|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Ուղերձի գլխավոր նպատակը ներքաղաքական խնդիրներ լուծելն է
Ասում է Հայ կամավորականների համախմբում նախաձեռնության համակարգող, ազատամարտիկ Ժիրայր Սէֆիլյանը - Պարոն Սէֆիլյան, ինպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի ուղերձը, ձեր կարծիքով, դա ի՞նչ էր: - Ըստ էության, Սարգսյանն իր այդ հրամանագրով եւ իր ուղերձով գործընթացի հետ կապված որեւէ նոր բան չասաց: Ես համարում եմ, որ ուղերձի գլխավոր նպատակը ներազգային եւ ներքաղաքական խնդիրները լուծելն էր: - Ո՞ր առումներով: - Մենք հիշում ենք, թե հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո ինչպիսի բացասական տրամադրություններ սկսեցին ձեւավորվել հայության մոտ` ե՛ւ Սփյուռքում, ե՛ւ Հայաստանում: Որքան էլ որ Սերժ Սարգսյանը փորձեց քաղաքական շոուներով փարատել մտավախությունները (50 կուսակցություններ հավաքեց), մեկ է, ամիսներ անց նրանք հասկացան, որ իրենք իրոք կատարել են կոպիտ սխալ: Եթե հիշում եք, մինչեւ այդ Սարգսյանն ու իր մունետիկները պարբերաբար հայտարարում էին, որ եթե ողջամիտ ժամկետում թուրքական կողմը չվավերացնի արձանագրությունները, ապա նրանք սպառնում էին հետ վերցնել ստորագրությունը: Այդ խոսակցությունները բոլորս հիշում ենք, եւ նույնիսկ այդ ուղղությամբ քայլեր կատարվեցին` «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների տեսքով: Սարգսյանը փորձում էր հասկացնել, թե մի մտահոգվեք, անհրաժեշտ պահին ինքը կկարողանա կանխել ոչ բարեհաջող ընթացքը: Ես կարծում եմ, սակայն, որ այս «նախաձեռնողականությունը», որն իբր պատկանում է Սարգսյանին, իրականության հետ այլ աղերսներ ունի: Այս գործընթացը տարածաշրջանային մեծ ծրագրերի ընդամենը մի փոքրիկ մասնիկն է: Արեւմուտքը թույլ տվեց Սերժ Սարգսյանին, որ ասի, թե նախաձեռնությունը ինքն է սկսել: Ես այն կարծիքին չեմ, որ եթե նա Մոսկվայում է հայտարարել այդ մասին, ուրեմն Ռուսաստանն է սկսել այդ նախաձեռնությունը: Ես կասեի, որ այդ ամբողջ գործընթացը սկսվել է Արեւմուտքի թույլտվությամբ, պարզապես Սերժ Սարգսյանը պարբերաբար զեկուցում էր Մոսկվային իր անելիքների մասին: - Իսկ ինչո՞ւ նույն այդ արեւմտյան տերությունները թույլ տվեցին, որպեսզի նա պրոցեսից հետ կանգնի: - Պրոցեսը դեռ չի կասեցվել, սակայն շարունակեմ միտքս: Սարգսյանը կարծում էր, որ անհրաժեշտ պահին կկարողանա ետ կանչել իր ստորագրությունը այդ դավաճանական փաստաթղթի տակից, նա այդ ինքնախաբեության մեջ էր մինչեւ իր լոնդոնյան, հատկապես փարիզյան այցը: Եթե հետեւեք ընթացքին, կնկատեք, որ այդ այցերից հետո, մանավանդ, փարիզյան այցից հետո, քար լռություն տիրեց. Սերժ Սարգսյանի եւ շրջապատի կողմից այլեւս ոչ մի խոսակցություն չեղավ ստորագրությունները հետ կանչելու մասին: Ես համոզված եմ, որ Փարիզում, երբ Սարգսյանը փորձել է այդ միտքն արծարծել, թե` ներազգային եւ ներքաղաքական ճնշումն իր մոտ արդեն վտանգավոր չափերի է հասնում, որ ինքը ստիպված է այդ քայլին գնալ, նրան շատ կոպիտ ձեւով հասկացրել են` թե ո՞վ ես դու, որ փորձես այդ պրոցեսը դադարեցնել: Դա էր պատճառը, որ նա այդպիսի խոժոռ դեմքով էր բաժանվում Սարկոզիից (որին ականատես եղանք), որովհետեւ նա հասկացել էր, որ այլեւս ինքը չի կարող այս պրոցեսի վրա որեւէ ազդեցություն ունենալ, առավել եւս` ստորագրություն հետ կանչել: Ուրեմն, ի՞նչ էր մնում նրան անել, որ վերջնականապես չխայտառակվի: Գտնվեց մի լուծում, որին Արեւմուտքը չէր խոչընդոտելու: Ուղերձը լսելիս մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվում, թե այս մարդը վերջապես խելքը գլուխն է հավաքել եւ կասեցրել է այդ դավաճանական գործընթացը: Այդ տպավորությունն է թողնում մասնագիտորեն բավականին հաջող ձեւակերպված այդ ուղերձը` նկատի ունեմ մոլորեցնելու իմաստով: Բայց որեւէ լուրջ վերլուծություն ցույց է տալիս, որ այնտեղ ամեն ինչ հստակ ասված է, եւ ուրախանալու ոչինչ չկա: Ընդհակառակը, նույն ընթացքն է շարունակվում: Հետեւաբար այս ուղերձը գլխավորապես միտված էր Սփյուռքի զայրույթը մեղմելուն, իրականում` մոլորեցնելուն, եւ Հայաստանում ներքաղաքական լարումը ինչ-որ չափով մեղմելուն: Որովհետեւ աշխարհաքաղաքական խորը տարաձայնությունների պատճառով այսօր մեր ներքաղաքական վիճակը բավականին լարված է: Ուստի, որեւէ ժամանակ դրսի որեւէ գերտերություն, որեւէ լուրջ հարց կարող է պատճառ դարձնել` Հայաստանի ներսում իշխանափոխություն իրականացնելու համար: Այս ուղերձով նա փորձում է կանխել հնարավոր ձեւավորվող դաշինքներն իր դեմ, որոնք երբեւէ կարող են գործիք դառնալ այս կամ այն գերտերության ձեռքին: - Այնուամենայնիվ, այդ ուղերձը, Սարգսյանի այդ քայլը ներքաղաքական դաշտի վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ, արդյո՞ք դա փոփոխության կարող է բերել: - Ես կարծում եմ, որ ոչ: Իշխանությունների քարոզչամեքենան մի քանի օր է կարողանալու տպավորություն թողնել հայ հասարակության մոտ, թե իբր ուղղվում են դավաճանական ընթացքից, բայց կարծում եմ` դա կարճ է տեւելու, եւ նորից ամեն ինչ նույն դիրքին է դառնալու: - Բայց երբ այդ ընկալումը լինի, որ ուղերձը իմիտացիա է եւ իրականում գործընթացից չի հրաժարվել, դրա հետեւանքը ո՞րը կարող է լինել: - Այս քայլով` արտաքին քաղաքական իմաստով ոչ մի ազդեցություն չի լինելու: Արտաքին ընթացքը ինչպես ծրագրված էր, այդպես էլ գնում է: Այստեղ արտաքին քաղաքական հարցում գլխավոր բանավեճը գնում է Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ, որովհետեւ Թուրքիան հասկանալով իր դերակատարության գերկարեւորությունը այս ամբողջ պրոցեսում` Արեւմուտքից փորձում է կորզել առավելագույնը: Եվ կոնկրետ հայկական կողմից իր կորզելիքը, բնականաբար, ազատագրված տարածքներն են, որովհետեւ համոզված եմ, որ թուրքերը, ի տարբերություն շատ վայ հայ քաղաքական գործիչների, շատ լավ գիտակցում են, որ այսօր հայության գոյատեւման միակ հենման կետը, որ մնացել է` ազատագրված տարածքների գոյությունն է: - Իսկ ԼՂ հիմնախնդրի վրա որեւէ ազդեցություն կունենա՞ Սարգսյանի քայլը: - Այս ուղերձով արտաքին քաղաքական ոչ մի փոփոխություն չի լինելու: Ուղերձի գլխավոր հետեւանքները, որ կարող են լինել` ներքինն է: - Այս համատեքստում ո՞րը պետք է լինի ընդդիմության անելիքը: - Արտաքին քաղաքական այս վերլուծությունները, որ ես փորձում եմ կատարել եւ ձեր թերթի միջոցով այդ մասին տեղեկացնել ժողովրդին, այդ բոլորը երկրորդական եմ համարում: Երբ ասում եք` ի՞նչ վտանգ կա ԼՂ հարցի հետ կապված, ապա անշուշտ` վտանգ կա, բայց այդ վտանգը արտաքին չէ, այն ներքին է: Այսինքն` մեր գլխավոր խնդիրը մեր մեջ է, մեր պետականություն, պետություն կերտելու մեջ է: Եթե մեզ չհաջողվի եկող ժամանակահատվածում կերտել Հայաստան պետություն, ուրեմն այս ամբողջ անցուդարձերը, նույնիսկ հայերի համար շատ զգայուն Ցեղասպանության խնդիրը, այս ամենը անիմաստ է դառնալու: Մենք Արցախյան ճակատում վտանգ ունենք ոչ թե արտաքին գործոնների պատճառով, այլ` վտանգը ներսից է, ներսից է, որ մեր երկիրը օր օրի հյուծվում է: Այսօր գլխավոր խնդիրը հնարավորինս շուտ ազգային պետության ստեղծումն է, որտեղ նիստուկացը պետք է բարոյական հիմքերի վրա լինի, որից պիտի բխի արդարությունը` մարդկանց հույս ներշնչելով, որ հնարավոր է մեր երկրում ունենալ ապագա: Պետության միջոցով մենք պիտի շտկենք մեր երկրի ժողովրդագրական պատկերը, կազմակերպելով ներհոսքն այն հազարավոր հայերի, որոնք սպասում են Հայաստան վերադարձին: Այլապես 5-ից 10 տարի անց մենք այլեւս խոսելու բան չենք ունենա: zhamanak.com 25.04.10 |
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: