|
||
|
|
Գլխավոր Մեր Մասին Հայտարարություն Հարցազրույց Ելույթներ Հոդվածներ Լուրեր Ասուլիսներ Կապ | |
|
ՄԵՆՔ ՈՒԺԵՂԱՑՆԵԼՈՒ ԵՆՔ ՌԵԺԻՄԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՃՆՇՈՒՄԸ гÛÏ³Ï³Ý Ä³Ù³Ý³Ï 04/09/08 Նախօրեին, այսինքն` սեպտեմբերի 2-ին, այն օրը, երբ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով գտնվում էր ՌԴ-ում, ռուսական «Մոսկովսկայա պրավդա» թերթում տպագրվել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ հարցազրույց: Ինչպես տեղեկացանք ՀԱԿ կենտրոնական գրասենյակից, հարցազրույցն արվել է մի քանի օր առաջ, եւ ակնհայտ է, որ բոլորովին պատահական զուգադիպություն չէ այն, որ հարցազրույցը տպագրվել է հենց Դմիտրի Մեդվեդեւի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման օրը: Ինչ վերաբերում է «Մոսկովսկայա պրավդա» թերթին, ապա նշենք, որ այն տպագրվում է 1918 թվականից եւ ՌԴ-ում համարվում է կառավարական թերթ: Ստորեւ ներկայացնում ենք «Մոսկովսկայա պրավդայում» Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցն ամբողջությամբ: - Լեւոն Հակոբի, նախագահական ընտրություններից եւ մարտի 1-ի ողբերգությունից հետո անցել է վեց ամիս, սակայն Հայաստանում քաղաքական լարվածությունը պահպանվում է, եւ դրա թուլացման նշաններ չկան: Ինչպե՞ս եք դուք գնահատում նման իրավիճակը: - Իմ կարծիքով, քաղաքական խորը ճգնաժամ է հասունացել: Դրա ծագման պատճառը հանդիսանում է ռեժիմը, որը վերջին տասը տարիների ընթացքում հանդես է եկել զույգով: Դա անարդյունավետ, կոռումպացված ռեժիմ է: Արտաքին եւ ներքին քաղաքականության իմիտացիա: Այս ամենը հասարակության մեջ խորը հիասթափության պատճառ է դարձել: Իսկ սրացումը տեղի է ունեցել փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների կեղծումից եւ խաղաղ ցուցարարների դեմ կիրառված ջարդից հետո, ովքեր իրենց բողոքն էին արտահայտում կեղծված ընտրությունների դեմ: - Ձեր կարծիքով, ո՞րն է ելքը ստեղծված ճգնաժամից: - Ես կարծում եմ, որ ճգնաժամի արմատական լուծումը անհնար է առանց շուտափույթ արտահերթ նախագահական ընտրությունների: Դա միակ քաղաքական ելքն է: - Այնուամենայնիվ, իշխանության ներկայացուցիչները, ում հետ ես հանդիպել եմ, գտնում են, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա, եւ հետեւաբար` արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա: Եւ եթե նույնիսկ մենք ընդունենք ճգնաժամի առկայությունը, հնարավո՞ր չէ արդյոք դա լուծել այն ֆունդամենտալ բարեփոխումների իրականացման ճանապարհով, որոնց մասին նրանք արդեն մի քանի ամիս է` խոսում են: - Ճգնաժամը գոյություն ունի, անկախ նրանից` ուզում են այս կամ այն մարդիկ դա տեսնել, թե` ոչ. ամառվա շոգին չդադարող շուրջօրյա նստացույցերը, բողոքի հուժկու ցույցերն ու երթերը, ֆարս հիշեցնող քաղաքական դատական պրոցեսները, փաստացի կաթվածահար պետական կառույցները, իշխանությունների անգործունակությունը եւ նրանց մոտ իրական բարեփոխումներ իրագործելու համար կամքի բացակայությունը: Այս կես տարվա ընթացքում չի ընդունվել եւ ոչ մի` քիչ թե շատ լուրջ որոշում: Ռեժիմն օբյեկտիվորեն ի վիճակի չէ արմատական բարեփոխումներ իրականացնել, քանզի դա կնշանակի «սղոցել կոճղը, որի վրա նստած ես»: Մյուս կողմից` ակնհայտ է, որ ժողովուրդը չի պատրաստվում բավարարվել կոսմետիկ միջոցառումներով: Եթե դա ճգնաժամ չէ, ապա ես չգիտեմ այդ բառի նշանակությունը: - Ժամանակ առ ժամանակ տեսակետ է հայտնվում, որ ձեր շարժումը հանդիսանում է «գունավոր հեղափոխության» հերթական փորձ: Ինչպե՞ս եք դուք վերաբերվում նման պնդումներին: - Նման պնդումները ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: «Գունավոր հեղափոխությունների» տակ ընդունված է պատկերացնել արեւմտյան ինչ-որ շրջանակների կողմից ֆինանսավորվող ու ղեկավարվող եւ ընդգծված հակառուսական ուղղվածություն ունեցող քաղաքական շարժումները: Այժմ դիմենք փաստերին. արեւմտյան դիտորդական առաքելությունները ոչ միայն մեզ չեն աջակցել, այլեւ պարզապես արհամարհել են ակնհայտ խախտումներն ու կեղծիքները, որոնք տեղ են գտել նախագահական ընտրությունների ժամանակ: Իսկ հետագայում Արեւմուտքն ու արեւմտյան կառույցները ոչ մի քայլ չեն ձեռնարկել իշխանություններին զսպելու եւ մեր շարժման աջակցության ուղղությամբ, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, Վրաստանում եւ Ուկրաինայում: Նույնը վերաբերում է նաեւ «գունավոր հեղափոխությունների» հակառուսական բաղկացուցչին: Հակառուսական կարգախոսներ մեր հայտարարություններում երբեք չեն հնչել: Ավելին, այսօր հայ-ռուսական հարաբերություններն ավելի շատ տուժում են Հայաստանում կոռումպացված, ժողովրդի վստահությունը չվայելող ռեժիմի առկայությունից, ինչը, հասարակության կարծիքով, պայմանավորված է Մոսկվայի կողմից նրան ցուցաբերվող աջակցությամբ: Միեւնույն ժամանակ, ուզում եմ հիշեցնել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված բոլոր կարեւոր համաձայնագրերը ստորագրվել են իմ օրոք: Հայաստանն առաջինն է միացել ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին: Հավաքական անվտանգության, սահմանների համատեղ պաշտպանության, ՀՕՊ միասնական համակարգի, Գյումրիի ռազմակայանի, «ՀայՌուսգազարդի» ստեղծման մասին պայմանագրերը` բոլորն իմ օրոք է արվել: Վերջապես` ռուս-հայկական մեծ համաձայնագիրը: Ներկայիս իշխանությունները ոչ մի նոր բան չեն ավելացրել: - Ձեր գլխավորած ընդդիմությունը միավորվել է Հայ ազգային կոնգրեսի մեջ` իր առաջ դնելով մի շարք ոչ դյուրին խնդիրներ: Որքանո՞վ այդ քայլն արդյունավետ կլինի, եւ ի՞նչ արձագանք է այն գտել հասարակության մեջ: - Խնդիրը իշխող ռեժիմի ավազակապետական, կլանաօլիգարխիկ բնույթն է, որին օտար են քաղաքական վարքի եւ քաղաքակիրթ պայքարի նորմերը: Ահա թե ինչու նախընտրական շրջանում տեղի ունեցավ ընդդիմության աննախադեպ, մինչ օրս պահպանվող միավորում: 16 կուսակցություններ, լինելով տարբեր գաղափարախոսությունների կրողներ, միավորվել են, որպեսզի վերջ տան արատավոր ռեժիմին, որպեսզի հասնեն այդ ոչ լեգիտիմ ռեժիմի հրաժարականին եւ վերականգնեն սահմանադրական կարգը: Կոնգրեսի հանդեպ հասարակության վերաբերմունքը պարզելու համար` բավական է զբոսնել փողոցում եւ դրա մասին հարցնել քաղաքացիներից: Վստահ եմ, որ դուք կստանաք նույն պատասխանը, ինչ ես: Հայ ազգային կոնգրեսը վայելում է հասարակության ճնշող մեծամասնության վստահությունը: Եւ ես վստահորեն կարող եմ ասել, որ Կոնգրեսի կայացմանը զուգահեռ նրա շարքերը հետագայում եւս ստվարանալու են, ինչպես կուսակցությունների, այնպես էլ դրան անդամակցող առանձին քաղաքացիների հաշվին, քանի որ այն լուծում է ոչ թե անձի կամ առանձին կուսակցության, այլ համապետական եւ հասարակության համար նշանակալի խնդիր, որը կապված է մեր երկրի ապագայի հետ: - Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-ների կողմից ավելի հաճախ մեջբերվում են «Միաբանություն» հայկական ազգային ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի այն պնդումները, թե ավելի մեծ արդյունքների հասնելու համար ձեւավորվող Հայ ազգային կոնգրեսն առանցքային դիրքերում պետք է առաջ քաշի ավելի շատ երիտասարդ, պրոֆեսիոնալ եւ չարատավորված կադրերի: - Հայ ազգային կոնգրեսի վերափոխված Համաժողովրդական շարժման ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայանում է հենց աննախադեպ թվով երիտասարդների մասնակցությունը դրան: Հենց երիտասարդությունն է դարձել մեր շարժման ամենաակտիվ, եռանդուն եւ գաղափարականացված հատվածը: Դա չպետք է զարմացնի, քանզի հենց երիտասարդությունը պետք է շարունակի ապրել ու զարգացնել իր երկիրը, եւ այն ինքն իրեն հաշիվ է տալիս դա: Եւ որ մեր երիտասարդությունն իր վրա նման պատասխանատվություն է վերցնում իր երկրի ապագայի համար, միայն հիացմունք է առաջացնում: Կոնգրեսը լուծում է ոչ այսրոպեական խնդիրներ, եւ մեր նպատակը ժողովրդավարական ու մրցունակ երկրի ստեղծումն է, ուստի, իհարկե, շեշտը դրվելու է հենց երիտասարդության վրա: Առավել եւս, որ մենք շատ գրագետ եւ գործունյա երիտասարդներ ունենք, որոնք վերջին շրջանում Կոնգրեսում առաջադրվում են ավելի լուրջ դիրքերի: - Կարախանյանի երկրորդ պնդումը վերաբերում է նրան, որ լեգիտիմ իշխանության ձեւավորման հարցը կարող է լուծել միայն Հայաստանի ժողովուրդը իր հետեւողական պայքարի միջոցով: Միակ ինտրիգը նրանում է, թե երբ ժողովուրդը դուրս կգա եւ իր գործը կհասցնի հաղթական ավարտին: - Սեպտեմբերի 12-ին ընդդիմությունն անցկացնելու է իր առաջին աշնանային հանրահավաքը, որի ժամանակ հռչակելու է պայքարի հաջորդ` ակտիվ փուլի սկիզբը: Ես առայժմ չեմ ուզում մեր ծրագրի մանրամասների մեջ ընկնել: Կասեմ միայն, որ մենք ուժեղացնելու ենք ռեժիմի նկատմամբ ճնշումը: Դուք ավելի հաճախ կդառնաք բողոքի զանգվածային ակցիաների ականատեսը: Միաժամանակ, մենք հասարակությանն ենք ներկայացնելու երկրի ներքին եւ արտաքին քաղաքականության, տնտեսության եւ այլ կարեւոր ոլորտների վերաբերյալ մեր հիմնարար առաջարկները: Իսկ ինչ վերաբերում է հենց ինտրիգին, դրա լուծումն իրեն երկար չի սպասեցնի: - Որքա՞ն է հավանական ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան ռազմաճակատում Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո: - Նախեւառաջ, ես ռազմական գործողությունների վերսկսումը չէի կապի ընտրությունների հետ: Երկրորդ` ես կարծում եմ, որ Հարավային Օսեթիայի վերջին իրադարձությունները պարզ ցույց տվեցին, որ միջէթնիկական հակամարտությունները ռազմական լուծում չունեն: - Եւ վերջապես, ես կուզեի հարց տալ, որը կապված է Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ձեր վերջին հարցազրույցի հետ: Կարելի՞ է դա Վրաստանի ու Արեւմուտքի դեմ դեմարշ եւ ռուսամետ քաղաքական ուղեգծի ընդունում համարել: - Նման արձագանքներ, իհարկե, եղել են, սակայն ես պետք է ասեմ, որ դա չափազանց մակերեսային ընթերցման արդյունք է: Ոչ մի դեմարշի մասին խոսք չի կարող լինել, ես միայն փաստերն եմ արձանագրել: Ես եղել ու մնում եմ բոլոր հարեւանների, հատկապես` Վրաստանի հետ բարեկամական հարաբերությունների հաստատման եւ խորացման ջատագով: Վրաստանի ղեկավարության քննադատությունը ոչ մի դեպքում չի կարելի վերագրել վրաց ժողովրդին եւ վրացական պետությանը: Եթե դուք ուշադիր եք կարդացել հարցազրույցը, ապա պետք է նկատած լինեիք իմ` ցավով արտահայտած այն միտքը, որ հենց վրաց ժողովուրդն ու վրացական պետությունն են դարձել պատերազմի գլխավոր տուժողը: Ես նաեւ ասել եմ, որ հենց վրացիներն են պատասխան պահանջելու իրենց իշխանություններից այդ ավերիչ պատերազմի համար: Ես իմ հարցազրույցում ոչինչ չեմ ասել, ինչը չէր կարող ասել Վրաստանի ապագայով մտահոգված եւ Վրաստանի բարգավաճումը ցանկացող մարդը: Ինչ վերաբերում է այս կամ այն ուղեգծի ընդունմանը, ապա ես հանդիսանում եմ Հայաստանի կենսական շահերից բխող հավասարակշռված արտաքին քաղաքականության կողմնակից:
|
||
azadakrum.org©
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն azadakrum.org©
կայքի
խմբագրության տեսակետի հետ: