Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

Բերձորի 476 երեխա ամեն օր ստանում է 200 գրամ կաթ եւ մեկ բուլկի

Hetq 02/02/09

Հարցազրույց «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի նախագահ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանի հետ

Պարոն Մելիքյան, հիմնադրամը նոր ծրագիր է սկսել Քաշաթաղի շրջանում, ինչպե՞ս առաջացավ մտահղացումը:

Մի շատ լավ կազմակերպություն կա, որի հիմնադիրներն իրանահայեր են, ովքեր, ի դեպ, շատ կապված են Մայր Հայաստանին, նրանք ինձ հարցրեցին, թե ինչով կարող են օգտակար լինել երեխաներին, քանի որ իրենք միայն երեխաների հետ կապված ծրագրեր են իրականացնում: Ես էլ մտածեցի մեր ուշադրության կենտրոնում գտնվող ազատագրված տարածքների մասին, որտեղ անապահով խավ է ապրում: Առաջարկեցի երեխաներին կաթով ապահովել. մտաբերեցի մի երեխայի, որը երկու տարի  մանկապարտեզում մնաց, դպրոց չգնաց, որովհետեւ դպրոցում սնունդ չէին տալիս: Մտահղացումը ողջունեցին:

Սկզբնական շրջանում որոշվեց կաթը գնել գյուղացուց, սակայն բժիշկ ընկերներս գտան, որ դա կարող է վտանգավոր լինել, որովհետեւ կարող էինք հանկարծ որեւէ հիվանդության պատճառ դառնալ: Ես որոշեցի կաթը վերցնել Ստեփանակերտի կաթի գործարանից, այժմ ավելի քան 476 երեխա Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի երկու միջնակարգ դպրոցում եւ մանկապարտեզում օրական 200 գրամ կաթ եւ մեկ բուլկի է ստանում: Նաեւ համաձայնություն կա երկու սառնարաններ գնելու, որպեսզի օրերը տաքանալուց հետո կաթը չփչանա:

Երեխաները գո՞հ են:

Գիտեք, ծնողներից մեկն ասաց, որ եթե երեխան նախկինում դպրոց կարող էր եւ չհաճախել, ապա այսօր կաթի համար չի բացակայում: Կար երեխա, որ ասաց, թե ինքը մինչ այդ չգիտեր` բուլկին ինչ բան է: Նաեւ երեխաները գոհ են, քանի որ մենք դասարանների ընտրություն չենք կատարում, եւ առաջինից մինչեւ 11-րդ դասարանցիներն ընդգրկված են ծրագրում: Ծրագիրը մինչեւ այս ուսումնական տարվա վերջ արդեն նախատեսված է, իսկ այնուհետեւ մազաչափ չեմ կասկածում, որ շարունակվելու է:

Ձեր ծրագրերն ազատագրված շրջաններում կարծես շարունակական են դարձել, մինչ այդ էլ կով գնելու համար էր հիմնադրամը բնակիչներին գումար տրամադրում, ի՞նչ փուլում է այս ծրագիրը:

Այդ ծրագիրը շատ կարեւոր է, այն գործում է 1998 թ.-ից: Գյուղացին «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամի հետ պայմանագիր է կնքում, որի համաձայն` կով գնելու համար գումար է ստանում, իսկ որպեսզի ապահովենք ծրագրի շարունակական բնույթը, ըստ պայմանավորվածության` գյուղացին պետք է առաջին հորթը` վեց ամսական, տա հիմնադրամին: Արդեն 183 կով ենք տվել ընտանիքներին: Գյուղացիները գոհ են այս ծրագրից, քանի որ նյութական եւ բարոյական աջակցություն է: Իսկ այն գյուղացիները, ովքեր վերադառնում են, թողնում են այդ տարածքները, վարչական տույժի ենք ենթարկում` պարտավոր են ետ վերադարձնել կովի արժեքին համապատասխան գումար, այժմ այդպիսի մի քանի դեպք ունենք:

Բերձորում իրականացնում եք նաեւ ծառատունկի ծրագիր, ո՞րն է նպատակը:

Նախ` ծառատունկը ռազմավարական ծրագիր է, ես հիմնականում ընկուզենի եմ տնկում: Վեց անգամ պետհամալսարանի ուսանողների եւ դասախոսների ուժերով ծառատունկ ենք իրականացրել Բերձորում: Որպես դաստիարակչական միջոց` անփոխարինելի է: Ծառատունկին մասնակցում են անգամ Գլենդել քոլեջից ուսանողներ, ովքեր գումարը վճարում են հիմնադրամի հաշվեհամարին եւ մասնակցում ծառատունկին:

Ի դեպ, ծառերը կրում են պատերազմի հերոսների անունները:
Մեր հիմնադրամը սերտ կապված է ուսանողների հետ, վերջին տարիներին ուսման վարձի խնդրում օգնում ենք ծնողազուրկ ուսանողներին, որոնք էլ ուսումը շարունակելու հնարավորություն են ստանում:

Համագործակցություն կա՞ Ղարաբաղի իշխանությունների հետ:

Անպայման: Օրինակ` նախքան կաթի ծրագիրն իրականացնելը, ես հանդիպեցի նախագահ Բակո Սահակյանի հետ: Նա ողջունեց մեր ծրագիրը եւ ասաց, որ շատ կարեւոր նշանակություն ունի: Մեր ծրագրերը միշտ էլ Ղարաբաղում արձագանք են գտնում:

Ինչու՞ է հիմնադրամը ծրագիրն իրականացնում հենց ազատագրված տարածքներում:

Նախ` այդ շրջանի բնակիչները սոցիալապես շատ անապահով են, հետո էլ` հիմնադրամը հենց այդ հենքի վրա ձեւավորվեց. 1993 թ. հաճախ էի լինում ԱՄՆ-ում, որտեղ ընկերներս նվերների փոխարեն գումար էին տալիս, որոշեցի գումարը հատկացնել Քաշաթաղի շրջանի բազմազավակ ընտանիքներին, քանի որ նրանք շատ ծանր վիճակում էին հայտնվել:

Գումարները բաշխելուց հետո ես նրանցից շնորհակալագրեր էի վերցնում, հասցնում սփյուռքահայ հովանավորներին: Այս կերպ կապ էի ստեղծում հայրենիքի հետ: Մեր առաջին բարերարներից էին Հակոբ Մուշեղյանը, Շուշան Քոլոյանը, Հակոբ Բաշմակյանը: Օգնության այս ձեւը տեւեց երեք տարի, քանի որ ընտանիքների թիվը մեծանում էր: Առաջարկվեց բանկային համակարգով կանոնակարգել այս օգնությունը: Ես այդքան էլ անհամեստ չեմ, որ հիմնադրամն իմ անունով կոչեմ, դա ինձ համար անակնկալ էր, երբ իմացա, որ իմ ընկերոջ կինը հիմնադրամն իմ անունով է կնքել:

Սկզբնական շրջանում ամեն ամիս կանոնավոր կերպով դրամական օգնություն էինք տալիս` մեկ երեխային` 1500 դրամ, իսկ Քաշաթաղում մինչեւ 15 երեխա ունեցող ընտանիք կար, հետո գումար տրամադրելը անիմաստ համարեցինք եւ անցանք կովեր տրամադրելուն: Մեզ համար ազատագրված տարածքները բնակեցնելը ռազմավարական նշանակություն ունի: Ամեն հայ մարդ պարտավոր է ճիշտ գնահատել մեր հաղթանակը, որպեսզի մենք իրականացնենք մեր պապերի երազանքը: Եթե որեւէ մեկը մտածում է, որ պատերազմն ավարտված է, չարաչար սխալվում է: Հիմա շատ կարեւոր փուլ է, պետք է նեցուկ կանգնենք ազատագրված տարածքներին, որպեսզի սրբագործվի այդ հողը եւ իր ոտքի վրա կանգնի:

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: