|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Տիգրան Խզմալյան. «Պահպանել հայերին Ջավախքում և պաշտպանել Ջավախքը հայերի համար» Bagin.info 15/06/09 «Ջավախքի հարցում խոշոր մասնագետ չեմ, սակայն խոսել պարտավոր եմ: Ջավախքի մասին ֆիլմ եմ նկարահանել` «Արաքսից` Կուր, Արցախից` Ջավախք», որ ցավոք, արգելվեց ցուցադրվել: Գուցե, եթե այն ժամանակ ֆիլմը ցուցադրեին Հայաստանում, Արցախում և Ջավախքում, ծավալեինք քննարկումներ, բանավեճեր, ամենայն հավանակաությամբ, այսօրվա մեր զրույցն այլ բովանդակություն կունենա», - BAGIN ԼԿ հետ զրույցն այս կերպ սկսեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Վերջինս Նախիջևանը, Արցախն ու Ջավախքը համարում է սուրբ երրորդություն, որ կենսական նշանակություն ունի Հայաստանի համար: «Աստված մեր առջև դրել է զարգացման երեք ուղի, այլընտրանք, մտածելու և գործելու առիթ»,- նկատում է նա: Խզմալյանի դիտարկման համաձայն` Նախիջևանը մեր անցյալն է, նրա ժամանակը զուտ ճակատագրի առումով անցավ: «Ամենակարևորն ու ցավալին, որ չկարողացանք պաշտպանել ոչ' տարածքը, ոչ' ազգաբնակչության անվտանգությունը: Խոշորագույն սխալ էր հունվարյան այն դաժան օրերին երեք-չորս օր լռելյայն սպասել ու տեսենել, թե ինչպես են ոչնչացվում Նոր Ջուղայի հուշակոթողները: Եթե այդ ժամանակ հնարավորություն ունենայի` կհրամայեի գումարտակ ուղարկել այդ փոքրիկ երկիրը և սպասել այնքան ժամանակ, մինչև Ջուղա չժամանեին միջազգային դիտորդները, կազմակերպությունների ներկայացուցիչները»,- ասում է Խզմալյանը: Խզմալյանը Արցախը ներկայացնում է որպես մեր ժողովրդի ներկան: «Թեպետ պատերազում հաղթեցինք, սակայն չկարողացանք ազատագրված տարածքները բնակեցնել: Գործընթացը դեռևս ավարտված չէ, որոշ մարդիկ սակարկում են: Ջավախքը երրորդության ապագան է, որ սպասում է լուծման, մեր որոշումներին, գաղափարներին: Ցավոք, ձևավորված ազգային գաղափարախոսություն չունենք, և դա պետության, վերնախավի մեղավորությունն է: Պետք է լավ գիտակցենք, թե ինչ է կատարվել Արցախում, Նախիջևանում, որպեսզի վերլուծություն անենք` հասկանալու, թե ինչ է կատարվելու Ջավախքում: Ջավախքի կարևորության մասին բազմիցս ենք խոսել: Գտնվում ենք ծանր ընտրության նախաշեմին: Վրաստանը, որպես պետություն, կայացած չէ: Դա հերթական անգամ ապացուցվեց Օգոստոսյան պատերազմի ժամանակ: Անհրաժեշտ է քաղաքական կամք դրսևորել և ձևակերպել խնդիրը հետևյալ կերպ. Վրաստանը, որպես պետություն, չի կարողանում պաշտպանել, պահպանել իր տարածքում ազգային փոքրամասնությունների ֆիզիկական, մշակութային իրավունքները: Վրաստանը ոտնահարում է ազգային փոքրամասնությունների իրավունքները, և որպեսզի դրանք պաշտպանենք, անհրաժեշտ է, որպեսզի Ջավախքը ձևակերպի քաղաքական, տնտեսական, մշակութային ինքնավարության խնդիրներ և պահանջներ: Այդ պահանջի թիկունքում պետք է կանգնած լինի Հայաստանի Հանրապետությունը: Դա մեր պարտքն է և եթե այն չկատարենք ոչ միայն Ջավախքի, այլև Հայաստանի, ողջ հայության համար մեծ վտանգ ու դժբախտություն կլինի»,- ասում է Խզմալյանը: Անդրադառնալով ՀՀ վարած քաղաքականությանը` կինոռեժիսորը, միանաշանակ բացասական պատասխան տալու փոխարեն, ներկայացրեց իր առաջարկները: «Իհարկե ամփոփիչ դեղատոմս չկա, սակայն կան առավելագույն և նվազագույն ծրագրեր, որոնք անհրաժեշտ են: Խորհուրդ կտայի ամեն տարի, եթե ոչ հարյուր, ապա գոնե տաս շրջանավարտ` Մանկավարժական և Բժշկական համալսարանից, որպես ծառայություն պետք է երեքից հինգ տարի աշխատեն Ջավախքում: Սա բավական է, որպեսզի գյուղը պահպանվի: Շատ լավ հասկանում ենք, թե որքան մեծ նշանակություն ունի դպրոցն ու հիվադանոցը: Մնացյալ բաների մասին անհրաժեշտ է լռել, չհրապարակել, սակայն գործել: Պետք է աշխատել, շատ այցելել Ջավախք և եթե չվերացնել` գոնե վերանայել սահմանային կետերը: Դա ազգային խայտառակություն է: Սահմանը պետք է լինի աջակցության, նեցուկ պահելու միջոց»,- նկատում է Խզմալյանը: Կինոռեժիսորը հիշում է, որ 1980-ականներին Հայաստանի բնակչության 90-տոկոսը չգիտեին Արցախի մասին: Մոտավորապես նույն իրավիճակն է նաև այսօր: «Շատերն անտեղյակ են Ջավախքի խնդիրներ վերաբերյալ: Շատերն են լսել Ջավախքի մասին կամ տեսել են այն պարզ պատճառով, որ այցելել են Բաթում կամ սևծովյան այլ հանգստավայրեր, ու ճանապարհն անցել է Ջավախքով: Այդ սքանչելի մշակույթը, ճարտարապետությունը, բնությունը, հինավուրց ամրոցներն ու շենքերը, եկեղեցիները պաշտպանում են մեզ` հայերիս ու հայերի պաշտպանության կարիքն են զգում»,- փաստում է Խզմալյանը: Թե ինչո՞ւ է Ջավախքի նկատմամբ այսպիսի վերաբերմունք, ինչո՞ւ է Ջավախքը դարձել վրացական զայրույթի թիրախը, կինոռեժիսորն առաջարկում է ոչ թե քննադատել օտար պետության ներքին քաղաքականությունը, այլ ձևավորել սեփական քաղաքականությունը: Բնական է համարում այդ երևույթը, քանի որ վրացիներ հասկացել են իրենց պետականության և ազգայինի համար այն վտանգը, որ պարունակում է Ջավախքը: «Սակայն, սա ոչ միայն հայերի ու վրացիների, այլև թուրքերի ու պարսիկների, ամերիկացիների ու ռուսերի, անգամ չինացիների համար դարձել է գլխացավանք: Չինացիներն այս հողի հանդեպ հետաքրքրություն ունեն և ուշադրությամբ հետևում են: Այնտեղ չինական ընտանիքներ են բնակեցնում, որովհետև գիտակցում են, թե ինչպիսի վտանգ կլինի Չինաստանի հեռավոր շրջանների համար, եթե հայերը կորցնեն Ջավախքը: Չինացիները դա գիտակցում են, ինչը ֆանտաստիկ երևույթ է: Ամերիկացիները հազարավոր գրին քարտեր ու վիզաներ են բաժանում թուրք մեցխեթցիներին, որովհետև գիտակցում են Ջավախքի ռազմավարական նշանակությունը և չեն ուզում կորցնել իրենց վերահսկողությունը: Էլ չեմ խոսում ռուսների մասին, որոնց մի մասը, անցյալ տարի հուշում էր` եթե ուզում եք ելք ունենալ դեպի ծով, ինչի՞ եք սպասում՝ Ջավախքը ձեր առջևում է: Իհարկե գիտակցում ենք, որ նման գայթակղություննները վտանգավոր բնույթ ունեն: Դա նշանակում է, որ պետք է ունենալ սեփական քաղաքականություն, կատարել վերլուծություններ` գիտակցելու սեփական երկրի շահերը: Մեր վերջնական նպատակն է պահպանել հայերին Ջավախքում և պաշտպանել Ջավախքը հայերի համար: Իսկ այն, որ Վրաստանը պետք է ամեն կերպ ընդդիմանա` հասկանալի է: Նա էլ է հայտնվել ծանր դրության մեջ: Հասկանում են, որ կազմալուծելով Ջավախքը, իրենք չունեն էթնիկ ուժ այն վրացականացելու համար, հետևաբար փորձում են թուրքացնել»,- փաստում է նա: Տիգրան Խզմալյանը իրատեսական չի համարում, որ մի օր Ջավախքը կարժանանա Օսեթիայի և Աբխազիայի ճակատագրին.վերոնշյալ երկու պեությունների թիկունքում կանգնած էր հզոր Ռուսաստանը, իսկ Ջավախքի թիկունքին կանգնած է միայն Հայաստանը: Կինոռեժիսորը հարցն այլ կերպ է տալիս. «Հնարավո՞ր է, որ Ջավախքը դառնա Նախիջևան կամ Արցախ» ու պատասխանում. «Շատ հեռուն նայելու փոխարեն, եկեք նայենք մեր շուրջը: Հայաստանը կանգնած է երկընտրանքի առաջ` կա'մ Ջավախքը կդառնա երկրորդ Նախիջևան կամ Արցախ, կա'մ, կընտրի իր ուղին` կմնա հայկական Ջավախք», - պարզաբանում է նա: Թե ինչպիսի՞ դերակատարություն կարող է ունենալ սփյուռքը Ջավախի խնդրում, Խզմալյանը փաստում է, որ այդ պրոբլեմն էլ վերջնականապես չենք լուծել: Ակնկալում ենք սփյուռքի աջակցությունը, սակայն այժմ սփյուռքն է աջակցության կարոտ: «Այս հարցում էլ չենք ձևակերպել ազգային քաղաքականություն: Ջավախքը սփյուռքահայության խնդիրների սիրտն ու հոգին է: Ամբողջ ցավը կենտրոնացված է Ջավախքի խնդիրների մեջ»,- ասում է նա: Հասկանալու համար Ջավախքի խնդիրը Խզմալյանն առաջակում է, ոչ թե որպես տուրիստ գնալ ու ճամփորդի հայացքով վերլուծել ջավախահայերի կենսակերպը, այլ մնալ, աշխատել ու կատարել հետևություններ: «Պետք է գործել, գոնե այնչափ, որչափ մեր սերունդը գործում էր 80-ականներին Ղարաբաղում: Դա Ջավախքում չենք արել: Մեզ մոտ չկա «Ջավախք» կոմիտե: Տասնամյակներ առաջ կար «Արցախ» կոմիտեն, որ կարգավորում էր, համակենտրոնացնում աշխատանքը, օգնում էր մարդկանց, ովքեր ուզում էին օգտակար լինել: Ծիծաղելի է, որ այսքան ժամանակահատվածում այդպիսի կոմիտե չենք ստեղծել: Իհարկե ունենք մի քանի փոքրիկ ոչ կառավարական կազմակերպություններ, միություններ, բայց դա պետական մակարդակով պետք է լինի»,-ասում է կինոռեժիսորը: Տ. Խզմալյանն իր կողմից` որպես առաջին օգնություն, առաջարկում է ցուցադրել իր ֆիլմերը, դասավանդել տեղի դպրոցներում, համալսարաններում. «Պետք է դասակարգել, թե ինչ կարող է անել բժիշկը, ուսուցիչը, շինարարը, նկարիչը»: Տ. Խզմալյանը նկատում է, որ պետք է փոխել մթնոլորտը, վերաբերմունքը: «Պետք է լինի ազատ շրջանառություն: Եթե պինդ պարանով կապեք մարդու դաստակը` արյան շրջանառությունը կկանգնի, և որոշ ժամանակ անց կտեսնեք, թե ինչպես է ձեռքը կապտում: Տասնամյակներով թույլ ենք տալիս, որ մեր մարմնի մի մասը` Ջավախքը, այդպես պահեն: Այդ շրջանառությունը պետք է լինի մշակույթն ու առևտուրը: Հետո արդեն կարելի է այլ գործընթացներ իրականացնել: Եթե մենք այսօր չզբաղվենք, վաղը կզբաղվեն չինացիները»,- եզրափակում է Տիգրան Խզմալյանը:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: