|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
Թուրքերը ներդրումներ կանե՞ն ՀՀ-ում a1plus 14/04/09 «Չեմ կարծում, որ հոկտեմբերին Սերժ Սարգսյանը բաց սահմանով անցնի Թուրքիա` Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային խաղին մասնակցելու համար»,- անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայ-թուրքական սահմանը ոտքով անցնելու ցանկությանը` այսօր «Ա1+»-ին ասաց Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Նրա կարծիքով` Թուրքիայի վարչապետ Ռեջեպ Թայիբ Էրդողանը ավելի իրատես է: Էրդողանը բացառել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ որեւէ համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ կարգավորված չէ LՂ հակամարտությունը կամ այդ հարցում գոնե պայմանավորվածություն ձեռք բերված չէ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ: «Այսօր մեր իշխանությունները գտնվում են այնպիսի վիճակում, որ նրանց ցանկացած որոշում հակասում է մեր պետական շահերին, եւ այս իրավիճակում թուրքերն իրենց անիրատեսական, մաքսիմալիստական հայտարարություններով հանդես են գալիս մեր շահերից`թե Արցախի եւ թե հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: Այսօր ես դեմ եմ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը, քանի որ մենք իրականում պետություն չունենք,ուստի ես դրական եմ գնահատում Թուրքիայի վարչապետի հայտարարությունը»: Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայիս քաղաքականությունը Սեֆիլյանին թույլ է տալիս ասել, որ ինչպես ԼՂ հիմնախնդրի, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել մոտ ապագայում: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանների բացմանը, ապա Սեֆիլյանը դեմ է նաեւ դրան, քանի որ գտնում է, որ մենք չունենք ազգային համակարգ հնարավոր բացասական հետեւանքներին դիմակայելու համար: «Ես տեղեկություններ ունեմ, որ հայ-թուրքական գաղտնի բանակցությունների ընթացքում հայկական կողմը թուրքերին առաջարկում է ՀՀ տնտեսությունում մեծ ներդրումներ անել` գործարաներ վերագործարկել` մի քանի տասնյակ հազար աշխատատեղեր բացելու մասին: Թուրքերն այդ մասին մտածում են եւ չի բացառվում, որ լուրջ քայլեր կատարեն: Պատկերացնո՞ւմ եք` ինչ է սպասվում. ՀՀ-ում մի քանի 10 հազար մարդ կաշխատի թուրքերի վերահսկողությամբ: Իսկ դա նշանակում է, որ թուրքերը բավականին լուրջ լծակներ կունենան մեր ներքաղաքական կյանքում»,- ասաց Սեֆիլյանը:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: