Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

ԻՆՉՊԵՍ ՇՈՒՌ ՏԱԼ ՀՍԿԱ ԲՈՒՐԳԸ

Հովհաննես Հովհաննիսյան. պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ:
Հեղինակ է մեկ մենագրության և երկու տասնյակից ավելի գիտական հրատարակությունների Հայաստանում և արտերկրում, ինչպես նաև բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների: Անդամակցում է մի շարք միջազգային պրոֆեսիոնալ կազմակերպությունների:
 
Ձեր կարծիքով, ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել այսօր Հայաստանում:
 
Այս իրադրությունը Հայաստանի համար նորություն չէ, քանի որ արդեն մեկ տարի շարունակ անխախտ քայլերով գնում էին դեպի այս զարգացումներին: Երբ Հայաստանում սկսվեց բացահայտ չհակադրությունների փուլը, պետք էր սպասել, որ կգա մի ինչ-որ ժամանակ, երբ ներքաղաքական իրավիճակը կամորֆանա, ինչպես դրա ականատեսը եղանք նախորդ տասնամյակի ընթացքում: Միակ բանը, որ թերևս մեզ թույլ չտվեց այդ իրավիճակի ամբողջական ամորֆացումը, հայ-թուրքական հարաբերություններն էին և ակտիվացած ղարաբաղյան բանակցությունների գործընթացը, որոնք ներքին ակտիվությունը տեղափոխեցին արտաքին քաղաքական ոլորտ` դրանով իսկ հետադարձ շղթայով ազդելով նաև ներքին հարաբերությունների վրա:
 
Այսօրվա իրադրությունը ներքին քաղաքականության առումով բավական ենթադրությունների հանգեցրեց հատկապես վերջին` հունվարի 10-ի ընտրություններից հետո, քանի որ բոլորս ականատեսը եղանք իրավիճակի վերջնական կարծրացմանը: Իշխանությունները չնայած խոսում են օլիգոպոլիաների դեմ պայքարի մասին, որպեսզի բավարարեն որոշ միջազգային կազմակերպությունների պահանջները, այնուամենայնիվ, հարցն այն է, որ նրանք ամբողջովին հիմնված են հենց օլիգարխների վրա: Բազմիցս ականատես ենք եղել այն իրավիճակին, որ երբ իշխանությունները ցանկանում են երկրում իսկապես որևէ բան փոխել, շատ արագ ստացվում է, և նույնիսկ տեսնում ենք, երբ ամենավերին օղակներում տեղի են ունենում շահերի բախումներ, իշխանության թեթև ձեռքով հնարավոր է լինում այդ շահերի բախումները նույնիսկ օլիգարխիաների մակարդակում շատ արագ լուծել, բայց միայն այն դեպքերում, երբ դա պետք է  իշխանությանը: Երբ պետք է լինում հայտնաբերել որևէ մեկին (օրինակ` ցմահ դատապարտվածը փախչում է բանտից և մեկ շաբաթվա ընթացքում շատ օպերատիվ կարողանում են հայտնաբերել), ինձ արդեն չեն կարող համոզել, որ չեն կարողանում տեսնել` որտեղ կա կոռուպցիա կամ չկա:
 
Նույնը մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտելու առումով: Հայաստանը մի փոքր երկիր է, որտեղ բոլորը բոլորին գիտեն, բոլորը գիտեն` ովքեր են կոռումպացված, ինչպես դա լինում է փոքր հիմնարկների պարագայում: Սա մի փոքր հիմնարկ է, որտեղ ամեն ինչ, ամեն տեղաշարժ պարզ է բոլորին: Այս պարագայում պետք է երկրի ներսում ունենայինք կոշտ քաղաքական հակադրություն, որից հետո միայն կարող էինք ասել, որ հասարակության մեջ տեղաշարժեր կլինեն: Երբ չկա այդ կոշտ հակադրությունը, հասարակությունն արդեն մեռնում է, ինքն էլ է ամորֆանում, դառնում ընդհանուր այդ գորշ զանգվածի մի մասնիկը: Խոսել քաղաքացիական հասարակության մասին` առանց կոշտ հակադրության, կարծում եմ հնարավոր չէ:
 
Հետ վերադառնամ և ասեմ, թե ինչպես եղավ, որ շատերը կանխատեսում են, որ սա մեռած հասարակություն է, որը խոր նիրհից զարթնեց 2008 թվականին: Դա տեղի ունեցավ միայն մի բանի շնորհիվ`մարդիկ տեսան որոշակի մարդկային խմբի կամ մարդու, որը, շատ կոշտ հակադրություն ձևավորելով, իշխանությանն անվանելովավազակապետություն”` կարողացավ արթնացնել մարդկանց նիրհից: Դրանից հետո, երբ մարդիկ տեսան, որ իշխանությունը և ընդդիմությունը շատ դեպքերում չունեն հակադրություններ հատկապես արտաքին քաղաքականության բնագավառում, ինչքան էլ փորձեն ասել, որ տեսակետները բազմաթիվ հարցերում տարբերվում են, հասարակության մեծամասնության գիտակցության մեջ տեղի է ունենում այդ տեսակետների նույնացում:
 
Եթե այս պահին լինի այդ կոշտ հակադրությունը, հասարակությունն արթնանալո՞ւ է:
 
Նայած ում կողմից կլինի:
 
Ներկայիս ընդդիմության:
 
Մի քիչ դժվար է ասել, թե ինչ ենք հասկանում ներկայիս ընդդիմություն ասելով: Իհարկե, մեր նախորդ զրույցներում ասել ենք, որ ընդդիմություն ասելով` միանգամից ՀԱԿ ենք հասկանում: Սակայն ՀԱԿ-ն այսօր անունով է ընդդիմություն, բայց գործով այդքան էլ չես կարող ասել ամբողջությամբ ընդդիմություն է, քանի որ ինձ համար ընդդիմություն ասվածը մի համակարգ է, որը կոշտ հակադրությունների միջոցով իշխանության հետ փորձի հավասարակշռել իշխանության փոխտվությունների դաշտը: Այսինքն` իշխանությանը միշտ փորձի պահելստարտայինիրավիճակում, որ իշխանությունը չկարողանա վերազանցել իր լիազորությունները. դա կարող է անել ընդդիմությունը, որը միշտ կոշտ է: Ընդդիմության գործունեությունը սահմանափակվում է պարբերաբար հայտարարություններ տալով և փաստորեն քաղբանտարկյալների հարցը շոշափելով: Այսինքն` այն ընդդիմությունը, որը կոչված է շուռ տալու հսկա ավազապետական բուրգը, այսօր զբաղված է քաղբանտարկյալների խնդիրներով:
 
Ձեր կարծիքով, նոր ո՞ւժ պետք է ձեւավորվի:
 
Նոր ուժի ի հայտ գալը ինքնանպատակ չէ: Նոր ուժը ի հայտ է գալու կամ եղած ուժերից, որովհետև Հայաստանը սահմանափակ ռեսուրսներով երկիր է /նկատի ունեմ մարդկային սահմանափակ ռեսուրսները/, հատկապես իշխանությանը հակադիր դաշտը, համարյա բոլորն իրար գիտեն, մարդիկ իրար գիտեն, իրար ճանաչում են, և այստեղ խնդիրն ավելի շատ վերաձևակերպումների, տրանսֆորմացիաների, ճիշտ գաղափարների և ըստ իս` ճիշտ ցանցի կառուցման մեջ է: Նույն ՀԱԿ-ում կան շատ առողջ ուժեր. հատկապես երիտասարդները, որոնք ՀԱԿ-ի ողնաշարն են կազմում, և եթե ճիշտ մեխանիզմներ, մեթոդներ և ուղղություններ տրվեն, ինձ թվում է հնարավոր կլինի ՀԱԿ-ի բաղադրիչների և հասարակության տարբեր մասերում ինքնաբուխ ձևավորված առանձին խմբերի կողմից հնչեցված կարծիքների հիման վրա տեղի ունենան լուրջ գաղափարական քննարկումներ: Տեղի ունենա, ինչպես Աղասի Թադևոսյանն է սիրում ասել` մտքերի ինտենսիվ փոխանակություն, և որից հետո կծնվեն նոր գաղափարներ, և այդ գաղափարների շուրջ կձևավորվի ապագա նոր ուժը:
 
Մենք խոսեցինք հասարակության նիրհի մասին: Այսօր, ըստ Ձեզ, հասարակությունն ունի՞  այդ նոր ուժի անհրաժեշտությունը:
 
Հասարակությունը դինամիկ օրգանիզմ է, որտեղ անընդհատ տեղի են ունենում տեղաշարժեր մեր կամքով կամ մեր կամքից անկախ: Այսօր հայ հասարակությանը պետք են նոր և թարմ գաղափարներ, որովհետև հասարակության մեջ գոյություն ունի մի մեծ խաբկանք, այսինքն` հասարակությունը ոչ միայն թմբիրի մեջ է, նրան ոչ միայն խաբում է իշխանությունը, քաղաքական ուժերը, այլ ինքն իրեն է խաբում: Այդ հասարակությունը պետք է վերարթնանա: Սակայն պետք է ասել, որնոր ուժիգաղափարին հասնելու համար անհրաժեշտ է և ռոմանտիզմ, և ռացիոնալիզմ: Առանց ռացիոնալ հաշվարկների և այն մեխանիզմների պատկերացման, թե ինչպես է փոխվելու այս ներքաղաքական իրավիճակը, որին կհաջորդեն համակարգային փոփոխությունները, պետք է նույնիսկ փոքր իսկ քայլ կատարել ներքին կյանքի ակտիվացման ուղղությամբ: Բազմաթիվ քննարկումների արդյունքում ծնված գաղափարը պետք է պատկերացնի բոլոր այն մեխանիզմները, թե ինչպես է փոխվելու բուրգը, համակարգը, ինչպես է նոր, արդար, բարոյական, ազնիվ մասսան գալու իշխանության, ինչպես է համակարգը նպաստելու նրան, որ այդ մարդիկ չդառնան այնպիսին, ինչպիսին իրենց նախորդներն էին, որովհետև ամեն ինչ այդ դեպքում արդեն անիմաստ կդառնա: Փաստորեն ինքնին անհրաժեշտություն է առաջանում փոխել հասարակության մտածողությունն ամբողջությամբ:
 
Ի՞նչ գաղափարախոսություններ պետք է ծնվեն, որ հասարակությանը կարողանան համախմբել:
 
Խոսքն այստեղ ոչ թե նոր գաղափարախոսությունների, այլ նոր գաղափարների մասին է: Մենք բազմիցս ականատես ենք  եղել, որ տարբեր տեսակի` սոցիալիզմ, լիբերալիզմ, ազգայնականությունդրանք հեղհեղուկ գաղափարախոսություններ են, որևէ մեկը հստակ չի հետևում այդ գաղափարախոսության սկզբունքներին և ուղենիշերին: Հայաստանում կամ համախմբվում են ինչ-որ անձի շուրջ, որը շատ վատ է, կամ միավորվում են հստակ սկզբունքների, ներքին հստակ պայմանավորվածությունների և արդար հասարակարգ հաստատելու գաղափարի շուրջ:
 
Իսկ որո՞նք են այդ հստակ կետերը:
 
Առաջինն այն է, որ նոր իշխանությունը պետք է հստակ պատկանի ժողովրդին,և սրանք բառեր չպետք է լինեն: Այսինքն` Սահմանադրության երկրորդ հոդվածը իրականում պետք է կյանքի կոչվի, և ժողովուրդը պետք է կարողանա իր քվեով ընտրել իր իշխանությունը և իր ցանկությամբ հետ կանչել նրան:
 
Մշտապես խոսք է գնում այն մասին, որ ժողովուրդը կարող է ընտրել մի մարդու, որն իրականում արժանիքներ չունի: Եթե ժողովուրդն է ընտրել, ուրեմն արդեն այդ մարդն արժանի է ընտրվելու` անկախ նրանից, թե նա ով է: Հայաստանում պետք է հստակ հարգվեն մարդու իրավունքները, պետք է լինի արդար դատարան: Հայաստանում պետք է փոխվեն կրթական շատ ծրագրեր, և այս նոր սերնդին պետք է դաստիարակել նոր գաղափարներով: Այսինքն` նոր սերունդը չդաստիարակվի փողի, իշխանության ևլավտղա դառնալու ինչ-որ մոլուցքով, ինչն այսօր մեր հեռուստաընկերությունների հիմնական քարոզվող թեման է, որովհետև այսօր հեռուստատեսությունը ցույց է տալիս, որ արդարություն հնարավոր է միայն գողական աշխարհում, մնացած աշխարհում արդարություն գոյություն չունի: Այսօր արդեն ենթագիտակցորեն, թե գիտակցորեն դա է նստած երիտասարդների մեջ, և երիտասարդության իդեալը դառնում է ոչ թե իրական քաղաքական գործիչը, այլ այն քաղաքական գործիչը, որը նույնացվում է գողականի հետ: Ինչը շատ վտանագավոր եմ համարում:
 
Այնուամենայնիվ, նոր ուժ ստեղծողները ովքե՞ր կարող են լինել, ո՞ւմ եք տեսնում:
 
Այսօր մի շարք սոցիալական ցանցեր կան ստեղծված, որոնց անդամակցում են բազմաթիվ անհատներ նույն ընդդիմադիր ուժերից` ՀԱԿ-ից, Ժառանգությունից, ինչպես նաև բավական ազնիվ շարժում է Սարդարապատ շարժումը: Թերևս իմ անհամաձայնությունը միայն որոշ մաքսիմալիստական մոտեցումների շուրջ է, այնուամենայնիվ կարծում եմ, այսօր առաջնայինը դա չէ: Մաքսիմալիստական մոտեցումները բավական կենսունակ են մարտավարական մոտեցումների և կարճաժամկետ ծրագրերի իրագործման համար, սակայն ռեալ քաղաքականության և երկարաժամկետ մոտեցումների պարագայում տեղի են ունենում արմատական փոփոխություններ: Ինչը տեսանք օրինակ Բարաք Օբամայի պարագայում. նա շատ բարձրալիքիվրա էրհիմա աննախադեպ անկում է, որովհետև երբ խոսքից անցավ գործի, հասկացավ, որ շատ բաներ չի կարող անել, որովհետև ռեալ քաղաքականությունը շատ պահանջներ էր նրան առաջադրում: Կարծում եմ, որ պետք է իրատես, արդյունավետ և մարդակենտրոն, ժողովրդին ուղղված քաղաքականություն  որդեգրվի, և հստակ պատկերացվեն այդ մեխանիզմները`ընտրություններ, թե հեղափոխություն, թե երկուսն էլ: Շատերն առաջնորդվում են այն կարծիքով, որ հեղափոխությունը պետք է լինի մարդկանց մտքերում. մինչև չկայանա մարդկանց մտքերում, շենքեր վերցնել, գրավել կամ նման բաներն անիմաստ են: Այդ դեպքում վերցնենք ընտրությունների տարբերակը: Եթե գնում ես ընտրությունների, գոնե պետք է պատկերացնել այն մեխանիզմները, որոնցով հնարավոր լինի հաղթել: Քանի որ իշխանությունն այսօր ստեղծել է մի մեխանիզմ, որն իրեն հավերժանալու հնարավորություններ է տալիս` տատիկ- պապիկների օպերացիաների միջոցով և թոշակառուների զանգվածների: Եվ համարյա անհնար է լինում պայքարել փողի և վարչական ռեսուրսի դեմ:
 
Այդ ուժը տեսնում եք կուսակցությա՞ն, հասարակական նախաձեռնությա՞ն տեսքով: Կարծես շատ է խոսվում այն մասին, որ կուսակցություններն  իրենց սպառել են, ավելի կենսունակ են նախաձեռնությունները:
 
Ես կարդացի Ձեր հարցազրույցը Տիգրան Խզմալյանի հետ, որն ասում էր, որ իրենք ազատ են, որ կուսակցական պատկանելություն կամ երդում այստեղ չկա: Բայց երբ գալիս են ընտրական կոնկրետ գործընթացները և մասնակցությունն այդ գործընթացներին, ուզած թե չուզած, դու տեղավորվում ես այս դաշտի մեջ, դու պետք է ֆորմալացնես այդ նախաձեռնությունը, ամեն դեպքում դա պետք է ֆորմալացվի և ձեռք բերի քաղաքական համակարգին բնորոշ հատկանիշ:
 
Կլինի կուսակցություն, թե ասենք նախաձեռնությունկարևոր չէ, քանի որ բոլորի ձգտումը մեկն է` հասնել իշխանության: Եվ անունն ինչ ուզում եք դրեք, դրանից էությունը չի փոխվելու, փոխվելու է միայն արտաքին տեսքը: Ճիշտ է, կուսակցությունն ունի իր ատրիբուտները, երդումը, միգուցե նախաձեռնությունը չունի, բայց ավելացնեմ, որ կարևորը ոչ թե արտաքին ատրիբուտներն են, այլ ներքին համոզվածության պարտադրանքը:
 
Երբեմն խոսվում է այն մասին, որ եթե գերտերություններն ուզենան, որ մեզանում նոր ուժ ստեղծվի, կստեղծվի: Համամի՞տ եք:
 
Արտաքին ուժի դերը Հայաստանում պետք է ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել: Արտաքին ուժերն ունեն իրենց շահերը և մշտապես հետամուտ են իրենց շահերին` թե Ռուսաստանը, թե Արևմուտքը, թե ինչ-որ կազմակերպություններ: Չնայած մեր հասարակության մեջ էլ այն կարծիքն է ձևավորվել, որ մինչև արտաքին ուժը չաջակցի, որևէ բան չի փոխվի, այսինքն` հասարակությունն ինքն իր ուժերին վստահ չէ: Դա երկկողմանի մի պրոցես է, որ մենք ավելի շատ դեպի դուրս ենք նայում, քան դեպի ներս: Երբ մենք պայքարում էինք Ղարաբաղի համար, մենք էլ դրա մասին չէինք մտածում: Այսպիսի մի իրավիճակ պետք է լինի, երբ հասարակությունը չմտածի, թե այդ պահին ով է, ինչ է, ում շահն է: Այստեղ ամենակարևորն իր շահն է: Իրենք պետք է ներքին համոզմունքից ելնելով գնան հրապարակ կամ ընտրեն այսինչ ուժը կամ մարդուն և ոչ թե առաջնորդվեն այս կամ այն գերտերության աջակցությամբ կամ շահերով:
 
Այս տեսակետի շուրջ այսօր առաջընթաց եմ տեսնում, քանի որ այսօր բավական թուլացել է ռուսամետության գործոնը. չնայած նրան, որ ասում են Ռուսաստանը վերադառնում է կամ որ երբեք էլ այստեղից չի գնացել, այնուամենայնիվհասարակության մի ստվար մասում, հատկապես երիտասարդության մեջ արմատավորվում է չեզոք, եթե չասենք բացասական, վերաբերմունք Ռուսաստանի նկատմամբ: Եվ այն, որ փորձում ենք կտրվել այդ հին ազդեցությունից, պետք է որպես դրական միտում ընկալվի: Բայց պետք է կտրվելով հանդերձ` չենթարկվենք այլ ազդեցությունների:
 
Այսօր նոր լիդեր տեսնո՞ւմ եք, պատրա՞ստ եք անուններ տալ:
 
Շատ մարդկանց եմ տեսնում, որ կարող էին լիդեր լինել, բայց անուններ չեմ տա ոչ թե նրա համար, որ վախենում եմ դրանից, այլ որովհետև մեզ մոտ իդեալականացնում ենք լիդերին, բայց մինչև լիդեր դառնալը նա սովորական մարդ է և երբ լիդեր է դառնում, ձեռք է բերում որակներ, որոնց մասին մինչ այդ չէինք մտածել: Այնպես որ, հակաիշխանական դաշտում գործող ինտելեկտուալ զանգվածից շատերն այսօր կարող են դառնալ նախաձեռնության կրող: Այստեղ կարևորը անձի խնդիրը չէ, կարևորը ցանցի խնդիրն է, ցանց, որը ներսում ունի արդարության գաղափարը, որը կկարողանա իրականացնել Հայաստանի վերափոխումների ծրագիրը, որովհետև միայն անհատների մակարդակով սահմանափակվող նմանատիպ նախաձեռնությունները կարող են հեշտությամբ ճնշվել ավտորիտար իշխանությունների կողմից: Այսինքն` հարցը պետք է դնենք ոչ թե անհատների մեջ, այլ ցանցի: Եվ ես վստահ եմ, որ այդ ուժի ձևավորումը սարերի հետևում չէ:
 
ԶՐՈՒՑԵՑ ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆԸ

27.01.10

Lragir.am

 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: