Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Գրիգոր Մինասյան. Արժանավայել ապրելու համար պետք է ունենալ ազգային քաղաքականություն 

Սամցխե-Ջավախք-Ծալկա (միասնաբար` Ջավախք) տարածաշրջանի «արևմուտքը»` պատմական Սամցխեն, ներկայիս քաղաքական գործընթացներում։

Սամցխե-Ջավախք-Ծալկա հայկական տարածաշրջանը 

Պատմական հայկական Սամցխե-Ջավախք-Ծալկա (միասնաբար` Ջավախք) տարածաշրջանի մի մասնիկն է Սամցխեն: Սկզբից ևեթ հանդիսանալով պատմական հայկական գավառ (հայ և օտարերկրացի շատ պատմաբաններ այն համարում են հայկական Տայք նահանգի հյուսիսային գավառը, տես` Մելքոնյան Ա.Ա., նյութեր Ախալցխայի և Ախալքաքի դպրոցների պատմությունից  (19-րդ դար – 20-րդ դարի սկիզբ), Ե., 2005, էջ 9, հմմտ.` Зубов П., Картина Кавказского края принадлежащего России и сопредельных ему земель, СПб., 1835, с. 277, հմմտ.` Обозрение российских владений за Кавказом в статистическом, топографическом и финансовом отношениях, ч. 4., СПб., 1936, с. 201-202)` վերջինս պատմության ընթացքում կազմել է Ախալցխայի գավառը, թուրքական տիրապետության ժամանակ` Ախալցխայի վիլայեթը: Սովետական շրջանում Ախալցխայի գավառը մասնատվել է Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի շրջանների: Ներկայումս Սամցխեն կազմված է այդ շրջանների հիմքի վրա կազմավորված Ադիգենի, Ախալցխայի և Ասպինձայի և Բորժոմի մունիցիպալիտետներից (նախկին շրջանային վարչություններից): Սամցխեի ներկա անցուդարձի մասին մեզ հետ զրույցում իր տեսակետներով հանդես է գալիս Ախալցխայի երիտասարդական կենտրոնի տնօրեն Գրիգոր Մինասյանը (նշենք, որ Ախալցխայի երիտասարդական կենտրոնը հիմնվել է 2006թ.` տեղի երիտասարդության նախաձեռնությամբ և Հայ Օգնության Միության Ջավախքի օգնության ծրագրերի հանձնախմբի օժանդակությամբ: Սա Սամցխեի տարածքում գործող միակ երիտասարդական-մշակութային հայկական օջախն է, որտեղ այցելում են տեղի արվեստասեր ու շնորհալի երիտասարդները` փորձելով այդպիսով անսասան պահել ու համահայկական փառատոներում ներկայացնել պատմական Ախալցխայի  ոգեղեն մշակույթը):  

«Միտք» վերլուծական կենտրոնի վերլուծաբան

Վահե Սարգսյան 

Ինչպիսի՞ն էին վերջին իրադարձությունների ազդեցությունները Սամցխեի տարածքում: Ինչպիսի՞ն էին բնակչության արձագանքներն ու հայ երիտասարդության դիրքորոշումները վրաց-օսական պատերազմի օրերին

 Արձագանքները բացասական էին, միանգամից լուրեր տարածվեցին, որ ռուսական տանկեր են գալիս Սամցխեի տարածք, քաղաքը կարելի է ասել մի քանի ժամվա մեջ դատարկվեց: Փախչողների մեջ շատ քիչ տոկոս էին կազմում հայերը: Խուճապահար փախչողների մեջ էին տարբեր պաշտոնյաներն ու ուժային կառույցի ներկայացուցիչները, փախչում էին` չիմանալով անգամ թե ուր: Փախչում էին ամենքը մի տեղ. մի մասը անտառում էր պատսպարվել, մյուսը` մերձակա գյուղերում: Կար տեղեկատվության պակաս, կար միակողմանի տեղեկատվություն: Վրացական հատվածը, որը նայում էր վրացական հեռուստաալիքներ, ուրիշ պատկերացումներ ուներ իրադարձությունների մասին, իսկ այն մասը, որն ուներ արբանյակային հեռուստաալիքներ, ունեին այլ կարծիք կապված դեպքերի ընթացքի հետ:  

Ինչպիսի՞ն է կրթամշակութային կյանքը Սամցխեում (մանկապարտեզներ, դպրոցներ, կրթամշակութային այլ օջախներ): Ինչպիսի՞ն է Հայաստնի և Վրաստանի «ներկայության» չափն այս ամենի մեջ:     

Կարելի է ասել Հայաստանն ընդհանրապես ներկայացված չէ: Մշակութային այս վակուումի մեջ մենք ունենք նաև մեղքի մեր մեծ բաժինը. ոչ մեկը չի գալու և այդ ամենը ստեղծի մեր համար, մեր մտավորականությունը պետք է ձեռնամուխ լինի այդ ամենի մեջ: Իհարկե Հայաստանի օգնությունը պետք է` կապված նյութատեխնիկական բազայի ստեղծման և այլնի հետ:   

Քա՞նի հայկական մակապարտեզ կա Սամցխեում: 

Զուտ հայկական մանկապարտեզ չկա Սամցխեում, Ախալցխայում կա հայկական 3-րդ դպրոցի բազայի վրա հիմնված մի նախապատրաստական խմբակ, որը տանում է մանկապարտեզի դեր և 3-րդ մանկապարտեզն ունի մի հայկական մասնաճյուղ:

 Քա՞նի վրացական մանկապարտեզ կա կոնկրետ Ախալցխայի մունիցիպալիտետի (նախկին շրջանի) տարածքում:

 Մոտավոր 15:

 Փաստորեն եթե բնակչության թվաքանակով հաշվարկենք, ապա մանկապարտեզների նվազագույնը 30 տոկոսը (վերոնշյալ 15-ից 5-ը) պետք է լիներ հայկական:  

Այո: Այս ամենը գալիս է նաև տեղի հայության, մեղմ ասած, պասսիվ դիրքորոշումից: Շատերը նպատակահարմար չեն համարում անգամ իրենց երեխաներին տանել հայկական մասնաճյուղեր, ինչի պատճառով չեն շատանում մանկապարտեզների թիվը: Պատճառաբանություններ են բերվում հեռավորությունը և այլն, սակայն ցանկության դեպքում հեռավորությունը չի կարող ունենալ էական ազդեցություն: Նույնը կարելի է ասել դպրոցների հետ կապված. բնակչությունը քիչ է, իսկ դպրոցների վաուչերային համակարգը, որն անմիջականորեն կապվում է աշակերտության թվաքանակի հետ, թույլ չի տալիս ավելացնել հայկական դպրոցի նյութատեխնիկական բազան: Փաստորեն «չկա աշակերտ, չկա դպրոց» հասկացությունը դարձել է դրության տերը:  

Քա՞նի դպրոց կա հայկական կոնկրետ Ախալցխայի մունիցիպալիտետի (նախկին շրջանի) տարածքում:  

9 հատ միջնակարգ, մոտավոր 5-6 հատ էլ ոչ լրիվ միջնակարգ:  

Իսկ այն ծնողները, որոնք խուսափում են իրենց երեխաներին տանել հայկական մանկապարտեզներ, ու՞ր են տանում իրենց երեխաներին:

 Մեծ մասը` ռուսական, կան նաև վրացականը նախընտրողներ: 

Ինչպիսի՞ն է Սամցխեի հայ ազգաբնակչության ներգրավվածությունը հասարակական-քաղաքական կյանքի մեջ: Խոսենք նաև վրաց լեզվի և վրաց մշակույթի արհեստական տարածման ու այդ հողի վրա առաջացած հայության հիմնախնդիրների մասին:    

Հայերը ակտիվանում են միայն ընտրությունից ընտրություն`միշտ պաշտպանելով իշխանության թեկնածուներին: Կարելի է ասել` ձևավորվել է ավանդույթ առ այն, որ հայությունը պաշտպանում է իշխանության թեկնածուներին` չնայելով անգամ կարգախոսներին կամ ծրագրերին, պաշտպանում է առանց մտածելու, կարևորը փախցնի ինչ-որ պաշտոն, ինչ-որ պատառ: Այդքանով ցավոք սահմանափակվում է հայության ներգրավվածության աստիճանը հասարակական կյանքի մեջ:   

Ախալցխայի տարածաշրջանում, ի տարբերություն Ախալքալաքի տարածաշրջանի, լեզվի մասին օրենքը այնքան սուր չափով չի անդրադառնում հայության` աշխատանքի անցնելու գործընթացների վրա: Կան հոյակապ երիտասարդներ, որոնք տիրապետում են վրաց լեզվին: 

Վերջիններս ու՞նեն պաշտոններ:

 Ոչ. լեզվի չիմացությունը մշտական ու արհեստական առիթ է հանդիսանում, որպիսի երիտասարդներին զրկեն աշխատելու հնարավորություններից: Կա նաև մի «թաքնված» օրենք. հայ երիտասարդներին աշխատանքի ընդունելու հարցերում պետք են հատուկ մարմինների կամ հատուկ մարդկանց երաշխիքները: Այս պրոցեսի արդյունքում` պաշտոնների են անցնում հատուկենտ հայ երիտասարդներ, որոնք միայն անուն ազգանունով են հայ, մյուս առումներով վերջիններիս հայ անվանելը սխալ է: Վրացախոս, ծնողների մի մասը վրացի` ահա այսպիսի հայերն են ընդունվում աշխատանքի:  

Ինչպիսի՞ն եք տեսնում Վրաստանի ապագա կառուծվածքը, և Սամցխե-Ջավախք-Ծալկան որպես ինքնուրույն միավոր վերակազմավորվելու պարագայում կարող է այն վերածվել Վրաստանի կազմում ինքնավար տարածաշրջանի:  

Վրաստանի ապագան ժողովրդավարությունն է: Բնական է` ժողովրդավարություն ասելով հասկանում ենք բոլոր քաղաքացիների ակտիվ և անխտրական ներգրավվածություն երկրի հասարակական-քաղաքական կյանքի մեջ:  

Արդյոք դա հնարավոր չի միայն տարածաշրջանն ինքնավար միավոր վերակազմավորվելու դեպքում:   

Գիտեք` «ինքնավարություն» բառը մի քիչ շատ է զայրացնում մեր իշխանություններին: Կարող ենք այդ բառն օգտագործել կամ չօգտագործել, կարևորն է` աշխատանքներ տանել:

Այսինքն` դուք ձգտում եք սկզբնական շրջանում փաստացի ինքնավարության:   

 Ինքնավարության կամ ինքնակառավարման մեխանիզմներին ձգտելով մենք ավելի շատ բաների կհասնենք, քան այդ բառն անընդհատ շահարկելով, ինչպես դա արվում է սովորաբար: Բնականաբար անժխտելի փաստ է, և դա ընդունում են նաև այլազգերը (այդ թվում նաև` վրացիները), որ մենք տեղաբնաիկ ազգ ենք և բնականաբար պետք է ինքներս ունենանք մեր բաժինն այս ամենի մեջ, եթե ինքնավարության ուղով է գնում Վրաստանը, ապա բնականաբար բոլոր տեղաբնիկ ազգերը պետք է օգտվեն այդ գործընթացից, այն չպետք է լինի միայն մայրաքաղաքի համար: Ինչ վերաբերում է տարածաշրջանի ադմինիստրատիվ բաժանման մասին, լավ կլինի որ այն լինի ազգային սկզբունքների հիման վրա, դրանով ավելի կհեշտանա կառավարումը, ավելի հեշտ կլինի ազգային փոքրամասնություններին կազմակերպվել այսպիսի ներքին միավորի մեջ և համագործակցել կենտրոնի հետ, քան առանձնաբար:  

Դա սովետական բաժանումն է, որը նպատակ ուներ ունենալ այնպիսի վարչատարածքային միավորներ, որոնցից ոչ մեկում հայերը չկազմեին բացարձակ մեծամասնություն` ոչ շրջանների մեջ, ոչ էլ մարզային մակարդակով: Հուսով ենք, որ սովետական կարգերը քննադատող ներկա վրաց իշխանությունները քաջություն կունենան անդրադառնալ նաև այս խնդիրներին: Մինչ այժմ` սովետական կարգերից անընդհատ հրաժարված և իրեն ժողովրդավար ուղով ընթացող պետություն հռչակած Վրաստանը գիտակցաբար աչք է փակում այնպիսի հարցերի առաջ, որոնք ձեռնտու չեն իրեն: Եթե հրաժարվում ես` հրաժարվիր մինչև վերջ: Օրինակ Բորժոմի շրջանում կան 4 հայկական գյուղեր, որոնք սովետական ժամանակաշրջանում կտրված են Ախալքալաքի գավառից և միացված վերջինիս: Այդ գյուղերի համար ձմռան փակ ճանապարհների պատճառով իսկական պատիժ է կտրել-անցնելը մի քանի շրջաններ` հասնելու համար Բորժոմ շրջկենտրոն:  

Ի՞նչ պահանջներ ունի Սամցխեի հայ երիտասարդությունը Հայաստանի Հանրապետությունից:  

Ընդհանրապես Հայաստանն պետք է իր համար հստակեցնի մի հարց. պետք է իրեն հայություն կամ Հայաստան, թե ոչ: Հայաստանի այսօրվա արտաքին քաղաքականությունը վերածված է մի չհաջողված առևտրային գործընթացի: Ամբողջ արտաքին քաղաքականությունը «ամփոփված է» մի քանի ցիստեռն վագոնների մեջ և Սամցխե-Ջավախք-Ծալկայի շուրջ 150.000 հայության ազգային ինքնագիտակցության գոյության կամ չգոյության հարցը ևս դիտվում է այդ վագոնների պատուհանից: Ուզում եմ հիշեցնել, որ ամենամեծ գանձն ու արժեքը դա սեփական ժողովուրդն է, մենք ուզում ենք համշենահայերին «վերադարձնենք», բայց հետամուտ չենք մեր աչքի առաջ կործանվող ժողովրդին փրկելու հարցում: Մենք սովոր ենք շատ արագ կազմել հայրենակցական միություններ, գրել ողբեր: Մենք մեր ձեռքով կործանում ենք մեզ ու հետո սկսում փնտրել մեղավորներ, թշնամիներ: Այս պարագայում Վրաստան պետությունն իրականացնում է իր ազգային քաղաքականությանն ուղղված ծրագրերը: Նա պիտի անի: Եթե ուզում ես արժանավայել ապրել, ուրեմն դու էլ պետք է ունենաս քո ազգային քաղաքականությունը: Սա հիմար տրամաբանություն է` չանել ոչինչ և անողներից նեղանալ:   

Ինչ վերաբերում է երիտասարդությանը, ապա մեր առաջին խնդիրը կայանում է մեր արժեքների արժևորման ու գնահատման մեջ: Մենք պետք է հստակ գիտակցենք մեր անելիքների մասին, պատկերացում ունենանք, թե մենք ով ենք և ինչ ենք ուզում ունենալ, ելնելով այս ամենից պետք է կատարենք քայլեր: Պետք է լինենք կառուցողական` չշփոթելով այն ազգային արժեքների ոտնահարման հետ: Վերջինս ես համարում եմ դավաճանություն: Կառուցողականի տակ ես հասկանում եմ` պահպանելով ունեցածը` ձեռք բերել ավելին: Ցավոք մենք այսօր դադարել ենք լինել ստեղծարար. մենք գանգատվում ենք Հայաստանից, Հայաստանն հոգնել է մեզանից, ստեղծվել է մի անելանելի իրավիճակ:

 Որպես Սամցխեի տարածքի հասարակականապես ամենաակտիվ երիտասարդներից` ինչպես եք գնահատում տեղի հայ երիտասարդության իմացության մակարդակը` Սամցխե-Ջավախք-Ծալկա պատմական հայրենիքը ճանաչելու, ազգային պատմության, հասարակական հարաբերությունների, օրենքների ու այլ ոլորտների, իրենց հանդեպ Հայաստանի ու Վրաստանի վարած քաղաքականության, ինչպես նաև տարբեր ազգային խնդիրների իմացության առումով: Սամցխեի հայ երիտասարդը իրեն զգում է որպես քաղաքացի:    

Մեր ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ մեր տեղի հայ գործիչները խոսելով գլոբալ հարցերից, ՄԱԿ-ից, ՆԱՏՕ-ից, Չինաստանից և այլն, չեն աշխատում սեփական ժողովրդի հետ: Վերջիններս կտրված են տարածաշրջանային քաղաքականությունից, այն քաղաքականությունից, որը մեզ է վերաբերում:  

Այսինքն` ժողովրդին կազմակերպելու և ակտիվացնելու քայլեր չեն ձեռնարկվում:  

Մենք արդյոք լավ ենք ճանաչում մեր ժողովրդին, մենք գիտենք, որ մեր ժողովուրդը պասսիվ է բոլոր հարցերում, չկա ազգային արժանապատվության ոտնահարմանն ուղղված քայլերի իրականացում, ցավոք` չգիտենք: Մեր ազգային պայքարը մշտապես ուղեկցվում է հուզական դրսևորումներով և դրանով սահմանափակվում: Մենք պետք է ունենանք ծրագրված, հայեցակարգային բնույթ կրող պայքարի ուղի:   

Եվ քանի որ Սամցխեն իրավաբանորեն բաղկացած է չորս շրջաններից (ներկայիս` մունիցիպալիտետներից), բնականաբար հայությունն ապրում է, բացի Ախալցխայի շրջանից, նաև` հարևան Բորժոմի, Ադիգենի և Ասպինձայի շրջաններում: Գոյություն ունի արդյոք համախմբվածություն չորս շրջանների հայության շրջանակներում տարբեր ազգային հարցերում: Սա շատ կարևոր հանգամանք է, քանի որ ի վերջո Սամցխեն մաս է կազմում Սամցխե-Ջավախք-Ծալկա (միասնաբար` Ջավախք) պատմական հայրենիքի:   

Համախմբվածությունն առկա է և երիտասարդության, և մեծահասակների շրջանակներում, սակայն ցավոք այն ոչ թե քաղաքական կամ ազգային հարցերում է, այլ դրանք շատ անգամ անձնական կապեր են, անձնական բարեկամություն: Իսկ հասարակական կազմակերպություն ասելով հասկանում են, թե մեկը պետք է գա ու մի բան բաժանի իրենց, դուռը ներկի, կամ փող տա: Դա խոսում է քաղաքական կամ քաղաքացիական պատրաստվածության ցածր աստիճանի մասին: Այնինչ` մեր աշխատանքի ասպարեզը պետք է լինի մեր ժողովուրդը: Վերջինս պետք է իմանա ինչ է կատարվում շրջապատում, ինչ երկրում են ապրում իրենք: Իրականում ժողովուրդը մի մոլորակի վրա է ապրում, մեր տեղի մի քանի գործիչները` մեկ այլ: Պետք է վերացնել այս անջրպետը, անդունդը:  

Փաստորեն Վրաստանը տարբեր ՀԿ-ների կամ ՈԿԿ-ների միջոցով պարտադրում է իր մշակույթը, իր քաղաքականությունը, իր լեզուն, սրանց կողքին բացակայում է Հայաստանի ներկայությունը այս ոլորտներում: Մեղավոր է արդյոք Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի հայությունը իր մեկուսացված լինելու մեջ և ինչ քայլեր պետք է անել վերացնելու այն:    

Այդ վիճակին մենք հասել ենք պատմության ընթացքում և աստիճանաբար: Իր ազդեցությունն ունի 70-ամյա կոմունիստական ազդեցությունը, որին հաջորդեց Զ. Գամսախուրդիայի ազգային քաղաքականությունը, երբ հայությունը դուր մղվեց ամեն ոլորտից, նույնը շարունակեց Է. Շևարդնաձեն` առանց կարգախոսների: Ցավոք այդ քաղաքականության բազմաթիվ էլեմենտներ նկատվում են այսօր, մանավանդ` այդ դրսևորումները ցայտուն են դառնում կրիտիկական պահերին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա վերջինս պարզապես անգիր է արել մի քանի բառեր. «ինտեգրվեք, գնացեք վրացերեն սովորեք» և այլն: Արդեն կարող է այդ մտածողությունը հասնել այն խայտառակ աստիճանի, որ քիչ է մնում մեր մոտ Երևանից ուղարկեն մասնագետներ` վրացերենի ուսուցման համար: Ժողովրդի մեղքը այստեղ նրանում է, որ անձնական հարցերում վերջինս գտնում է շուտափույթ ելքեր, իսկ համընդհանուր հարցերում բոլորս դառնում ենք ողորմելի:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: