Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Գիտակցված Դավաճանում են

 

Հարցազրույց Ժիրայր Սեֆիլյանի հետ

- Պարոն Սեֆիլյան, Սերժ Սարգսյանի եւ Էրդողանի նախօրեի վաշինգտոնյան հանդիպման մանրամասները Հայաստանում գաղտնի են պահվում: Սակայն թուրքական կողմը` մասնավորապես Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր պատասխանելով «APA»-ի լրագրողի այն հարցին, թե անդրադարձ եղե՞լ է Ադրբեջանին եւ հատկապես ԼՂ հակամարտությանը, պատասխանել է` «ինչպես միշտ այդ հարցը գլխավորն էր»: Մինչդեռ մինչեւ Վաշինգտոն մեկնելը եւ հենց մեկնելու օրը Սերժ Սարգսյանը վստահեցնում էր, որ Ղարաբաղի հետ կապված որեւէ հարց չի քննարկվելու այդ հանդիպման ժամանակ: Ինչպե՞ս սա կմեկնաբանեք:

- Կարծում եմ, որ բոլորիս համար պարզ է, որ թուրքական կողմը միշտ արծարծել է Ղարաբաղի հարցը: Նրանք չեն բավարարվում թուրքամետ արձանագրություններ վավերացնելով, այլ օգտվելով առիթից, որ Արեւմուտքի համար այս օրերին շատ կարեւոր, մեծ նշանակություն ունի Թուրքիա-Հայաստան, այսպես ասած, եղբայրության խնդիրը լուծելը եւ այդկերպ դեպի Միջին Ասիա ցամաքային ճանապարհ ապահովելը, թուրքական կողմը ուզում է հայկական կողմից կորզել այնպիսի մի բան, որ դրանից հետո հայկական գործոնը այլեւս վերանա: Դա իմ համոզմամբ ազատագրված տարածքներն են: Հակառակ հայկական կողմի մերժմանը, թուրքերը շարունակում են եւ շարունակելու են աշխատել այդ տարածքները կորզելու ուղղությամբ, որովհետեւ շատ լավ գիտակցում են ազատագրված տարածքների նշանակությունը: Ի տարբերություն մեր քաղաքական շատ գործիչների, թուրքական կողմը շատ լավ է պատկերացնում, որ առանց ազատագրված տարածքների ոչ միայն Ղարաբաղն է հայաթափվելու, այլ ամբողջ Հայաստանն է քարտեզի վրայից վերանալու: Ուստի իրենք այս առիթը չեն ուզում բաց թողնել ու անպայման ուզում են հայկական կողմին պարտադրել տարածքների վերադարձ:

- Այսինքն, ըստ Ձեզ, այնուամենայնիվ, վաշինգտոնյան հանդիպման ժամանակ քննարկվել է Ղարաբաղի հարցը:

- Ես համոզված եմ, որ դա քննարկվել է, եւ թուրքական կողմը դա չի թաքցնում, ամեն ինչ հստակ է:

- Իսկ ինչո՞ւ է հայկական կողմը թաքցնում մանրամասները:

- Հայկական կողմը նոր չէ, որ թաքցրել է: Եթե նկատել եք, այս 10-12 տարի է այդ բոլոր բանակցությունների առանցքային մտքերը միշտ թաքցվել են, եւ այդ ինֆորմացիան մենք միշտ օտարից ենք լսել, ոչ միայն թուրքական կամ ադրբեջանական կողմից, այլ նաեւ Մինսկի խմբի տարբեր գործիչներ են այդ «ուտեչկան» կազմակերպել: Եթե փորձենք հապճեպ պատասխանել, ենթադրությունը հետեւյալն է` որովհետեւ նրանք գիտակցում են, որ դավաճանական ընթացքի մեջ են, առհասարակ բանակցային սեղանի շուրջ ինչ սկզբունքով որ նստել են, դրանք հակահայ սկզբունքներ են: Գիտակցելով դա` իրենք նաեւ իներցիայով միշտ փորձում են չխոսել բանակցությունների ընթացքի մասին:

- Պարոն Սեֆիլյան, արդյո՞ք այդ լռությունն է պատճառը, որ հանրության մեջ Ղարաբաղի հետ կապված անհանգստություն կա: Մասնավորապես, վերջերս բավականին ոչ միանշանակ ընդունվեցին սիրիական «Al Watan» թերթին Սերժ Սարգսյանի տված հարցազրույցի որոշ դրույթներ:    

- Ես կարծում եմ, որ Հայաստանում քաղաքական դաշտը արդեն երկար տարիներ է կապ չունի մեր ժողովրդի, մեր հասարակության հետ: Այսինքն, տարածքները հանձնելու վերաբերյալ հայտարարություններից հետո համապատասխան ռեակցիա քաղաքական դաշտից ակնկալելու կարիք չկա, որովհետեւ, ինչպես ասացի, վաղուց քաղաքական դաշտը կտրվել է հայկական իրականությունից: Ուստի ինձ համար զարմանալի չէ, որ բոլորը հիմնականում համակերպվում են այդ զիջողական մտքերին (անշուշտ բացառությունները հարգելով): Սակայն սա չի նշանակում, որ հայ ժողովրդի մոտ հակազդելու ներուժը վերացել է: Այդպես չէ: Ես կարծում եմ, որ այդ ներուժը կա եւ հենց դա է պատճառը, որ սերժսարգսյանները վախենում են, խուսափում են տարածքները վերադարձնելու հետ կապված որեւէ մի լուրջ փաստաթղթի տակ ստորագրելու հանգամանքից` շատ լավ գիտակցելով, որ տակավին Արցախում եւ ՀՀ-ում կան հազարավոր մարդիկ, որոնք պատրաստ են ընդվզելու:

- Վերջերս ակտիվորեն քննարկվում է պատերազմի հավանականությունը: Ընդդիմությունը հայտարարեց, որ պատերազմի վտանգ չկա եւ այդ լուրերը զուտ իմիտացիա են` տարածված իշխանությունների կողմից` հասարակությանը կարեւոր խնդիրներից շեղելու համար: Դուք ի՞նչ եք կարծում, կա՞ պատերազմի վտանգ:

- Որ իշխանությունների կողմից պարբերաբար ինչ-որ մտքեր են մոգոնվում շեղելու մեր ժողովրդին գլխավոր խնդրից, դա փաստ է, սակայն ովքեր որ կարծում են հայ-թուրքական հարաբերությունների նախաձեռնողը Սերժ Սարգսյանն է, դա մեղմ ասած միամտություն է: Սա ընդամենը գերտերությունների, մասնավորապես` ԱՄՆ-ի կողմից ստեղծված մի պրոցես է, Մեծ Միջին Արեւելքի ծրագրի եւ Միջին Ասիան ընդգրկող ռեգիոնալ ծրագրի, որի ընդամենը մի փոքր խճանկարն են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները: Այս իմաստով` այնպես չէ, որ իշխանություններն են մտածել եւ գտել մի արտաքին շեղման միջոց: Ես այդ կարծիքին չեմ: Բայց իրենք պարբերաբար փորձում են այդպիսի անհաջող փորձեր կատարել: Հայաստան-Ադրբեջան պատերազմ` միայն այդ սահմանափակումով, ես այդպիսի պատերազմ մոտ ժամանակներում  չեմ տեսնում:

- Պարոն Սեֆիլյան, արդեն երկու տարի է անցել Սերժ Սարգսյանի երդմնակալությունից: Ինչպե՞ս եք գնահատում այդ երկու տարիները:

- Ես կարծում եմ, որ դասական իմաստով բռնատերի համբավ ունեցող գործիչ լինելը նա ընդգծեց: Անշուշտ, մերօրյա բռնատերերը տարբերվում են, ամեն մի բռնատեր տարբեր է իր ժամանակի մեջ: Հիմա իբրեւ թե ժողովրդավարություն է, իբրեւ թե ազատ խոսք, մամուլ կա, բայց, ըստ էության, համակարգը բռնատիրական է: Նրանք օր օրի ավելի հալածելու են իրենց քաղաքական հակառակորդներին, ով համարձակվի խոսքից գործի անցնել, նրանք անպայման ճնշելու են, բիրտ ուժի են դիմելու եւ, կարծում եմ, այս նույն ընթացքը նա շարունակելու է, ես դրա մեջ տարօրինակ բան չեմ տեսնում: Պարզապես խնդիրը ես ընդդիմության դաշտի մեջ եմ տեսնում: Այնպես չէ, որ Սերժենց համակարգը հզոր է: Նրանք շատ թույլ են: Ամբողջ խնդիրը ընդդիմության դաշտում վճռականության պակասն է, որը մեզ թույլ չի տալիս այդ թույլ համակարգին փլուզելը: Անշուշտ, արդյունքը նրանց տապալումը պետք է լինի: Վնասը մեզ այն է, որ մեր երկիրը օր օրի հյուծվում է, այս արտագաղթը, որ կա, սա է մեր խնդիրը: Ժամանակը մեր օգտին չի աշխատում: Այսօրվա ընդդիմության տակտիկան, եթե կարճ փորձեի բնութագրել, այսպես կասեի` նստել թախտին, սպասել բախտին: Եվ ասել, որ ժամանակը մեր օգտին է աշխատում, դա ուղղակի անհեթեթություն է: Ուզում եմ ասել` խնդիրը մեր մեջ է, իշխող համակարգը վաղուց պատրաստ է հանձնվելու, որեւէ ժամանակ, որ ժողովուրդը մի քիչ կամք դրսեւորեց, նրանք պատրաստ են զիջելու իրենց տեղը, նրանք պատրաստ են փախչելու մեր երկրից, չկասկածեք:

armtimes.com 14.04.10                                                                                          Սյուզաննա Պողոսյան

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: