| |
Ինչո՞Ւ
Են Վախենում Ժիրայր Սեֆիլյանից
Բակո Սահակյանը
հրաժարվեց քաղաքացիություն տրամադրել
Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարին
chi 114/07/09
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո
Սահակյանը մերժել է Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի
մայիսի 25-ին ուղարկված դիմումը` քաղաքացիություն շնորհելու խնդրանքով: Երեկ
զանգահարեցինք Սեֆիլյանին` իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու
ակնկալիքով, սակայն պարզվեց, որ նա չի սիրում իր մասին խոսել: Մեր հարցերին
պատասխանեց Ժիրայր Սեֆիլյանի քաղաքացիություն ստանալու իրավունքի պաշտպանության
կոմիտեի համակարգող Աղավնի Սահակյանը:
- Ինչո՞ւ այս անգամ էլ
Ղարաբաղի իշխանությունները մերժեցին Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու մասին
դիմումը:
- Այնքան պարզ է ամեն ինչ, որ նույնիսկ
զարմանալու բան չի մնում:
- Ի՞նչ հիմնավորմամբ է Բակո
Սահակյանը մերժել դիմումը:
- Պատճառաբանված է, թե Ղարաբաղում
դեռեւս ընդունված չէ երկքաղաքացիության մասին օրենքը (այն գտնվում է առաջին
ընթերցման փուլում), դրա համար էլ իրենք չեն կարող դիմումը բավարարել: Մի խոսքով,
նրանք մերժումն արտահայտել են այս ձեւով: Բայց եթե մարդը մի բան անելու ցանկություն
ունի, դա իրականացնելու համար եզրեր գտնում է: Եթե իրենք ցանկություն ունենային եւ
անհրաժեշտ համարեին հարցը լուծել, օր առաջ կկարողանային լուծել խնդիրները: Եթե
խնդիրը օրենքն էր, հաստատ կարելի էր դա ընդունել մի փոքր ավելի շուտ:
- Դուք իսկապե՞ս կարծում եք,
որ խանգարող հանգամանքը օրենքն էր:
- Իհարկե, ոչ: Եթե նրանք ցանկություն
ունենային, ամեն ինչ կանեին, բայց դա ընդամենը պատրվակ էր` իրենց արդարացնելու
համար:
- "Ազատություն" ռադիոկայանի
հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ասել
էր, թե օրենքը ընդունելուց հետո Սեֆիլյանի հարցը նորից կքննարկվի:
- Դա սուտ է: Մենք ստացել ենք գրավոր
պատասխան, որտեղ գրված է, թե քանի որ օրենքը դեռ առաջին ընթերցմամբ է ընդունված
ԱԺ-ում, իրենք չեն կարող որոշում կայացնել: Ռադիոյով Ղարաբաղի ներկայացուցիչն ասաց,
թե կան ուսանողներ, որոնց եւս քաղաքացիություն չի տրվել: Սա նույնիսկ վիրավորական
է, որ Ժիրայր Սեֆիլյանին համեմատում են ուսանողների հետ: Այդ զուգահեռը չպետք է
արվեր:
- Իսկ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է
այդքան վտանգավոր Ժիրայր Սեֆիլյանը ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Արցախի իշխանությունների
համար: Նրանք հետեւողականորեն մերժում են բոլոր դիմումները:
- Ժիրայր Սեֆիլյանը երբեք ոչ մի տեղ
վտանգ չի ներկայացնում: Վտանգավոր են լինում վատ մարդիկ, բացասական երեւույթները,
սողալով ճանապարհ անցնողները: Ժիրայր Սեֆիլյանն այն քաղաքացին է, այն մարդը, այն
հայը, որը շատ պարզ է գործում, ուղիղ է խոսում, չի կեղծում, չի քծնում: Ինչպե՞ս
կարելի է նրանից վտանգ սպասել:
- Այդ դեպքում ինչո՞ւ են նրանից
վախենում:
- Ես կարծում եմ, որ եթե մարդն ինքնին
վախկոտ է, նա ամեն ինչից կվախենա: Քանի որ Ժիրայր Սեֆիլյանն այն մարդն է, որը ունի
սկզբունք, դեմք, իր ասածին տեր է կանգնում, իր հետեւից կարողանում է մարդկանց տանել,
կարողանում է իր կենսագրությամբ մարդկանց դաստիարակել, ինչ-որ առումով խորթ է իրենց:
Իրենց, հավանաբար, պետք չէ, որ մեր ապագան այդպիսին լինի: Եթե իրենք թույլ տվեցին,
որ տեղի ունենա մարտի 1, այդպիսի խայտառակ դատավարություններ, սեւը սպիտակի տեղ
անցկացնում են, ինչպե՞ս կարող են այդ մարդիկ հանդուրժել Ժիրայր Սեֆիլյանի նման
մարդուն: Բայց մյուս կողմից էլ չհանդուրժելու իրավունք չունեն: Եթե նախագահ
կոչեցյալը ասում է, թե ես նախագահ եմ նաեւ ինձ չընտրողների համար, դե թող գործով դա
ապացուցի: Ժիրայր Սեֆիլյանն իր քննադատությամբ, իր ուղիղ խոսքով շատ ավելի օգուտ է
տալիս իրեն, որպեսզի սթափվի եւ ճիշտ որոշումներ ընդունի, քան իր կողքին կանգնածները:
Ընդհանրապես այլ ցանկացած քաղաքացու քննադատությունից ու ճիշտ խոսքից եւս նա ավելի
շատ օգուտ պիտի քաղի, քան այն ծառայողները, որոնք ծառայում են իրենց ստամոքսին եւ
այլն:
- Սփյուռքի նախարարությանն
ուղղված Ձեր դիմումներին ի՞նչ պատասխան եք ստանում:
- Բազմիցս դիմել ենք Սփյուռքի
նախարարությանը, եւ պատասխանել են, թե իբր մեր դիմումը ուղարկել են համապատասխան`
վիզաների եւ անձնագրերի վարչություն: Բայց մենք դրա տեղը վաղուց գիտեինք եւ մենք
դիմել ենք ձեզ, որպեսզի դուք միջնորդեք, հարց բարձրացնեք: Դուք մեր նամակն
ուղարկում եք այնտեղ որպես ի՞նչ: Երկրորդ անգամ, երբ հանդիպեցինք արդեն նախարարի
տեղակալի հետ, նորից նամակ գրեցինք` արդեն նշելով, որ դուք միջնորդություն
ներկայացրեք, բայց էլի ոչ մի պատասխան չկա: Փաստորեն այդ միջնորդությունն էլ հաշվի
չեն առել:
- Փաստորեն Հրանուշ Հակոբյանը,
որ բոլորին "տուն է կանչում", այնքան էլ հյուրընկալ չէ արդեն Հայաստան
վերադարձածների նկատմամբ:
- Ես դա էլ եմ ասել. մի անգամ
Ծաղկաձորում ժողով էր, Սփյուռքի մի ներկայացուցիչ էլ էր ասել, բա որ այդքան ասում
եք, ինչո՞ւ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն չեք տալիս: Վիրավորական է, չէ՞:
Փաստորեն Սփյուռքում ավելի շատ են անհանգստանում, քան այստեղ` Հայաստանում:
Ասում եք` տուն արի, եղբայր, եկել եմ,
դե կեցության իրավունք տվեք:
- Ժիրայր Սեֆիլյանն էլի կդիմի՞
Ղարաբաղի եւ Հայաստանի իշխանություններին:
- Չնայած, օրենքը չի գործում
Հայաստանում, այնուամենայնիվ օրենքում գրված է, որ մերժումից մեկ տարի հետո նոր
կարող է Ժիրայր Սեֆիլյանը դիմել: Մենք ստիպված ենք էլի դիմել: Մենք չենք լռելու,
չնայած որ անընդհատ պատի ենք հանդիպում;
ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ
|