը պատկանում է ժողովրդին, այսինքն` այն օրը, երբ ընդդիմության ղեկավարությունը կարողանա ճիշտ մոբիլիզացնել և հստակ ներկայացնել ապագա Հայաստանի իր պատկերացումները, համոզված եմ, որ մեր ժողովսւրդը իր վճռական կամքը կդրսևորի և կտապալի ռեժիմը։ 

-Ե՞րբ է "Սարդարապատը" մտնելու քաղաքական ասպարեզ։

-Առայժմ աշխատում ենք պլատֆորմի վրա։ Ի տարբերություն Համաժողովրդական շարժման, որը հիմնվում է երկրում սահմանադրական կարգ հաստատելու, մեր կարծիքով վերահաստատելու անհրաժեշտություն կա։ Ինչո՞ւ վերահաստատելու, քանի որ այս տասնութ տարիների ընթացքում երբեք էլ չի գործել Սահմանադրությունը։ "Սարդարապատը" հասարակությանը հստակ ցույց է տալու ապագա Հայաստանի մեր պատկերացումները։ Հստակեցնելու ենք սոցիալական, օրինական պետության, ղարաբաղյան, հայ-թուրքական հարցերի մեր պատկերացումները, ու այդ գաղափարի շուրջ կայացնելու ենք շարժումը։ Շարժումը չի լինելու համախմբում անհատների շուրջ, այլ լինելու է համախմբում հստակ գաղափարների շուրջ։ Ընթացքի մեջ է "Սարդարապատ" կոմիտեի ձևավորման աշխատանքը։ Այս երկու աշխատանքներն ավարտելուց հետո, մոտ ապագայում կկազմակերպեմ շարժման հռչակման միջոցառումը։ 

-"Սարդարապատի" ձևավորումն արդյոք չի խորհրդանշո՞ւմ Ձեր դուրս գալը ՀԱԿ-ից։

-"Սարդարապատը" ծնվում է, քանի որ Համաժողովրդական շարժումը, ըստ էության, իր նպատակին չհասավ։ Մենք չենք պատրաստվում ձեռքերներս ծալած նստել և սպասել հինգ-տասը տարի, մենք նախաձեռնում ենք նոր որակի շարժում։ 

Արփի Մախսուդյան 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: