Գլխավոր   Մեր Մասին   Հայտարարություն   Հարցազրույց    Ելույթներ   Հոդվածներ   Լուրեր   Ասուլիսներ   Կապ   
 

'Սա Նաեվ Հայաստանի Կապիտուլյացիա Էՙ

A1plus 05/11/08 

Մինչ Մոսկվայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ԼՂ հարցում հռչակագրի ստորագրումը` ՚Միացումՙ նախաձեռնությունը Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ ահազանգել էր այսօր արդեն ստորագրված փաստաթղթի համար եւ ՀՀ իշխանությունների այս քայլը գնահատել դավաճանական: Ստորագրված հռչակագրի, ինչպես նաեւ մի քանի այլ հարցերի շուրջ այսօր Ժիրայր Սեֆիլյանը զրուցեց ՚Ա1+ՙ-ի հետ:

-Պարոն Սեֆիլյան, ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ հռչակագիրն արդեն ստորագրված է, եւ իշխանական թեւն այն դրական է գնահատում: Դուք ինչպե՞ս եք գնահատում: Ձեր մտահոգությունը տեղի՞ն էր:

Դա խայտառակ փաստաթուղթ է: Ես կարծում եմ, որ հռչակագրում տեղ գտած 5 կետերը գրված են շատ նուրբ եւ ճարպիկ, եւ յուրաքանչյուր կետի տակ մի ամբողջ պրոցես է երեւում: Միաժամանակ ես համոզված եմ, որ այդ պրոցեսների հաջորդականության շուրջ էլ պայմանավորվածություն կա, սակայն այդ մասին մի փոքր ուշ կխոսեմ:

- Հռչակագրում տեղ գտած կետերից ո՞րն եք ավելի մտահոգիչ համարում:

- Շատերն ասում են, որ ամենամտահոգիչն այն է, որ ԼՂ-ն չի մասնակցել այդ փաստաթղթի ստորագրմանը, սակայն դա ծիծաղելի է եւ անհեթեթ: Այսինքն, ԼՂ-ն էլ պե՞տք է մասնակցեր այդ փաստաթղթի ստորագրմանը, որը բոլորովին չի բխում մեր շահերից: Միայն մի փաստ նշեմ, որը բավարար է այդ հռչակագրի վտանգը ընկալելու համար. դա Մադրիդյան հիմքն է, որը նշանակում է հայկական զորքերի դուրս բերում ազատագրված տարածքներից: Սա ԼՂ հիմնախնդրի կարգավորման տարբերակ չէ: Սա ԼՂՀ-ի կապիտուլյացիա է եւ ոչ միայն ԼՂՀ-ի, Հայաստանի էլ: Անշուշտ սա պետք է կանխվի եւ վտանգը դեռ առջեւում է:

- Առջեւում ի՞նչ է սպասվում:

- Առջեւում Վաշինգտոնում սպասվող համաձայնագրի ստորոգրումն է: Երեկ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզան արդեն հայտարարեց, որ Վաշինգոտնում համաձայնագրի ստորագրում է սպասվում: Սա արդեն խայտառակություն է: Մենք այդ վտանգը կանխելու մասին պետք է մտածենք:

- Ինչպե՞ս պետք է կանխվի այդ վտանգը:

- Այդ վտանգը կարող է կանխել միայն մեր հասարակությունը, ընդդիմությունը, եւ ոչ միայն ընդդիմության արմատական հատվածը: Միայն այս հռչակագիրը բավական է, որ ընդդիմությունը ակտիվ վերսկսի այս ռեժիմի տապալման գործընթացը: Սա իմ կարծիքն է, որ ես կբարձրաձայնեմ:

- Պարոն Սեֆիլյան ՀՅԴ-ներկայացուցիչներից մեկը օրերս հայտարարեց, որ հավատում է Սերժ Սարգսյանին եւ վստահ է որ ոչ միայն նա, այլեւ որեւէ հայ տարածքները հանձնելու վերաբերյալ փաստաթուղթ չի ստորագրի, իսկ ընդդիմությանը մեղադրեց ԼՂ հիմնախնդիրը շահարկելու մեջ: Դուք վստա՞հ եք, որ Սերժ Սարգսյանը նման համաձայնագիր կստորագրի:

- Գործող իշխանությունները արդեն գնացել են տարածքներ հանձնելուն: Այս իշխանությունները ապացուցել են, որ տարածքներ հանձնող են: Սերժ Սարգսյանը դեռեւս տարիներ առաջ` իր պաշտպանության նախարար եղած ժամանակ է հայտարարել, որ տարածք հանձնող է: Նա էր ասում, որ 1992-93թթ. այդ տարածքները ազատագրել ենք, որ հետո դրանցով առեւտուր անենք ԼՂ-ի կարգավիճակի դիմաց, որ Աղդամը հայկական հող չէ: Դա ասում էր մի մարդ, որը զբաղեցնում էր Պաշտպանության նախարարի աթոռը, ոչ թե դիվանագետ կամ քաղաքագետ: Դրանից այն կողմ բան չկա, դրանից ավել որեւէ ապացույց պետք չէ: Ինչ վերաբերում է ստորագրված հռչակագրին, ապա այն նույնպես ապացուցում է, որ այս իշխանությունները ազատագրված տարածքները հանձնողներ են, եւ շուտով մենք մանրամասն նաեւ դա կհիմնավորենք: Այսօր մենք միայն միջազգային կառույցներին, գերտերություններին, որոնք զբաղված են ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ, զգուշացնում ենք, որ Սերժ Սարգսյանը չի ներկայացնում եւ չի կարող ներկայացնել հայկական կողմին եւ նրանք ԼՂ հարցում զուտ ժամանակ են վատնում` Սարգսյանի հետ պայմանավորվածություններ ձեռք բերելով: Այսօրվա ռեժիմի պարագլուխը Սերժ Սարգսյանը, իրավունք չունի բանակցել հայկական կողմի անունից, նրա կողմից որեւէ փաստաթղթի տակ ստորագրելը հայերիս որեւէ հարցում չի պարտադրում: Ես վստահ եմ, որ հայ ժողովուրդը իր կարծիքը կհայտնի եւ ամեն ինչ իր տեղ կընկնի:

- ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց, որ եւ 2001թ. եւ այսօր հայ հասարակությունը ավելի պատրաստ է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, քան Ադրբեջանինը: Իսկապես այդպե՞ս է:

- Սերժ Սարգսյանը եւ նրա ռեժիմի մյուս ներկայացուցիչները, այո, պատրաստ են տարածքների հանձմանը, բայց ոչ հայ հասարակությունը: Ես համոզված եմ, որ հարկ եղած դեպքում մեր ժողովուրդը կապացուցի, թե ինչի է պատրաստ այսօրվա իշխանությունների դավաճանական քայլերը կանխելու համար: Միայն նշեմ, որ այս 6-7 տարիներին Մինսկի խմբի կողմից հանձնարարություն է եղել կողմերին` իրենց ժողովուրդներին մշակելու համար, որը ներկայացվելու է ՚հասարակություններին պատրաստելուՙ ձեւակերպմամբ: Այդ աշխատանքում այս ռեժիմը ոչնչի չի հասել, մեր ժողովուրդը տարածք չի հանձնի:

- Ստորագրված հռչակագրի վերաբերյալ առաջիններից մեկը իր տեսակետը հայտնեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Շատերը տարաձայնություններ են փնտրում Ձեր եւ Տեր-Պետրոսյանի միջեւ: Նրա եւ ձեր գնահատականների միջեւ կա՞ տարբերություն:

- Ոչ, տարաձայնություն չկա: Այսօր ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ստորագրված հռչակագրի վերաբերյալ մեր գնահատականները նույնն են, սա իսկապես ԼՂ-ի եւ ՀՀ-ի կապիտուլյացիա է:

- Պարոն Սեֆիլյան, Դուք դեմ էիք, որ շարժումը ժամանակավորապես դադարեցնի իր զանգվածային միջոցառումները: Տեր-Պետրոսյանը վերջերս հայտարարեց, որ չի բացառում արտահերթ հանրահավաքները եւ այլ զանգվածային միջոցառումները: ԼՂ հիմնախնդրի հետ կապված զարգացումները կարո՞ղ են արտահերթ հանրահավաքների առիթ դառնալ:

- Իհարկե: ԼՂ հիմնախնդրի վտանգավոր գործընթացը հնարավոր է վիժեցնել միայն իշխանափոխությամբ: Այսօր Սերժիկ Սարգսյանը Քոչարյանի սկսած գործընթացի իրավահաջորդն է: Նրանք ի վիճակի չեն որեւէ մեկին ՚ոչՙ ասել ԼՂ հարցում: Ես համոզված եմ, որ Տեր-Պետրոսյանը իր հայտարարած դադարը կդադարեցնի, միայն փողոց դուրս եկող բազմահազարանոց ժողովուրդը կարող է աշխարհին ասել, թե այս ի՞նչ եք անում:

- Զրուցեց Վիկտորյա Աբրահամյանը
 

 

azadakrum.org© Բոլոր իրավունքները պաշտպանված են:
 Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org© կայքի խմբագրության տեսակետի հետ: