Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Մինչ օրս ես չեմ ապրել որևէ մի պահ, որ ինձ հիասթափեցներ Հայաստան տեղափոխվելու  որոշման համար: 

Շաբաթներ առաջ այս հարցազրույցը տպվել է Լիբանանում լույս տեսնող “ազատ հայեր” պարբերականում: 

Սիրելի Ժիրայր, Ի՞նչ տուին ձեզ կալանավայրի մէջ գտնուելու ամիսները: Ի՞նչ հասկցաք այդ օրերուն, որ մինջեւ այդ չէիք հասկցած: 

21-րդ դարի մարդը լինելով առօրյա հևքի մեջ հաճախ է սխալվում և ժամանակի սղության պատճառով չի հասցնում խնդիրներին մոտենալ ավելի խորքային ձևով:

Բանտը մարդուն կտրում է իր առօրյայից և նա առիթ է ունենում վերանայելու, ուսումնասիրելու կյանքի ընթացքը շատ ավելի հարմար դիտակետից: Այս իմաստով ես լիարժեք օգտագործել եմ բանտային իմ օրերը և կարողացել ավելի լուրջ ուսումնասիրել մեր ազգային այսօրվա ողբերգական վիճակը և եկել բավականին հստակ եզրահանգումների:

Առհասարակ մարդը իր կյանքի ընթացքում միշտ պետք է զարգացում ապրի մինչև իր կյանքի վերջ, և այս իմաստով բանտային ամեն մի օրը կարող է փոխարինել ազատության մեջ եղած օրերի տասնապատիկին կամ հիսնապատիկին: 

Ո՞րն էր ժամանակին ձեր Հայաստան տեղափոխուելու նպատակը և ի՞նչ պատերու բախուած է ձեր երազը: 

Իմ Հայաստան տեղափոխվելու նպատակը հայրենիքում հաստատվելն է: Այդ իրականանալու համար շատ լավ առիթ հանդիսացավ դաշնակցության վերագործունեությունը հայրենիքում և բնականաբար արտերկրից բազմաթիվ գործիչներ գործուղվեցին, որոնցից մեկն էլ ես էի:

Մինչ օրս ես չեմ ապրել որևէ մի պահ, որ ինձ հիասթափեցներ կան հուսահատեցներ իմ այդ որոշման համար: Իմ երազի հիմնական մասը կատարված է և հուսով եմ, որ մնացածն էլ կկարողանամ իրականացնել: Առկա դժվարությունները մեզ չպետք է հիասթափեցնի, այլ ընդհակառակը, պետք է ամեն ժամ աշխատենք, որ մեր երկիրը դառնա երկրագնդում ամենաբարեկեցիկ և օրինակելի երկիրը:  

Ձեզ կալանավորեցին, ձեր հանդէպ որոշ շրջանակներու մէջ անբարեացակամ վերաբերմունք կայ: Ինչո՞ւ կը շարունակէք մնալ Հայաստան: 

Ինչպես վերևում նշեցի, դժվարությունները մեզ չպետք է հիասթափեցնեն: Մեր սերունդը, ի տարբերություն նախորդների, բախտավոր է, որովհետև մեզ բախտ վիճակվեց լինել ու ապրել հայրենիքում: Մենք պարտավոր ենք մեր նախորդների երազանքներն ու պատգամները կյանքի կոչել` ապրել հայրենիքում, արարել հայրենիքում, ձևավորել հնարավորինս արդար համակեցություն և աստվաճահաճո կացութաձև: Այս բոլորի համար է, որ կշարունակեմ և շարունակելու եմ մնալ հայրենիքում: 

Ի՞նչ փոխուած է Հայաստանի մէջ տարիներու ընթացքին 

Դժբախտաբար շատ բան է փոխվել ու դեպի վատը: Անշուշտ դեպի վատ ընթացքը պատահական չէ, այսինքն այդ բոլորը ինքնընստինքյան չէ, որ կատարվում է, այլ հստակ, հետևողական քաղաքականության հետևանք է:

Խորհրդային կայսրության փլուզումից անմիջապես հետո մեր երկրի վրա տեղի է ունեցել ծրագրավորված հոգևոր-մշակութային հարձակում, որը մինչ օրս շարունակվում է, և որի գլխավոր նպատակն է խեղել Հայ մարդու հոգին ու նրա մեջ տեղավորել մեզ համար անընդունելի արժեհամակարգ: Սա է ամենավտանգավորը, և բոլորիս պարտականությունն է դիմադրել այդ հարձակմանը: Երբ ասում եմ բոլորիս, նկատի ունեմ և հայրենիքում ապրող Հայերին (Հայաստանի հանրապետություն, Ջավախք, Արցախ ) և  արտերկրում ապրողներին: 

Իսկ  Ի՞նչ փոխուած է ձեր  մէջ տարիներու ընթացքին 

Իմ մեջ շատ բան չի փոխվել, ինչպես ամեն մարդու համար, այնպես էլ իմ համար տարիները ունեցել են իրենց նշանակությունը: Գաղափարներն են ավելի հստակացել ու համոզումներս ավելի ամրապնդվել: 

Հեռուէն ինչպէ ՞ս կը տեսնէք Պէյրութը: Ի՞նչ վերաբերմունք կը զգաք Պեյրութէն ձեր հանդէպ:

Բեյրութը իմ ծննդավայրն է: Մինչև 23 տարեկանս ապրել ու դաստիարակվել եմ այնտեղ, ունեցել եմ շատ լավ միջավայր ու մեծ շրջապատ, որոնցից շատ բան եմ սովորել: Առհասարակ Լիբաբանը ինձ շատ բան է սովորեցրել, մանավանդ, որ  իմ գիտակցական կյանքին ուղեկցել է մի ամբողջ պատերազմ և վերջապես Բեյրութում են ապրում իմ հարազատները, այնտեղ է գտնվում իմ ծնողների գերեզմանը: Ինչ վերաբերվում է, թե ինչպիսի վերաբերմունք կզգամ Բեյրութի կողմից իմ հանդեպ, կարող եմ ասել լավ, իմ շրջապատն ու ընկերները ինձ չեն մոռացել, տարբեր առիթներով փորձել են օժանդակել, որի համար շնորհակալ եմ: Սակայն, երբ պարբերաբար կտրվում եմ առօրյայից, ունենում առիթ առանձին մտորելու, հաճախ ես ինձ հարց եմ տալիս, թե ինչու այսօր մեր հայրենիքում Լիբանանից այսքան քիչ Հայեր են տեղափոխվել, կամ ինչու իմ գաղափարական ընկերների մեծ մասը այստեղ չէ և այս պայքարում միասին չենք: Այս բոլորի մասին շատ եմ մտածել ու մտածում եմ: 

Ո՞վքեր են ձեր բարեկամները, ինչպիսի մարդոցմով էք շրջապատուած: 

Բարեբախտաբար այստեղ նույնպես իմ բարեկամները շատ են, նրանք հիմնականում իմ գաղափարակից ընկերներն են կամ համախոհները: 

Ի՞նչը կը միացնէ ձեզ ԼՏՊ-ի հետ: 

Լևոն Տեր-Պետրոսյանին մեզ միացնողը հետևյալն է. հնարավորինս շուտ ձերբազատվել այսօրվա հակահայ ռեժիմից ու մեր երկրում հաստատել սահմանադրական կարգ: Այս համագործակցության գլխավոր նպատակը այն է, որ օր առաջ մեր երկրում գործի օրենքը, այլ ոչ խմբակային կամ անհատների շահերը, որ մեր երկրում լինի օրենքի գերակայություն:

Համոզված եմ, որ մինչև սա չիրագործվի, հնարավոր չի լինելու մեր երկրում իրականացնել որևէ ազգային ծրագիր:

Առիթից օգտվելով, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այս համագործակցությունում մեզ համար ընդամենը գործիք է, և նրան կարող է փոխարինել որևէ այլ անձ, եթե վերջինս կարողանա հույս ներշնչել մեր ժողովրդին, ժողովուրդը նրա մեջ ուժ և կարողություն տեսնի, ապա այդ ժամանակ մենք նույնպես կօժանդակեինք այդ անձնավորությանը:

Այս համագործակցությունը ունի նաև իր փիլիսոփայությունը: Երբ օկուպացվում է երկիրդ, ապա օկուպանտների դեմ տվյալ ժողովրդի քաղաքական, գաղափարական բոլոր ուժերը ուղղակի պարտավոր են դադարեցնել իրար նկատմամբ ունեցած բոլոր տարաձայնությունները և մի բռունցք դառնալով պետք է դիմադրեն թշնամուն: Սա է իրականությունը:

Այսօր Հայաստանում չկան քաղաքական պրոցեսներ, առկա է Հայ ժողովուրդը կեղեքող բիրտ համակարգ, և նրա դեմ գոյություն ունի դիմադրություն: Եվ միայն այս բռնատիրական ռեժիմը փլուզելուց հետո է հնարավոր լինելու ձևավորել առողջ քաղաքական դաշտ, որտեղ ամեն մի քաղաքական ուժ հնարավորություն կունենա ներկայացնելու  իր գաղափարներն ու բանավիճել մնացածի հետ, և միայն այդ ժամանակ մենք կբարձրաձայնենք մեր ունեցած բոլոր գաղափարական տարաձայնությունները, ներառյալ Լևոն Տեր Պետրոսյանի հետ: 

Մեղադրանքները, որ դուք կը գործակցէք , շատ են, ինչպէ՞ս կը հակադարձէք այդ խօսքերուն:

Ես միշտ պատրաստ եմ լսելու քննադատություն ու պատասխանելու ցանկացած հարցի: Եթե կան հիմնավոր մեղադրանքներ, ես պատրաստ եմ արձագանքելու: Սակայն եթե այդ բոլորը հիմնված են լինելու "ասի-ասավ"ների մակարդակով, անգիտության կամ տգիտության պատճառով, կարծում եմ իմաստ չունի մտնելու այդպիսի բանավեճերի մեջ:

Ամփոփելով խոսքս, կուզեի հիշատակել ցավալի մի փաստի մասին: Արտերկրի հայությունը` մանավանդ Միջին Արևելքի մեր գաղութները, ի մասնավորի լիբանանահայությունը մեր հայրենիքի ներքին վիճակի մասին ապատեղեկացված են դեռևս 1991թ.-ից և այդ բոլորի արդյունքում ձևավորվել են տարբեր կարծրատիպեր, որոնք միայն վնաս են բերել և բերում հայության ընդհանուր գործին և դրանցից մեկն էլ Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ձևավորված կարծրատիպն է: Եթե այդ մարդը իր իշխանության օրոք կատարել է սխալներ, ապա դա ներկայացվել է խիստ չափազանցված ձևով, դարձնելով նրան մի սուլթան Համիդ Հայ մարդու աչքում:

Տարիներ առաջ, դժբախտաբար ես նույնպես մասնակից եմ եղել դրան, այդ բոլորը տարածելով: Ես նույնպես լինելով ինչ-որ չափով ապատեղեկացված, լինելով նրա հակառակորդ ճամբարի ներկայացուցիչ, իմ մեղադրանքների ոչ բոլոր մասն են եղել հիրավի ճիշտ: Այո, այդ մարդու հետ մենք ունենք գաղափարական լուրջ տարաձայնություններ, սակայն դա չի նշանակում, որ նա հակահայ է, կամ հայերի թշնամին: Ուզում եմ ասել, որ որևէ մեկին sևացնելու գործը արդարացված չէ: Պարզապես ժամանակը եկել է, որ իրերը կոչենք իրենց անուններով:

Այսօր արտերկրում հայերեն մամուլի զգալի մասը շարունակում է ապատեղեկացնել մեր ժողովրդին: Այդ նույն մամուլը, որը նախկինում մեղադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանին ապազգայնության մեջ, ապա այսօր ինչո՞ւ չի քննադատում ու պախարակում այսօրվա ռեժիմի պարագլուխներին, որոնք ոչ միայն ապազգային են, այլ նաև գող, ավազակ, ժողովրդին կեղեքող, ծայր աստիճան անբարո, ոճրագործ ու Հայ ժողովրդի նկատմամբ սպանդ գործող, ի նկատի ունեմ մարտի 1-ի դեպքերը: Այս բոոլրին ավելացրած, աթոռն ու հարստությունը պահպանելու համար նաև հայրենավաճառ, նկատի ունեմ Արցախի հարցը` հայկական հողերը թշնամուն զիջելու նրանց պատրաստակամությունը:  

Ինչի կարիք ունիք ընդհանրապէս 

Մեր գործունեության գլխավոր խնդիրը լուրջ Հայ մարդկանց գտնելն է, ոչ միայն հայրենիքում, արտերկրում նույնպես: Ուստի, եթե կարողանաք այդպիսի մարդկանց գտնել ու մեզ ծանոթացնել, շնորհակալ կլինենք: 

Դուք ձեզ օտար կը զգաք Հայաստանի մէջ 

Ոչ, երբեք: 

վերջին խօսք ունիս ասելիք Լիբանանահայության 

Լիբանանի Հայ գաղութը երկար տարիներ եղել է արտերկրի միջնաբերդը, որի արդյունքում կարողացել է պահպանել Հայ մարդու արիական ոգու մակարդակը: Եղել է ազգային ու մշակութային գործիչների դարբնոց, ուստի նրանից սպասելիքը ավելի մեծ է: Այսօր էլ, մենք ապրելով հայրենիքում, մեր սպասելիքները մեծ են լիբանանահայությունից:

Առիթից օգտվելով, խոսքս ուզում եմ ուղղել ոչ միայն լինաբաբահայերին, այլ առհասարակ, արտերկրում ապրող ամբողջ հայությանը:

1991 թվականին Հայաստանը անկախանալով, հայության մեջ ձևավորվեց շատ վտանգավոր մի միտք Հայաստանով պետք է զբաղվեն հայաստանցիները, իսկ արտերկրով` արտերկրահայերը և սա ժամանակի ընթացքում դարձավ կարծրատիպ, որը դժբախտաբար մինչ օրս շարունակվում էՍակայն այսօր եկել է պահը փշրելու այս կարծրատիպը, ասելով. ամեն մի Հայ, որտեղ էլ որ ապրելու լինի, իրավունք ունի զբաղվելու իր հայրենիքի ներքին անցուդարձերի գծով, եթե դրանք վերաբերում են ազգային խնդիրներին և ուղղակի կապ ունեն մեր երկրի ու ժողովրդի լինելիության հետ:

Այսօր մեր երկրի ներքաղաքական ընթացքով ուղղակիորեն զբաղվում են ազդեցիկ բոլոր պետությունների հատուկ ծառայությունները, իրենց բոլոր ներուժով, բացի հայերից: Այսինքն, ստացվում է, որ օտարները իրավունք ունեն խառնվելու մեր երկրի ներքին ընթացքին, իսկ հայերը` ոչ: Սա ուղղակի անհեթեթություն է և ավելի անհեթեթ է հայերի համակերպումը այս վիճակին:

Ժամանակը եկել է դադարեցնելու արտերկրից բարեսիրական կամ տնտեսական ներդրումները, որոնք պետք է փոխարինվեն քաղաքական նպատակներով: Այսինքն ամեն մի լուրջ Հայ մարդ պետք է փորձի գտնել հայրենիքում առողջ ազգային միավոր և օժանդակի նրան վերջ դնելու այն իրողությանը, որ մեր երկիրը պետք է ղեկավարվի տականքի կողմից, նվիրյալի փոխարեն: Միայն այս փոփոխությունից հետո է իմաստ ունենալու բարեսիրական կամ տնտեսական լուրջ ներդրումներ կատարել հայրենիքում: Ո՞ւմ է պետք այն նվիրատվությունը, որ ենթադրենք որևէ գյուղում կառուցվեց դպրոց, որտեղ չեն հաճախելու աշակերտներ, կամ ո՞ւմ է պետք ճանապարհների կառուցումը, երբ նույն շինարարության վրա աշխատող բանվորը ստացած վարձատրությունից գոյացնելու է մի գումար, որ կարողանա լքի երկիրը արտերկրում ապրելու նպատակով: Արտերկրում ապրող հայերը շատ լավ պետք է իմանան, որ այսօր Հայ մարդը, որը լքում է երկիրը, գլխավորապես ոչ սոցիալական պատճառով է, այլ երկրում առկա անարդարության, ուստի օժանդակելով հայրենիքում առկա առողջ ուժերին, դրանով իրականացրած ենք լինում երկրի քաղաքական ղեկավարման առողջացմանը, դրանով իսկ վերջ դնելով անարդարության այս ընթացքին, և սկիզբ դնելով արդարության աստիճանական զարգացմանը, որի արդյունքում ոչ միայն կասեցնելու ենք արտագաղթը, այլ իրականացնելու ենք կազմակերպված, բոլորիս կողմից երազած ներգաղթը:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: