Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

"Մեր խնդիրը մենք պետք է լուծենք"

Տաթեվ Մեսրոպյան

Հայ-թուրքական վերջին համաձայանագրով Սերժ Սարգսյանը վերջնականապես կտրեց այն թելը, որը կապում էր իրեն հայ ժողովրդի հետ: Այս մասին երեկ մեզ հետ զրույցում ասաց "Շուշիի առանձնակի գումարտակի" հրամանատար, "Միացում" նախաձեռնության հիմնադիրներից՝ Ժիրայր Սեֆիլյանը: Մեր հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում ապրիլի 22-ին Հայաստանի ու Թուրքիան միջեւ կնքված համաձայանագիրը, պրն Սեֆիլյանը պատասխանեց.

- Ես համարում եմ, որ ապրիլի 22-ի համաձայնագրով Սերժ Սարգսյանը՝ ոչ լեգիտիմ նախագահը փորեց իր քաղաքական գերեզմանափոսը: Այս տարիների ընթացքում նա ընտրել է մի ուղի, որը իրեն աստիճանաբար հեռացնում է հայ ժողովրդից եւ հայկականությունից: Իսկ վերջին համաձայանագրով նա վերջնականապես կտրեց այդ թելը, ինչը ես որակում եմ որպես դավաճանություն: Միաժամանակ հոռետես չեմ եւ կարծում եմ, որ մեզ հաջողվելու է վիժեցնել այդ դավաճանական ընթացքը, որը փորձում է իրականացնել այս բռնապետական ռեժիմը: Հատկապես այն պարագայում, երբ ռեժիմը ապրում է իր հոգեվարքի ժամանակահատվածը: Նույնիսկ սփյուռքն է դատապարտում Սերժ Սարգսյանի ընդունած կեցվածքը եւ րոպե առաջ ցանկանում է տեսնել այս ռեժիմի տապալումը: Իսկ մայիսի 31-ի ընտրությունը բռնապետական ռեժիմի տապալման վերջակետը դնելու հարմար առիթ է:

- Համաձայնագրի ստորագրումից արդեն անցել է մեկ շաբաթ, բայց ստորագրող կողմերը գաղտնի են պահում "ճանապարհային քարտեզի" բովանդակությունը: Միայն թուրքական "Սաբահ" թերթն այդ կետերի վերաբերյալ տեղեկատվություն տարածեց, ինչն անմիջապես հերքվեց հայկական իշխանությունների կողմից: Ըստ ձեզ` ինչո՞ւ են փորձում գաղտնի պահել համաձայնագրի կետերը:

- Այս իմաստով մեր երկիրն ամբողջ աշխարհում յուրահատուկ է: Դեռեւս 1.5 տարի առաջ նման նախադեպեր ունեցանք` Մադրիդյան սկզբունքներ հասկացողությունը եւ դրա հիման վրա ստորագրված Մայնդորֆյան հռչակագիրը: Մինչ օրս հայ ժողովուրդը իրազեկված չէ, թե ինչ են պարունակում այդ սկզբունքները: Մեզ համար այդ ամենը բացահայտելը դժվար չէ, սակայն այս մարդիկ, որ համարձակություն չեն ունենում բաց գործելու՝ իրավունք չունեն զբաղվելու քաղաքականությամբ: Օտարները նույնպես այս երեւույթը քաջալերում են, որովհետեւ, դժբախտաբար, իրենք էլ իրենց շահերը ունեն: Արեւմուտքն ինքն իրեն մարդասիրական, ժողովրդավարական արժեքների առաջամարտիկ է համարում, սակայն հերթական քայլով իրենք իրենց հակասում են: Ուզում եմ ասել, որ բովանդակությունը գաղտնի պահելու պատճառը մեկն է: Նրանք շատ լավ գիտակցում են, որ սխալ ընթացքի մեջ են: Արդյունքում, ամեն ինչ անում են, որ ժողովրդին վերջին պահին անակնկալի բերեն: Սերժ Սարգսյանն, ամեն դեպքում, ինձ մոտ խորամանկ գործիչի տպավորություն է թողել: Բայց նրա այս չափ միամիտ լինելը չէի պատկերացնում: Ապրիլի 24-ի նախօրյակին նրա համարձակությունը եւ այդ փաստաթղթի ստորագրությունը ես համարում եմ սրբապղծություն, որը չի ներվելու հայ ժողովրդի կողմից: Իմ տեղեկությունները թուրքական մամուլից չի, չնայած "Սաբահ" թերթը համարվում է լուրջ պարբերական: Մենք մինչեւ այս պայմանագրի ստրոգրումը հետեւում էինք ընթացքին եւ դեռեւս 6 ամիս առաջ հայտարարել եմ, որ գաղտնի բանակցություններ են ընթանում Շվեյցարիաում:Հայ-թուրքական հարաբերություններ հասկացողությունը մենք ի սկզբանե ընդունել ենք հետեւյալ ձեւով. Թուրքիային առաջին հերթին հետաքրքրում է, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Եթե այս պայմանը չկա՝ թուրքերը երեբեք հայերի հետ չեն նստում խոսում: Երկորդն էլ՝ հարցականի տակ առնել ցեղասպանության հարցը: Թուրքիային այս երկու խնդիրներն են միշտ հետաքրքրել Լեւոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիներից սկսած: Ի տարբերություն այս ռեժիմի, Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք գաղտնի բանակցություններ տեղի չեն ունեցել: Միայն Քոչարյանի գալուց հետո են սկսել գաղտնի բանակցությունները: Այս ամենին նաեւ ավելացել է Արցախի խնդիրը: Այսինքն, Սերժ Սարգսյանը, իմ համոզմամբ, թուրքական կողմին ոչ մի բանում "չէ" չի ասել: Նա ընդամենը երկու առարկություն ունի: Ադրբեջանից Սերժ Սարգսյանը երկու բան է խնդրում՝ Լաչինի միջանցք եւ ԼՂ կարգավիճակի հետաձգում 10-15 տարով: Սակայն Ալիեւյան ճակատում դա չստացվեց, հետեւաբար գնաց Թուրքիայի ճակատ եւ այնտեղ զիջելով ամեն ինչ՝ թուրքերի հետ միասին փորձում են Ալիեւին համոզել: Բոլորովին պատահական չէ, որ վերջերս Ալիեւը Մոսկվայում Լաչինի միջանցքի մասին որոշ չափով դրական կարծիք հայտնեց, ինչը չէր անում մինչ այդ: Սրանից ավելի մեծ խայտառակ գործընթաց դժվար է պատկերացնել: Դու բերում ես մի միջնորդ, որը քո հակառակորդի եղբայրն է, քավորն է եւ այդ միջնորդությունից դեռ պետք է լավ բան սպասենք:

- Վերջին օրերին մեծ ակտիվություն է նկատվում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործնթացում: Համանախագահներն արդեն երկու անգամ եղել են Երեւանում: Իսկ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե հակամարտությունը կարգավորվելու է առաջիկա ամիսների ընթացքում: Ըստ ձեզ` որն է ԼՂ հարցում ակտիվացման պատճառը եւ որքանով է դա շաղկապված հայ-թուրքական մերձեցման հետ:

- Ցավով եմ ասում, բայց մեր երկրի բոլոր ներքաղաքական անցուդարձերը ուղղակի կապված են աշխարհաքաղաքական խաղացողների հետ: Այստեղ մրցակցություն է ընթանում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ, որը սրվեց անցյալ տարի՝ Օսիայի դեպքերից հետո: Ըստ էության ոչ Ռուսաստանին է հետաքրքրում Արցախի հարցի լուծումը, ոչ էլ ԱՄՆ-ին: Նրանք երկուսն էլ օգտագրծում են այս հարցը հօգուտ իրենց: Սակայն հուսով եմ, որ շուտով իշխանափոխության միջոցով կվիժեցվի այդ դավադիր ծրագիրը:

- Այս օրերին Ստրասբուրգում ընթանում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որի օրակարգում չի ընդգրկվել 1609,1620 եւ 1643 բանաձեւերի կատարման ընթացքի քննարկման հարցը: Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն որոշեց այս անգամ չքննարկել Հայաստանի կողմից բանաձեւերի կատարման հարցը, եւ որրքանո՞վ են ՀՀ իշխանությունները կատարել բանձեւերի պահանջները:

- Մեր տարածաշրջանում հիմնականում երեք գերուժեր են խաղում` Ռուսաստան, ԱՄՆ եւ Եվրամիություն: Եվրոպան եւ Միացյալ Նահանգները որպես դաշնակիցներ են խաղում մեր տարածաշրջանում: Մարտի 1-ից հետո մինչ օրս ինչ կատարվում է Եվրախորհրդում, բոլոր հանձնաժողովներում, դիտորդների հետ, այդ բոլորը կապ ունեն քաղաքական գործընթացների հետ: Սակայն Եվրոպան նոր չէ, որ պետք է ապացուցի, որ ինքն անհոգի է: Նրանք խիղճ հասկացողության հետ կապ չունեն, որի մասին խոսում է նաեւ պատմությունը: Ես նաեւ համոզված եմ, որ քաղբանտարկյալների ազատման հարցում նույնպես Եվրոպան որեւէ դերակատարում չի ունենա: Մեր տղաները, գաղափարակից ընկերները բանտերից դուրս կգան միայն ու միայն այս ռեժիմի տապալումից հետո: Հետեւաբար, ես կոչ եմ անում մեր ժողովրդին ոչ մի հույս չկապել եվրոպացիների եւ բոլոր օտարերկրացիների հետ: Մեր խնդիրը մենք պետք է լուծենք: Մենք կարիքը չունենք, որ դրսից մեզ գան մարդկային արժեքներ սովորեցնեն կամ թելադրեն: Ես համոզված եմ, որ մենք հայերս գենետիկորեն մեր մեջ ունենք մարդկայնություն, վեհ գաղափարներ: Մեզ պարզապես մնում է մեր մեջ նայել եւ փորձել գենետիկական ժառանգությունը  վերապրեցնել եւ իրոք ստեղծել բարեկիրթ երկիր, որը Եվրոպային օրինակ կծառայի, ինչին ես հավատում եմ:

- Վերջին օրերին Հայաստանի ներքաղաքական կյանքում ամենաանկանխատեսելի իրադարձություններից էր Դաշնակցության` իշխող կոալիցիայից դուրս գալը: 

- Ես ողջունել եմ այդ քայլը, քանի որ լավ է ուշ, քան երեբեք: Սակայն չեմ բավարարվում միայն այդ քայլով եւ հորդորում եմ Դաշնակցությանը շարունակել տրամաբանական քայլեր կատարել: Այսինքն, բռնապետական ռեժիմների օրոք հնարավոր չէ լինել կառուցողական ընդդիմություն: Դա միայն կլինի այն երկրում, որտեղ գործում են օրենքները: Բայց, քանի որ, մենք համոզված ենք, որ մեր երկրում չի գործում ոչ մի օրենք, ուստի Դաշնակցությունը պետք է անմիջապես հաստակ կեցվածք ընդունի: Հատկապես, որ դավաճանական ընթացք է երկրում նկատվում: Նրանք կոալիցիայի մեջ են եղել եւ հստակ գիտակցում են, որ ազգային դավաճանություն է տեղի ունեցել, ուստի կոչ եմ անում նրանց մի կողմ դնել նախկին տարաձայնությունները: Ժամանակը եկել է, որ հստակ, ինչ որ կետերի հետ համագործակցել: Ես միավորվելու կոչեր չեմ անում, այլ առաջարկում եմ համագործակցել՝ եւ ոչ միայն Դաշանակացությանը: Խոսքը վերաբերում է այն բոլոր առողջ ուժերին, որոնք գտնվում են այս կոալիցիայի հովանոցի ներքո: Համոզված եմ, որ այնտեղ շատ են այն մարդիկ, ովքեր մտահոգված են մեր երկրի ապագայով: Իսկ երկրում սահամանադրական կարգը հաստատելուց հետո խնդրեմ՝  քաղաքական, գաղափարական մրցակցությունը բարեկիթ ձեւով տանենք առաջ:

- Առաջիկայում Երեւանի քաղաքապետի ընտրություններն են: Ըստ ձեզ` ինչպիսի՞ն են ՀԱԿ-ի շանսերը, եւ ինչպե՞ս կընթանան այդ ընտրությունները:

- Եթե աշխարհաքաղաքական այս լարված իրավիճակում մինչեւ մայիսի 31-ը փոփոխություններ տեղի չունենան, ապա մեզ սպասում է բռնություններով, ընտրակեղծիքներով լի ընտրությունների բեմականություն: Այս անգամ իշխանությունների գործն ավելի դժվարացած է, որովհետեւ ընտրությունները կենտրոնացած են Երեւանում: Մենք նույնիսկ մեր մտքի ծայրով չպետք է անցկացնենք, որ կարող է արդար ընտրություններ անցկացվեն` դա աբսուրդ է, քանի որ բռնապետական ռեժիմի օրոք նման ընտրություններ չեն անցկացվում: Իսկ ընդիմությունը, առհասարակ, նման դեպքերում համապետական ընտրություներն օգտագործում են իշխանափոխություն կատարելու համար: Հետեւաբար, մայիսի 31-ին ընդդիմադիրներս պետք է հնարավորինս դժվարացնենք նրանց կեղծիքները, համոզված լինելով, որ մենք հաղթած ենք: Ժողովուրդը գիտակցում է, որ սա քաղաքապետի ընտրություն չի, այլ նախագահականի տրամաբանական շարունակությունը:  Ձայն տալով ընդիմությանը, ժողովուրդն առաջին հերթին ոչ է ասելու բռնապետական վարչախմբին: Իսկ եթե համարձակվեն ժողովրդի վրա կրկին կրակել, ապա ես կարծում եմ, որ ժողովուրդը արդեն պաշտպանվելու իրավունք կունենա:

Hayk

 
 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: