Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Ժիրայր Սեֆիլյան. Գլխավոր թերությունը Ջավախքում հայերի պառակտվածությունն է

bagin.info 12/02/09

Վերջին ժամանակահատվածում հայության մի ստվար զանգվածին մտահոգող հիմնական ու գլխավոր հարցը ջավախահայության խնդիրն ու Սամցե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանում հայ գործիչների ձերբակալություններն են: Փաստորեն կամաց-կամաց ձևավորվում է կարծիք, որ այս կերպ վրացական իշխանությունները ցանկանում են Սամցե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանը որպես գործիք տեսնել ընդդեմ Հայաստանի: Այն, որ մի քանի որ առաջ ձերբակալվեց Ախալցխայում գործող մեկ այլ հայ ակտիվիստ, տասնյակների տներում կատարվում են խուզարկություններ ու շատերի հասարակական գործունեությունը կասեցվում է` ենթադրում է այն փաստի մասին, որ կատարվածը (որ հաստատ շարունակություն կունենա) սոսկ ջավախահայերին վախեցնելու նպատակ չի հետապնդում: Երևի այս հարցի շուրջ էլ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ կստանձնեն դիտորդի կարգավիճակն ու կլռեն: Սակայն անգամ Հայաստանի խոսելու դեպքում էլ որոշիչը պետք է լինի ջավախահայության ձայնը, որ դեռևս չի լսվում: BAGIN ԼԿ զրուցակից՝ «Հայ Կամավորականների Համախմբում» և «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող, Արցախյան պատերազմի տարիներին Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, առաջին աստիճանի «Մարտական Խաչ» շքանշանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի  կարծիքով Սամցխե-Ջավախք-Ծալկան պետք է դառնա միասնական, հզոր միավոր, որպեսզի կարողանա դիմագրավել փորձություններին ու շարունակել ամուր կանգնել իր դիրքերում:  

Այն ինչ այսօր կատարվում է Ջավախքում, մեզ համար նորություն չէ: Հալածանքները սկսվել են մի քանի տարի առաջ: Հալածանքների գլխավոր խթանը ոչ թե Թբիլիսիի այսօրվա հիստերիկ ռեժիմի որոշման արդյունք է, այլ երևանյան ապօրինի, հակահայ ռեժիմի դավադիր գործարքի հետևանք: Երևանը դա անում է Արևմուտքի շուն հանդիսացող Վրաստանին հաճոյանալու համար, ինչ-ինչ ակնկալիքների նպատակով: Ամբողջ չարիքի արմատը պետք է փնտրել Երևանում: Վրացական ռեժիմից լավ բան սպասելը կարծում եմ ծայրաստիճան միամտություն է: Մեր գլխավոր խնդիրը ոչ միայն Ջավախքում Սահակաշվիլու ռեժիմին հակահարված տալն է, այլ պետք է ունենալ Երևանում այնպիսի իշխանություն, որը դեմ չլինի Հայոց պետականությանը: Ցավոք այսօր պետություն չունենք

BAGIN ԼԿ. Ասացիք պայքար Սահակաշվիլու ռեժիմի դեմ: Ինչպիսի՞ մեխանիզմներ եք առաջարկում: 

Այդ պայքարում հայության թերությունը Ջավախքում եղել է հայերի պառակտվածությունը: Այս իմաստով դրական քայլեր սկսեցին կատարել «Միասնական Ջավախք» կազմակերպության անդամները: Եվ մենք տեսանք բավականին լուրջ, առողջ քայլեր: Նոր սերունդը, երիտասարդները գնահատելով նախորդ սերունդների սխալները անցան գործնական քայլերի: Պատահական չէ, որ նախ կազմակերպությունն անվանվեց «Միասնական Ջավախք»։ Նպատակն այն էր, որ ջավախքահայությունը հանդես գար մեկ ճակատով: Բնական է, որ Թբիլիսին պետք է հակաքայլեր իրականացներ այդ երիտասարդ տղաների գործողությունների դեմ: Գուրգուրանքի, աջակցության փոխարեն Երևանը ճիշտ հակառակ կերպ գործեց, «Միասնական Ջավախք» կազմակերպության ղեկավարներին վտարեց Հայաստանից և միայն դրանից հետո վրացական իշխանություները համարձակվեցին իրենց գործողություններում ավելի ակտիվանալ ու տղաներին հալածել: Առաջին հերթին Ջավախքում հայությունը պետք է հնարավորինս կազմակերպված հանդես գա: Դեռևս ուշ չէ: Այսօր հակառակորդն անցել է հարձակման բոլոր ճակատներով: Մենք էլ պետք է համապատասխան հակահարված հասցնենք: Եվ այդ պայքարում մեր գլխավոր կռվանը մեր միասնականությունն է: 

BAGIN ԼԿ.  Չե՞ք կարծում, որ Ջավախքի խնդրով առաջնահերթ պետք է մտահոգվեն Արտաքին գործերի և նորաստեղծ Սփյուռքի նախարարությունները: Մինչդեռ նրանց մոտ այդ մտահոգությունը բացակայում է: 

Ամբողջ խնդիրը ոչ թե այդ նախարարությունների արած-չարածի մեջ է, այլ այս ռեժիմի: Հնարավոր չէ ունենալ բռնատիրական ռեժիմի ներսում առողջ նախարարություններ: Ուստի այս մասին խոսելն անիմաստ է: Մինչև ռեժիմը չհեռանա, չի կարելի որևէ լավ բան ակնկալել:  

BAGIN ԼԿ. Վերջին ձերբակալություններից հետո շատերը տեսակետ հայտնեցին, որ Ջավախքի հարցում լուրջ դերակատարություն կարող են ունենալ ավանդական կուսակցություններն ու Սփյուռքի խոշոր հասարակական կազմակերպությունները: Հնարավո՞ր է վերջիններիս միջոցով խնդրի լուծման ուղիներ գտնել: 

Մենք շատ բան կարող ենք անել: Սակայն ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում առկա է պառակտվածության մթնոլորտ: Այսօր արտերկրի հայությունից որևէ ակնկալիք, աջակցություն սպասելը անիմաստ է: Այն, որ արտերկրի հայությունն ունի մեծ ներուժ` փաստ է, և որ նա կարող է և ի զորու է շատ լուրջ օժանդակություն ցուցաբերելու, ակնհայտ է: Սակայն արտերկրի հայության պառակտվածությունը որպես հիվանդություն կբուժվի այն ժամանակ, երբ Հայաստանում ունենանք պետություն, ինչը կլինի երաշխավորը համայն հայության շահերի պահպանման և հետապնդման: 

BAGIN ԼԿ. Զանգվածային միջոցառումներ իրականացնելը, եվրոպական լրատվամիջոցներով Ջավախքի խնդրի արծարծումը կօգնի՞ խնդրի լուծմանը:

 Զանգվածային միջոցառումներ իրականացնելը լավ գաղափար է: Այս իմաստով կարելի է շատ բան անել: Այն արդյունավետ կլինի, եթե լինի համադրված և կազմակերպված, սակայն այսօրվա մեր պառակտվածության պայմաններում և հայրենիքում և արտերկրում հնարավոր չէ արդյունավետ գործել և ինչպես վերևում նշեցի, գործերի հաջողության գրավականը հայկական պետության ստեղծումն է, որի համար ամեն մի լուրջ հայ մարդ պարտավոր է պայքարել և լուծել այս խնդիրը: Եվ քանի որ այսօր այդ պետությունը չունենք, վերոնշյալ գաղափարները կյանքի չեն կոչվի, եթե կոչվեն էլ, թերի են իրականանալու: Ցանկալի ազդեցություն չի լինի: 

BAGIN ԼԿ. Իհարկե ոչ բացահայտ, սակայն  իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ուղին դեպի Եվրոպա սկսվում է Վրաստանով, հետևաբար ավելի կոշտ քաղաքականություն չի կարելի կիրառել: Տվյալ խնդրի պարագայում ինչպիսի՞ն պետք է լինի երկխոսությունը Վրաստանի հետ: 

Պետք է գիտակցենք, որ տարածաշրջանում լուրջ պետություն դառնալու համար, պետք է գործոն լինել: Մենք այսօր գործոն չենք, սակայն գործոն լինելու մեծ ներուժ ունենք: Ուստի առաջնահերթ խնդիրը գործոնի վերածվելն է: Ինչ վերաբերվում է հյուսիսային սահմանով Ռուսաստանի կամ Եվրոպայի հետ հաղորդակցվելուն, ապա այդ ճանապարհն ավելի դյուրին դարձնելու ամենամեծ երաշխիքը հենց Ջավախքում ապրող հայերի ավելի պինդ կեցվածքն է ու նվիրումը մայր հողին: Այսինքն միասնական Ջավախքը  պետք է դառնա երկու երկրներին միացնող բարեկամական օղակ: Որքան ուժեղ լինեն հայերը Ջավախքում, որքան ավելի կանգուն լինեն իրենց հողի վրա, այնքան ավելի ապահով և անվտանգ կլինի երկու երկրների հարաբերությունները: 

BAGIN ԼԿ. Նախօրեին Թբիլիսիում աճուրդի էր հանվել Հովհաննես Թումանյանի տունը, որտեղ երկար ժամանակ ապրել էր բանաստեղծը: Տունը վաճառվել է 25.000 ԱՄՆ դոլարով, որը գնել է մի վրացի առևտրական: Չե՞ք կարծում, որ 25.000 ԱՄՆ դոլարը Հայաստանի Հանրպետության Մշակույթի նախարարության համար այնքան էլ մեծ գումար չէ և ցանկության դեպքում հնարավոր էր այդ տունը ձեռք բերել: 

Վրաստանում բազմաթիվ նյութական-հոգևոր արժեքներ ունենք, որոնց պաշտպանության խնդիրը միշտ էլ ունեցել ենք: Մինչ օրս դրանք անտերության են մատնված: Սա իմ ներկայացրած շղթայի միայն մի մասն է: Օր-օրի Հայաստանում ավելի մասսայական բնույթ  է ստանում նյութապաշտությունը: Փողը դարձել է  մարդկանց կուռքը: Վերջերս լրատվամիջոցներց մեկով լսեցի, որ ոսկե համարանիշ է վաճառվել հարյուր հազար ԱՄՆ դոլարով, մինչդեռ Թումանյանի տան համար գումար չեն գտել: Զարմանալի է, հարյուր հազարով «Գոլդ» համարանիշ են գնում, իսկ մի քանի տասնյակ հազար չեն ցանկանում  տրամադրել, որպեսզի մի մնայուն բան ունենանք: Պատահական ոչինչ չկա: Այս բոլորը  ահազանգեր են, որպեսզի մենք ազգովի խելքի գանք ու վերջապես ազատվենք այս նյութապաշտ  ռեժիմից: 

BAGIN ԼԿ. Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հետ կապված ինչպիսի՞ ծրագրեր եք առաջարկում: 

Մինչ ծրագրերի մասին խոսելը, հայկական պետություն պետք է ունենանք, որը իր սկզբունքային դիրքորոշմամբ Ջավախքում բնակվող հայերի ֆիզիկական և մշակութային գոյության երաշխավորը պետք է լինի: Բայց կոնկրետ պայքարի դրոշակը ոչ թե հայկական պետության,  այլ ջավախքաբնակ մեր ժողովրդի ձեռքում պետք է լինի, և որոնց միաժամանակ կօժանդակեն Հայաստանում և արտերկրում ստեղծված հասարակական կազմակերպությունները, ակտիվիստներն ու կուսակցությունները:   

 Հ.Հ, հատուկ BAGIN ԼԿ համար

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: