|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
Տարածք հանձնողը կդառնա իմ թիվ մեկ թշնամին Ասում է պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը - Պարոն գեներալ, հետեւո՞ւմ եք ԼՂ հիմնախնդրի շուրջ տարվող բանակցություններին, ձեզ ամենից շատ ի՞նչն է անհանգստացնում այդ պրոցեսում: - Ես քաղաքական գործիչ չեմ, չեմ կարող ասել: - Իսկ որպես զինվորակա՞ն: - Որպես զինվորական ինձ համար կարեւոր է, որ մեր բանակը լինի մարտունակ: - Այսինքն` բանակցային գրոծընթացում ձեզ ամեն ինչ գոհացնո՞ւմ է: - Ոչ այնքան եւ ոչ ամեն ինչ, հատկապես, որ շատ խորամանկ քայլեր են անում մեր հարեւանները: Նրանք միշտ էլ աչքի են ընկել իրենց խարդախությամբ, խորամանկությամբ, թուրքական դիվանագիտությունը այդպիսին է: - Պարոն գեներալ, ՀՀ իշխանությունները ոչ մեկ անգամ են խոստովանել, որ ազատագրված տարածքները վերադարձվելու են Ադրբեջանին: Ձեր տեսակետն այդ հարցում ինչպիսի՞ն է: - Նման բան չի կարող լինել: - Այսինքն` դուք դե՞մ եք տարածքների վերադարձին: - Իհարկե: Ո՞ր մի զինվորը կհամաձայնվի արյամբ նվաճված հողը հանձնել: - Որպես զինվորական, ինչ եք կարծում, տարածքների հանձնումը ի՞նչ ազդեցություն կունենա Ղարաբաղի եւ Հայաստանի վրա: - Այդպիսով մենք կթուլացնենք մեր անվտանգությունը: Մեր դիրքերը նրանց ավելի մոտ կդառնան, մեր գյուղերը անմիջականորեն սահմանի մոտ են տեղակայված` այնպես, ինչպես ԽՍՀՄ ժամանակ: Եվ որքան նրանք մոտ լինեն սահմանին, այնքան հասանելի կլինեն մեր թշնամու համար: Մեր անվտանգությունը կվտանգվի, այդ իսկ պատճառով ես, իհարկե, դեմ եմ, որ այդ տարածքները վերադարձվեն: Ո՞ր մի զինվորը, ով ազատագրել է այդ հողերը, կասի` հանձնեք: Ոչ մեկը: Քաղաքական գործիչներն ինչ ուզում են, թող ասեն, դա իրենց գործն է: Ես անձամբ դեմ կլինեմ: - Ի՞նչ կանեք այդ դեպքում Դուք, հատկապես, եթե Ղարաբաղը եւս դեմ արտահայտվի: - Ես էլ դեմ կլինեմ: Ես կաջակցեմ Ղարաբաղին, Ղարաբաղը` ինձ: Դա մեր պատմական հայրենիքի մի փոքրիկ հատվածն է. եթե ձեռքս վերցնեն ու կտրեն, իհարկե, ես ցավ կապրեմ: - Այսինքն` կգնա՞ք Ղարաբաղ: - Կգնամ այնտեղ, որտեղ հայ զինվորի կարիքը կլինի: - Պարոն գեներալ, մի՞թե ՀՀ իշխանությունները չեն գիտակցում այն վտանգը, որը դուք եք մատնանշում: - Չգիտեմ, ես իրենց հետ այդ մասին չեմ խոսել եւ չեմ էլ ուզում խոսել: Ես նորից եմ ասում` որպես զինվոր ես դեմ եմ տարածքների վերադարձին: Անգամ մի թիզ հող չի կարելի զիջել: Մենք դեռ պլաններ ունենք, որոնք մինչեւ վերջ չենք իրականացրել, այդ պլանները պետք է իրականացնենք, պետք է սահմանները ապահովենք անվտանգությամբ, պետք է ունենալ այնպիսի սահմաններ, որպեսզի քիչ ուժերով ապահովեն մեր հայրենիքի պաշտպանությունը: Ես սա որպես զինվորական եմ ասում: - Այսինքն` տարածքները հանձնելով` այլեւս անվտանգություն ունենալ հնարավոր չէ՞: - Իհարկե, ոչ: - Անգամ եթե խաղաղարար ուժեր բերեն եւ սահմանով մեկ շարե՞ն: - Ոչ, տարածքները հանձնելուց հետո, վտանգը գնալով կավելանա: Եվ բացի այդ, որեւէ այլ երկիր չի կարող ապահովել մեր անվտանգությունը: - Պարոն գեներալ, արդյո՞ք բոլոր զինվորականներն են մտածում Ձեզ պես: - Առաջին զինվորականները, ֆիդայիները, կամավորները, ազատամարտիկները այդպես են մտածում, ես չեմ կասկածում: Որովհետեւ նրանց որեւէ մեկը ուժով չի ստիպել գնալ եւ պատերազմել. նրանք ինքնակամ են գնացել, եւ ես չեմ կարծում, որ նրանք կարող են հրաժարվել այդ սկզբունքներից եւ աջակցել տարածքների հանձնմանը: - Պարոն գեներալ, եթե ՀՀ որեւէ նախագահ ստորագրի տարածքները հանձնելու մասին փաստաթուղթ, ի՞նչ կլինի այդ դեպքում: - Նա կդառնա իմ համար մեկ թշնամին: - Իսկ այդ մարդը կկարողանա՞ դրանից հետո մնալ նախագահի պաշտոնում: - Չեմ կարող ասել: - Բայց ձեր անձնական թշնամին կդառնա հաստատ: - Այո: - Իսկ ձեր թշնամիները սովորաբար ինչպիսի՞ ճակատագիր են ունենում: - Իմ բոլոր պոտենցիալ թշնամիները արեւելքում ու արեւմուտքում են: Իսկ երկրի ներսում չկա թշնամի: Երկրի ներսում ժողովուրդն է, ժողովուրդը ինձ սիրում է, ես սիրում եմ իմ ժողովրդին: - Եթե երկրի ներսում թշնամի չկա, այդ դեպքում ինչպե՞ս կբացատրեիք այն հանգամանքը, որ մարտի 1-ին բանակը հանեցին ժողովրդի դեմ: - Ոչ, ես կարող եմ հաստատ ասել` բանակը չի հարձակվել: Գուցե ինչ-որ անհատներ են եղել, բայց` ոչ բանակը: Բանակը չի հարձակվել ժողովրդի վրա եւ երբեք չի հարձակվի: Եղել են ուղղակի մարդիկ, ովքեր իրենց պարտականություններն են կատարել: - Բայց արդյո՞ք դա ճիշտ էր: - Իհարկե, ոչ, ես չեմ հասկանում նրանց: - Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ձեր զինակից ընկերներից ոմանք այսօր բանտերում են գտնվում: - Ես այդ մասին ժամանակին խոսել եմ եւ կրկվել չեմ ուզում: Ես ե՛ւ բարձրաձայն եմ խոսել այդ մասին, ե՛ւ Սերժ Սարգսյանին եմ ասել, հատկապես Սասուն Միքայելյանի մասին. նա ինձ շատ հարազատ ու մտերիմ մարդ է, մենք միասին բազմաթիվ օպերացիաների ենք մասնակցել, եւ ցավում եմ, որ նա այսօր ազատազրկված է, որ ազատազրկված են մյուսները: - Պարոն գեներալ, իսկ ինչպե՞ս եք գնահատում այն հանգամանքը, որ ՊՆ-ն հրաժարվեց փաստաթուղթ տալ Սարգիս Հացպանյանին` առ այն, որ վերջինս մասնակցել է արցախյան պատերազմին` այդպիսով զրկելով վերջինիս ազատ արձակվելու հնարավորությունից: - Կարծում եմ` Սերժ Սարգսյանն, ի վերջո, ճիշտ որոշում կկայացնի մեր այս ընկերների հարցով: Նա ինքն էլ այդ մարդկանց հետ միասին կռվել է, կարծում եմ` ժամանակը ամեն ինչ կասի: Կարծում եմ նաեւ, եթե նրա վրա ճնշում չլինի, նա ազատ կարձակի նրանց: Սերժ Սարգսյանը զինվորական մարդ է, նա էլ ցավով է վերաբերվում եւ հարգում ու սիրում է տղաներին:
30.01.10 zhamanak.com
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: